Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/07 էջ 5–9
  • Արյան փոխներարկում. ունի՞ ապագա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արյան փոխներարկում. ունի՞ ապագա
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վարակազերծ արյուն՝ դժվարհասանելի նպատակ
  • Սխալներ և արյան փոխներարկման ռեակցիա
  • Խոսում են մասնագետները
  • Կփոխվի՞ բժշկությունը
  • Ընթերցողների հարցերը
    2000 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2004 Դիտարան
  • Ընդունիր կենդանի Աստծո առաջնորդությունը
    2004 Դիտարան
  • Արյան փոխներարկում. անվտա՞նգ է արդյոք
    Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը
Ավելին
2007 Արթնացե՛ք
g 4/07 էջ 5–9

Արյան փոխներարկում. ունի՞ ապագա

«Արյան փոխներարկումը կշարունակի նման լինել խոնավ արևադարձային անտառներում քայլելուն, որտեղ արահետները հստակ երևում են, սակայն միևնույն է, հարկավոր է զգույշ լինել, քանի որ հաջորդ շրջադարձին միանգամայն նոր վտանգ կարող է սպառնալ» (Իյեն Ֆրանկլին, արյան փոխներարկման գծով պրոֆեսոր)։

ԱՅՆ բանից հետո, երբ 1980–ականներին ՁԻԱՀ–ի համաճարակի պատճառով ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացավ արյան գործածման հարցի վրա, մեծ ջանքեր արվեցին՝ չեզոքացնելու արյան «անտեսանելի վտանգները»։ Սակայն դեռևս վիթխարի խոչընդոտներ կան։ 2005 թ. հունիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունեց. «Արյան փոխներարկման անվտանգ լինելը.... երկրից երկիր մեծապես տարբերվում է»։ Ինչո՞ւ։

Շատ երկրներում չկան պետության կողմից վերահսկվող ծրագրեր, որոնք կապահովեին անվտանգ չափանիշներ՝ արյուն հավաքելու, ստուգելու և տեղափոխելու, ինչպես նաև արյունից ստացված պատրաստուկների համար։ Երբեմն արյունը մթերում են միանգամայն անհամապատասխան պայմաններում՝ խոհանոցային սառնարաններում և սնունդը սառը պահելու այլ հարմարանքներում։ Եթե չկան անվտանգության չափանիշներ, ապա հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, կիլոմետրեր հեռվից բերված արյունը կարող է մեծ վնաս հասցնել հիվանդի առողջությանը։

Վարակազերծ արյուն՝ դժվարհասանելի նպատակ

Որոշ երկրներ պնդում են, որ իրենց արյան պաշարները երբեք այնպես անվտանգ չեն եղել, ինչպես հիմա։ Այդուհանդերձ, զգույշ լինելու ծանրակշիռ հիմքեր կան։ ԱՄՆ–ի երեք բժշկական կազմակերպությունների համատեղ պատրաստած մի տեղեկատու թերթիկում գրված է. «ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Քանի որ ամբողջական արյունը և արյան բաղադրիչները ստացվում են մարդու արյունից, դրանք կարող են պարունակել վարակիչ տարրեր, օրինակ՝ վիրուսներ.... Դոնորի զգուշավոր ընտրությունը և լաբորատոր ստուգումները չեն վերացնում վտանգը»։

Ուստի միանգամայն հիմնավոր կերպով Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ավագ աշխատակից Պիտեր Քարոլանն ասում է. «Ոչ ոք չի կարող բացարձակորեն երաշխավորել դոնորական արյան անվտանգությունը։ Միշտ էլ կլինեն նոր վարակներ, որոնք հնարավոր չի լինի ստուգել այդ պահին»։

Իսկ ի՞նչ, եթե վարակի նոր հարուցիչը, ինչպես ՁԻԱՀ–ի վիրուսը, երկար ժամանակ թաքնված մնա և արյան միջոցով հեշտությամբ փոխանցվի։ «Սա անչափ մտահոգիչ է,— ասաց դոկտոր Հարվեյ Քլեյնը (ԱՄՆ–ի Առողջապահության ազգային ինստիտուտ) 2005 թ. ապրիլին Պրահայում (Չեխիա) անցկացված մի բժշկական կոնֆերանսում։— Արյան բաղադրիչներ հավաքողները ներկայումս հազիվ թե ավելի լավ պատրաստված լինեն՝ կանխելու փոխներարկման միջոցով տարածվող համաճարակը, քան այն ժամանակ, երբ նոր–նոր էր հայտնաբերվել ՁԻԱՀ–ը»։

Սխալներ և արյան փոխներարկման ռեակցիա

Զարգացած երկրներում ի՞նչն է ամենաշատը սպառնում հիվանդներին՝ կապված արյան փոխներարկման հետ. բուժանձնակազմի թույլ տված սխալները և իմունոլոգիական ռեակցիաները։ 2001 թ.–ին Կանադայում անցկացված մի հետազոտության վերաբերյալ «Գլոբ էնդ մեյլ» լրագիրը տեղեկացնում է, որ հազարավոր մարդիկ մահվան եզրին էին հասել, որովհետև «արյունը վերցվել էր «սխալ» մարդուց, սխալ էր պիտակավորվել և նշանակվել էր «սխալ» հիվանդի»։ Այդպիսի սխալների արդյունքում 1995–2001 թթ.-ին Միացյալ Նահանգներում մահացել է առնվազն 441 մարդ։

Արյան փոխներարկման վտանգները, ըստ էության, նման են այն վտանգներին, որ լինում են օրգանի փոխպատվաստման ժամանակ։ Իմուն համակարգը հակված է պայքարելու օտար մարմինների դեմ։ Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է խոչընդոտել բնական իմունային հակազդեցությանը։ Իմուն համակարգի այդպիսի ընկճումը հիվանդին խոցելի է դարձնում հետվիրահատական վարակների և այն վիրուսների առջև, որոնք մինչ այդ ակտիվ չեն եղել։ Ուստի զարմանալի չէ, որ պրոֆեսոր Իյեն Ֆրանկլինը, որի խոսքերը մեջբերվեցին վերևում, բժիշկներին խրախուսում է. «Տասը անգամ մտածեք նախքան փոխներարկում կատարելը»։

Խոսում են մասնագետները

Գնալով շատանում են այն բուժաշխատողները, ովքեր, ստանալով նման գիտելիքներ, ավելի քննադատորեն են նայում արյան փոխներարկման հարցին։ Արյան վերաբերյալ մի աշխատությունում գրված է. «Ըստ որոշ բժիշկների՝ ալոգենային [ուրիշ մարդուց վերցված] արյունը վտանգավոր բուժամիջոց է, և նրա օգտագործումը կարգելվեր, եթե քննվեր այն նույն չափանիշներով, որոնցով որ ստուգվում են մյուս դեղամիջոցները» («Dailey’s Notes on Blood»)։

2004 թ. վերջում սրտի վիրահատության ենթարկվող անհատին արյան հիմնական բաղադրիչներ ներարկելու մասին պրոֆեսոր Բրուս Սփիսը հետևյալն ասաց. «Շատ քիչ [բժշկական] հոդվածներ կան (եթե ընդհանրապես կան), որոնք պաշտպանում են այն տեսակետը, թե արյան փոխներարկումը բարելավում է հիվանդի հետվիրահատական վիճակը»։ Փաստորեն, նա գրում է, որ փոխներարկումը «բոլոր դեպքերում, ի բացառյալ վնասվածքի, թերևս ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ»՝ մեծացնելով «թոքաբորբով հիվանդանալու, որևէ վիրուսով վարակվելու, ինֆարկտ և ինսուլտ ստանալու» հավանականությունը։

Շատերը զարմանում են՝ իմանալով, որ գոյություն չունեն համընդհանուր չափանիշներ՝ կապված արյան փոխներարկման հետ։ Դոկտոր Գաբրիել Պեդրասան վերջերս իր չիլիացի գործընկերներին հիշեցրեց, որ «փոխներարկումը բժշկության քիչ ուսումնասիրված բնագավառ է», ուստի «դժվար է նրա առնչությամբ առաջնորդվել ամենուրեք ընդունված սկզբունքներով»։ Զարմանալի չէ, որ Էդինբուրգի և Շոտլանդիայի արյան փոխներարկման ծառայությունների տնօրեն Բրայան Մաքլելանդը խնդրում է բժիշկներին «հիշել, որ փոխներարկումը փոխպատվաստում է, հետևաբար չպետք է դրան մակերեսորեն վերաբերվել»։ Նա առաջարկում է, որ իրենք իրենց հարց տան. «Համաձայնություն կտայի՞, որ փոխներարկում անեին ինձ կամ երեխայիս»։

Մի արյունաբան «Արթնացե՛ք»–ի թղթակցին ասաց. «Մենք՝ արյան փոխներարկման գծով մասնագետներս, չենք սիրում արյուն ստանալ կամ տալ»։ Իրողությունն այն է, որ առողջապահության բնագավառի զգալի թվով աշխատողներ նման տրամադրվածություն ունեն։ Եթե բանիմաց բժիշկներն են այդպես մտածում, ապա ինչպե՞ս պետք է մտածեն հիվանդները։

Կփոխվի՞ բժշկությունը

Գուցե հարցնեք. «Եթե արյան փոխներարկման հետ կապված այդքան վտանգներ կան, մանավանդ երբ գոյություն ունեն փոխարինիչներ, ապա ինչո՞ւ արյունն այդքան լայն կիրառություն ունի»։ Պատճառներից մեկն այն է, որ շատ բժիշկներ պարզապես չեն ուզում հրաժարվել բուժման իրենց մեթոդներից կամ տեղյակ չեն այլընտրանքային բուժման ժամանակակից ձևերի մասին։ Համաձայն «Թրանսֆյուժն» հանդեսում տպագրված մի հոդվածի՝ «բժիշկները փոխներարկում կատարելու որոշումը կայացնում են՝ հիմնվելով նախկին գիտելիքների, տեղի սովորությունների և բժշկական «հոտառության» վրա»։

Վիրաբույժի հմտությունները նույնպես կարևոր են։ Դոկտոր Բեվերլի Հանթը (Լոնդոն, Անգլիա) գրում է, որ «վիրահատություն կատարելիս մի բժիշկ արյան քիչ կորուստ է տալիս, իսկ մյուսը՝ շատ, և գնալով ավելի ու ավելի է մեծանում շահագրգռվածությունը՝ ուսուցանելու վիրաբույժներին հեմոստազի [արյունահոսությունը դադարեցնելու] մեթոդները»։ Ոմանք պնդում են, թե արյան փոխներարկման այլընտրանքները շատ թանկ արժեն, թեև հաղորդագրությունները հակառակն են փաստում։ Շատ բժիշկներ կհամաձայնվեն բժշկական գիտությունների դոկտոր Մայքլ Ռոուզի հետ, որն ասում է. «Ցանկացած հիվանդ, որին բուժում են առանց արյան փոխներարկման, ըստ էության, ստանում է հնարավոր լավագույն բուժումը»։a

Բարձրորակ բուժօգնություն. մի՞թե դուք հենց սա չեք ցանկանում։ Եթե այո, ապա ընդհանուր բաներ ունեք այն մարդկանց հետ, որոնք ձեզ տվել են այս պարբերագիրը։ Կարդացեք հաջորդ հոդվածը, և կիմանաք, թե ինչպիսին է նրանց դիրքորոշումը արյան փոխներարկման հարցում։

[Ծանոթագրություն]

a Տե՛ս «Արյան փոխներարկման այլընտրանքներ» շրջանակը, էջ 8։

[Մեջբերում 6–րդ էջի վրա]

«Տասը անգամ մտածեք նախքան փոխներարկում կատարելը» (պրոֆեսոր Իյեն Ֆրանկլին)։

[Մեջբերում 6–րդ էջի վրա]

«Համաձայնություն կտայի՞, որ փոխներարկում անեին ինձ կամ երեխայիս» (Բրայան Մաքլելանդ)։

[Նկար 7–րդ էջի վրա]

Մահ՝ արյան փոխներարկումից առաջացած ԹՈՔԵՐԻ ՍՈՒՐ ԲՈՐԲՈՔՈՒՄԻՑ

Արյան փոխներարկման պատճառով թոքերի սուր բորբոքումը, որի մասին առաջին անգամ տեղեկացվեց 1990–ականների սկզբին, օրգանիզմի՝ կյանքին սպառնացող իմունային հակազդեցության հետևանք է։ Ներկայումս հայտնի է, որ դրա պատճառով ամեն տարի հարյուրավոր մարդիկ են մահանում։ Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ այդ թիվը շատ ավելի մեծ է։ Ինչո՞ւ։ Որովհետև շատ բուժաշխատողներ չգիտեն այդ հիվանդության ախտանիշները։ Թեև պարզ չէ նման հակազդեցության պատճառը, սակայն, համաձայն «Նյու սայենթիստ» հանդեսի, այն արյունը, որի ներարկումից հետո սկսվում է այդ բորբոքումը, «ըստ երևույթին, վերցվում է հիմնականում այն մարդկանցից, որոնց արյան բազմակի փոխներարկումներ են կատարել անցյալում, ընդ որում ներարկել են տարբեր խմբերի արյուն»։ Ըստ մի հաղորդագրության՝ ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում արյան փոխներարկման պատճառով թոքերի սուր բորբոքումը գրեթե առաջին տեղն է գրավում փոխներարկման հետ կապված մահվան պատճառների ցուցակում։ Արյան պահեստների համար սա ավելի մեծ խնդիրներ է ստեղծում, քան հայտնի վիրուսները, օրինակ, ՄԻԱՎ–ը։

[Նկար 8–րդ էջի վրա]

Արյան բաղադրությունը

Արյան դոնորները սովորաբար ամբողջական արյուն են տալիս։ Սակայն շատ դեպքերում նրանք հանձնում են միայն պլազմա։ Թեև որոշ երկրներում դեռևս միանգամից ամբողջական արյուն են փոխներարկում, ավելի մեծ տարածում է գտնում արյունը նախքան ստուգելն ու փոխներարկելը հիմնական բաղադրիչների բաժանելու պրակտիկան։ Ստորև բերվում են արյան չորս հիմնական բաղադրիչները, նրանց կատարած ֆունկցիան և այն, թե յուրաքանչյուրն արյան մեջ քանի տոկոս է կազմում։

ՊԼԱԶՄԱՆ կազմում է ամբողջական արյան 52–62 տոկոսը։ Այն դեղնավուն հեղուկ է, որը տեղափոխում է իր մեջ միախառնված արյան բջիջները, սպիտակուցները և այլ նյութեր։

Պլազմայի 91,5 տոկոսը ջուր է։ Սպիտակուցները, որոնցից ստանում են բաղադրամասեր, կազմում են պլազմայի 7 տոկոսը (ներառում են ալբումին՝ պլազմայի մոտ 4 տոկոսը, գլոբուլին՝ մոտ 3 տոկոս, ֆիբրինոգեն՝ 1 տոկոսից քիչ)։ Մնացած 1,5 տոկոսը զանազան տարրեր են, ինչպես՝ սննդարար նյութեր, հորմոններ, գազեր, էլեկտրոլիտներ և ազոտային արգասիքներ։

ԼԵՅԿՈՑԻՏՆԵՐ (արյան սպիտակ գնդիկներ) Կազմում են ամբողջական արյան 1 տոկոսից քիչ մասը։ Հարձակվում են վնասակար օտարածին տարրերի վրա ու ոչնչացնում նրանց։

ԹՐՈՄԲՈՑԻՏՆԵՐ (արյան թիթեղիկներ) Կազմում են ամբողջական արյան 1 տոկոսից քիչ մասը։ Նպաստում են արյան մակարդմանը՝ խոչընդոտելով արյունահոսությունը։

ԷՐԻԹՐՈՑԻՏՆԵՐ (արյան կարմիր գնդիկներ) Կազմում են ամբողջական արյան 38–48 տոկոսը։ Պահպանում են հյուսվածքի կենսունակությունը՝ նրան մատակարարելով թթվածին և նրանից հեռացնելով ածխաթթու գազը։

Ինչպես որ արյան պլազմայից կարելի է ստանալ տարբեր մանր բաղադրամասեր, այնպես էլ արյան մյուս հիմնական բաղադրիչները կարելի է բաժանել ավելի փոքր մասերի, կամ՝ ֆրակցիաների։ Օրինակ՝ էրիթրոցիտի մանր բաղադրամասերից է հեմոգլոբինը։

[Նկար]

ՊԼԱԶՄԱ

ՋՈՒՐ 91,5%

ՍՊԻՏԱԿՈՒՑ 7%

ԱԼԲՈՒՄԻՆ

ԳԼՈԲՈՒԼԻՆ

ՖԻԲՐԻՆՈԳԵՆ

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ 1,5 %

ՍՆՆԴԱՐԱՐ ՆՅՈՒԹԵՐ

ՀՈՐՄՈՆՆԵՐ

ԳԱԶԵՐ

ԷԼԵԿՏՐՈԼԻՏՆԵՐ

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

ԱԶՈՏԱՅԻՆ ԱՐԳԱՍԻՔՆԵՐ

[Թույլտվությամբ]

Page 9: Blood components in circles: This project has been funded in whole or in part with federal funds from the National Cancer Institute, National Institutes of Health, under contract N01-CO-12400. The content of this publication does not necessarily reflect the views or policies of the Department of Health and Human Services, nor does mention of trade names, commercial products, or organizations imply endorsement by the U.S. Government

[Նկար 8–րդ էջի վրա]

Արյան փոխներարկման այլընտրանքներ

Անցած վեց տարիներին Եհովայի վկաների Հիվանդանոցների հետ կապի կոմիտեները ամբողջ աշխարհում բժշկության բնագավառի աշխատողներին տվել են մոտ 25 լեզուներով թողարկված «Բուժման այլընտրանքային մեթոդներ՝ առանց արյան փոխներարկման. պարզ, ապահով, արդյունավետ» տեսաֆիլմի տասնյակ հազարավոր օրինակներ։b Այդ ֆիլմում աշխարհահռչակ բժիշկները խոսում են ներկայումս գոյություն ունեցող անարյուն բուժման արդյունավետ միջոցների մասին։ Ֆիլմը մեծ ուշադրության է արժանացել։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի Արյան ազգային ծառայությունը 2001 թ. վերջում ֆիլմը դիտելուց հետո նամակ և տեսաֆիլմի մեկական օրինակ ուղարկեց երկրի՝ արյան բոլոր պահեստների մենեջերներին և խորհրդատու արյունաբաններին։ Նրանց հորդոր տրվեց դիտելու այն, քանի որ «գնալով ավելի ու ավելի է ընդունվում այն տեսակետը, որ բարձրորակ բուժում տալու կերպերից մեկը հնարավորության դեպքում արյան փոխներարկումից խուսափելն է»։ Նամակում ասվում է, որ «տեսաֆիլմի հիմնական միտքը արժանի է գովասանքի, և Արյան ազգային ծառայությունը լիովին թիկունք է կանգնում դրան»։

[Ծանոթագրություն]

b Դիմեք Եհովայի վկաներին՝ դիտելու «Բուժման մեթոդներ՝ առանց արյան փոխներարկման. վավերագրական նյութեր» (ռուս.) տեսասկավառակը։ Թողարկվել է Եհովայի վկաների կողմից։

[Նկար 9–րդ էջի վրա]

Մասնաբաժանում. արյան մանր բաղադրամասերի գործածությունը բժշկության մեջ

Գիտության ու տեխնիկայի շնորհիվ այսօր հնարավոր է դարձել արյան մեջ զատորոշել առանձին տարրեր և դրանք անջատել հիմնական զանգվածից։ Այդ պրոցեսը կոչվում է մասնաբաժանում։ Օրինակ՝ ծովի ջուրը, որի 96,5 տոկոսը մաքուր ջուր է, կարող է մասնաբաժանման ենթարկվել այնպիսի նյութեր ստանալու համար, ինչպիսիք են՝ մագնեզիում, բրոմ և իհարկե աղ։ Նույն ձևով՝ արյան պլազման, որը ամբողջական արյան ծավալի կեսից ավելին է կազմում, բաղկացած է ավելի քան 90 տոկոս ջրից և կարող է մշակվել մանր բաղադրամասեր ստանալու համար, օրինակ՝ այնպիսի սպիտակուցներ, ինչպիսիք են՝ ալբումին, ֆիբրինոգեն և տարբեր գլոբուլիններ։

Որպես բուժման մաս՝ բժիշկը կարող է պլազմայից ստացված բաղադրամասի որոշակի խտացված քանակ նշանակել։ Օրինակ նա կարող է նշանակել սպիտակուցներով հարուստ կրիոպրեսիպիտատ նյութը, որը ստացվում է պլազման սառեցնելու և այնուհետև հալեցնելու արդյունքում։ Այս չլուծվող բաղադրամասը հարուստ է մակարդման գործոններով և սովորաբար կիրառվում է արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։ Այլ դեպքերում կարող է գործածվել այնպիսի պատրաստուկ, որը պարունակում է արյան մանր բաղադրամաս կա՛մ չնչին, կա՛մ մեծ քանակությամբ։c Սովորական ներարկումների ժամանակ օգտագործում են պլազմայից անջատված որոշ սպիտակուցներ, որոնք կարող են ամրացնել իմունիտետը օրգանիզմի տարած վարակիչ հիվանդությունից հետո։ Արյան գրեթե բոլոր բաղադրամասերը, որոնք օգտագործվում են բժշկության մեջ, պարունակում են պլազմայի սպիտակուցներ։

Ըստ «Սայենս նյուս» հանդեսի՝ «գիտնականներն արյան մեջ գտնվող մոտավորապես հազար սպիտակուցներից բացահայտել և դասակարգել են միայն մի քանի հարյուրը»։ Արյան ուսումնասիրության զարգացմանը զուգընթաց հնարավոր է, որ ապագայում այդ սպիտակուցներից նոր պատրաստուկներ արտադրվեն։

[Ծանոթագրություն]

c Որոշ պատրաստուկներում կան կենդանու արյունից ստացված բաղադրամասեր։

[Նկար 7–րդ էջի վրա]

Որոշ բուժաշխատողներ խիստ զգուշանում են արյան հետ գործ ունենալուց

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը