1. Իմաստնորեն գնումներ արա
ԵԹԵ ինքդ չես աճեցնում քո սնունդը, ապա, ինչ խոսք, այն ձեռք ես բերում շուկայից կամ խանութից։ Ուստի ինչպե՞ս կարող ես գնել անվտանգ սնունդ։
● Հերթականությամբ գնումներ արա
Ավստրալիայի սննդի անվտանգության գործակալությունը խորհուրդ է տալիս. «Խանութ մտնելիս սկզբում գնիր այնպիսի սննդամթերք, որը սառնարաններում չի պահվում։ Իսկ սառնարաններում պահվող սնունդը գնիր ամենավերջում»։ Եթե տաք ուտեստներ պետք է վերցնես, գնիր հենց այն ժամանակ, երբ տուն ես գնում։
● Թարմ սնունդ գնիր
Հնարավորության դեպքում թարմ սնունդ գնիրa։ Երկու երեխաների մայր Հռութը, որն ապրում է Նիգերիայում, ասում է. «Սովորաբար առևտուրն անում եմ վաղ առավոտյան, երբ մթերքը նոր է բերվում շուկա»։ Մեքսիկայում ապրող Էլիզաբեթը նույնպես օգտվում է բաց շուկայից։ Նա ասում է. «Շուկայից հնարավոր է թարմ մրգեր ու բանջարեղեն գնել, բացի այդ, դրանք ինքս կարող եմ ջոկել։ Միշտ այդ օրը բերված միս եմ գնում։ Անհրաժեշտության դեպքում մնացած միսը սառեցնում եմ»։
● Ստուգիր մթերքը
Հարցրու ինքդ քեզ. «Տուփը, որի մեջ գտնվում է մթերքը, վնասվա՞ծ է։ Մսից անսովոր հոտ գալի՞ս է»։ Ստուգիր, թե արդյոք փաթեթը վնասված չէ, հակառակ դեպքում՝ բակտերիաները հեշտությամբ ներս կթափանցեն։
Չունգ Ֆայը, որն ապրում է Հոնկոնգում, գնումներ է կատարում սուպերմարկետից։ Նա ասում է. «Շատ կարևոր է ստուգել մթերքի պահպանման ժամկետը»։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Մասնագետները զգուշացնում են, որ նույնիսկ եթե ժամկետն անցած մթերքը լավ տեսք ունի, լավ հոտ ու համ, միևնույնն է, այն կարող է վտանգավոր լինել։
● Տոպրակներն ու տարաները հաճախակի լվա
Եթե առևտուր անելիս օգտագործում ես կտորի տոպրակներ կամ պլաստմասսայե տարաներ, ապա հաճախակի օճառով ու տաք ջրով լվա դրանք։ Ձուկը և միսը մյուս մթերքների հետ նույն տոպրակի մեջ մի՛ դիր։
Իտալիայում ապրող Էնրիկոն ու Լորեդանան իրենց թաղամասից են առևտուր անում։ Նրանք ասում են. «Հավանականությունը մեծ է, որ հեռու տեղերից գնած մթերքը ճանապարհին կփչանա»։ Եթե տուն գալու ճանապարհը 30 րոպեից երկար է տևում, ապա սառեցված մթերքը դիր սառնարան-պայուսակի մեջ, որպեսզի այն սառը մնա։
Հաջորդ հոդվածում կիմանանք, թե ինչպես կարող ենք անվնաս միջավայր ստեղծել մթերքի համար մեր խոհանոցում։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2011թ. ապրիլ-հունիս համարի «Քայլ 1. ճիշտ սնվիր» հոդվածը։
[շրջանակ 4-րդ էջի վրա]
ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻԴ «Ես սովորեցնում եմ երեխաներիս, որ ինչ-որ բան առնելիս ստուգեն պահպանման ժամկետը, նույնիսկ եթե չիպս են առնում» (Հռութ, Նիգերիա)։