Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g17 № 1 էջ 3–7
  • Պատանեկան դեպրեսիա. ինչպե՞ս հաղթահարել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատանեկան դեպրեսիա. ինչպե՞ս հաղթահարել
  • 2017 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՊԱՏԱՆԵԿԱՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
  • ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒ ՄՏԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ
  • Ինչպե՞ս պայքարել դեպրեսիայի դեմ
    Երիտասարդները հարցնում են
2017 Արթնացե՛ք
g17 № 1 էջ 3–7
Դեպրեսիայով տառապող պատանին նստած է իր անկողնու վրա

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Պատանեկան դեպրեսիա. ինչպե՞ս հաղթահարել

«ԵՐԲ ընկնում եմ դեպրեսիայի մեջ,— ասում է Աննանa,— ցանկություն չեմ ունենում որևէ բան անելու, անգամ իմ սիրած բաները։ Այդ ժամանակ միայն քնել եմ ուզում։ Հաճախ զգում եմ, թե անարժեք եմ, ոչ ոք ինձ չի սիրում, ու ես պարզապես բեռ եմ ուրիշների համար»։

Իսկ Ջուլիան պատմում է. «Ես մտածում էի ինքնասպանություն գործելու մասին։ Իրականում չէի ուզում մահանալ, պարզապես ուզում էի ազատվել իմ ծանր ապրումներից։ Սովորաբար ես հոգատար եմ մարդկանց նկատմամբ, բայց երբ ընկնում եմ դեպրեսիայի մեջ, ամենքի ու ամեն ինչի հանդեպ անտարբեր եմ դառնում»։

Աննան և Ջուլիան դեռևս պատանի էին, երբ առաջին անգամ զգացին, թե ինչ բան է դեպրեսիան։ Ի տարբերություն այլ երիտասարդների, որոնք գուցե երբեմն վատ տրամադրություն ունենան՝ Աննան և Ջուլիան ընկնում էին երկարատև դեպրեսիայի մեջ, որը հաճախ շարունակվում էր շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ Աննան ասում է. «Այդ ժամանակ այնպիսի զգացողություն եմ ունենում, ասես ընկած լինեմ մի մութ, խոր փոս, որտեղից ելք չկա։ Ինձ թվում է՝ ուր որ է կխելագարվեմ։ Ես բոլորովին անճանաչելի եմ դառնում»։

Աննան ու Ջուլիան բացառություն չեն։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ պատանիների շրջանում դեպրեսիայի ախտորոշման դեպքերի թիվն աճում է սպառնալից թափով։ Ինչպես նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «դեպրեսիան 10–19 տարեկան աղջիկների ու տղաների շրջանում հիվանդությունների և ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամության գլխավոր պատճառն է»։

Փաստ է, որ դեպրեսիայի ախտանշաններ կարող են ի հայտ գալ պատանեկության շրջանում։ Օրինակ՝ կարող են լինել քնի, ախորժակի և մարմնի քաշի հիվանդագին փոփոխություններ։ Նաև կարող են առաջանալ հուսահատության, տխրության և անարժեքության զգացումներ։ Գուցե ի հայտ գան նաև ուրիշ նշաններ՝ ինքնամեկուսացում շրջապատի մարդկանցից, ուշադրության և հիշողության խանգարումներ, ինքնասպանության մտքեր կամ փորձեր և բժշկագիտության կողմից դեռևս բացատրություն չունեցող այլ ախտանշաններ։ Հոգեկան առողջության ոլորտի մասնագետները դեպրեսիայի ախտորոշում են տալիս այն դեպքում, երբ առկա են մի շարք ախտանշաններ, որոնք դրսևորվում են շաբաթներ շարունակ և խաթարում են մարդու կյանքի բնականոն ընթացքը։

ՊԱՏԱՆԵԿԱՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Ինչպես նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «դեպրեսիան առաջանում է սոցիալական, հոգեբանական և ֆիզիոլոգիական մի շարք գործոնների փոխներգործության հետևանքով»։ Քննենք դրանցից մի քանիսը։

Ֆիզիոլոգիական գործոններ։ Հաճախ դեպրեսիայի ախտանշաններ կարող են ունենալ ընտանիքի մի քանի անդամներ։ Այդպես էր, օրինակ, Ջուլիայի դեպքում։ Սա ցույց է տալիս, որ այդ հարցում մեծ դեր ունեն գենետիկական հատկանիշները, որոնք հավանաբար ազդում են գլխուղեղի կենսաքիմիական գործունեության վրա։ Այլ նպաստող գործոններից են սրտանոթային հիվանդությունները, հորմոնալ փոփոխությունները, ինչպես նաև ալկոհոլամոլությունն ու թմրամոլությունը։ Ալկոհոլի և թմրանյութերի երկարատև չարաշահումը կարող է հանգեցնել դեպրեսիայի առաջացման, կամ էլ դրա սրացման պատճառ լինել։b

Սթրես։ Թեև որոշակի չափով սթրեսը բարենպաստ է առողջության համար, սակայն շարունակական կամ չափից շատ սթրեսը կարող է ֆիզիկական և հոգեբանական վնաս հասցնել և երբեմն նույնիսկ դեպրեսիայի առաջացման պատճառ դառնալ դեռահասների շրջանում, որոնք իրենց օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունների պատճառով առավել զգայուն են։

Դեպրեսիայի առաջացման պատճառ կարող են լինել նաև այլ սթրեսային գործոններ, ինչպիսիք են ծնողների ամուսնալուծությունը կամ բաժան ապրելը, հարազատ անձնավորության մահը, ֆիզիկական կամ սեռական բռնությունը, հիվանդությունը, դժբախտ պատահարը կամ ուսումնական հմտությունների զարգացման խանգարումը, հատկապես եթե դրա պատճառով երեխան իրեն մերժված է զգում։ Մեկ այլ գործոն կարող է լինել ծնողների չափազանց մեծ ակնկալիքները երեխայից, օրինակ՝ կրթության ոլորտում հաջողությունների հասնելու հարցում։ Հավանական պատճառներից են նաև ծաղրուծանակն ու ճնշումները, ապագայի անորոշությունը, դեպրեսիայով տառապող ծնողի հոգեբանական օտարացումը կամ ծնողի անկանխատեսելի վերաբերմունքը երեխայի նկատմամբ։ Իսկ ի՞նչը կարող է օգնել պատանուն հաղթահարել դեպրեսիան։

ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒ ՄՏԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Խոր կամ նույնիսկ համեմատաբար թեթև դեպրեսիայի դեպքում սովորաբար հարկ է լինում մասնագետ-հոգեբանի դիմել և դեղորայքային բուժում ստանալ։c Հիսուս Քրիստոսն ասել է. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մարկոս 2։17)։ Իսկ հիվանդությունները կարող են կապված լինել ցանկացած օրգանի, այդ թվում գլխուղեղի հետ։ Հոգեկան առողջության բարելավման համար լավ կլինի նաև որոշ փոփոխություններ մտցնել ապրելակերպի մեջ, քանի որ մեր մտային առողջությունը սերտորեն կապված է ֆիզիկական առողջության հետ։

Եթե տառապում եք դեպրեսիայով, ողջամիտ քայլեր ձեռնարկեք ձեր ֆիզիկական և մտային առողջությունը բարելավելու համար։ Առողջ սննդակարգ պահպանեք, բավականաչափ քնեք և կանոնավոր մարմնամարզությամբ զբաղվեք։ Ֆիզիկական վարժությունները նպաստում են, որ օրգանիզմում արտադրվեն որոշակի քիմիական նյութեր, որոնք բարձրացնում են տրամադրությունը, էներգիա են հաղորդում և կարգավորում են քունը։ Փորձեք հնարավորինս շուտ նկատել դեպրեսիային նպաստող ազդակներն ու վաղ նախազգուշական նշանները և ծրագրեք, թե ինչ քայլեր եք ձեռնարկելու։ Այդ մասին խոսեք ինչ-որ մեկի հետ, ում վստահում եք։ Ընտանիքի անդամների և մտերիմ ընկերների աջակցության շնորհիվ ավելի հեշտությամբ կկարողանաք պայքարել դեպրեսիայի դեմ, օրինակ՝ գուցե ձեզ հաջողվի նվազեցնել ախտանշանները։ Օրագիր պահեք և գրի առեք ձեր ունեցած մտքերն ու զգացումները. այսպես վարվելը շատ է օգնել Ջուլիային, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում։ Իսկ ամենակարևորն այն է, որ հոգաք ձեր հոգևոր կարիքները։ Դա մեծապես կնպաստի, որ կյանքի հանդեպ դրական վերաբերմունք ունենաք։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։

Դեռահաս աղջիկը ճաշում է ծնողների հետ, մարմնամարզությամբ է զբաղվում և քնում ​է

Լավ սնվեք, ակտիվ կյանք վարեք և բավականաչափ քնեք

Դեռահաս աղջիկը Աստվածաշունչ է կարդում

Ձեր հոգևոր կարիքները բավարարելով՝ կարող եք մխիթարություն գտնել

Թե՛ Աննան և թե՛ Ջուլիան անձնական փորձով են համոզվել այս խոսքերի ճշմարտացիության մեջ։ Աննան ասում է. «Հոգևոր գործունեությամբ զբաղված լինելն օգնում է, որ կենտրոնանամ ոչ թե իմ խնդիրների, այլ ուրիշ մարդկանց օգնելու վրա։ Միշտ չէ, որ դա հեշտ է լինում, բայց արդյունքում ես ինձ ավելի երջանիկ եմ զգում»։ Իսկ Ջուլիային շատ է օգնել աղոթելն ու Աստվածաշունչ կարդալը։ Նա ասում է. «Երբ աղոթում եմ Աստծուն ու սիրտս բացում եմ նրա առաջ, թեթևություն եմ զգում։ Իսկ Աստվածաշունչն օգնում է ինձ հասկանալու, որ ես թանկ եմ Աստծու համար, և որ նա իսկապես հոգ է տանում իմ մասին։ Աստծու Խոսքն ընթերցելը նաև օգնում է, որ լավատեսորեն նայեմ ապագային»։

Լինելով մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված լիովին հասկանում է, թե մեր կյանքում տեղի ունեցող դեպքերը, մեր դաստիարակությունն ու գենետիկական հատկանիշները ինչպես են ազդում մեր մտածելակերպի և հույզերի վրա։ Ուստի նա կարող է մեզ տալ անհրաժեշտ օգնությունն ու մխիթարությունը։ Այդպիսի օգնություն նա կարող է տալ, օրինակ, որևէ կարեկից ու հասկացող մարդու միջոցով։ Ավելին, շուտով կգա այն ժամանակը, երբ Աստված կբուժի մեր բոլոր հիվանդությունները՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտային։ Եսայիա 33։24-ում այսպիսի խոստում է տրվում. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»»։

Այո՛, Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված շուտով «կսրբի ամեն արտասուք [մեր] աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։ Սա իսկապես մխիթարական և ուրախալի լուր է։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ երկրի ու մարդկության առնչությամբ Աստծու ունեցած նպատակի մասին, այցելեք jw.org/hy կայք։ Այնտեղ կարող եք գտնել օնլայն Աստվածաշունչ, ինչպես նաև հետաքրքիր հոդվածներ տարբեր թեմաների, այդ թվում դեպրեսիայի մասին։

a Անունները փոխված են։

b Մարդու տրամադրության վրա կարող են ազդել բազմաթիվ հիվանդություններ, դեղամիջոցներ և թմրանյութեր։ Այս իրողությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է բժշկական ճիշտ ախտորոշում ստանալ։

c «Արթնացե՛ք»-ը բուժման որևէ կոնկրետ ձև չի առաջարկում։

Ինչ կարող են անել ծնողները

  • Հաշվի առեք, որ դեպրեսիայի մեջ գտնվող պատանին գուցե դժվարանա արտահայտել իր զգացմունքները կամ գուցե չհասկանա, թե ինչ է կատարվում իր հետ։ Հնարավոր է՝ նա նույնիսկ չիմանա, թե ինչ ախտանշաններ են լինում դեպրեսիայի ժամանակ։

  • Պատանիների շրջանում դեպրեսիան սովորաբար չի դրսևորվում այն ձևով, ինչ չափահաս մարդկանց շրջանում։ Այդ պատճառով մի՛ անտեսեք ձեր երեխայի վարքի, ուտելու, տրամադրության, քնելու գրաֆիկի կամ մարդկանց հետ շփման մեջ տեղի ունեցող փոփոխությունները, հատկապես եթե այդ վիճակը շարունակվում է մի քանի շաբաթ։

  • Լրջորեն վերաբերվեք ինքնասպանության մասին նրա ասած ցանկացած խոսքին կամ ակնարկին։

  • Եթե կասկածում եք, որ ձեր երեխան դեպրեսիայով է տառապում (ոչ թե պարզապես տրամադրության ժամանակավոր անկում ունի), դիմեք մասնագետի՝ ճիշտ ախտորոշում ստանալու համար։

  • Օգնեք ձեր երեխային, որ հետևի բժշկի նշանակած բուժմանը, և եթե նրա վիճակը չի բարելավվում, կամ ի հայտ են գալիս անցանկալի կողմնակի երևույթներ, տեղեկացրեք բժշկին։

  • Ձեր ընտանիքում սահմանեք ուտելու, մարզվելու և քնելու կայուն գրաֆիկ։

  • Ձեր երեխայի հետ լավ հաղորդակցություն պահպանեք և օգնեք նրան հաղթահարել դեպրեսիայի հետ կապված դժվարությունները։

  • Դեպրեսիան կարող է միայնության, մեղավորության և անարժեքության զգացումներ առաջացնել։ Այդ պատճառով հաճախակի ասեք երեխային, որ սիրում եք նրան։

«Առաջին օգնության արկղիկ»

Բացասական հույզերի դեմ պայքարելու «առաջին օգնության արկղիկ», որը ներառում է հուշանվերներ, ոգևորիչ ասույթներ, աստվածաշնչյան համարներ, երգեր, հոդվածներ, ուրախալի դեպքերի մասին գրառումներ

Եթե տառապում եք դեպրեսիայով, ձեր մտքերն ու զգացումները կառավարելու հարցում շատ օգտակար կարող է լինել, այսպես ասած, առաջին օգնության արկղիկ ունենալը։ «Արկղիկը», որը պետք է ձեզ օգնի բացասական հույզերի դեմ պայքարում, կարող է ներառել այս էջում նշված բաները։

  • Այն մարդկանց հեռախոսահամարները, ում կարող եք զանգահարել, երբ տխուր եք

  • Ձեր սիրած այն երգերը, որոնք բարձրացնում են ձեր տրամադրությունը

  • Ոգևորիչ ասույթներ և քաջալերական հոդվածներ

  • Մխիթարական ու ոգևորիչ խոսքեր Աստվածաշնչից, ինչպես, օրինակ՝ Սաղմոս 34։18-ը; 51։17-ը; 94։19-ը; Փիլիպպեցիներ 4։6, 7-ը

  • Հուշանվերներ, որոնք կհիշեցնեն այն մարդկանց մասին, ովքեր սիրում են ձեզ

  • Օրագիր, որտեղ կարող եք գրի առնել դրական մտքեր, ինչպես նաև ձեզ հետ պատահած ուրախալի դեպքեր

Դեպրեսիան դեռահաս աղջիկների շրջանում

Դեպրեսիան ավելի հաճախ հանդիպում է աղջիկների շրջանում։ Գործոններից մեկը սթրեսն է, որի պատճառ կարող է լինել զգացական, ֆիզիկական կամ սեռական բռնությունը. երևույթներ, որոնց հաճախ բախվում են աղջիկները։ Հոգեբան-խորհրդատու Շերոն Հերշն ասում է. «Երբ արտաքին աշխարհի սարսափելի իրականությունը բախվում է ներքին քաոսային հոգեվիճակի հետ, արդյունքում հաճախ առաջանում է ընկճվածություն ու շփոթվածություն»։ Աղջիկների վրա կարող են ազդել նաև տեղեկատվական և ժամանցային միջոցներով ներկայացվող «կատարյալ մարմնի» մասին պատկերացումները։ Այն աղջիկները, ովքեր մտածում են, թե գրավիչ արտաքին չունեն կամ չափից շատ են ուզում ընդունված լինել իրենց հասակակիցների կողմից, ավելի հավանական է, որ կընկնեն դեպրեսիայի մեջ։d

d Տե՛ս «Աստվածաշնչի տեսակետը. արտաքին գեղեցկություն» հոդվածը («Արթնացե՛ք» № 4, 2016 թ.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը