Ուտելի միջատներ. այդ համը երբեք չենք մոռանա
ԲԱՆԳԻ քաղաքում (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք) ապրող մեր ընկերները մի անգամ ինձ ու կնոջս ճաշի հրավիրեցին։
«Համեցե՛ք։ Երևի քաղցած եք»,— ասացին մեզ, երբ ժամանեցինք։ Դռան շեմից արդեն մեր քթին հասան սոխի, սխտորի և համեմունքների գայթակղիչ հոտերը։ Ներսից ուրախ ձայներ էին լսվում։ Տան տիրուհին՝ Էլլան, սկսեց բացատրել, թե ինչ ենք ուտելու։
«Կենտրոնական Աֆրիկայում միջատները սպիտակուցի աղբյուր են»,— ասաց Էլլան։ «Բայց մենք հենց այնպես չենք ուտում, մենք վայելում ենք դրանք, քանի որ շա՜տ համեղ են,— ապա ավելացրեց,— այսօր ուտելու ենք մակոնգո թրթուրներ»։
Դա մեզ համար զարմանալի չէր։ Թեև ճաշի սեղանին դրված միջատները ոչ բոլորին են գրավում, ավելի քան հարյուր երկրներում դրանք համարվում են նրբախորտիկ։
Խնջույք բնության գրկում
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում տարբեր տեսակի միջատներ են ուտում։ Անձրևային սեզոնների ժամանակ բոբո կոչվող տերմիտները հավաքվում են իրենց բների մոտ, իսկ քաղաքներում՝ էլեկտրական լույսերի շուրջ։ Քամուց հետո երեկոյան երեխաները զամբյուղներով դուրս են վազում և սկսում են զամբյուղները լցնել տերմիտներով՝ միաժամանակ դրանք բերանը գցելով և ուրախ ճիչեր արձակելով։ Տերմիտներին կարելի է նաև ուտել արևի տակ չորացրած, աղով տապակած, կծու պղպեղով համեմած կամ կարելի է դրանք օգտագործել ճաշերի և խմորագնդիկների մեջ։
Կանաչ մորեխները, որոնց կոչում են կինդագոզո, նույն տարածքում հանդիպում են չոր սեզոնին։ Աֆրիկացիները մորեխների թևերն ու ոտքերը հեռացնելուց հետո տապակում են կամ եփում են ջրի մեջ։
Աֆրիկայում ուտելի են նաև թրթուրների որոշ տեսակներ։ Մի անգամ էլ մեզ հրավիրել էին ուտելու իմբրասիա թրթուր։ Մեծ դարչնագույն թիթեռը ձվադրում է սապելի ծառերի վրա։ Երբ ձվերը թրթուրի են վերածվում, գյուղացիները հավաքում ու լվանում են դրանք։ Հետո եփում են լոլիկով, սոխով կամ ըստ ընտանիքի բաղադրատոմսի։ Նաև չորացնում կամ ծխեցնում են հետագայում օգտագործելու նպատակով։ Դրանք կարելի է պահել մինչև երեք ամիս։
Մարդկանց համար օգտակար
Թեև ոչ բոլոր միջատներն են ուտելի, շատ տեսակներ անվտանգ են, երբ դրանք հավաքում են այնպիսի շրջաններից, որտեղ թունաքիմիկատներ և պարարտանյութեր չեն օգտագործվում, ու պահվում են մաքուր վիճակում և այնպես, որ չփչանան։ Ինչ խոսք, նրանք, ովքեր ալերգիկ են խեցեմորթների նկատմամբ, որոնք նույնպես հոդվածոտանիների դասին են պատկանում, չպետք է ուտեն նաև այսպիսի միջատներ։ Ի տարբերություն շատ խեցեմորթների, որոնք աղբ և փտած բաներ են ուտում՝ ուտելի միջատների մեծ մասը սնվում է մաքուր տերևներով և բույսերով, որոնք եթե մարդիկ ուտեին, չէին մարսի։
Զարմանալի է, որ այսքան փոքր մարմնի մեջ այդքան շատ սննդարար նյութեր են տեղավորված։ ՄԱԿ–ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության հաշվետվության համաձայն՝ չորացրած թրթուրները երկու անգամ ավելի շատ սպիտակուց են պարունակում, քան տավարի միսը։ Փորձագետները կրկին ու կրկին համոզվում են, որ զարգացող երկրներում միջատները սննդի աղբյուր են։
Կախված այն բանից, թե ինչ տեսակի թրթուր ես ուտում, միայն հարյուր գրամն արդեն պարունակում է օրվա համար անհրաժեշտ հանքային նյութեր, օրինակ՝ կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, ցինկ, ինչպես նաև շատ վիտամիններ։ Աղացած թրթուրի ալյուրից նույնիսկ կարելի է շիլա պատրաստել՝ որպես թերսնված երեխաների սննդակարգի հավելում։
Ուտելի միջատները նաև անվնաս են շրջակա միջավայրի համար, քանի որ քիչ ջուր են սպառում և շատ քիչ քանակությամբ ջերմոցային գազեր են արտանետում։ Ավելին, ուտելի միջատներ հավաքելը միջատների դեմ պայքարի բնական մի ձև է։
Վերջապե՛ս համտեսում ենք
Մինչ սպասում էինք այս հատուկ կերակրատեսակը համտեսելուն, հիշեցինք, որ ըստ հին իսրայելացիներին տրված Օրենքի ուխտի՝ մորեխները մաքուր էին համարվում։ Ճշմարիտ Աստծու ծառաները, օրինակ, Հովհաննես Մկրտիչը մորեխներ է կերել (Ղևտական 11։22; Մատթեոս 3։4; Մարկոս 1։6)։ Այդուհանդերձ, սկզբում գուցե խորթ լինի համտեսել այն, ինչը քո մշակույթում ընդունված չէ ուտել։
Երբ Էլլան խոհանոցից բերեց կերակուրը, այն գրավեց բոլորի ուշադրությունը։ Մեզ հետ ներկա էին ութ աֆրիկացիներ, որոնց դեմքին անմիջապես ժպիտ հայտնվեց։ Սեղանին դրվեց թրթուրներով լցված երկու մեծ թաս։ Որպես հյուրեր՝ մեզ պատիվ ընձեռվեց առաջինը փորձելու։ Հյուրասեր աֆրիկացիները մեր ափսեների մեջ լիքը թրթուր լցրեցին։
Այժմ կարող ենք ասել. «Եթե երբևէ առիթ ունենաք ճաշակելու այսպիսի ոչ թանկ, սակայն համեղ ու սննդարար ուտելիք, անպայմա՛ն փորձեք։ Այդ համը երբեք չեք մոռանա»։
[նկար 27-րդ էջի վրա]
Մակոնգո թրթուրներ հում վիճակում
[նկար 27-րդ էջի վրա]
Կինդագոզո մորեխներ պատրաստի վիճակում