Եղիր կազմակերպված
Քիչ ջանքեր են անհրաժեշտ կազմակերպված դառնալու համար, բայց դրա օգուտները կարող են շատ լինել. շատ ժամանակ, քիչ սթրես և բարձր գնահատականներ։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մտել ես խանութ ինչ-որ բան գնելու, բայց բոլոր ապրանքները խանութով մեկ ցրիվ տված են։ Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որ քո ուզածը գտնես։ Լավ չէ՞ր լինի, եթե ամեն բան իր տեղում շարված լիներ և հստակ նշված լինեին ապրանքների բաժինները։ Նույն բանը կարելի է ասել դպրոցի վերաբերյալ։
Գրաֆիկ կազմիր։
«Մի անգամ մոռացել էի իմ տնային աշխատանքի մասին, բացի այդ, չէի արել տանը ունեցած պարտականություններս, քանի որ շաբաթ-կիրակին ընկերոջս տանն էի անցկացրել»,— ասում է 18-ամյա Զաքարին, որն ապրում է ԱՄՆ-ում։ Նա շարունակում է. «Երկուշաբթի ստիպված խնդրում էի ուսուցիչներիս, որ թույլ տան ավելի ուշ ներկայացնել տնայինս։ Հիմա կարևոր գործերի ցուցակ եմ կազմում, և դա օգնում է ինձ հիշելու, թե ինչ պետք է անեմ»։
Կարևոր գործերը գրի առնելը օգնել է նաև մի երիտասարդ կնոջ՝ Սելեստինին, որն ապրում է Պապուա Նոր Գվինեայում։ Հիշելով իր դպրոցական տարիները՝ նա ասում է. «Ես իմ բոլոր գործերի համար գրաֆիկ էի կազմում, այդ թվում նաև տնային աշխատանքի, քննությունների և ընկերական հավաքույթների։ Այդպես կարողանում էի առաջնահերթություններ դնել և գործն անել ճիշտ ժամանակին»։
Առաջարկ։ Կարևոր գործերի ցուցակ կազմիր կամ նշումներդ պահիր հեռախոսիդ կամ համակարգչիդ մեջ։
Մի՛ հետաձգիր։
Հեշտ է ասել՝ «հետո կանեմ»։ Ավելի լավ է հնարավորինս շուտ անել կարևոր գործերը, հատկապես տնային աշխատանքը։
Առաջարկ։ Նպատակ դիր տնային աշխատանքդ կատարել տուն հասնելուն պես՝ նախքան հեռուստացույց միացնելը կամ այլ բաներով զբաղվելը։
Նախօրոք պատրաստիր իրերդ։
Պատահե՞լ է այնպես, որ դասարանում նկատես, որ մոռացել ես տետրդ, գրիչդ կամ գրքերդ։ Դու կարող ես հաղթահարել այդ խնդիրը։ Ինչպե՞ս։ «Ես միշտ նախապես պատրաստում էի դպրոցի պայուսակս»,— ասում է Անգ Մյո Մյատ անունով մի երիտասարդ տղա, որն ապրում է Մյանմայում։
Առաջարկ։ Դպրոցական պայուսակի մեջ ամեն բան դասավորիր, որպեսզի հեշտությամբ գտնես քեզ անհրաժեշտ իրերը։
Ամփոփում։ Կազմակերպված լինելը կօգնի քեզ մոռացկոտ չլինելու և դրա պատճառով ավելորդ սթրեսի մեջ չընկնելու, դասերից չուշանալու, ինչպես նաև չխաբվելու՝ մտածելով, թե շատ ժամանակ ունես մյուս գործերի համար։
Կարող ես սկսել հենց հիմա։ Մտածիր, թե դու որ հարցում պետք է կազմակերպված լինես։ Հետո ծնողիդ կամ ընկերոջդ հետ մտածիր, թե ինչպես կարող ես բարելավումներ անել։