Աստվածաշնչի տեսակետը
Կարո՞ղ են մահացածները օգնել մեզ
ԴԱՐԵՐ շարունակ մարդիկ հավատացել են, որ մահացածները կարող են առաջնորդել իրենց։ Նման հավատալիքի մի նկարագրություն գտնում ենք շատ հին առասպելում։ Այդ ստեղծագործության հեղինակն է հույն բանաստեղծ Հոմերոսը, որը գրել է Ոդիսևսի մասին (հայտնի է նաև Ուլիս անունով)։ Հոմերոսի լեգենդար հերոսը շատ էր ցանկանում իմանալ, թե ինչպես կարող է վերադառնալ իր հայրենի Իթակե կղզին, այդ պատճառով գնաց «ստորերկրյա թագավորություն»՝ խորհրդակցելու ուրվականի հետ։
Շատերը, հուսալով, որ կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, խորհրդակցել են ոգեհարցների հետ կամ օգնություն ստանալու համար քնել են իրենց նախահայրերի գերեզմաններում կամ էլ ոգեհարցական ծեսեր են կատարել։ Սակայն հնարավո՞ր է արդյոք գերմարդկային առաջնորդություն ստանալ մահացածներից։
Տարածված սովորություն
Աշխարհի բազմաթիվ հայտնի կրոններ սովորեցնում են, որ հնարավոր է մահացածների հետ հաղորդակցվել։ «Կրոնի հանրագիտարանը» նշում է, որ «ոգեհարցությունը՝ կախարդական սովորություն, որի ժամանակ մեռած մարդկանց հոգիներ են կանչում, հիմնականում գուշակության մի ձև է»։ Հանրագիտարանը նշում է նաև, որ դա «տարածված» սովորություն է (The Encyclopedia of Religion)։ Իսկ «Նոր կաթոլիկական հանրագիտարանը» հաստատում է այս պնդումը՝ նշելով, որ «ոգեհարցությունը տարբեր ձևերով տարածում է գտել ողջ աշխարհում» (New Catholic Encyclopedia)։ Ուստի զարմանալի չէ, որ շատ կրոնների հավատացյալներ փորձել են տեղեկություններ ստանալ ոգեղեն ոլորտից։
Ինչպես նշում է «Նոր կաթոլիկական հանրագիտարանը», թեև մահացածների հետ այս կապը «խստորեն դատապարտվում էր Եկեղեցու կողմից, սակայն հաճախ են աղբյուրներում հիշատակվում, որ միջնադարում և վերածննդի դարաշրջանում այս սովորությամբ զբաղվել են» (New Catholic Encyclopedia)։ Իսկ ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը այս առնչությամբ։
Պե՞տք է արդյոք դիմել մահացածներին
Հնում Եհովա Աստված պատվիրեց իր ժողովրդին. «Ձեր մեջ չպետք է լինի.... մեռելներին հարցուփորձ անող» (2 Օրենք 18։9–13)։ Ինչո՞ւ էր Եհովան արգելում դիմել մահացածներին։ Եթե իրոք հնարավոր է հաղորդակցվել մահացածների հետ, արդյոք Աստծու կողմից սիրո դրսևորում չէ՞ր լինի թույլ տալ կենդանի մարդկանց հաղորդակցվելու նրանց հետ։ Իրականում նման բան հնարավոր չէ։ Ինչո՞ւ։
Աստվածաշունչը սովորեցնում է, որ մահացածները անգիտակից վիճակում են։ Ժողովող 9։5-ում գրված է. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում»։ Իսկ Սաղմոս 146։3, 4-ում ասվում է. «Մի՛ ապավինեք իշխանավորներին, Մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա։ Նրա ոգին դուրս է գալիս, և նա դեպի իր հողն է դառնում. նույն օրը կորչում են նրա մտքերը»։ Եսայիա մարգարեն նույնպես խոսեց մահացածների մասին՝ նշելով, որ նրանք «անզոր մեռելներ են» (Եսայիա 26։14)։
Այնուամենայնիվ, շատերը հավատում են, որ ոգեհարցության միջոցով կարողացել են հաղորդակցվել իրենց մահացած հարազատների հետ։ Քանի որ նման դեպքեր շատ են եղել, ուրեմն մարդիկ իրոք խոսել են ոգեղեն ոլորտից ինչ-որ մեկի հետ։ Սակայն վերոնշյալ համարները ցույց են տալիս, որ նրանք մահացածների հետ չէին կարող խոսել։ Այդ դեպքում ո՞ւմ հետ են նրանք խոսել։
Հաղորդակցություն ո՞ւմ հետ
Աստվածաշունչը հայտնում է, որ Աստծու ոգեղեն որդիները ըմբոստացան իրենց Ստեղծչի դեմ և դևեր դարձան (Ծննդոց 6։1–5; Հուդա 6, 7)։ Այս դևերը այնպիսի տպավորություն ստեղծեցին, թե մարդիկ մահից հետո շարունակում են ապրել, և արդյունքում առաջ եկավ մահացածների վերաբերյալ կեղծ ուսմունքը։ Ավելին, այս կեղծ գաղափարը տարածելու համար նրանք սկսեցին ձևանալ որպես մահացածներ՝ ոգեղեն ոլորտից հաղորդակցվելով կենդանի մարդկանց հետ։
Աստվածաշունչը հայտնում է, որ այն բանից հետո, երբ Եհովան մերժեց Իսրայելի Սավուղ թագավորին նրա անհնազանդության պատճառով, վերջինս ոգեհարցի միջոցով փորձեց առաջնորդություն ստանալ մահացած Սամուել մարգարեից։ Եվ իրոք, Սավուղը տեղեկություն ստացավ, բայց ոչ Սամուելից։ Իրականում Սամուել մարգարեն հակառակ է եղել ոգեհարցներին։ Բացի այդ, երբ նա դեռ կենդանի էր, հրաժարվել էր թագավորին տեսնելուց։ Հետևաբար Սավուղը տեղեկություն ստացավ դևից, որը ձևանում էր, թե Սամուելն է (1 Սամուել 28։3–20)։
Դևերը Աստծու թշնամիներն են, ուստի նրանց հետ հաղորդակցվելը վտանգավոր է։ Այդ պատճառով Աստվածաշունչը պատվիրում է. «Ոգեհարցներին չդիմեք և գուշակների հետ չխորհրդակցեք, որպեսզի նրանց պատճառով անմաքուր չդառնաք» (Ղևտական 19։31)։ «Մեռելներին հարցուփորձ անողը,— գրված է 2 Օրենք 18։11, 12-ում,— գարշելի է Եհովայի համար»։ Իրականում, պատճառներից մեկը, որ Եհովան Սավուղ թագավորին մահվան դատապարտեց նաև այն էր, որ նա «դիմեց ոգեհարցի»՝ այդպիսով ևս մեկ անհավատարմություն դրսևորելով Եհովայի հանդեպ (1 Տարեգրություն 10։13, 14)։
Այդ դեպքում ո՞ւմ դիմել մեզ հուզող հարցերի պատասխանները իմանալու կամ գերմարդկային առաջնորդություն ստանալու համար։ Աստվածաշնչում Եհովան նկարագրվում է որպես «Մեծ Ուսուցիչ»։ Եթե դու և քո հարազատները առաջնորդության համար դիմեք նրա Խոսքին՝ Աստվածաշնչին, և կիրառեք այն, ինչ սովորում եք, փոխաբերական իմաստով՝ ձեր «ականջները մի խոսք կլսեն հետևից. «Սա՛ է ճանապարհը, սրանո՛վ գնացեք»» (Եսայիա 30։20, 21)։ Ինչ խոսք, քրիստոնյաները բառացի Աստծու ձայնը չեն լսում, բայց գիտեն, որ նա այսօր առաջնորդում է իրենց Աստվածաշնչի միջոցով։ Այո՛, Եհովան ասես կանգնած է մեր կողքին և ասում է. «Ես քո առաջնորդը կլինեմ»։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
● Ո՞րն է Աստծու տեսակետը մահացածների հետ հաղորդակցվելու վերաբերյալ (2 Օրենք 18։9–13)։
● Կարո՞ղ են արդյոք մահացածները տեղեկություն հայտնել։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում (Ժողովող 9։5)։
● Ո՞ւմ պետք է դիմենք առաջնորդության համար (Եսայիա 30։20, 21)։