Որտե՞ղ գտնել օգնություն
Եթե աշխարհը իդեալական լիներ, բոլոր ծնողները մեծ ուշադրությամբ ու սիրով կկրթեին և կառաջնորդեին իրենց երեխաներին։ Նրանք կզրուցեին երեխաների հետ, կկարդային նրանց համար, կճաշեին նրանց հետ ու կհասկանային նրանց։ Սակայն աշխարհն իդեալական չէ, և ծնողներն էլ կատարյալ չեն։ Աստծու Խոսքն ասում է. «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3։23)։
Հավանաբար քո ընտանիքում նույնպես խնդիրներ կան։ Այդուհանդերձ, դու կարող ես շատ բան անել, որպեսզի ավելի քիչ մտահոգվես և ավելի երջանիկ լինես։ Նշենք մի քանի աստվածաշնչային սկզբունքներ, որոնք կօգնեն քեզ։
Խորհուրդ 1
Շփվիր մարդկանց հետ
«Մեկուսացող մարդը իր եսասիրական ցանկությունն է փնտրում։ Նա ամեն տեսակ գործնական իմաստության դեմ է դուրս գալիս» (Առակաց 18։1, ՆԱ)։ Որոշ երիտասարդներ կաշկանդվում են մարդկանց ներկայությամբ։ Նրանք նախընտրում են հեռուստացույց դիտել կամ էլեկտրոնային խաղեր խաղալ։ Շատերն էլ այնքան ամաչկոտ են, որ միշտ մեկուսանում են։ էլիզաբեթը ասում է. «Ես չափազանց ամաչկոտ եմ։ Ինձ համար շատ դժվար է մոտենալ մարդկանց ու խոսել նրանց հետ»։
Ինչպե՞ս է էլիզաբեթը հաղթահարում իր ամաչկոտությունը։ Նա Եհովայի վկա է և կանոնավորաբար հաճախում է քրիստոնեական հանդիպումների։ էլիզաբեթն ասում է. «Չնայած, որ ամաչկոտ եմ, ես նպատակ եմ դրել, որ ամեն հանդիպմանը զրուցեմ մեկի հետ։ Երբ չի հաջողվում, ես չեմ հուսահատվում։ Փոխարենը հիշում եմ այն դեպքերը, երբ ստացվել է խոսել մարդկանց հետ։ Շփումը իրականում շատ է օգնել ինձ»։
Իսկ ի՞նչ կարող ես անել դու։ Գրիր երկու կամ երեք մարդու անուններ, որոնց կցանկանայիր ավելի լավ ճանաչել։ Նպատակ դիր հաջորդ շաբաթվա ընթացքում մոտենալ նրանցից մեկին և խոսել նրա հետ։ Հետո գրիր նաև, թե ինչ լավ բան կարող ես անել նրանցից յուրաքանչյուրի համար ամսվա ընթացքում, և իրականացրու նպատակդ (Գործեր 20։35)։
Եթե մարդկանց և խնդիրների պատճառով մեկուսանաս, ապա կսկսես չափից շատ կենտրոնանալ քեզ վրա։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս բոլորիս. «Փնտրեք ոչ միայն ձեր սեփական շահը, այլ նաև ուրիշների շահը» (Փիլիպպեցիներ 2։4)։ Եթե այս սկզբունքը կիրառես ընտանիքում և քո շրջապատում, դու հավասարակշռված վերաբերմունք կունենաս խնդիրներիդ նկատմամբ և հեշտությամբ կլուծես դրանք։
Խորհուրդ 2
Փախիր պոռնկությունից
«Փախե՛ք պոռնկությունից։ Ցանկացած ուրիշ մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, բայց նա, ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում» (1 Կորնթացիներ 6։18)։ Ինչպե՞ս դիմադրել սեքսով զբաղվելու գայթակղությանը, եթե հասակակիցներիդ շրջանում դա սովորական բան է։
Առաջին՝ պետք է այս հարցի շուրջ խորհես նախքան այդ գայթակղության առաջ կանգնելը։ Աստվածաշնչում իմաստուն խորհուրդ է տրվում. «Խորագէտը քննում է իր քայլերը» (Առակաց 14։15)։ Մբալի անունով մի աղջիկ, որն ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ասում է. «Բարձր դասարանում մեր դասարանի տղաներից մեկը անընդհատ նման առաջարկներ էր անում ինձ։ Դասընկերուհիներս ինձ ասում էին, որ պետք է ժամադրվեմ նրա հետ, քանի որ նա մոդել է և խաղում է դպրոցի ֆուտբոլի թիմում։ Ու թեև ես էլ համակրում էի նրան, սակայն որոշել էի, որ իմ սկզբունքները չեմ ոտնահարելու։ Հասակակիցներիս համար պատահական սեքսով զբաղվելու մեջ ոչ մի վատ բան չկար։ Բայց ես հասկանում եմ, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, և գիտեմ, թե ինչպես պետք է վարվեմ նման դեպքերում»։
Երկրորդ՝ աղոթիր Աստծուն, որ օգնի քեզ հավատարիմ մնալ իր բարձր բարոյական չափանիշներին։ Մագի անունով մի աղջիկ, որն ապրում է Անգլիայում, ասում է. «Աղոթքը ուժ է տալիս ինձ, որ դիմադրեմ սեռային հարաբերություն ունենալու ճնշումներին։ Ես երբեք չեմ մտածում, որ կարող եմ նման իրավիճակից ինքնուրույն դուրս գալ։ Նաև խոսում եմ ծնողներիս հետ, երբ այսպիսի խնդիր եմ ունենում, կամ խորհուրդ եմ հարցնում ինձնից մեծ ընկերներիցս»։
Խորհուրդ 3
Ցավակից եղիր
«Բոլորդ մեկ մտքի եղեք, ցավակից, եղբայրասեր, խորապես կարեկցող, մտքով խոնարհ» (1 Պետրոս 3։8)։ Ինչ խոսք, դու չես կարող այնպես անել, որ ծնողներդ չբաժանվեն, կամ թերևս դու չես որոշում՝ երկուսն էլ պետք է աշխատեն լրիվ աշխատանքային օր, թե ոչ։ Սակայն ինչ–որ առումով դու կարող ես թույլ չտալ, որ նման բաները վատ անդրադառնան ձեր փոխհարաբերությունների վրա։ Դու ավելի քիչ կանհանգստանաս և ավելի երջանիկ կլինես, եթե փորձես կարեկցել ծնողներիդ, հասկանալ, թե ինչքան դժվար է նրանց համար։
Ամբեր անունով մի աղջիկ հետևել է այս խորհրդին։ Նա ասում է, որ մոր հետ չէր կարողանում նորմալ հաղորդակցվել, իրար չէին հասկանում, և իրենց փոխհարաբերությունները միշտ լարված էին։ Սակայն նա շարունակում է. «Մայրս շատ դժվարություններ է ունեցել իր կյանքում։ Չորս երեխա է մեծացրել մենակ, հոգ է տարել, որ տուն, ուտելու հաց և հագնելու շոր ունենանք։ Ես հիանում եմ նրանով։ Երանի՜ ես էլ դժվարությունների բախվելիս նրա պես վճռական և ուժեղ լինեմ»։
Եթե ձգտես հասկանալ ծնողներիդ և պատկերացնել, թե որքան դժվար է նրանց համար, դու ճիշտ տեսակետ կունենաս քո խնդիրների նկատմամբ։ Այդպես կկարողանաս տեսնել ծնողներիդ լավ կողմերը և կաշխատես ընդօրինակել նրանց։
Վստահելի խորհուրդների աղբյուր
Վերոհիշյալ խորհուրդները ընդամենը մի քանիսն են այն օգտակար խորհուրդներից, որ գրված են Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում։ Որքան շատ բան իմանաս այս գրքից, ավելի շատ կգնահատես վստահելի և օգտակար խորհուրդներըa։
Դուք կարող եք ավելի շատ բան իմանալ Աստվածաշնչի մասին, եթե խոսեք Եհովայի վկաների հետ կամ նրանց օգնությամբ ուսումնասիրեք այն։ Եհովայի ժողովրդի մեջ դուք իսկական ընկերներ կգտնեք, որոնք կաջակցեն ձեզ դժվար պահերին և կօգնեն կիրառելու Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները։ Ճիշտ է, Աստվածաշնչի չափանիշների համաձայն ապրելն այդքան էլ հեշտ չէ, սակայն եթե ընտրեք կյանքի այս ուղին, դուք բազում օրհնություններ կվայելեք (Եսայիա 48։17, 18)։
[Ծանոթագրություն]
a «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի երկրորդ հատորը (անգլ., ռուս.) պարունակում է բազմաթիվ աստվածաշնչային խորհուրդներ, որոնք կօգնեն երիտասարդներին հաղթահարելու շատ դժվարություններ։ Նման խորհուրդներ կարող եք նաև գտնել հետևյալ վեբ կայքում՝ www.watchtower.org/ype։
[Շրջանակ/Նկարներ 8, 9-րդ էջի վրա]
Ինչի՞ կարիք ունեն պատանիները
Ծնողների հետ ժամանակ անցկացնելու։ Եհովա Աստված իսրայելացիներին պատվիրել էր հաճախ խոսել իրենց երեխաների հետ, օրինակ՝ «տան մէջ նստած ժամանակ եւ ճանապարհ գնացած ժամանակ» (Բ Օրինաց 6։6, 7)։ Այս պատվերի նպատակն այն էր, որ ծնողները ժամանակ տրամադրեին երեխաներին։ Հիսուսը, ակներևաբար, գիտակցում էր, որ երեխաներին պետք է ժամանակ հատկացներ։ Օրինակ՝ մի անգամ երբ «մարդիկ երեխաներ էին բերում, որպեսզի նա դիպչեր նրանց,.... նա իր թևերի մեջ առավ երեխաներին ու օրհնեց՝ ձեռքերը նրանց վրա դնելով» (Մարկոս 10։13, 16)։ Ի՜նչ հիանալի օրինակ ծնողների համար։
Անկեղծ, բաց հաղորդակցության։ Աստվածաշունչն ասում է. «Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս» (Առակաց 15։22)։ Երբ երեխաները փոքր են, շատ կարևոր է նրանց հետ անկեղծ զրուցել։ Դա առավել կարևոր է պատանեկության շրջանում, երբ նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում ոչ թե տանը, այլ դպրոցական ընկերների կամ ուրիշների հետ։ Եթե ծնողների ու երեխաների միջև չկա անկեղծ, բաց հաղորդակցություն, ժամանակի ընթացքում երեխաները իրենց օտարի պես կզգան տանը։
Տեղին խրատի։ Խրատը տրվում է երեխային ուղղելու և կրթելու նպատակով, երբեմն էլ հարկ է լինում պատժել։ Մի առակ ասում է. «Յիմարը կ’անարգէ իր հօր խրատը, բայց յանդիմանութիւն պահողը խելացի է» (Առակաց 15։5)։ Սակայն ինչպե՞ս կարող է դեռահասը «հանդիմանություն պահել», եթե ոչ ոք չխրատի իրեն։ Ինչ խոսք, երեխաներին խրատելիս ծնողները պետք է հավասարակշռված լինեն։ Նրանք այնքան խիստ չպետք է լինեն, որ իրենց երեխաները վհատվեն, նույնիսկ կորցնեն ինքնավստահության զգացումը (Կողոսացիներ 3։21)։ Իհարկե, ծնողները ձգտում են կրթել իրենց երեխաներին և չեն ցանկանում լինել հանդուրժող, քանի որ հանդուրժողականությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալb։
[Ծանոթագրություն]
b Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքի 5–րդ և 6–րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։