Անվտա՞նգ սնունդ ես օգտագործում
«Գերմանիայում էնտերոկոլիտ ինֆեկցիայի պատճառով դպրոց է փակվել» («ՌԵՅԹԵՐ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԳԵՐՄԱՆԻԱ)։
«Հինգ նահանգներում բանջարեղենի սածիլներում հայտնաբերվել են սալմոնելներ» («ԹՈՒԴԵՅ», ԱՄՆ)։
«9 պրեֆեկտուրաներում տավարի մսի մեջ ռադիոակտիվ տարրեր են հայտնաբերվել, քանի որ 6 կով կերել է ռադիոակտիվ չոր խոտ» («ՄԱԻՆԻՉԻ ԴԵՅԼԻ ՆՅՈՒԶ», ՃԱՊՈՆԻԱ)։
ԱՅՍ դեպքերը տեղի են ունեցել անցած տարի ընդամենը երկու շաբաթվա ընթացքում։ Մասնագետների բերած հաշվետվության համաձայն՝ զարգացած երկրներում ապրող մարդկանց մոտ 30 տոկոսը ամեն տարի տառապում է սննդային թունավորումից առաջացած հիվանդություններով։
Ի՞նչ ազդեցություն են թողնում քեզ վրա նման տեղեկությունները։ Հոնկոնգում ապրող Հոյը ասում է. «Ես շատ եմ անհանգստանում, նույնիսկ բարկանում։ Ես ունեմ երկու երեխա և մտահոգված եմ այն բանով, թե ինչպես և որտեղ է նրանց կերակուրը պատրաստվում»։
Աղքատ երկրներում սննդի և ջրի միջոցով տարածվող հիվանդությունները ամեն տարի խլում են միլիոնավոր մարդկանց և մեծ մասամբ երեխաների կյանքը։ Բոլան, որն ապրում է Նիգերիայում, ասում է. «Մեր երկրում մթերքը վաճառվում է այնտեղ, որտեղ այն կարող է հեշտությամբ աղտոտվել ճանճերի, անձրևի, քամիների և փոշու պատճառով։ Երբ կարդում կամ լսում եմ սննդային թունավորումների մասին, խուճապի մեջ եմ ընկնում և չգիտեմ, թե ինչպես պաշտպանեմ ընտանիքս»։
Իրոք, հնարավո՞ր է արդյոք պաշտպանել ընտանիքը վտանգավոր սննդից։ Կանադայի սննդի տեսչության գործակալությունը տեղեկացնում է. «Եթե փչացած սնունդ է վաճառվում խանութներում, այն բացահայտվում է և դրա մասին լուրը արագ տարածվում է։ Հենց այդպես էլ պետք է լինի։ Սակայն սննդային թունավորման պատճառը կարող ենք լինել նաև հենց մենք ինքներս՝ կախված այն բանից, թե ինչ ենք անում կամ ինչ չենք անում մեր խոհանոցում»։
Ուստի ի՞նչ կարող ես անել ընտանիքդ սննդային թունավորումից զերծ պահելու համար։ Հաջորդ հոդվածներում կխոսվի չորս առաջարկների մասին, որոնք կիրառելով՝ մեր սնունդը ավելի անվտանգ կդարձնենք։
[շրջանակ 3-րդ էջի վրա]
Ովքե՞ր են վտանգի տակ
Մարդկանց որոշ խմբեր ավելի շատ են ենթակա սննդային թունավորման։
● Հինգ տարեկանից ցածր երեխաները
● Հղի կանայք
● 70 տարեկանից բարձր մարդիկ
● Թույլ իմուն համակարգ ունեցող մարդիկ
Եթե դու կամ որևէ մեկը, ով քեզ հետ ճաշում է, մտնում է այս խմբերից մեկի մեջ, ապա պետք է զգույշ լինես և ուշադրություն դարձնես, թե ինչ սնունդ ես պատրաստում, մատուցում և ուտում։
[թույլտվությամբ]
Աղբյուրը՝ Նոր Հարավային Ուելսի սննդամթերքի կազմակերպություն (Ավստրալիա)։