Աստվածաշնչի տեսակետը
Արժե՞ լինել խաղաղարար
ԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ քարոզում Հիսուս Քրիստոսն ասաց. «Երանի խաղաղութիւն անողներին»։ Նա նաև ասաց. «Երանի հեզերին, որ նորանք կ’ժառանգեն երկիրը» (Մատթէոս 5։5, 9)։ Խաղաղարար լինելն ավելին է նշանակում, քան պարզապես ներքին խաղաղություն կամ հանգստության զգացում ունենալը։ Խաղաղարար անհատը նախաձեռնություն է վերցնում և ակտիվորեն նպաստում խաղաղությանը։
Արդյո՞ք Հիսուսի վերոհիշյալ խոսքերը գործնական են մեր օրերում։ Ոմանք կարծում են, որ այս աշխարհում հաջողությունների հասնելու համար անհատը պետք է բարձր դասի իրեն ուրիշներից, լինի ագրեսիվ և նույնիսկ դաժան։ Սակայն մի՞թե իմաստուն կլինի մարդուն հատուցել իր արածի համեմատ, օրինակ՝ ագրեսիային պատասխանել ագրեսիայով։ Թե՞ արժե լինել խաղաղարար։ Եկեք քննարկենք երեք պատճառներ՝ իմանալու համար, թե ինչու պետք է ուշադրություն դարձնենք Հիսուսի հետևյալ խոսքերին. «Երանի խաղաղութիւն անողներին»։
◼ ՍՐՏԻ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ։ Առակաց 14։30–ում ասվում է. «Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը»։ Բազմաթիվ բժշկական աղբյուրներում ասվում է, որ բարկությունն ու ատելությունը կարող են դառնալ կաթվածի և ինֆարկտի պատճառ։ Վերջերս մի բժշկական պարբերագրում հոդված էր տպագրվել սրտի հիվանդությունների մասին. այնտեղ բարկության պոռթկումները համեմատվում էին թույնի հետ։ Պարբերագրում նաև ասվում էր, որ «շատ բարկանալը հիվանդություններ է առաջ բերում»։ Սակայն նրանք, ովքեր խաղաղարար են, «հանդարտ սիրտ» ունեն և օգուտներ են քաղում դրանից։
Քննարկենք Ջիմի՝ 61–ամյա մի տղամարդու օրինակը։ Նա այժմ Աստվածաշունչ է ուսումնասիրում Ամերիկայի վիետնամական համայնքում ապրող մարդկանց հետ։ Ջիմը պատմում է. «Վեց տարի զինված ուժերում ծառայելուց և երեք տարի Վիետնամում պատերազմի մասնակցելուց հետո ես լավ գիտեի, թե ինչ է բռնությունը, բարկությունը և վհատությունը։ Անցյալս տանջում էր ինձ, և դրա հետևանքով ես քնի խանգարումներ ունեի։ Շուտով սթրեսը, ինչպես նաև ստամոքսիս խանգարումներն ու նյարդային վիճակս ազդեցին իմ առողջության վրա»։ Ի՞նչը նրան թեթևացում բերեց։ Ջիմն ասում է. «Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելը փրկեց իմ կյանքը։ Երբ սովորեցի խաղաղ նոր աշխարհ հիմնելու Աստծու նպատակի և այն մասին, թե ինչպես կարող եմ ‘նոր մարդը’ հագնել, սրտի հանգստություն ձեռք բերեցի։ Առողջությունս նույնպես զգալիորեն բարելավվեց» (Եփեսացիս 4։22–24; Եսայիա 65։17; Միքիա 4։1–4)։ Շատերը իրենց անձնական օրինակից եզրակացնում են, որ խաղաղասիրություն զարգացնելը կարող է բարելավել իրենց էմոցիոնալ, ֆիզիկական և հոգևոր առողջությունը (Առակաց 15։13)։
◼ ԱՎԵԼԻ ԵՐՋԱՆԻԿ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Մենք կարող ենք լավ փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ, եթե խաղաղարար լինենք։ Աստվածաշնչում նշվում է, որ «բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն» պետք է «վեր առնուի.... ամեն չարութեան հետ» (Եփեսացիս 4։31)։ Նրանք, ովքեր ագրեսիվ են, հաճախ վանում են մարդկանց, միայնակ են մնում և վստահելի ընկերներ չեն ունենում։ Առակաց 15։18 համարում ասվում է. «Բարկացոտ մարդը կռիւ կ’գրգռէ, բայց երկայնամիտը վէճ կ’հանգստացնէ»։
Էնդին՝ Նյու Յորքում ապրող 42 տարեկան մի քրիստոնյա երեց, մեծացել է ագրեսիվ միջավայրում։ Նա պատմում է. «Ութ տարեկանից ես բռնցքամարտով եմ զբաղվել։ Ռինգում իմ մրցակիցներին չեմ դիտել որպես մարդկանց։ Փոխարենը՝ մտածել եմ՝ եթե ես չհարվածեմ, ինձ են հարվածելու։ Շուտով դարձա մի բանդայի անդամ։ Մենք մասնակցում էինք փողոցային կռիվների և ծեծկռտուքների։ Ինձ մի քանի անգամ սպառնացել են ատրճանակով և դանակով։ Ընկերական շրջապատում միշտ խնդիրներ են եղել, և վախի զգացում եմ ունեցել»։
Ի՞նչը մղեց Էնդիին դառնալ խաղաղարար։ Նա ասում է. «Մի անգամ ես գնացի Եհովայի վկաների Թագավորության սրահ և անմիջապես զգացի, որ այնտեղ մարդկանց մեջ սեր կա։ Այդ խաղաղասեր մարդկանց հետ ընկերակցելը օգնեց ինձ զարգացնել ‘հանդարտ սիրտ’։ Ես ձեռք բերեցի ընկերներ, որոնց երբեք չեմ կորցնի»։
◼ ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍ։ Խաղաղարար լինելու ամենակարևոր պատճառը հետևյալն է. այդպես վարվելով կատարում ենք Ստեղծիչի կամքը և պատիվ ու հարգանք ենք դրսևորում նրա հանդեպ։ Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, հորդորում է մեզ. «Խնդրիր խաղաղութիւն եւ նորա ետեւիցը գնա» (Սաղմոս 34։14)։ Գիտակցելով, որ Եհովա Աստված գոյություն ունի, և սովորելով նրա կյանք պարգևող ուսմունքները ու հնազանդվելով դրանց՝ կկարողանանք անձնական փոխհարաբերություններ հաստատել նրա հետ։ Երբ այդպիսի ամուր փոխհարաբերություններ ենք ունենում, մենք ձեռք ենք բերում «Աստուծոյ խաղաղութիւնը»։ Անկախ այն բանից, թե ինչ դժվարությունների ենք բախվում կյանքում՝ այս խաղաղությունը գերազանցում է ամեն ինչի (Փիլիպպեցիս 4։6, 7)։
Ավելին, խաղաղարար լինելով՝ մենք ցույց ենք տալիս Եհովային, թե ինչպիսի անձնավորություն ենք ցանկանում լինել։ Մենք կարող ենք փաստել, որ համապատասխանում ենք Աստծու խոստացած խաղաղ նոր աշխարհում ապրելու չափանիշներին։ Երբ նա վերացնի ամբարիշտներին, և երբ հեզերը, ինչպես ասաց Հիսուսը, ‘ժառանգեն երկիրը’, մենք կարող ենք լինել դրա ականատեսները։ Ինչպիսի՜ օրհնություն (Սաղմոս 37։10, 11; Առակաց 2։20–22)։
Այո, մենք պարզ տեսնում ենք Հիսուսի խոսքերի գործնական արժեքը՝ «երանի խաղաղութիւն անողներին»։ Մենք կունենանք սրտի հանգստություն, վստահելի ընկերներ և ապագայի ամուր հույս։ Այս օրհնությունները մերը կլինեն, եթե մեր լավագույնն անենք «ամեն մարդկանց հետ խաղաղութիւն» ունենալու համար (Հռովմայեցիս 12։18)։
[Նկար 30–րդ էջի վրա]
«Իմ առողջությունը զգալիորեն բարելավվել է»(Ջիմ)
[Նկար 31–րդ էջի վրա]
«Ես ձեռք բերեցի ընկերներ, որոնց երբեք չեմ կորցնի»(Էնդի)