Տան մաքրություն. բոլորս էլ կարող ենք մասնակցել դրան
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՄԵՔՍԻԿԱՅԻՑ
ՈՐՔԱ՜Ն հաճելի է ապրել աղտոտվածությունից զերծ, մաքուր միջավայրում։ Բայց քանի որ քաղաքները ավելի ու ավելի են կեղտոտվում, այսօր առավել քան երբևէ դժվար է մաքուր ու կոկիկ պահել շրջապատը։
Թեև տեղի կառավարությունները ձգտում են փողոցները մաքուր պահել՝ աղբը հավաքելու միջոցներ ձեռնարկելով, այնուհանդերձ, որոշ տարածքներում թափոններ են կուտակվում, որի պատճառով շրջապատը անշուք տեսք է ստանում։ Բացի այդ, դրանք սպառնում են հասարակության առողջությանը։ Կուտակված աղբը կարող է առնետների, խավարասերների, ինչպես նաև այլ մակաբույծների առաջացման պատճառ հանդիսանալ, որոնք զանազան հիվանդություններ են հարուցում։ Իսկ կարելի՞ է կասեցնել այդ իրավիճակը։ Կարելի է, եթե ձեր տունն ու շրջապատը մաքուր և կոկիկ պահեք։
Ճիշտ վերաբերմունք
Որոշ մարդիկ այն կարծիքին են, թե աղտոտված շրջապատը և կեղտոտ տունը աղքատության հետևանք են։ Սակայն պարտադիր չէ, որ այդպես լինի։ Իհարկե, նյութական միջոցների պակասը կարող է դժվարացնել մեր շրջապատը մաքուր պահելու գործը։ Բայց, ինչպես ասվում է մի իսպանական ասացվածքում, «աղքատությունն ու մաքրությունը երբեք չեն վիճում իրար հետ», այսինքն՝ աղքատությունը չի խանգարում մաքրությանը։ Եվ ընդհակառակը՝ բավարար նյութական միջոցները չեն կարող մաքրության գրավական լինել։
Իրականում, տան ներսում և դրսում մաքրություն պահպանելը ավելի շատ կախված է ճիշտ վերաբերմունքից, որը կարող է մղել գործողությունների։ Այս հարցում մեծ դեր է խաղում ընտանիքի բոլոր անդամների վերաբերմունքը։ Այդ իսկ պատճառով, տեղին կլինի քննել, թե մեզանից յուրաքանչյուրը ինչ կարող է անել տան, ինչպես նաև շրջապատի մաքրությանը նպաստելու համար։
Ունենալ մաքրության գրաֆիկ
Թվում է, թե կնոջ գործին երբեք վերջ չկա։ Կերակուր պատրաստելուց և երեխաներին դպրոց ուղարկելուց բացի, կինը պետք է տունն ու շրջապատը մաքուր պահի։ Նկատե՞լ եք, որ հաճախ մայրն է հավաքում կեղտոտ հագուստը կամ մյուս իրերը, որոնք իր երեխաները թափում են սենյակում։ Եթե լավ կազմված մաքրության գրաֆիկի մեջ ընդգրկված է ամբողջ ընտանիքը, ապա դա կթեթևացնի տան տիկնոջ բեռը։
Որոշ կանանց կարծիքով՝ կան բաներ, որոնք ամենօրյա ուշադրության և մաքրման կարիք ունեն, մինչդեռ տան որոշ մասերը կարելի է մաքրել շաբաթը, ամիսը և նույնիսկ տարին մեկ անգամ։ Օրինակ՝ տարբեր երկրների Բեթելի տներում՝ Եհովայի վկաների մասնաճյուղերում, տարին մեկ անգամ հիմնովին մաքրվում են նկուղներն ու հանդերձասենյակները։ Դա լավ առիթ է ձերբազատվելու ավելորդ իրերից և հանդերձասենյակները պահելու կոկիկ վիճակում։ Գոյություն ունի նաև պատերի մաքրման կանոնավոր գրաֆիկ։
Տներում կան այնպիսի տեղեր, որոնց մաքրությունը խիստ անհրաժեշտ է առողջության համար։ Օրինակ՝ լոգարանում թեթև մաքրություն պետք է արվի ամեն օր, սակայն ավելի մանրակրկիտ մաքրությունը, որ թերևս կարելի է նախաձեռնել շաբաթը մեկ, կկանխի մանրէների բազմացումը։ Ոմանք կարծում են, թե զուգարանակոնքում մանրէներից առաջացած բծերի գոյացումն անխուսափելի է, և դրանք վերացնելը անհնար։ Մինչդեռ կան տներ, որտեղ զուգարանները մաքրությունից փայլում են, ինչը պարզապես ամենօրյա մաքրման և համապատասխան նյութերի օգտագործման արդյունք է։
Խոհանոցը նույնպես պահանջում է մանրակրկիտ մաքրություն։ Թեև ամեն օր լվանում ենք ափսեները, մաքրում գազօջախն ու սեղանը, այնուհանդերձ ժամանակ առ ժամանակ (ամիսը առնվազն մեկ անգամ) անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ մաքրություն անել, օրինակ՝ մաքրել սարքավորումների ետևի կողմը և լվացարանի տակը։ Իսկ մթերանոցը և պահարանները հաճախակի մաքրելը կխոչընդոտի խավարասերների և այլ վնասակար միջատների առաջացումը։
Համագործակցություն ընտանիքում
Որոշ ծնողներ կանոններ են սահմանել իրենց երեխաների համար. սովորեցրել են առավոտյան՝ դպրոց գնալուց առաջ, հարդարել անկողինը, կեղտոտ հագուստը թողնել համապատասխան տեղում և հավաքել անձնական իրերը։ Ընտանիքի բոլոր անդամների համար օգտակար է հետևյալ նշանաբանը. «Ամեն բանի համար՝ իր տեղը, և ամեն բան՝ իր տեղում»։
Ընտանիքի անդամներից մի քանիսը գուցե կոնկրետ հանձնարարություն ունենան՝ մաքրել տան որևէ հատված։ Օրինակ՝ հայրը կարող է հետևել, որ ավտոտնակում ամեն ինչ իր տեղում լինի, և տարին առնվազն մեկ անգամ այն հիմնահատակ մաքրել։ Երեխաներից մեկը թերևս կարող է օգնել նրան այս հարցում։ Իսկ ո՞վ է զբաղվում բակը մոլախոտերից մաքրելու և խոտը կտրելու գործով, և որքա՞ն հաճախ է դա արվում, որպեսզի տան արտաքին տեսքը պատշաճ լինի։ Ունե՞ք արդյոք ձեղնահարկ կամ խորդանոց, որը հարկավոր է ստուգել անպետք իրերը վերացնելու և այն մաքուր պահելու համար։ Եթե ունեք, ապա ո՞վ պետք է անի այդ գործը։ Որոշ ծնողներ այսպիսի գործերը հանձնարարում են երեխաներին՝ ժամանակ առ ժամանակ փոխելով նրանց պարտականությունները։
Այսպիսով՝ լավ գրաֆիկ մշակեք ձեր տունը մաքուր պահելու համար։ Անկախ այն բանից՝ մենակ եք մաքրում այն, ձեր ընտանիքի հետ, թե որևէ վարձու աշխատողի օգնությամբ՝ պետք է ունենաք մաքրության լավ կազմված գրաֆիկ։ Մի կին, որը միշտ իր տունը կոկիկ վիճակում է պահում, բացատրում է, թե ինչպես է ամբողջ ընտանիքը համագործակցում իր հետ. «Մենք բաշխում ենք տան գործը իմ և երեք աղջիկներիս միջև։ Նորմա–Ադրիանան մաքրում է հյուրասենյակը, երկու ննջարանները, տան բակը և փողոցը։ Անա–Խոակինան հոգ է տանում խոհանոցի համար։ Ես լվանում եմ հագուստեղենը և այլ գործեր եմ անում, իսկ Մարիա դել Կարմենը լվանում է ափսեները»։
Հաճելի տեսք՝ դրսից
Ի՞նչ կարելի է ասել տան արտաքին տեսքի մասին։ Անկախ այն բանից՝ ապրում ես շքեղ առանձնատանը, թե շատ համեստ բնակարանում՝ միևնույն է, անհրաժեշտ է ունենալ բակի մաքրության գրաֆիկ և կանոնավորաբար վերանորոգել անսարքությունները։ Օրինակ՝ դարպասի հանգույցներից որևէ մեկը կարող է պոկվել։ Գիտե՞ք, թե որքան տգեղ տեսք կունենա դարպասը, եթե մնա առանց նորոգման։ Բացի դրանից, այն ի վերջո ընդհանրապես կընկնի։ Տեսարանը տգեղ կլինի նաև այն դեպքում, եթե թույլ տաք, որ աղբ կուտակվի տան մուտքի մոտ և մոտակա մայթերին։ Երբեմն նաև պահածոյի տուփեր և այլ կեղտոտ առարկաներ են կուտակվում տան մոտ, և եթե այդ ամենը չհավաքեք, դրանց ներսում բույն կդնեն զանազան մակաբույծներ։
Որոշ ընտանիքներ ամեն օր կամ ամեն շաբաթ (ըստ կարիքի) մաքրում են տան շրջակայքը՝ ներառյալ մայթերն ու նույնիսկ տան դիմացի փողոցը։ Ճիշտ է, կան վայրեր, որտեղ կառավարությունը շրջապատը մաքուր պահելու լավ ծրագիր ունի, սակայն ուրիշ տեղերում պետության կողմից նման ծրագրեր չեն իրականացվում։ Անկասկած, շրջապատը շատ ավելի լավ տեսք կունենա և առողջության համար վտանգ չի ներկայացնի, եթե բոլորս մեր մասնակցությունը բերենք այն մաքուր պահելու գործում։
Իսկ որոշ ընտանիքներում ընդունված է ոչ միայն պլանավորել այսպիսի գործերը, այլև գրել դրանք թղթի վրա և այնպիսի տեղում փակցնել, որ յուրաքանչյուրի համար հեշտ լինի տեսնել այդ գրաֆիկը և հետևել դրան։ Սա կարող է հրաշալի արդյունքներ բերել։ Իհարկե, մաքրության վերաբերյալ շատ մանրամասնություններ այս հոդվածում չեն նշվում։ Օրինակ՝ պետք է որոշել, թե ինչ մաքրող նյութեր և գործիքներ կարող եք ձեռք բերել՝ ըստ ձեր հնարավորությունների։
Այս առաջարկները անկասկած կօգնեն ամբողջ ընտանիքին հասկանալու, որ անհրաժեշտ է տանը և շրջապատում մաքրություն պահպանել։ Հիշե՛ք. տունը և շրջապատը մաքուր պահելը կախված է ոչ թե ձեր հնարավորություններից, այլ մաքրության հանդեպ ձեր վերաբերմունքից։
[Շրջանակ 20–րդ և 21–րդ էջերի վրա]
Տան մաքրության գործնական գրաֆիկ
Այս ցուցակի մեջ ազատ տարածությունը օգտագործեք ձեր անձնական նշումների համար։
Կարևոր հիշեցում. չափազանց վտանգավոր է իրար խառնել մաքրող նյութերը, հատկապես սպիտակեցնող միջոցներն ու ամոնիակը։
✔ Ամեն օր
❏ Ննջասենյակը։ Հարդարել անկողինները և սենյակում բոլոր իրերը կոկիկ ձևով դասավորել։
❏ Խոհանոցը։ Լվանալ ափսեները և լվացարանը։ Մաքրել և կարգի բերել պահարաններն ու սեղանները։ Ավլել կամ, եթե անհրաժեշտ է, լվանալ հատակը։
❏ Լոգասենյակը։ Մաքրել լվացարանն ու զուգարանակոնքը։ Իրերը դնել իրենց տեղերում։
❏ Հյուրասենյակը և մյուս սենյակները։ Իրերը դնել իրենց տեղերում։ Թեթևակի մաքրել կահույքը։ Ըստ անհրաժեշտության՝ ավլել, լվանալ կամ փոշեկուլով մաքրել հատակը։
❏ Ամբողջ տունը։ Ինչպես հարկն է հավաքել աղբը։
✔ Ամեն շաբաթ
❏ Ննջասենյակը։ Փոխել սպիտակեղենը։ Ըստ անհրաժեշտության՝ ավլել, լվանալ կամ փոշեկուլով մաքրել հատակը։ Սրբել կահույքի փոշին։
❏ Խոհանոցը։ Մաքրել գազօջախը, խոհանոցային սարքավորումների մակերեսը և լվացարանը։ Լվանալ հատակը։
❏ Լոգասենյակը։ Լվանալ ցնցուղի մոտի պատերը, բոլոր խողովակները, ծորակներն ու լոգարանը։ Ախտահանիչ նյութերով մաքրել զուգարանը, զուգարանակոնքը և մյուս տեղերը։ Փոխել սրբիչները։ Ավլել կամ լվանալ հատակը։
✔ Ամեն ամիս
❏ Լոգասենյակը։ Ամբողջությամբ լվանալ պատերը։
❏ Ամբողջ տունը։ Մաքրել դռների շրջանակները։ Փոշեկուլով ամբողջությամբ մաքրել փափուկ կահույքը։
❏ Պարտեզը, բակը, ավտոտնակը։ Ավլել և մաքրել։ Թույլ չտալ, որ ավելորդ իրեր կուտակվեն։
✔ Վեց ամիսը մեկ
❏ Ննջասենյակը։ Մաքրել անկողնու ծածկոցները՝ ըստ արտադրող ձեռնարկության ցուցումների։
❏ Խոհանոցը։ Դատարկել և մանրակրկիտ ձևով մաքրել սառնարանը։
❏ Լոգասենյակը։ Դատարկել և մաքրել դարակներն ու պահարանները։ Ձերբազատվել անպետք կամ ժամկետն անցած նյութերից։
❏ Ամբողջ տունը։ Մաքրել ջահերը, օդափոխիչները, լուսավորություն ապահովող սարքերը և դռները։ Լվանալ պատուհանները, դրանց վրա քաշած ցանցերը և փեղկերը։
✔ Ամեն տարի
❏ Ննջասենյակը։ Դատարկել և մանրակրկիտ ձևով մաքրել պահարանները։ Ձերբազատվել ավելորդ իրերից։ Լվանալ վերմակները։ Փոշեկուլով կամ այլ միջոցներով մանրազնին մաքրել ներքնակները։ Լվանալ բարձերը, հարկ եղած դեպքում՝ ըստ արտադրող ձեռնարկության ցուցումների։
❏ Խոհանոցը։ Դատարկել և ամբողջությամբ մաքրել դարակներն ու պահարանները։ Ձերբազատվել ավելորդ իրերից։ Տեղաշարժել սարքավորումները, որպեսզի հնարավոր լինի մաքրել դրանց տակը։
❏ Ամբողջ տունը։ Մաքրել պատերը, ինչպես նաև փափուկ կահույքը և վարագույրները՝ ըստ արտադրող ձեռնարկության ցուցումների։
❏ Ավտոտնակը և նկուղները։ Ամբողջությամբ ավլել։ Դասավորել հազվադեպ օգտագործվող պիտույքները, ձերբազատվել անպետք իրերից։
[Նկարներ 22–րդ էջի վրա]
«Ամեն բանի համար՝ իր տեղը, և ամեն բան՝ իր տեղում»
[Նկարներ 22–րդ էջի վրա]
Օգտակար է ձերբազատվել ավելորդ իրերից