Պե՞տք է արդյոք ծամել թմբուլի ընկույզ
ԵԹԵ լինեիք Հարավային Ասիայում, գուցե տեսնեիք մի անձնավորության, որը բարեհամբույր կերպով ժպտում է՝ ցույց տալով իր սևացած ատամները և արնագույն թուքը։ Իսկ երբ թքում է, գետնին տհաճ կարմիր հետք է մնում։ Պարզվում է՝ նա թմբուլի ընկույզ է ծամում։
Արևելյան Աֆրիկայից, Պակիստանից և Հնդկաստանից մինչև Պապուա Նոր Գվինեա և Միկրոնեզիա թմբուլի ընկույզ օգտագործում են հարյուր միլիոնավոր մարդիկ՝ աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը։ Թմբուլի ընկույզ վաճառողները երբեմն իրենց երեխաների հետ շուկաներում և փողոցներում սեղանիկներ են դնում։ Ուրիշ վաճառողներ էլ հաճախորդներին գրավում են նեոնային լույսերի և կիսամերկ աղջիկների՝ «թմբուլ-գեղեցկուհիների» միջոցով։
Ողջ աշխարհում այս ընկույզի վաճառքը միլիարդավոր դոլարների շահույթ է բերում։ Իսկ ի՞նչ է թմբուլի ընկույզը։ Ինչո՞ւ են այդքան շատ մարդիկ ծամում այն։ Ինչպե՞ս է այն ազդում նրանց առողջության վրա։ Ո՞րն է այս առնչությամբ Աստվածաշնչի տեսակետը։ Եվ ինչպե՞ս է հնարավոր ազատվել այդ սովորությունից։
Ի՞նչ է թմբուլի ընկույզը
Թմբուլի ընկույզը արեկնու (թմբուլի, կամ՝ բետելի արմավենու) հյութալի պտուղն է, որը արևադարձային բույս է և տարածված է Օվկիանիայում և Հարավարևելյան Ասիայում։ Այն պատկանում է պղպեղազգիների ընտանիքին։ Թմբուլի ընկույզ ծամողները պտղից մի կտոր կրի հետ փաթաթում են թմբուլի տերևի մեջ։ Կիրը նպաստում է ալկալոիդ խթանիչների արտադրությանը։ Ոմանք ավելացնում են համեմունքներ, ծխախոտ կամ որևէ քաղցր բան՝ համը ուժգնացնելու նպատակով։
Սա նպաստում է թքարտադրությանը և թքին հաղորդում է կարմիր գույն։ Այդ պատճառով ծամողները հաճախ են թքում, անգամ մեքենա վարելիս, երբ ճանապարհով մարդիկ են անցնում։
Հաճույքի հետևանքները
«Թմբուլի ընկույզը միշտ օգտագործվել է և ունեցել է մշակութակրոնական առանձնահատկություն,— նշվում է «Բերանի խոռոչի առողջությունը» գրքում։— Մարդիկ հաճախ այն անվնաս են համարում և նշում են, որ դա լավացնում է ինքնազգացողությունը, էյֆորիա է առաջացնում, ջերմություն է հաղորդում մարմնին.... Սակայն փաստերը հակառակն են ապացուցում»։
Մասնագետները նշում են, որ այդ ընկույզի մեջ եղող ալկալոիդներից մեկը կարող է կախվածություն առաջացնել։ Իրականում, որոշ օգտագործողներ օրական ծամում են մինչև 50 ընկույզ։ Կարճ ժամանակում ատամները փչանում են, որից հետո սկսվում է լնդախտ։ «Բերանի խոռոչի առողջությունը» գրքի համաձայն՝ մոլի ծամողների բերանում առաջանում է կարմրաշագանակագույն լորձանման նյութ, որը քայքայում է բերանի լորձաթաղանթը։ Առաջանում են նաև «բերանի լորձաթաղանթի քրոնիկ տարածվող սպիեր....»։ Այս երևույթը կոչվում է բերանի խոռոչի ենթալորձային շերտի ֆիբրոզ։
Թմբուլի ընկույզ ծամելը առաջացնում է նաև բերանի խոռոչի քաղցկեղ, որը կոչվում է տափակաբջջային կարցինոմա. այն կարող է նաև առաջանալ կոկորդում։ Հարավարևելյան Ասիայում բերանի խոռոչի քաղցկեղի հիմնական պատճառը հենց թմբուլն է։ Իսկ Թայվանում 85 տոկոս է կազմում այս քաղցկեղով տառապողների թիվը։ Ավելին, մի գրքում նշվում է. «Բերանի խոռոչի քաղցկեղի ցուցանիշը Թայվանում վերջին 40 տարիներին գրեթե քառապատկվել է և գրավում է առաջին տեղը 10 մահացու հիվանդությունների շարքում» (The China Post)։
Իրավիճակը նույնն է նաև Պապուա Նոր Գվինեայում։ Թերթերից մեկը տեղեկացնում է. «ՊՆԳ-ի բժշկական մի կազմակերպության համաձայն՝ Պապուա Նոր Գվինեայում շատ սիրված թմբուլի ընկույզը ամեն տարի սպանում է առնվազն 2 000 մարդու և բազում առողջական խնդիրներ է առաջ բերում»։ Իսկ մի բժիշկ նշում է, որ «մշտական թմբուլ օգտագործելու հետևանքները խիստ տարբերվում են ծխախոտի հետևանքներից» և սիրտ-անոթային հիվանդության պատճառ են դառնում։
Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը
Աստվածաշունչը բժշկական ձեռնարկ չէ և կոնկրետ չի խոսում թմբուլի ընկույզ ծամելու մասին։ Սակայն այն պարունակում է մի շարք սկզբունքներ, որոնք օգնում են մեզ ապրելու մաքուր, առողջ ու լավ կյանքով։ Խորհիր մտածելու տեղիք տվող աստվածաշնչյան համարների շուրջ։
«Սիրելինե՛ր.... եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով» (2 Կորնթացիներ 7։1)։ «Ձեր մարմինները ներկայացրեք.... սուրբ և Աստծուն ընդունելի» (Հռոմեացիներ 12։1)։ Մի՞թե անհատը Աստծու աչքում սուրբ, կամ՝ մաքուր կլինի, եթե պղծի իր մարմինը՝ թմբուլի ընկույզ ծամելով։
«[Աստծով] ենք մենք ապրում» (Գործեր 17։28)։ «Ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր վերևից է» (Հակոբոս 1։17)։ Կյանքը Աստծու պարգևն է։ Մի՞թե անհատը, որը այնպիսի սովորություն ունի, որը կարող է հիվանդություն առաջացնել, հարգանք է ցուցաբերում այդ թանկարժեք պարգևի հանդեպ։
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթեոս 6։24)։ «Ես թույլ չեմ տա, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ» (1 Կորնթացիներ 6։12)։ Պե՞տք է արդյոք անհատը, որը ցանկանում է հաճեցնել Աստծուն, գերի դառնա անմաքուր սովորության՝ թույլ տալով, որ այն կառավարի իր կյանքը։
«Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մարկոս 12։31)։ «Սերը մերձավորի հանդեպ չարիք չի գործում» (Հռոմեացիներ 13։10)։ Մի՞թե անկեղծ սեր ցույց տված կլինենք մերձավորի հանդեպ, եթե արնագույն թքով թքենք ճանապարհներին, մայթերին ու այլ տեղերում։
Ինչ որ ցանենք, այն էլ կհնձենք (Գաղատացիներ 6։7, 8)։ Սա բնության օրենքն է։ Ուստի եթե ցանենք վատ սովորություններ, կհնձենք վատ հետևանքներ։ Սակայն եթե ապրենք Աստծու նպատակի համաձայն՝ ունենալով լավ սովորություններ, ոչ միայն կհնձենք լավ բաներ, այլև կգտնենք իսկական ու երկարատև ուրախություն։ Իսկ եթե թմբուլի ընկույզ ծամելու սովորություն ունես, ինչպե՞ս կարող ես ազատվել այդ սովորությունից և ավելի լավ ու վարձահատույց կյանքով ապրել՝ անելով այն, ինչ ճիշտ է Աստծու աչքում։ Աղոթքով խորհրդածիր հետևյալ երեք գործնական քայլերի շուրջ։
Սովորությունից ազատվելու երեք քայլ
1. Մղիչ ուժ։ Վատ սովորությունից ազատվելու համար առողջությանը սպառնացող վտանգների մասին իմանալուց ավելին է պետք՝ անհրաժեշտ է մղիչ ուժ ունենալ։ Օրինակ՝ շատերը, ովքեր հաճախ թմբուլի ընկույզ են ծամում, ծխախոտ են ծխում կամ չարաշահում են ոգելից խմիչքը, լավ գիտեն, որ այդ սովորությունը սպառնում է իրենց առողջությանն ու կյանքին։ Ուստի մղիչ ուժ ունենալու համար լավ կլինի սովորել Արարչի և նրա մեծ սիրո մասին՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Եբրայեցիներ 4։12-ում գրված է. «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ»։
2. Աստծուց օգնություն խնդրիր։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև, որովհետև ով խնդրում է, կստանա, ով փնտրում է, կգտնի, և ով թակում է, նրա առջև կբացվի» (Ղուկաս 11։9, 10)։ Երբ ճշմարիտ Աստված Եհովան տեսնում է, որ դու աղոթում ես իրեն ու անկեղծորեն օգնություն և ուժ ես խնդրում, նա քեզ, անշուշտ, չի անտեսի։ «Աստված սեր է»,— գրված է 1 Հովհաննես 4։8 համարում։ Այս սերը անձամբ զգացել է քրիստոնյա Պողոս առաքյալը։ Նա գրել է. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։
3. Օգնություն խնդրիր ուրիշներից։ Այն անհատները, որոնց հետ դու շփվում ես, կարող են քեզ վրա կա՛մ լավ, կա՛մ վատ ազդեցություն թողնել։ Առակներ 13։20 համարում ասվում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի»։ Ուստի մտածիր, թե ում հետ ընկերություն անել։ Նախկինում շատ Եհովայի վկաներ են թմբուլի ընկույզ օգտագործելու սովորություն ունեցել։ Սակայն շփվելով հավատակիցների հետ և ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ նրանք լրացուցիչ ուժ են ստացել և կարողացել են ձերբազատվել այս անմաքուր սովորությունից։
[շրջանակ/նկարներ 24 և 25-րդ էջերի վրա]
ՆՐԱՆՔ ՁԵՐԲԱԶԱՏՎԵՑԻՆ ԱՅԴ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
«Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել հինգ անձնավորությունների հետ, ովքեր մի ժամանակ ծամել են թմբուլի ընկույզ, բայց հետո կարողացել են ձերբազատվել այդ սովորությունից։ Տեսնենք, թե ինչ են ասում նրանք։
Ինչո՞ւ սկսեցիք թմբուլի ընկույզ ծամել։
Պաուլին. «Ես դեռ փոքր էի, երբ ծնողներս օգտագործում էին թմբուլի ընկույզ։ Այդ սովորությունը շատ տարածված էր Պապուա Նոր Գվինեայի այն գյուղում, որտեղ ես ապրում էի»։
Բեթի. «Հայրս թմբուլի ընկույզ ինձ տվել է, երբ ես դեռ երկու տարեկան էի։ Պատանեկան տարիներին ինձ մոտ այնքան շատ ընկույզ էի պահում, որ ասես թմբուլի ծառ լինեի։ Կախվածությունս այնքան մեծ էր, որ օրս սկսում էի թմբուլի ընկույզ ծամելով»։
Վեն-Ջունգ. «Թմբուլի ընկույզ սկսել եմ ծամել տասնվեց տարեկանից։ Դա շատ ընդունված բան էր, և ես էլ ուզում էի ընդունված լինել»։
Ջիաո-Լիան. «Ես թմբուլի ընկույզ էի վաճառում ընտանիքիս ֆինանսապես աջակցելու համար։ Որպեսզի վստահեցնեի, որ բարձր որակի ապրանք եմ վաճառում, սկսեցի փորձել այն, ու դա սովորություն դարձավ»։
Ի՞նչ ազդեցություն թողեց ձեր առողջության վրա այդ սովորությունը։
Ջիաո-Լիան. «Բերանս, ատամներս և շրթունքներս արնագույն էին։ Այսօր զարմանքով եմ նայում այդ ժամանակվա նկարներիս։ Մինչև հիմա տառապում եմ շրթունքների խոցերի պատճառով»։
Պաուլին. «Բերանիս խոռոչում խոցեր ունեի, անընդհատ սրտխառնոց և լուծ էի ունենում»։
Բեթի. «Ես 35 կիլոգրամ էի կշռում, ինչը ծայրաստիճան թեթևաքաշություն էր իմ տարիքի համար։ Ատամներս շատ տհաճ տեսք ունեին։ Հաճախ լվանում ու փայլեցնում էի դրանք պողպատյա սպունգով»։
Սեմ. «Լուծ և լնդախտ ունեի։ Այժմ միայն մեկ ատամ ունեմ։ Պողպատյա սպունգով ատամներս մաքրելը փաստորեն այդքան էլ չօգնեց»։
Ինչո՞ւ որոշեցիք չօգտագործել թմբուլի ընկույզ։
Պաուլին. «2 Կորնթացիներ 7։1-ում կարդացի, որ Աստված ուզում է, որ մենք «մաքրենք մեզ մարմնի ամեն պղծությունից»։ Ու որոշեցի շատ ջանքեր թափել իմ Արարչին հաճեցնելու համար»։
Սեմ. «Ես ուզում էի, որ Եհովա Աստծու սուրբ ոգին ներգործի իմ կյանքում, ուստի սկսեցի աղոթել Եհովային, որ օգնի ինձ դիմադրելու թմբուլի ընկույզ ծամելու գայթակղությանը։ Նա պատասխանեց իմ աղոթքներին։ Արդեն 30 տարի է, ինչ այլևս չեմ օգտագործում թմբուլի ընկույզ»։
Ջիաո-Լիան. «Աստվածաշունչ ընթերցելիս հանդիպեցի հետևյալ խոսքերին՝ «Լվացեք ձեր ձեռքերը, ո՛վ մեղավորներ» (Հակոբոս 4։8)։ Այս խոսքերը մեծ ազդեցություն գործեցին ինձ վրա։ Իրավունք ունեի՞ արդյոք օգտագործելու և վաճառելու թմբուլի ընկույզ՝ իմանալով դրա վնասների մասին։ Որոշեցի «լվանալ ձեռքերս» այս սովորությունից, որը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր վնաս էր հասցնում ինձ»։
Ի՞նչ օգուտներ եք ստացել։
Վեն-Ջունգ. «Թմբուլի ընկույզ ծամել եմ, որպեսզի ընդունված լինեմ հասակակիցներիս կողմից։ Այսօր, սակայն, ավելի թանկ փոխհարաբերություններ եմ վայելում թե՛ Եհովայի, թե՛ իմ հոգևոր եղբայրների և քույրերի հետ»։
Սեմ. «Այսօր ավելի առողջ եմ և՛ ֆիզիկապես, և՛ հոգևորապես։ Ու քանի որ փողերս չեմ վատնում այս մոլության վրա, կարողանում եմ հոգալ իմ ընտանիքի կարիքները»։
Պաուլին. «Ինձ ազատ ու մաքուր եմ զգում։ Ատամներս առողջ են և սպիտակ։ Իսկ տանը և այգում այլևս ընկույզի կճեպներ և զզվելի կարմիր հետքեր չկան»։
Բեթի. «Մաքուր խիղճ ունեմ և ավելի առողջ եմ։ Բացի այդ, դպրոցում ուսուցիչ եմ աշխատում և ծառայում եմ որպես լիաժամ քարոզիչ»։
[նկարներ]
Բեթի
Պաուլին
Վեն-Ջունգ
Ջիաո-Լիան
Սեմ
[նկարներ 23-րդ էջի վրա]
Մշտապես թմբուլի ընկույզ ծամելը լուրջ խնդիրներ է հարուցում
Փչացած ատամներ և լնդախտ
Բերանի խոռոչի ենթալորձային շերտի ֆիբրոզ
Բերանի խոռոչի տափակաբջջային կարցինոմա
[նկար 22-րդ էջի վրա]
Թմբուլի ընկույզներ թմբուլի տերևով փաթաթած