Նամակներ ընթերցողներից
«Հոսպիս» ծառայություն. ո՞րն է դրա նպատակը (հուլիս, 2011թ., անգլ., ռուս.)։ Որպես սոց. ծառայության աշխատակից՝ ես վերապատրաստում եմ անցել հոսպիսում, ուստի կարող եմ անձամբ հաստատել, որ «Արթնացե՛ք»-ի 2011թ. հուլիսի համարում գրված տեղեկությունը ճիշտ է։ Իսկապես, այսօր անհրաժեշտ է ունենալ այնպիսի հաստատություններ, որոնք ունեն ամեն բան՝ հոգ տանելու անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց մասին։ Ես անհամբերությամբ սպասում եմ Աստծու կառավարության հաստատմանը, երբ ոչ ոք չի ասի. «Ես հիվանդ եմ»։ Աստված կսրբի ամեն արտասուք մեր աչքերից (Եսայիա 33։24; Հայտնություն 21։3, 4)։
Մ. Ռ., Իտալիա
Ես մի փոքր ընկճվեցի և անհանգստացա, երբ հոդվածում տեսա «չափահասների համար նախատեսված տակդիրներ» արտահայտությունը։ Կարծում եմ՝ այդ արտահայտությունը անհարմար դրության մեջ է գցում այն անհատին, ով հիվանդ է ու ստիպված է կրել պաշտպանիչ ներքնազգեստ։ Դրանց տուփերի վրա «տակդիր» բառը գրված չէ։
Անանուն նամակ, ԱՄՆ
«Արթնացե՛ք»-ի պատասխանը. «Շնորհակալություն այդ բառը մեր ուշադրությանը արժանացնելու համար։ Մենք իրոք կարեկցանքով ենք վերաբերվում ցանկացած անհատի, ով առողջական լուրջ խնդիրներ ունի և, ինչ խոսք, չենք ցանկանում լրացուցիչ ցավ պատճառել անհատին՝ օգտագործելով այնպիսի բառեր, որոնք անհարմար դրության մեջ կգցեն նրան։ Ներողություն ենք խնդրում, որ մեր ընթերցողներին ինչ-որ ձևով անհանգստություն ենք պատճառել»։
«Երիտասարդները հարցնում են» խորագրից՝ ի՞նչ պետք է իմանամ սոցիալական ցանցի մասին (հուլիս-սեպտեմբեր, 2011թ.)։ Շնորհակալություն ձեզ այդ հոդվածի համար։ Ես 26 տարեկան եմ։ Ուզում էի [սոցիալական ցանցում] հաշիվ բացել, բայց ոչ թե այն պատճառով, որ ավելի շատ ընկերներ ձեռք բերեմ, այլ որ ինձ շատերը քաջալերում են այդպես վարվել։ Այս հոդվածը ինձ շատ օգնեց։ Այո՛, դու կարող ես ընկերներ ունենալ առանց սոցիալական ցանցի։
Մ. Պ., Ֆիլիպիններ
Ես կարծում էի, որ հոդվածը բացասական լույսի ներքո կներկայացնի սոցիալական ցանցը։ Բայց հոդվածը հավասարակշռված ձևով էր ներկայացնում այն։ Այնտեղ խոսվում էր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերի մասին և խորհուրդներ էին տրվում, թե ինչպես կարող ենք պաշտպանել մեզ սոցիալական ցանցում առկա վտանգներից։ Հոդվածը օգնեց ինձ հասկանալու, որ պետք է զգույշ լինեմ, երբ ինտերնետում անձնական ինֆորմացիա եմ տեղադրում։
Ք. Վ., ԱՄՆ
Ընտանեկան երջանկության գաղտնիքները (հունվար-մարտ, 2010թ.)։ Այս հատուկ թողարկումը շատ օգնեց մեր ընտանիքին։ Ինձ հատկապես դուր եկան «Փորձիր հետևյալը» շրջանակները, որոնք կային յուրաքանչյուր յոթ գաղտնիքների վերաբերյալ հոդվածներում։ Մեր ընտանիքում մենք արդեն կիրառում ենք այդ թողարկման առաջարկները։
Հ. Հ., Կորեա
Քննարկեք ընտանիքով Շնորհակալություն ձեզ այս խորագիրը կանոնավորաբար հրատարակելու համար։ Մեր վեց տարեկան աղջկան դուր է գալիս «Առաջադրանք՝ երեխաներին» վարժությունը, նա նաև շատ է սիրում ներկել նկարները։ Այս խորագիրը ընդգծում է, թե որքան կարևոր է ծնողի դերը երեխաներին վաղ տարիքից կրթելու հարցում։ Այն գործը, որ դուք անում եք փոքրիկների համար, պարզապես անգնահատելի է։
Մ. Պ., Լեհաստան