Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 9/12 էջ 16–18
  • Մոտիկից ծանոթանանք գազանանոցներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մոտիկից ծանոթանանք գազանանոցներին
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ կարելի է տեսնել կենդանաբանական այգում
  • Վիճաբանության երկու կողմերում
  • Բնության հետ կապ
  • Կենդանիներ
    2015 Արթնացե՛ք
2012 Արթնացե՛ք
g 9/12 էջ 16–18

Մոտիկից ծանոթանանք գազանանոցներին

ԵՐԵՔ հազար տարի առաջ մի չինացի կայսր այգի տնկեց ու այն կոչեց «Իմացության այգի»։ Այն զբաղեցնում էր 607 հեկտար տարածք։ Այգում կարելի էր տեսնել շատ կենդանիներ։ Այդ ժամանակներում նման այգիները շատ հազվադեպ էին։

Սակայն այսօր կենդանաբանական այգիներ կարող են այցելել միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ «Գազանանոցները 21-րդ դարում» գրքում նշվում է. «Այս աշխարհում, որտեղ բնական տեսարժան վայրերը վերանում են, իսկ բնակչությունը գնալով ուրբանիզացվում է, շատերի համար գազանանոցները դարձել են կենդանական աշխարհի հետ առնչվելու միակ հասանելի միջոցը» (Zoos in the 21st Century)։

Ինչ կարելի է տեսնել կենդանաբանական այգում

Կենդանաբանական այգիներում հնարավորինս բնական պայմաններում այցելուները կարող են տեսնել աշխարհի ամենագրավիչ ու ամենատպավորիչ կենդանիներից մի քանիսին։ Կարող ես տեսնել վառվռուն թիթեռների, որոնք ճախրում են տրոպիկական պարտեզում, կամ պինգվինների, որոնք սառը լոգանք են ընդունում այնպիսի միջավայրում, որը նման է Անտարկտիկայի սառած ամայի տարածքներին։

Փոքր հասարակածային անտառի միջով քայլելիս կարող ես տեսնել որոշ կենդանիներ ու թռչուններ, որոնք ապրում են բնական միջավայրում։ Կամ կարող ես մտնել մութ սենյակ, որ տեսնես կենդանիների, որոնք ակտիվ են գիշերը։ Որոշ գազանանոցներում նույնիսկ կարող ես տեսնել գիշատիչ թռչուններ կամ դիտել դելֆինների ներկայացումներ։ Այն վանդակների փոխարեն, որոնցում նախկինում վտանգավոր կենդանիներ էին պահվում, այժմ բացօթյա ցանկապատված տարածքներ են ջրափոսերով, որոնք վայրի կենդանիներին հեռու են պահում այցելուներից։

Վիճաբանության երկու կողմերում

Կենդանիների իրավունքների որոշ պաշտպաններ կասկածի են ենթարկում այն, թե արդյոք ճիշտ է կենդանիներին վերցնել վայրի միջավայրից ու սահմանափակել նրանց ազատությունը՝ բնակեցնելով անբնական պայմաններում։ Նրանք պնդում են, թե գազանանոցները թույլ չեն տալիս կենդանիներին ազատ շարժվել ու վատ են անդրադառնում բնազդային վարքի վրա։

Ի պատասխան այս քննադատության՝ կենդանաբանական այգիներ պահողներն ասում են, որ նրանք շատ կարևոր դեր են կատարում կենդանիների պահպանման, ինչպես նաև մարդկանց կրթելու հարցում։ «Մեր նպատակը կենդանիների հանդեպ հարգանք առաջացնելն է,— բացատրում է Հայմեյ Ռուլը՝ Մադրիդի «Ֆաունիա» կենդանաբանական այգու աշխատողը։— Մենք ուզում ենք մեր այցելուների մեջ ցանկություն առաջացնել պահպանելու կենդանիների բնական միջավայրը՝ առանց որի նրանք կոչնչանան»։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գազանանոցներն իսկապես նպաստում են, որ մարդիկ գիտակցեն վտանգի տակ գտնվող տեսակներին պաշտպանելու անհրաժեշտությունը։

Որոշ հազվադեպ տեսակներ, օրինակ՝ մեծ պանդան, հատկապես սիրելի են մարդկանց։ «Բոլոր այցելուները ուզում են տեսնել մեր երկու պանդաներին,— ասում է Նոելիա Բենիտոն, որը աշխատում է Մադրիդի գազանանոցում։— Այս հայտնի տեսակները դարձել են մեր պայքարի խորհրդանիշը՝ փրկելու վտանգի տակ եղող տեսակներին։ Հուսով ենք, որ պանդաները կբազմանան, չնայած այս կենդանիները շատ բծախնդիր են կողակից ընտրելու հարցում»։

Ի տարբերություն պանդաների՝ շատ կենդանիներ գազանանոցում ազատորեն բազմանում են բարեփոխված պայմանների և անասնաբույժների հոգատարության շնորհիվ։ Բազմացման հաջող ծրագրերը ասես պատասխանում են քննադատներին, ովքեր վիճում են, թե գազանանոցները չպետք է ներգրավված լինեն վտանգի տակ եղող տեսակների առևտրի մեջ։ Բացի նրանից, որ գազանանոցները կենդանիներին պահում են մարդկանց ցույց տալու համար, դրանցից շատերը նաև փորձում են բազմացնել վտանգի տակ եղող կենդանիներին՝ հուսալով, որ դրանք ի վերջո կվերադարձվեն բնությանը։

Տեսակների ոչնչացման գլխավոր պատճառներից մեկը բնական միջավայրի վերացումն է։ Իսկ գազանանոցները ակտիվորեն ֆինանսավորում են շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրերը՝ անմիջականորեն համագործակցելով տրոպիկական երկրների արգելանոցների հետa։

Բնության հետ կապ

Քանի որ երեխաներից շատերը զմայլվում են կենդանիներով, շաբաթ-կիրակի օրերին կամ արձակուրդին կենդանաբանական այգի գնալը ծնողներին հիանալի հնարավորություն է տալիս երեխաներին սովորեցնելու Աստծու ստեղծագործության մասին։ Միասին նրանք կարող են զմայլվել կենդանական աշխարհով։

Հենց սկզբից մարդիկ մեծապես հետաքրքրված են եղել կենդանական աշխարհով։ Արժե նման հետաքրքրություն զարգացնել երեխաների մեջ, քանի որ բնաշխարհն օգնում է մեզ հասկանալու, թե ինչպիսին է մեր Արարիչը։ Գազանանոց այցելելը նաև կօգնի մեզ ավելի մեծ հարգանք դրսևորելու մեր փխրուն մոլորակի հրաշալի ստեղծագործությունների հանդեպ ու գնահատելու դրանք։

a Ասիայում բենգալյան վագրի, Մադագասկարում լեմուրի և Աֆրիկայում պրիմատների պաշտպանության համար գազանանոցների ներդրած ջանքերը հաջողությամբ են պսակվել։

ՓՐԿՎԵԼ ԵՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԻՑ

Գազանանոցների համախմբված ջանքերի շնորհիվ առնվազն տասը տեսակներ փրկվել են ոչնչացումից։ Նշենք ընդամենը երկու օրինակ։

  • Եվրոպական բիզոնը անհետացավ վայրի բնությունից 1925թ.-ին։ Գազանանոցների բազմացման ծրագրերի շնորհիվ Բելառուսի, Լեհաստանի և Ռուսաստանի որոշ մասերում այժմ դրանք ապրում են հոտերով։

  • Թրաեղջյուրավոր այծքաղը դիմացկուն անապատային կենդանի է։ 1972թ.-ին որսորդները սպանեցին վերջին վայրի թրաեղջյուրավոր այծքաղին։ Սակայն քանի որ տարբեր գազանանոցներում դրանք կային քիչ թվով, այդ կենդանին չվերացավ։ Այժմ այն ազատ ապրում է Արաբական թերակղզու որոշ պաշտպանված տարածքներում։

Սակայն կենդանաբանական այգիները կարողանում են բազմացնել քիչ թվով վտանգված տեսակներ։ Շատ ծրագրեր, որոնց նպատակն էր բազմացնել ու վայրի բնության մեջ վերաբնակեցնել կենդանիներին, անհաջողության են մատնվել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը