«Փոքրիկ գնացքներ», որոնք լույս են արձակում մթության մեջ
◼ Մութ գիշերով Բրազիլիայի գյուղական վայրերից մեկում փտած բուսահողի միջից մի փոքրիկ «գնացք» է դուրս գալիս։ Նրա ճանապարհը լուսավորում են առջևի մասում գտնվող երկու կարմիր «լուսարձակները», իսկ 11 զույգ դեղնա–կանաչավուն «լապտերիկները» լույս են արձակում նրա երկու կողմերում։ Ինչ խոսք, սա սովորական գնացք չէ, այլ միջատների «phengodidae» ընտանիքին պատկանող 7 սանտիմետր երկարություն ունեցող մի թրթուր է, որը բնակվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։ Այս թրթուրի էգերը պահպանում են իրենց թրթուրային ձևը. նրանց մարմինը հիշեցնում է ներսից լուսավորվող վագոններ, և դա է պատճառը, որ նրանց հաճախ կոչում են «երկաթուղային որդեր»։ Բրազիլիայում նրանց «փոքրիկ գնացքներ» են անվանում։
Ցերեկվա ժամերին դժվար է նկատել այս դարչնագույն թրթուրին։ Սակայն գիշերը նա կարծես «ազդարարում է» իր ներկայությունը իր լույսերի զարմանահրաշ շարանով։ Նրա լուսարձակումը տեղի է ունենում լուցիֆերին կոչվող օրգանական նյութի և լուցիֆերազ կոչվող ֆերմենտի շնորհիվ, որոնք էլ օքսիդանալով՝ սառը լույս են արձակում։ Լույսը կարող է լինել կարմիր, նարնջագույն, դեղին և կանաչ գույների։
Ի տարբերություն դեղնա–կանաչավուն լույսերի՝ կարմիր «լուսարձակները» գրեթե միշտ են վառվում։ Ենթադրում են, որ առջևում գտնվող «լուսարձակների» օգնությամբ թրթուրը կարողանում է գտնել իր սիրած որսին՝ հազարոտնիկին, մինչդեռ նրա կողքերում գտնվող լույսերը վախեցնող ազդանշան են այնպիսի գիշատիչների համար, ինչպիսիք են՝ մրջյունները, գորտերը և սարդերը։ Իր լույսերով էգ թրթուրը կարծես թե ասելիս լինի. «Ես բոլորովին էլ համեղ չեմ։ Հեռո՛ւ փախեք ինձանից»։ Երկու կողքերի «լապտերիկները» լույս են արձակում նաև այն ժամանակ, երբ թրթուրը վտանգ է զգում։ Բացի դրանից, նրանք լույս են տալիս, երբ թրթուրը հարձակվում է հազարոտնիկների վրա, և երբ էգը պաշտպանում է իր ձվերը։ Սովորական պայմաններում կողքի լույսերը իրենց ողջ ուժգնությամբ շողում են և ապա ընդամենը մի քանի վայրկյանով հանգչում. այս երևույթը տեղի է ունենում միայն անհրաժեշտության դեպքում։
Այո, նույնիսկ փտած բուսահողի մեջ կարելի է ականատես լինել շշմեցուցիչ գեղեցկություն ունեցող տեսարանի, որը հիշեցնում է մեզ Արարչին փառաբանող՝ սաղմոսերգուի այս խոսքերը. «Երկիրը լիքն է քո ստեղծուածներովը» (Սաղմոս 104։24)։
[Նկար 18–րդ էջի վրա]
Robert F. Sisson / National Geographic Image Collection