Հուսալքությունս վերածվեց երջանկության
ՊԱՏՄՈՒՄ Է ՎԻՍԵՆՏԵ ԳՈՆՍԱԼԵՍԸ
Երբ հարևաններս լսեցին, որ չորս անգամ կրակել եմ ինքս ինձ վրա, բայց ողջ եմ մնացել, ինձ «Հերոս» կոչեցին։ Սակայն, իհարկե, ես հերոս չէի։ Թույլ տվեք պատմել, թե ինչու փորձեցի վերջ տալ կյանքիս։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1951 թ.–ին Գուայաքիլ քաղաքում (Էկվադոր)։ Ծովափնյա մի վայրում, որը կոչվում էր «Ներխուժում», ծնողներս տուն էին կառուցել իրենց ինը երեխաների համար։ Աղքատ ընտանիքներն անօրինական կերպով ներխուժել էին այդ տարածք և կառուցել բամբուկե պատերով ու մետաղյա տանիքներով տներ։ Քանի որ այդ տները շինվել էին ծովի տղմոտ ափերի և մանգրային ճահիճների վրա, դրանք հենվում էին փայտե գերանների վրա։ Մենք չունեինք էլեկտրականություն, ճաշը պատրաստում էինք ածխի վառարանի վրա, իսկ խմելու ջուր ձեռք բերելու համար պետք է մեկ կիլոմետր ճանապարհ գնայինք։
Մեր ընտանիքին ֆինանսապես օգնելու համար քույրս և եղբայրս վաղ տարիքից սկսեցին աշխատել։ Դպրոցը դեռ չավարտած՝ 16 տարեկանում, ես, սկսեցի գործարանում աշխատել որպես ցրիչ։ Ես և ընկերներս տրվեցինք խմելուն և սկսեցինք անբարո կյանք վարել։ Երբ խիղճս տանջում էր ինձ, գնում էի եկեղեցի՝ խոստովանություն անելու։ «Որդի՛ս, լավ խոստովանություն արեցիր»,— ասում էր քահանան և ուղարկում ինձ տուն՝ առանց հոգևոր օգնություն ցույց տալու։ Ուստի ես շարունակում էի նույն բաներն անել։ Ի վերջո մեղք գործելը ու հետո խոստովանություն անելը ինձ անիմաստ թվացին, և ես դադարեցի հաճախել եկեղեցի։ Միևնույն ժամանակ տեսնում էի շուրջս տիրող սոցիալական անարդարությունը։ Աղքատները, որոնք մեծամասնություն էին կազմում, դժվարությամբ էին ապրուստ վաստակում, մինչդեռ հարուստները ճոխության մեջ էին ապրում։ Կյանքն անիմաստ էր թվում։ Ես մտածում էի, որ ապագա չունեմ։
Մի օր հայտնաբերեցի, որ չորս քույրերս կարդում են Եհովայի վկաների տպագրած հրատարակությունները։ Ես նույնպես սկսեցի կարդալ դրանք։ Իմ ուշադրությունը հատկապես գրավեց «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը։ Այն տրամաբանական էր շարադրված և լույս էր սփռում աստվածաշնչյան բազմաթիվ թեմաների վրա։ Հիշում եմ, որ ասում էի ինքս ինձ. «Սա է ճշմարտությունը»։ Սակայն ինչպես հայտնաբերեցի հաջորդ 15 տարիների ընթացքում, ճշմարտությամբ ապրելը բոլորովին այլ բան էր։
22 տարեկան հասակում սկսեցի աշխատել բանկում։ Մի օր աշխատակիցներիցս մեկը ցույց տվեց ինձ, թե ինչպես է գաղտնաբար «պարտքով» փող վերցնում բանկից, իսկ հետո վճարում «փոխառությունը»։ Ես նույնպես սկսեցի «փոխառություններ» վերցնել և ի վերջո դրանք այնքան մեծ գումար կազմեցին, որ այլևս չէի կարող հանցանքս ծածկել։ Ես համակվեցի վհատությամբ, քանի որ զգացի, որ երբեք չեմ կարող վճարել այդ գումարը։ Ուստի որոշեցի խոստովանել հանցանքս և ցանկանալով պատժել ինձ՝ վերջ տալ կյանքիս։
Բանկի տնօրինությանը նամակ գրելուց հետո գնեցի ատրճանակ, գնացի ծովափ և մեկուսի մի վայրում երկու անգամ կրակեցի գլխիս վրա, երկու անգամ էլ՝ կրծքավանդակիս վրա։ Թեև լուրջ վնասվածքներ ստացա, սակայն չմահացա։ Մի հեծանվորդ գտավ ինձ և արագորեն տեղափոխեց հիվանդանոց։ Առողջանալուց հետո իմ դեմ գործ հարուցեցին գողության համար և բանտ ուղարկեցին։ Ամոթն ու ընկճվածությունը համակել էին ինձ, երբ ազատ արձակվեցի, որովհետև այժմ դատվածություն ունեի։ Քանի որ ես չէի մահացել չորս կրակոցներից հետո, հարևաններս ինձ սկսեցին կոչել «Հերոս»։
Փոխվելու հնարավորություն
Մոտավորապես այդ նույն ժամանակ ինձ այցելեց Պոլ Սանչեսը՝ Եհովայի վկա մի միսիոներ։ Առաջին բանը, որ նկատեցի, նրա ժպիտն էր։ Պոլն այնքան ուրախ, լավատես անձնավորություն էր, որ ես համաձայնեցի Աստվածաշունչ ուսումնասիրել նրա օգնությամբ։ Ես մտածում էի. «Միգուցե նա կկարողանա օգնել ինձ գտնել երջանկություն և կյանքի իմաստ»։
Պոլն ինձ ցույց տվեց, որ Աստված մարդկանց հետ կապված նպատակ ունի, և որ նրանք, ովքեր սիրում և հնազանդվում են Իրեն, մի օր կապրեն երկրային դրախտում (Սաղմոս 37։29)։ Նաև իմացա, որ ոչ թե Աստված է անարդարության ու աղքատության պատճառը, այլ դրանք առաջ են եկել մարդու ապստամբության հետևանքով (Բ Օրինաց 32։4, 5)։ Այս ճշմարտությունները կարծես լույս լինեին իմ կյանքում։ Սակայն ինձ համար ավելի հեշտ էր Աստվածաշունչ ուսումնասիրել, քան փոխել իմ անձնավորությունը։
Ես աշխատանք գտա մի գրասենյակում, որտեղ պետք է գործ ունենայի այդ ընկերության ֆինանսների հետ։ Այս անգամ ևս չդիմացա գայթակղությանը և սկսեցի գողություն անել։ Երբ այլևս չէի կարող թաքցնել իմ հանցանքը, մոտ մեկ տարով փախա Էկվադորի մի ուրիշ քաղաք։ Փորձեցի դուրս գալ երկրից, բայց ապարդյուն, ուստի վերադարձա իմ բնակավայրը։
Պոլը կրկին գտավ ինձ, և մենք վերսկսեցինք ուսումնասիրությունը։ Այս անգամ ես վճռեցի իմ կյանքում կիրառել Աստվածաշնչի սկզբունքները և ծառայել Եհովային։ Ուստի պատմեցի Պոլին իմ անազնվության մասին, և նա ինձ կոնկրետ խորհուրդ տվեց։ Նա իմ ուշադրությունը հրավիրեց Եփեսացիս 4։28 համարի վրա, որտեղ ասվում է. «Նա որ գողանում էր, թող էլ չ’գողանայ, այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը»։ Ես հասկացա, որ պետք է խոստովանեմ իմ գողությունը և համակերպվեմ հետևանքների հետ։
Մինչ խորհում էի իմ իրավիճակի մասին, սկսեցի աշխատել որպես նկարիչ։ Մի օր մի մարդ եկավ իմ արհեստանոց և ասաց, որ հետաքրքրվում է նկարչությամբ։ Սակայն իրականում նա խուզարկու էր և կարգադրագիր ուներ ինձ ձերբակալելու համար։ Ուստի ինձ կրկին ուղարկեցին դատարան, իսկ հետո՝ բանտ։ Պոլն այցելեց ինձ, և ես նրան խոստացա. «Դու երբեք չես ափսոսա, որ ջանք ես գործադրել՝ օգնելու ինձ հասկանալ Աստվածաշունչը»։ Մենք շարունակեցինք ուսումնասիրությունը բանտում։
Փաստում եմ իմ անկեղծությունը
Երբ ազատ արձակվեցի, վճռեցի ծառայել Եհովային ամբողջ սրտով և հաջորդ երկու տարիներին փաստեցի իմ անկեղծությունը։ 1988 թ.–ին մկրտվեցի և դարձա Եհովայի վկա։ Ցանկանալով լրացնել բաց թողածը՝ սկսեցի ծառայել որպես ռահվիրա՝ ջանքեր գործադրելով քարոզել մասնավորապես երիտասարդական ավազակախմբերի անդամներին։
Մի ավազակախումբ հաճախ խզբզանքներ էր անում մեր Թագավորության սրահի պատերի վրա։ Քանի որ ճանաչում էի այդ ավազակախմբի անդամներին և գիտեի, թե որտեղ են ապրում, այցելեցի նրանց, բացատրեցի Թագավորության սրահի նպատակը և բարյացակամորեն խնդրեցի, որ հարգանք ունենան մեր սեփականության հանդեպ։ Դրանից հետո նման բաներ այլևս տեղի չունեցան։
Հետագայում երբ վերանորոգում էինք սրահը և մաքրում հին ներկը, Ֆերնանդո անունով մի երիտասարդ Վկա վերծանեց մի խզբզանք, որը նշանակում էր՝ «գորտ» (իսպաներեն՝ La Rana)։ Նա բացականչեց. «Դա ես էի»։ Նախկինում լինելով ավազակախմբի անդամ՝ Ֆերնանդոն իր մականունն էր գրել սրահի պատի վրա, իսկ հիմա մաքրում էր այն։
Առաջին անգամ, երբ տեսա Ֆերնանդոյին, նա թմրադեղերի ազդեցության տակ էր։ Մայրը երկու անգամ նրան ուղարկել էր Վերականգնողական կենտրոն, սակայն ապարդյուն։ Ուստի նա հույսը կտրել էր, տեղափոխվել մեկ ուրիշ վայր և տանը մենակ թողել Ֆերնանդոյին։ Վերջինս թմրադեղեր գնելու համար ծախել էր արժեքավոր ամեն բան, նույնիսկ դռները, պատուհանները և տան տանիքը։ Ես մոտեցա նրան փողոցում, ոչ ալկոհոլային ըմպելիք տվեցի և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցի։ Նա համաձայնվեց և ի ուրախություն ինձ՝ արձագանքեց ճշմարտությանը։ Ֆերնանդոն հեռացավ ավազակախմբից, դադարեց թմրամոլությամբ զբաղվել, սկսեց հաճախել քրիստոնեական հանդիպումներին և կարճ ժամանակ անց մկրտվեց։
Երբ ես ու Ֆերնանդոն միասին քարոզում էինք տնետուն, մարդիկ հաճախ ճանաչում էին մեզ ու բացականչում «Գորտ» կամ «Հերոս», այնուհետև հարցնում, թե ինչ ենք անում։ Նրանք զարմանում էին՝ տեսնելով, որ ավազակախմբի նախկին անդամը և նախկին գողը այցելում են իրենց՝ Աստվածաշունչը ձեռքներին։
Մի անգամ ես վկայություն էի տալիս մի մարդու, մինչ Ֆերնանդոն զրուցում էր նրա հարևանի հետ։ Մատնացույց անելով Ֆերնանդոյին՝ այդ անձնավորությունն ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես այդ երիտասարդին։ Նա մի անգամ ատրճանակ է պահել իմ գլխին»։ Ես հավաստիացրեցի նրան, որ Ֆերնանդոն փոխվել է և այժմ ապրում է աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Երբ Ֆերնանդոն ավարտեց հարևանի հետ զրույցը, ես կանչեցի նրան և ներկայացրեցի տանտիրոջը։ «Երիտասա՛րդ,— ասաց նա,— ուզում եմ գովել քեզ քո կյանքում կատարած փոփոխությունների համար»։
Չեմ կարող հաշվել, թե քանի անգամ են մարդիկ նման բաներ ասել ինձ և Ֆերնանդոյին։ Դրանք վկայություն տալու լավ հնարավորություններ են ստեղծել, և արդյունքում Աստվածաշնչի ուսումնասիրություններ են սկսվել։ Այո, թե՛ Ֆերնանդոն և թե՛ ես պատիվ ունենք ճանաչված լինելու որպես Եհովայի վկաներ։
Նշանակալից իրադարձություն իմ կյանքում
2001 թ.–ին, երբ դարձա 50 տարեկան, զարմացա և ոգևորվեցի՝ իմանալով, որ հրավիրված եմ Ծառայության կատարելագործման դպրոց, որն անցկացվելու էր Պերուում։ Այս դպրոցի ընթացքում փորձառու Վկաները ութշաբաթյա հոգևոր խորացված կրթություն են ստանում, որն օգնում է իրենց ծառայության մեջ։
Այդ կրթության յուրաքանչյուր երեսակը ուրախություն էր պատճառում ինձ՝ բացառությամբ մի բանի. ելույթ ունենալը ինձ սարսափեցնում էր։ Երիտասարդ ուսանողներից շատերը վստահությամբ հիանալի ելույթներ էին ներկայացնում։ Բայց երբ ես պետք է ներկայացնեի իմ առաջին ելույթը, մանկությունից ինձ անհանգստացնող թերարժեքության զգացումը նորից գլուխ բարձրացրեց։ Ծնկներս սկսեցին երերալ, ձեռքերս քրտնել և ձայնս դողալ։ Սակայն Եհովան զորացրեց ինձ սուրբ ոգու և սիրառատ եղբայրների միջոցով։ Ուսուցիչներից մեկը նույնիսկ անձնական հետաքրքրություն ցույց տվեց իմ հանդեպ և դասերից հետո օգնում էր պատրաստել ելույթներս։ Ամենակարևորն այն է, որ նա սովորեցրեց ինձ ապավինել Եհովային։ Դասընթացների ավարտին կյանքումս առաջին անգամ հաճույք ստացա ունկնդիրների առջև ելույթ ունենալուց։
Ամենամեծ դժվարությունն ունեցա Գուայաքիլում կայացած համաժողովի ժամանակ։ 25 000 մարդու առջև ես պետք է պատմեի, թե ինչպես եմ դարձել Եհովայի վկա։ Երբ սկսեցի խոսել, հուզվեցի այն բանի համար, որ առանձնաշնորհում ունեմ քաջալերելու այդքան շատ մարդկանց, ու ձայնս սկսեց դողալ։ Վերջում համաժողովի պատվիրակներից մեկը մոտեցավ ինձ և ասաց. «Եղբայր Գոնսալես, երբ պատմում էիր քո մասին, բոլոր ունկնդիրների աչքերն արցունքով էին լցվել»։ Իմ գլխավոր նպատակն էր քաջալերել բոլոր նրանց, ովքեր ջանք էին թափում ետ դառնալու իրենց վատ ճանապարհից։
Այժմ ես ծառայում եմ որպես երեց և ընդհանուր ռահվիրա, ուրախ եմ նաև, որ օգնել եմ 16 հոգու աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել։ Ինձ ոգևորում է այն, որ ծնողներս և չորս քույրերս նույնպես նվիրել են իրենց կյանքը Եհովային։ Մայրս Աստծուն հավատարիմ մնաց մինչև մահ՝ 2001 թ.։ Ես անչափ երախտապարտ եմ Եհովային, որ ինձ թույլ է տվել ճանաչել իրեն։ Կարծում եմ՝ գնահատանքս արտահայտելու լավագույն ձևը ուրիշներին օգնելն է, որ մոտենան նրան (Յակոբոս 4։8)։
[Նկար 20–րդ էջի վրա]
Ֆերնանդոն, որին ես օգնել եմ (ավազակախմբի նախկին անդամ, որը հայտնի էր Գորտ մականունով)
[Նկար 20–րդ էջի վրա]
Պոլ Սանչեսը՝ ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրած միսիոները
[Նկար 21–րդ էջի վրա]
Վիսենտե Գոնսալեսն այսօր