Գտել եմ իսկական սեր ու խաղաղություն
Պատմում է Էջիդիո Նեհեկբրիան
Փոքրուց ինձ լքված ու չսիրված եմ զգացել։ Բայց հիմա սիրված եմ և ունեմ ներքին խաղաղություն։ Ինչպե՞ս նման բան տեղի ունեցավ։ Թույլ տվեք պատմել։
ԼՈՒՅՍ աշխարհ եկա 1976թ.-ին Արևելյան Թիմորի լեռներում գտնվող մի կեղտոտ հյուղակում (այն ժամանակ Թիմորը Ինդոնեզիայի մաս էր կազմում)։ Տասը երեխաներից ես ութերորդն էի, որ ծնվեցի աղքատ ընտանիքում։ Քանի որ ծնողներս չէին կարողանում մեզ պահել, ինձ բաժանեցին երկվորյակ եղբորիցս ու հանձնեցին հորեղբորս որդու խնամքին։
1975թ. դեկտեմբերին նախքան իմ ծնվելը Ինդոնեզիան գրավեց Արևելյան Թիմորը, և պարտիզանական կռիվ սկսվեց, որը տևեց ավելի քան քսան տարի։ Բռնություն ու տառապանք տեսնելով՝ իմ մեջ վատ հուշեր մնացին։ Լավ հիշում եմ, թե ինչպես զինվորները հարձակվեցին մեր գյուղի վրա ու ստիպեցին մարդկանց հեռանալ այդտեղից։ Հորեղբորս որդին ու ես փախանք մի լեռ, որտեղ հազարավոր թիմորցիներ ապաստան էին գտել։
Սակայն զինվորները գտան մեր թաքստոցը և շատ չանցած՝ սկսեցին ռմբակոծել մեզ։ Սարսափելի հուշեր են մնացել. ավերում, դիակներ։ Անգամ մեր գյուղ վերադառնալուց հետո էլ շարունակ ահ ու դողի մեջ էի ապրում։ Մեր հարևաններից շատերը անհայտ կորան կամ սպանվեցին, ու մտածում էի, որ հաջորդը ես կլինեմ։
Երբ տասը տարեկան էի, հորեղբորս որդին հիվանդացավ ու մահացավ, ուստի ծնողներս ուղարկեցին ինձ ապրելու տատիկիս հետ։ Նա այրի էր, դառնացած կյանքից, ու ես նրա համար մի մեծ բեռ էի։ Նա ինձ որպես ստրուկի էր վերաբերվում։ Մի օր երբ ծանր հիվանդ էի ու չէի կարող գործ անել, նա մահվան աստիճան ծեծեց ինձ ու թողեց, որ մեռնեմ։ Բարեբախտաբար, քեռիներիցս մեկը ինձ իրենց տուն տարավ։
Դպրոց կարողացա գնալ 12 տարեկանում։ Շուտով քեռուս կինը հիվանդացավ, ու քեռիս խոր դեպրեսիայի մեջ ընկավ։ Չուզենալով նրանց համար բեռ լինել՝ ես փախա ու միացա ինդոնեզական զինվորների մի խմբի, որն ապրում էր ջունգլիում։ Դարձա նրանց ծառան՝ շորեր էի լվանում, կերակուր էի պատրաստում, ճամբարն էի մաքրում։ Նրանք ինձ լավ էին վերաբերվում, ես էլ ինձ պետքական մարդ էի զգում։ Բայց մի քանի ամսից բարեկամներս գտան ինձ ու ստիպեցին զինվորներին հետ ուղարկել ինձ։
Քաղաքական ակտիվիստ
Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվեցի Արևելյան Թիմորի մայրաքաղաք՝ Դիլի, և համալսարան ընդունվեցի։ Այնտեղ ծանոթացա շատ երիտասարդների հետ, ովքեր նույն անցյալն ունեին։ Մենք մտածում էինք, որ սոցիալական փոփոխություն մտցնելու և անկախության հասնելու միակ ճանապարհը քաղաքական քայլերի դիմելն է։ Ուսանողներով հաճախ էինք քաղաքական ցույցեր անում։ Դրանց մեծ մասը ավարտվում էր խռովություններով։ Ընկերներիցս շատերը վիրավորվեցին, ոմանք էլ սպանվեցին։
2002թ.-ին Արևելյան Թիմորը անկախություն ձեռք բերեց։ Բայց երկիրը ավերակների, տասնյակ հազարավոր մարդկանց դիակների մեջ էր։ Հարյուր հազարավոր մարդիկ էլ հեռանում էին։ Հույս ունեի, որ իրավիճակը կլավանա։ Սակայն համատարած գործազրկությունը, չքավորությունը և քաղաքական անդադար հեղաշրջումները վերջ չէին գտնում։
Նոր կյանք
Այդ ժամանակ ապրում էի բարեկամներիս հետ։ Նրանցից մեկը՝ Անդրեն, Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ էր ուսումնասիրում։ Քանի որ նվիրված կաթոլիկ էի, այդքան էլ ուրախ չէի, որ նա կապեր ունի ուրիշ կրոնի հետ։ Այդուհանդերձ, ինձ հետաքրքրում էր Աստվածաշունչը և պարբերաբար Անդրեի ննջասենյակում կարդում էի այն։ Այդպես հետաքրքրությունս ավելի մեծացավ։
Երբ 2004թ.-ին Անդրեն ինձ Հիսուսի մահվան հիշատակի երեկոյի հրավիրատոմս տվեց, որոշեցի գնալ։ Շփոթմամբ երկու ժամ շուտ տեղ հասա։ Երբ Վկաները՝ տեղի և օտարազգի, եկան, ջերմորեն ողջունեցին ինձ ձեռքով։ Ես տպավորված էի նրանց վերաբերմունքից։ Հիշատակի երեկոյի ելույթի ընթացքում գրում էի հռետորի ասած բոլոր աստվածաշնչյան համարները, որ հետո իմ կաթոլիկական Աստվածաշնչով ստուգեմ, թե արդյոք նա ճիշտ բաներ էր ասում։ Պարզվեց, որ ճիշտ էր։
Հաջորդ շաբաթ գնացի, որ մեր եկեղեցում պատարագի մասնակցեմ։ Քանի որ ես և ուրիշ մարդիկ ուշացած տեղ հասանք, զայրացած քահանան բռնի ձևով մեզ դուրս հանեց եկեղեցուց։ Մենք կանգնել էինք դրսում։ Երբ քահանան ավարտեց իր ծառայությունը, ասաց. «Թող Հիսուսի խաղաղությունը ձեզ հետ լինի»։ Սակայն մի համարձակ կին ասաց. «Ինչպե՞ս կարող ես խաղաղությունից խոսել, եթե հենց նոր այս մարդկանց դուրս հանեցիր եկեղեցուց»։ Քահանան բանի տեղ չդրեց այդ կնոջը։ Ես գնացի ու այլևս չվերադարձա եկեղեցի։
Շուտով սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել և Անդրեի հետ հաճախել Վկաների ժողով։ Մեր բարեկամները անհանգստացան ու հակառակվեցին մեզ։ Անդրեի տատիկը անգամ սպառնաց. «Եթե շարունակեք գնալ այդ հավատքին, փոս եմ փորելու ու ձեզ թաղեմ»։ Բայց նրա սպառնալիքները չվախեցրին մեզ։ Մենք վճռել էինք հոգևորապես առաջադիմել։
Փոփոխություններ եմ անում
Աստվածաշունչը ուսումնասիրելու ընթացքում հասկացա, որ երբեք չեմ իմացել, թե ինչ է սերը։ Ես կոպիտ էի ու մարդկանց դժվարությամբ էի վստահում։ Վկաները, սակայն, անկեղծորեն հետաքրքրվում էին ինձանով։ Երբ հիվանդանում էի, բարեկամներս հոգ չէին տանում ինձ, բայց Վկաները այցելում էին ու օգնում։ Նրանք սիրում էին ոչ թե «խոսքով ու լեզվով», այլ իսկական, անկեղծ սիրով, որը դրսևորվում էր գործերով (1 Հովհաննես 3։18)։
Չնայած արտաքին տեսքս վախ էր ներշնչում, Վկաները իմ հանդեպ «ցավակից» էին ու «եղբայրասեր» (1 Պետրոս 3։8)։ Իմ կյանքում առաջին անգամ ինձ սիրված զգացի։ Բնավորությունս փափուկ դարձավ, սկսեցի սիրել Աստծուն և իմ մերձավորին։ 2004թ. դեկտեմբերին նվիրումս Եհովայի հանդեպ խորհրդանշեցի ջրի մկրտությամբ։ Հետո մկրտվեց նաև Անդրեն։
Դժվարությունների հետ օրհնություններ
Մկրտությունից հետո ուժգին ցանկություն առաջացավ օգնելու այն մարդկանց, ովքեր երբեք անկեղծ սեր չեն զգացել ու արդարություն չեն տեսել։ Այդ պատճառով որոշեցի լիաժամ ծառայություն, կամ՝ ընդհանուր ռահվիրայություն սկսել, ինչպես ասում են Եհովայի վկաները։ Ինչ խոսք, Աստվածաշնչի հրաշալի ճշմարտությունները մարդկանց պատմելը շատ ավելի լավ ու թարմություն պատճառող գործ է, քան քաղաքական ցույցերին ու խռովություններին մասնակցելը։ Վերջապես ինձ հաջողվեց իսկապես օգնել մարդկանց։
2006թ.-ին Արևելյան Թիմորում քաղաքական իրադրությունը նորից սրվեց։ Երկարատև դժգոհությունների պատճառով փոքր խմբավորումները պայքար սկսեցին։ Դիլի քաղաքը ընկավ շրջափակման մեջ, և մարդիկ, որ եկել էին երկրի արևելյան մասից ու բնակություն էին հաստատել Դիլիում, իրենց կյանքը փրկելու համար փախան։ Շատ Վկաներ, ինչպես նաև ես փախանք Բաուկաու՝ մեծ քաղաք, Դիլիից մոտ 120 կիլոմետր դեպի արևելք։ Այնտեղ փորձությունը օրհնության վերածվեց, քանի որ կարողացանք հիմնել առաջին ժողովը Դիլիի սահմաններից դուրս։
Երեք տարի հետո՝ 2009թ.-ին, ես հրավիրվեցի ռահվիրայական դպրոց (հատուկ դպրոց լիաժամ ծառայողների համար), որն անցկացվելու էր Ջակարտայում (Ինդոնեզիա)։ Վկաները ինձ տեղ տվեցին իրենց տներում ու սրտերում։ Նրանց անկեղծ սերը խոր ազդեցություն թողեց ինձ վրա։ Զգացի, որ ես համաշխարհային «եղբայրության»՝ միջազգային ընտանիքի անդամ եմ, որը իսկապես հոգատար է իմ հանդեպ (1 Պետրոս 2։17)։
Վերջապե՛ս խաղաղություն
Դպրոցին մասնակցելուց հետո վերադարձա Բաուկաու, որտեղ ապրում էի։ Այստեղ ուրախությամբ օգնում էի մարդկանց հոգևորապես առաջադիմելու, ինչպես որ մի ժամանակ ինձ էին օգնել։ Բաուկաուից դուրս մի հեռավոր գյուղում ես և ուրիշ Վկաներ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում մոտ 20 հոգու հետ, այդ թվում նաև տարիքով մեծ մարդկանց հետ, ովքեր գրել-կարդալ չգիտեն։ Նրանք բոլորը հաճախում են շաբաթվա հանդիպումներին, իսկ նրանցից երեքը միացան մեր հոգևոր ընտանիքին՝ դառնալով ժողովի մկրտված անդամներ։
Մի քանի տարի առաջ հանդիպեցի Ֆելիզարդային՝ մի ջերմ ու բարի քրոջ, որը ճշմարտությունը ընդունելով՝ կարճ ժամանակում առաջադիմել էր ու մկրտվել։ 2011թ.-ին մենք ամուսնացանք։ Շատ ուրախ եմ նաև, որ Անդրեն այժմ ծառայում է Արևելյան Թիմորում գտնվող Եհովայի վկաների գրասենյակում։ Ժամանակի ընթացքում բարեկամներիս մեծ մասը, անգամ Անդրեի տատիկը, որը մի ժամանակ ուզում էր թաղել մեզ, փոխվեցին ու այսօր հարգում են մեր հավատը։
Անցյալում կոպիտ էի, ո՛չ սիրում էի, ո՛չ սիրված էի։ Բայց այսօր Եհովայի շնորհիվ գտել եմ իսկական սեր ու խաղաղություն։
[նկար 19-րդ էջի վրա]
Էջիդիոն որպես քաղաքական ակտիվիստ
[նկար 21-րդ էջի վրա]
Էջիդիոն և Ֆելիզարդան Բաուկաուի ժողովի անդամների հետ (Արևելյան Թիմոր)