«ԵՎՐՈ-2012». պատմական իրադարձություն
ՍԻՐՈ՞ՒՄ ես ֆուտբոլ դիտել կամ նույնիսկ մասնակցել խաղին։ Եթե այո, ապա հավանաբար լսել ես ՈՒԵՖԱ-ի (Ֆուտբոլի ասոցիացիաների եվրոպական միություն) «ԵՎՐՈ-2012» խաղերի մասին, որոնք սկսվելու են հունիսի 8-ից Վարշավայում (Լեհաստան), իսկ եզրափակիչ խաղը տեղի է ունենալու հուլիսի 1-ին Կիևում (Ուկրաինա)։ Ի՞նչ է «ԵՎՐՈ-2012»-ը։ Նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են արվում։ Ինչո՞ւ է այն պատմական իրադարձություն։
«Միասին ենք ստեղծում պատմությունը»
1960 թվականից ամեն չորս տարին մեկ Եվրոպայում անցկացվում են ֆուտբոլի առաջնության խաղեր։ Մրցաշարերը տեղի են ունեցել Անգլիայում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հարավսլավիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում։
Այս տարի ֆուտբոլի առաջնությունը համատեղ կազմակերպում են երկու երկրներ՝ Լեհաստանը և Ուկրաինան։ Լեհաստանում խաղերը կանցկացվեն Գդանսկում, Պոզնանում, Վարշավայում և Վրոցլավում։ Իսկ Ուկրաինայում՝ Դոնեցկում, Խարկովում, Կիևում և Լվովում։
ՈՒԵՖԱ-ի տվյալների համաձայն՝ «երրորդ անգամ է, որ ֆուտբոլի առաջնությունը համատեղ կազմակերպվում է երկու երկրների կողմից (Բելգիա ու Նիդերլանդներ 2000թ.-ին, [և] Ավստրիա ու Շվեյցարիա 2008թ.-ին)»։ Այդուհանդերձ, «ԵՎՐՈ-2012»-ը պատմական իրադարձություն է։ Ինչո՞ւ։ Այս տարի ֆուտբոլի առաջնությունը ոչ միայն երկու երկրների և կազմակերպիչների միջև համագործակցության բարձրակետ է, այլև առաջինը, որ պետք է անցկացվի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Այդ պատճառով այս տարվա պաշտոնական կարգախոսն է՝ «միասին ենք ստեղծում պատմությունը»։
Նախապատրաստական աշխատանքներ
Ինչ խոսք, ցանկացած խաղի կարևորագույն նախապայմաններից մեկը համապատասխան շինություն ունենալն է։ Այդ պատճառով Պոզնանում և Խարկովում վերանորոգվում են մարզադաշտերը, իսկ մյուս վեց քաղաքներում կառուցվում են նոր մարզադաշտեր։ Այդ մարզադաշտերը կարող են տեղավորել 358000 մարդ։
Քանի որ ակնկալվում է, որ հանդիսատեսների թիվը մեծ կլինի, հյուրընկալող քաղաքները շատ ջանքեր են ներդնում նախազգուշական միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։ Անվտանգության հազարավոր խմբեր այսօրվանից մարզում են անցնում։ Լեհաստանի «Գիտություն և նորարարություն» վեբ կայքի տվյալների համաձայն՝ այդ մարզումը ներառում է «140 իրադարձությունների ժամանակ անվտանգության տարբեր տակտիկաներ կիրառելու փորձերը.... ամբոխին վերահսկելը՝ անվտանգ տարածքներ ստեղծելով և արտերկրների անվտանգության տարբեր թիմերի հետ համագործակցելով»։
Ինչո՞ւ են հարկավոր նախապատրաստական աշխատանքները։ Նախ կառավարությունները գիտակցում են, որ մեծ սպորտային իրադարձությունները պոտենցիալ թիրախ են ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Նրանք նաև գիտեն, որ մոլի երկրպագուները սպառնում են մեկը մյուսին, ինչի մասին փաստում են նախկինում տեղի ունեցած խուլիգանությունները։
Հավասարակշռված տեսակետ
Ցավոք, ֆուտբոլի շատ սիրահարներ սպորտի հանդեպ իրենց հետաքրքրության հարցում ծայրահեղության մեջ են ընկնում։ Մի մոլի երկրպագու ասում է. «Իմ կյանքը ուրախ ու իմաստալից չի լինի, եթե [ֆուտբոլի] իմ սիրած թիմը անհաջողության մատնվի։ Եթե նույնիսկ միջուկային պատերազմ էլ ծագելու լինի, իմ ամենամեծ մտահոգությունը կլինեն հաջորդ շաբաթվա խաղերը»։
Ի հակադրություն այս ծայրահեղության՝ տեսնենք, թե ինչ հավասարակշռված տեսակետ է խրախուսում ունենալ իմաստության մի հին գիրք՝ Աստվածաշունչը։ Այն հորդորում է ընդհանրապես կյանքի բոլոր ոլորտներում հավասարակշռված տեսակետ պահպանել՝ նշելով, որ կա «ծիծաղելու ժամանակ.... և պարելու ժամանակ» (Ժողովող 3։1–4)։ Աստվածաշունչը նաև քաջալերում է սովորությունների մեջ չափավոր լինել (1 Տիմոթեոս 3։2, 11)։ Ուստի երբ մտածում ենք, թե ինչի շուրջ է պտտվում մեր կյանքը, խելամիտ կլինի հետևել աստվածաշնչյան խորհրդին՝ «հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր» ու հետո ընտրենք այն, ինչ իրոք կարևոր է (Փիլիպպեցիներ 1։10)։
[շրջանակ/նկար 25-րդ էջի վրա]
«ԵՎՐՈ-2012»-ին արգելվում է ծխել
2011թ. հոկտեմբերի 20-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ «կարգելվի ծխելը, ծխախոտ վաճառելը ու գովազդելը «ԵՎՐՈ-2012»-ի բոլոր մարզադաշտերում»։ Ինչո՞ւ։ ««ԵՎՐՈ-2012»-ին արգելելով ծխախոտի գործածությունը՝ մենք հարգանք ցույց կտանք մեր հանդիսատեսների և ցանկացած մեկի հանդեպ, ով ընդգրկված կլինի խաղերի մեջ»,— ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։ Կողմնակիցների թվում է նաև եվրոկոմիսար Անդրուլա Վասիլիուն, որը խրախուսեց հյուրընկալող երկրներին ավելի ընդարձակել այդ զոնան՝ արգելված տարածքների մեջ ներառելով, օրինակ, ռեստորանները և հանրային տրանսպորտը։ «Ֆուտբոլը և սպորտը առողջություն է, իսկ ծխախոտը վնասում է առողջությունը, այդ երկուսը անհամատեղելի են»,— նշեց Վասիլիուն։
[քարտեզ 24-րդ էջի վրա]
ԼԵՀԱՍՏԱՆ
ՎԱՐՇԱՎԱ
Գդանսկ
Պոզնան
Վրոցլավ
ՈՒԿՐԱԻՆԱ
ԿԻԵՎ
Լվով
Խարկով
Դոնեցկ
[նկար 24-րդ էջի վրա]
Գերմանիայի և Իսպանիայի միջև «ԵՎՐՈ-2008» եզրափակիչ խաղը տեղի ունեցավ Վիեննայում (Ավստրիա)՝ «Էռնեստ Հապել» մարզադաշտում
[նկար 25-րդ էջի վրա]
Օլիմպիական մարզադաշտ Կիևում (Ուկրաինա)
[նկար/թույլտվությամբ 25-րդ էջի վրա]
Pages 24 and 25, both photos: Getty Images