3. Զգուշորեն պատրաստիր և պահիր
ՀԻՆ Իսրայելում մի անզգույշ խոհարար՝ գտնելով վայրի բույս, դրա վրայից վայրի դդում հավաքեց, չնայած «չգիտեր, թե դա ինչ է»։ Այդ անծանոթ բանջարեղենը բերեց ու կտրտելով լցրեց կաթսայի մեջ, որ կերակուր պատրաստի։ Նրանք, ովքեր համտեսեցին եփած ճաշը, մտածեցին, որ այն թունավորված է, ու բղավեցին. «Մա՛հ կա կաթսայում» (2 Թագավորներ 4։38–41)։
Ինչպես տեսնում ենք, անզգուշորեն պատրաստած կերակուրը կարող է վտանգավոր ու նույնիսկ մահացու լինել։ Հետևաբար սննդի թունավորումից խուսափելու համար պետք է սովորենք մթերքը զգուշորեն պատրաստել ու պահել։ Քննենք հետևյալ չորս առաջարկները։
● Սառեցրած միսը մի՛ հալեցրու սենյակային ջերմաստիճանում
Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացում է. «Նույնիսկ եթե սեղանին դրված հալվող մսի կենտրոնական մասը դեռ սառած է, միևնույնն է, մնացած մասը կարող է «վտանգավոր զոնա» լինել, այսինքն՝ գտնվել 4°C-ից մինչև 60°C ջերմաստիճանում, երբ բակտերիաները արագ բազմանում են»։ Հետևաբար սառեցրած միսը կարող ես հանել սառցարանից ու դնել սառնարանում կամ հալեցնել միկրոալիքային վառարանում կամ էլ սառը ջրի տակ՝ իր իսկ տուփով, որն ամուր փակված է։
● Եփիր լիարժեքորեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ «լիարժեքորեն եփելը սպանում է գրեթե բոլոր վտանգավոր միկրոօրգանիզմները»։ Հետևաբար կերակուր պատրաստելիս, հատկապես ապուրներ կամ միս եփելիս հավաստիացիր, որ մսի ջերմաստիճանը հասնի առնվազն 70°Ca։ Քանի որ դժվար է իմանալ մսով պատրաստած որոշ կերակրատեսակներ լավ եփված են, թե ոչ, շատ խոհարարներ մսի ջերմաչափ են օգտագործում։ Կարելի է նաև մսի եփված լինելը ստուգել պատառաքաղով կամ դանակով։
● Անմիջապես մատուցիր
Եփած ուտելիքը չպետք է շատ երկար թողնել սենյակային ջերմաստիճանում, ուստի վտանգավոր հետևանքները կանխելու համար խորհուրդ է տրվում անմիջապես մատուցել։ Սառը կերակուրը սառը վիճակում պահիր, տաք կերակուրը՝ տաք վիճակում։ Տաք կերակուրը կարող ես պահել վառարանում մոտ 93°C ջերմաստիճանի տակ։ Կամ եփելուց հետո կարող ես թողնել սալօջախի կամ գազօջախի վրա ցածր ջերմաստիճանի տակ։
● Ավելացած ուտելիքը իմաստնորեն օգտագործիր
Լեհաստանում ապրող մի մայր՝ Անիտան, կերակուրը մատուցում է պատրաստելուց անմիջապես հետո։ Բայց ավելացած ուտելիքը նա «տեղավորում է փոքր տարաների մեջ, որպեսզի հետո հեշտ լինի հալեցնել, ու դնում սառցարան»։ Իսկ եթե ավելացած ուտելիքը պահում ես սառնարանում, ապա երկու-երեք օրվա ընթացքում օգտագործիր։
Ինչ խոսք, եթե ճաշում ես ռեստորանում, պետք է վստահես կերակուրդ պատրաստողին։ Իսկ ինչպե՞ս պաշտպանել ընտանիքը, եթե նախընտրում եք դրսում ճաշել։
[ծանոթագրություն]
a Մսի որոշ տեսակներ պետք է ավելի բարձր ջերմաստիճանի տակ եփել։
[շրջանակ 6-րդ էջի վրա]
ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻԴ «Երբ երեխաներս ինչ-որ բան են պատրաստում, հիշեցնում եմ նրանց, որ կարդան տուփի վրա գրված ցուցումները և հետևեն դրանց» (Յուկ Լինգ, Հոնկոնգ)։