Երեխայի հավատը
ԴԱՍՏԻՆԸ ներկա էր լինում Աստվածաշնչի ուսումնասիրությանը, երբ իր մայրն ուսումնասիրում էր այն Եհովայի վկաների օգնությամբ։ Չնայած Դաստինն ընդամենը 11 տարեկան էր, սակայն նա խելացի էր և շատ իմաստալից հարցեր էր տալիս։ Կարճ ժամանակ անց նա խնդրեց, որ նախկին միսիոները, որն ուսումնասիրում էր իր մոր հետ, անձամբ ուսումնասիրի իր հետ։ Նա նաև սկսեց դասընկերներին պատմել իր սովորածների մասին։
Դաստինը հաճախում էր տեղի Թագավորության սրահում անցկացվող ժողովի հանդիպումներին և նույնիսկ մեկնաբանություններ էր տալիս։ Երբ նա և իր կրտսեր քույրերն ու եղբայրը այցելեցին իրենց հորը, վերջինս պահանջեց, որ նրանք բոլորը հաճախեն եկեղեցի։ Սակայն Դաստինը բացատրեց, թե ինչու է ինքը նախընտրում գնալ Թագավորության սրահ։ Դրանից հետո հայրը թույլ տվեց նրան հաճախել ժողովների։
Մի երեկո ժողովի հանդիպումից հետո Դաստինի մայրը չէր կարողանում գտնել նրան։ Առանց մորը տեղյակ պահելու՝ նա մոտեցել էր Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուին և խնդրել, որ իրեն ցուցակագրի դպրոցին։ Մայրը համաձայնվեց։ Դաստինը ոգևորվածությամբ սպասում էր, թե երբ պետք է ելույթ ունենա։ Սակայն միևնույն ժամանակ նա սուր ցավեր ուներ ազդրի շրջանում, ուստի հետազոտության համար նրան տարան տարբեր բժիշկների մոտ։ Ի վերջո եկավ երկար սպասված երեկոն, երբ Դաստինը պետք է ելույթ ունենար Թագավորության սրահում։ Այդ ժամանակ նա արդեն անթացուպեր էր օգտագործում։ Չնայած ակնհայտ էր, որ Դաստինը ցավեր ուներ, սակայն նա բեմ բարձրացավ առանց անթացուպերի։
Կարճ ժամանակ անց Դաստինի մոտ հայտնաբերվեց Էվինգի սարկոմա հիվանդությունը, որը ոսկրային քաղցկեղի հազվագյուտ տեսակ է։ Հաջորդ տարվա մեծ մասը նա անցկացրեց Սան Դիեգոյի (Կալիֆորնիա) հիվանդանոցում։ Քիմիաբուժությունը, ճառագայթաբուժությունը, ամբողջությամբ աջ ոտքի անդամահատումը և կոնքոսկրի հեռացումը չկոտրեցին նրա ամուր հավատը և Եհովայի նկատմամբ նրա սերը։ Երբ նա չափազանց թույլ էր և չէր կարողանում կարդալ, նրա մայրը, որը գրեթե ամբողջ ժամանակ կողքին էր, բարձրաձայն կարդում էր Դաստինի համար։
Թեև Դաստինի իրավիճակը գնալով վատանում էր, նա երբեք չէր դժգոհում։ Նա միշտ զբաղված էր. հաշմանդամի սայլակով շրջում էր հիվանդանոցում՝ քաջալերելով ուրիշ հիվանդներին և նրանց ծնողներին, այդ թվում նաև մի Վկա հիվանդի։ Հիվանդանոցի աշխատակազմը տեսնում էր, որ Դաստինը և այդ Վկա տղան տարբերվում էին ուրիշներից, և որ այդ երկուսի հավատը զորացնում էր նրանց։
Դաստինը ցանկանում էր մկրտվել։ Քանի որ չափազանց թույլ էր և չէր կարողանում նստել, նա պառկել էր բազմոցի վրա, իսկ երեցները նրա հետ քննարկում էին մկրտության թեկնածուների համար նախատեսված հարցերը։ 2004 թ. հոկտեմբերի 16–ին շրջանային համաժողովի ժամանակ 12–ամյա Դաստինը մկրտվեց։
Մկրտության ելույթը սկսվելուց առաջ Դաստինին հաշմանդամի սայլակով տարան մկրտության թեկնածուների համար նախատեսված տեղը։ Երբ նրանց խնդրեցին ոտքի կանգնել, Դաստինը, իր լավագույն կոստյումը հագած, կանգնեց մի ոտքի վրա և չընկնելու համար հենվեց աթոռի բռնակին։ Մկրտության հարցերին նա պատասխանեց բարձր և հստակ ձայնով։ Դաստինի ամբողջ ընտանիքը, այդ թվում նաև նրա հայրն ու խորթ մայրը ներկա էին նրա մկրտությանը։ Հիվանդանոցի աշխատակազմը և քաղցկեղով հիվանդ այլ երեխաների ծնողները նույնպես այնտեղ էին։
Դաստինի մկրտության հաջորդ օրը նրան նորից հիվանդանոց տարան։ Քաղցկեղը արդեն տարածվել էր մարմնի յուրաքանչյուր ոսկորի մեջ։ Քանի որ նրա վիճակը վատանում էր, և Դաստինը զգում էր, որ մահը մոտ է, նա հարցրեց մորը, թե արդյոք մահանում է։ «Ինչո՞ւ ես հարցնում,— պատասխանեց մայրը,— վախենո՞ւմ ես մահանալուց»։
«Ոչ,— ասաց Դաստինը,— ես պարզապես կփակեմ աչքերս և երբ հարության ժամանակ բացեմ, ինձ կթվա, թե փակել էի աչքերս մեկ վայրկյան առաջ։ Ես այլևս ցավ չեմ զգա»։ Այնուհետև նա բացատրեց. «Ես ուղղակի մտահոգված եմ ձեզ համար»։
Հաջորդ ամիս Դաստինը մահացավ։ Նրա թաղման արարողությանը ներկա էին բժիշկները, բուժքույրերը, հիվանդանոցի աշխատողների ընտանիքները, ուսուցիչները, հարևանները և, իհարկե, Դաստինի՝ Եհովայի վկա և ոչ Վկա ընտանիքի անդամները։ Դաստինը խնդրել էր, որ իր թաղման արարողությանը ներկա գտնվողներին լավ վկայություն տրվի իր համոզմունքների մասին։ Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուն, որը նրան տվել էր այն միակ առաջադրանքը, սենյակում հավաքված մարդկանց, որոնք տեղ չլինելու պատճառով կանգնած էին լսում, հավատն ամրացնող մի ելույթ ներկայացրեց։
Բոլոր ներկաներին թղթի վրա տպագրված բաժանվեցին Մատթէոս 24։14 և Բ Տիմոթէոս 4։7 համարները, որոնք Դաստինի սիրած սուրբգրային համարներն էին։ Դաստինի ամուր հավատը և անարատ ընթացքը քաջալերեցին բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այն պահին, երբ հարության ժամանակ կողջունենք նրան (Պատմել է Դաստինի հետ Աստվածաշունչ ուսումնասիրող Եհովայի վկան)։
[Մեջբերում 27–րդ էջի վրա]
«Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի» (Բ Տիմոթէոս 4։7)
[Նկար 26–րդ էջի վրա]
Վերևում՝ Դաստինը առողջ ժամանակ
[Նկար 26–րդ էջի վրա]
Ներքևում՝ 12–ամյա Դաստինի մկրտությունը