Դիտում ենք աշխարհը
◼ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասից դուրս բերված անատամը՝ ծովային խխունջը, համարվել է «երբևէ հայտնաբերված ամենաերկարակյաց կենդանին»։ Գիտնականները հաշվել են խեցու շերտերը և որոշել են նրա տարիքը։ Անատամը 405 տարեկան էր (ՍԱՆԴԻ ԹԱՅՄՍ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)։
◼ «Երբ տնտեսության վիճակը վատանում է, այն ազդում է նույնիսկ միլիարդատերների վրա։ Հարցրեք նրանց հոգեբաններին» (ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ, ԱՄՆ)։
Հեռուստացույցը և սեռական վարքը
«Գնալով ավելի պարզ է դառնում, որ սեքսի մասին պատանիների ունեցած պատկերացումների և նրանց սեռական վարքի վրա մեծ ազդեցություն են թողնում սեքսին առնչվող հեռուստատեսային ծրագրերը»,— նշվում է «Փեդիաթրիքս» հանդեսում (ԱՄՆ)։ Մի ուսումնասիրության համաձայն՝ անցանկալի հղիության հավանականությունը երկու անգամ մեծ է այն աղջիկների շրջանում, որոնք շատ են դիտում այդպիսի ծրագրեր, քան նրանց շրջանում, ովքեր ավելի քիչ են դիտում։ Հավանական պատճառներից մեկն այն է, որ հեռուստատեսային ծրագրերում սեռական ազատ վարքը ներկայացվում է որպես անվտանգ մի բան, և չի տրվում հետևանքների ամբողջական ու իրական պատկերը, օրինակ՝ չի խոսվում անցանկալի հղիության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին։ Սակայն, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, պատանիների սեռական վարքի վրա, բացի հեռուստացույցից, նաև ազդում են ինտերնետը, երաժշտությունը և թերթերը։
Բորոտության նոր դեպքեր
Միացյալ Նահանգներում երեք հազար մարդ բուժվում է բորի դեմ, որը կոչվում է նաև Հանսենի հիվանդություն։ Տարեկան նրանց թիվն ավելանում է մոտ 150–ով։ Հիվանդներից շատերը արտերկրից են։ Արևադարձային բժշկության և հիգիենայի ամերիկյան ընկերությունը տեղեկացնում է, որ Բատոն Ռուժ քաղաքում (Լուիզիանա, ԱՄՆ) գործող Հանսենի հիվանդության ազգային ծրագրի տվյալների համաձայն՝ «տարեկան մոտավորապես 30 դեպք գրանցվում է Լուիզիանայի հարավային մասում և Տեխասի Մեքսիկական ծոցի ափամերձ շրջանում։ Հիվանդները ամերիկացիներ են և երբեք չեն եղել այնպիսի երկրներում, որտեղ կա այդ վարակը»։ Հետազոտողները դեռևս չեն հասկանում, թե ինչպես է վարակը տարածվում։ Եթե հիվանդությունը ախտորոշվի վաղ շրջանում, այն հնարավոր է լիովին բուժել։ Սակայն երբ այն խորանում է, հնարավոր չէ վերականգնել վնասված նյարդային հյուսվածքները։
Ռադիոակտիվ նյութերի գողության դեպքեր
«Լուրջ սպառնալիք է այն, որ ահաբեկիչները կարող են ձեռք բերել ռադիոակտիվ նյութեր»,— նշում է ՄԱԿ–ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Մուհամեդ էլ–Բարադեյը։— «Գործակալությանը ներկայացված գողացված կամ կորած ռադիոակտիվ նյութերի մասին հաշվետվության տվյալները անհանգստացնող են. 2008 թ. առաջին կիսամյակում մոտ 250 դեպք։ Մեզ անհանգստացնում է նաև այն, որ այս նյութերի մեծ մասը չի գտնվում»։ Պարզ չէ, թե որն է այս իրավիճակի պատճառը. ռադիոակտիվ նյութերի ավելացող պահանջա՞րկը, թե՞ անդամ երկրների՝ կորուստների մասին ավելի ստույգ հաշվետվությունները։
Գտնված հնագույն մի գրություն
Իսրայելի հնէաբանները մի գրություն են գտել, և ենթադրվում է, որ այն գրվել է Մեռյալ ծովի ձեռագրերից 1 000 տարի առաջ։ Ձեռագիրը, որը խեցու մի բեկորի վրա թանաքով արված ընդամենը հինգ տող արձանագրություն է, պեղվել է մ.թ.ա. 10–րդ դարին պատկանող հրեական մի ամրոցում, որը գտնվում է Քիրբետ Քեիյաֆայի մոտ (Իսրայել)։ Ձեռագիրը դեռ լիովին չի վերծանվել։ Սակայն ինչպես նշվում է Երուսաղեմի Եբրայական համալսարանի տրամադրած մի տեղեկատվության մեջ, ենթադրվում է, որ այն հմուտ գրագրի կողմից արված իրավական գրություն է, և պարունակում է ««դատավոր», «ծառա» և «թագավոր» բառերի բառարմատները»։
[Նկար. թույլտվությամբ 22–րդ էջի վրա]
Gabi Laron/Institute of Archaeology/Hebrew University © Yosef Garfinkel