Արյուն, որ իրոք կյանքեր է փրկում
Նախորդ գլուխներում քննարկված նյութից կարելի է մի քանի պարզ եզրակացություններ անել։ Թեպետ արյան փոխներարկումը շատերի կողմից դիտվում է որպես կյանք փրկելու միջոց, բուժման այդ մեթոդը հղի է բազում վտանգներով։ Ամեն տարի արյան ներարկումից մահանում են հազարավոր մարդիկ. է՛լ ավելի շատ է նրանց թիվը, ովքեր լուրջ հիվանդություններ են ձեռք բերում ու երկար ժամանակ դառը պտուղներ քաղում։ Ուստի թեկուզ առողջական տեսանկյունից խոհեմ կլինի արդեն հիմա հետևել ‘արյունից հեռու’ մնալու մասին աստվածաշնչյան պատվերին (Գործք 15։28, 29)։
Անարյուն բուժում պահանջելով՝ հիվանդը պաշտպանվում է շատ վտանգներից։ Այս հարցում Եհովայի վկաներին ընդառաջած հմուտ բժիշկները բուժման որոշակի մեթոդներ են մշակել, որոնք, ինչպես երևում է բազմաթիվ բժշկական հաղորդագրություններից, անվտանգ են և արդյունավետ։ Առանց արյան որակյալ բուժում կատարելով՝ բժիշկները չեն խախտում առողջապահական բարձր չափանիշները։ Ընդհակառակը՝ նրանք հարգում են հիվանդի՝ բուժման վտանգների և օգուտների մասին իմանալու իրավունքը, որպեսզի վերջինս կարողանա իրազեկ որոշում կայացնել այն հարցում, թե ինչ պետք է արվի իր օրգանիզմի և կյանքի հետ։
Իհարկե, մենք գիտակցում ենք, որ ոչ բոլորը կհամաձայնվեն այս մոտեցմանը։ Մարդկանց խիղճը, բարոյական նորմերը և բժշկական տեսակետները տարբեր են։ Ուստի կլինեն անհատներ, այդ թվում նաև բժիշկներ, որոնք կդժվարանան համաձայնվել հիվանդի որոշմանը արյունից հրաժարվելու մասին։ Ահա թե ինչ գրեց Նյու Յորքում աշխատող մի վիրաբույժ. «Երբեք չեմ մոռանա, երբ 15 տարի առաջ ես՝ ինտերնատուրայում սովորող մի երիտասարդ բժիշկ, կանգնած էի արնաքամ եղող Եհովայի վկայի կողքին, որը մահացավ տասներկումատնյա աղիքի խոցից։ Հիվանդի ցանկությունը հարգել էին և փոխներարկում չէին արել, սակայն մինչև օրս հիշում եմ անբավարարության այն մեծ զգացումը, որ ապրեցի՝ իբրև բժիշկ»։
Նա, անշուշտ, համոզված էր, որ արյան փոխներարկումը կփրկեր հիվանդի կյանքը։ Սակայն բժշկի հիշյալ խոսքերից մեկ տարի անց վիրաբուժական մի պարբերագրում հաղորդվեց այն մասին, որ փոխներարկման հայտնաբերումից առաջ ստամոքսաղիքային արյունահոսությունից «մահացողների թիվը եղել է ընդամենը 2,5 տոկոս», մինչդեռ այն բանից հետո, երբ արյան ներարկումը մտավ կիրառության մեջ, «լայնամասշտաբ հետազոտությունները հիմնականում ցույց տվեցին, որ այդ թիվը հասել է 10 տոկոսի» («The British Journal of Surgery», հոկտեմբեր, 1986 թ.)։ Ինչո՞ւ էր մահացության տոկոսը բարձրացել չորս անգամ։ Հետազոտողները այսպիսի կարծիք են հայտնում. «Արյան.... փոխներարկումը, ինչպես երևում է, հակազդում է հոսող արյան հիպերմակարդմանը՝ առաջացնելով նոր արյունահոսություն»։ Ուստի արյունից հրաժարվելով՝ հիշյալ Վկան, ըստ էության, մեծացրել էր իր կյանքը փրկելու հավանականությունը։
Վերը հիշատակված բժիշկը նաև գրում է. «Ժամանակի ընթացքում և շատ հիվանդների բուժելուց հետո մարդը սովորաբար փոխում է իր տեսակետը, և այսօր ես այն կարծիքին եմ, որ վստահությունը հիվանդի և նրա բժշկի միջև, ինչպես նաև հիվանդի ցանկությունները հարգելու պարտականությունը շատ ավելի կարևոր են, քան մեր ձեռքի տակ եղող բժշկական նոր տեխնոլոգիաների կիրառումը։ .... Հետաքրքիր է, որ անբավարարության այն մեծ զգացումը այսօր տեղի է տվել հարգանքի ու պատկառանքի զգացումին, որ ես տածում եմ այդ հիվանդի հանդեպ նրա ամուր հավատի համար»։ Բժիշկը այսպիսի եզրակացություն է անում. «Դա հիշեցնում է ինձ այն մասին, որ միշտ պետք է հարգեմ հիվանդի անձնական և կրոնական ցանկությունները՝ անկախ այն բանից, թե ինչ զգացումներ ունեմ ես, կամ թե ինչպիսին կարող են լինել հետևանքները»։
Հնարավոր է, որ դուք արդեն գիտեք մի բան, որին բազմաթիվ բժիշկներ հանգել են «ժամանակի ընթացքում և շատ հիվանդների բուժելուց հետո»։ Նույնիսկ լավագույն բուժում ստանալու և լավագույն հիվանդանոցում պառկելու դեպքում գալիս է մի պահ, երբ մարդ մահանում է։ Նա մահանում է՝ անկախ այն բանից՝ արյան ներարկում արվել է իրեն, թե՝ ոչ։ Բոլորս էլ ծերանում ենք, մեր վախճանը գնալով մոտենում է։ Սա ֆատալիստական հայացք չէ։ Սա իրողություն է։ Մահը փաստ է, որ գոյություն ունի մեր կյանքում։
Կյանքը ցույց է տալիս, որ արյան մասին Աստծո օրենքը խախտող մարդիկ հաճախ վնաս են կրում՝ անմիջապես թե որոշ ժամանակ անց։ Ոմանք նույնիսկ մահանում են։ Իսկ այն անհատները, որոնց հաջողվում է խուսափել մահից, իրենց կյանքը հավիտյան չեն երկարացնում։ Ուստի արյան փոխներարկումը մեկընդմիշտ չի փրկում կյանքը։
Կրոնական և կամ բժշկական պատճառներով արյունից հրաժարվող մարդկանց մեծ մասը համաձայնվում է բուժման այդ եղանակին փոխարինող մեթոդների կիրառությանը։ Դա լավ արդյունքներ է բերում։ Այդ ճանապարհով, սակայն, նրանք իրենց կյանքի տևողությունը երկարացնում են մի քանի տարով, ոչ թե հավիտենապես։
Այն իրողությունը, որ բոլոր մարդիկ անկատար են և աստիճանաբար գնում են դեպի մահ, մեր ուշադրությունը ուղղում է անչափ կարևոր մի ճշմարտության վրա, որ արյան մասին հայտնում է Աստվածաշունչը։ Եթե մենք հասկանանք ու գնահատենք այդ ճշմարտությունը, ապա կտեսնենք, թե իրականում ինչպես է արյունը փրկում՝ փրկում մեր կյանքը՝ փրկում առհավետ։
Կյանք փրկող միակ արյունը
Ինչպես արդեն ասացինք, Աստված ողջ մարդկությանը պատվիրեց արյուն չուտել։ Ինչո՞ւ։ Քանի որ արյունը կյանքի խորհրդանիշ է (Ծննդոց 9։3–6)։ Ավելի ուշ նա պարզաբանեց այս միտքը Իսրայելին տված Օրենքի մեջ։ Այդ Օրենքի հաստատման ժամանակ զոհաբերվող կենդանիների արյունը գործածվեց զոհասեղանի վրա (Ելից 24։3–8)։ Օրենքում տեղ գտած դրույթները մատնացույց էին անում այն փաստը, որ բոլոր մարդիկ անկատար են, կամ, ինչպես հայտնում է Աստվածաշունչը, մեղավոր։ Արարիչը ասել էր, որ կենդանիների զոհաբերությամբ իսրայելացիներն ընդունած կլինեին այն իրողությունը, որ մեղքերի քավության կարիք ունեն (Ղեւտացոց 4։4–7, 13–18, 22–30)։ Ինչ խոսք, Աստված այդ պատվիրանները տվել էր Իսրայելին հեռավոր անցյալում։ Մեր օրերում նա նման բան չի պահանջում իր ճշմարիտ երկրպագուներից։ Սակայն այդ օրենքները շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար այսօր։
Աստված ինքը բացատրեց այդ զոհաբերությունների հիմքում ընկած սկզբունքը. «Մարմնի հոգին [«կենդանութիւնը», ԱԱ] արիւնումն է. եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք. որովհետեւ արիւնն է որ քաւութիւն է անում իրանում եղող հոգիովը։ Նորա համար Իսրայէլի որդիներին ասեցի. Ձեզանից ոչ մէկն արիւն չ’ուտէ» (Ղեւտացոց 17։11, 12)։
Հնում իսրայելացիները նշում էին մի տոն, որը կոչվում էր Քավության օր։ Այդ տոնի ժամանակ քահանայապետը զոհաբերված կենդանիների արյունը տանում էր տաճարի՝ Աստծո երկրպագության կենտրոնի ամենասուրբ մասը։ Այդպես նա խորհրդանշական ձևով խնդրում էր Աստծուց ներել ժողովրդի մեղքերը (Ղեւտացոց 16։3–6, 11–16)։ Այդ զոհերը վերջնականապես բոլոր մեղքերը չէին քավում, ուստիև ամեն տարի պետք է նորից մատուցվեին։ Այնուամենայնիվ, արյան նման գործածությունը ծառայեց որպես իմաստալից օրինակ։
Աստվածաշնչի գլխավոր ուսմունքներից մեկն այն է, որ Աստված ի վերջո կատարյալ զոհաբերություն էր մատուցելու՝ վերջնականապես քավելով հավատ ունեցող բոլոր մարդկանց մեղքերը։ Դա փրկանքի մասին ուսմունքն է, որն ուշադրություն է հրավիրում վաղուց կանխագուշակված Մեսիայի, կամ՝ Քրիստոսի զոհաբերության վրա։
Աստվածաշնչում Մեսիայի կատարածը համեմատվում է Քավության օրը կատարվող արարողության հետ։ «Քրիստոս որ եկաւ, հանդերձեալ [«գալու», ԱԱ] բարիքների քահանայապետը, աւելի մեծ եւ կատարեալ եւ անձեռագործ [տաճարով], .... ոչ թէ նոխազների եւ զուարակների արիւնով, այլ բուն իր արիւնովը մէկ անգամ մտաւ այն սրբատեղին [երկինքը] եւ յաւիտենական փրկութիւն գտաւ [մեզ համար]։ Եւ համարեա թէ ամեն բան արիւնով է սրբվում օրէնքին համեմատ, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէ լինում» (Եբրայեցիս 9։11, 12, 22)։
Ուստի պարզ է դառնում, թե ինչու է անհրաժեշտ արյան հարցում ունենալ այն տեսակետը, որ ունի Աստված։ Արարչի դիրքը իրավունք է տվել նրան որոշելու, թե որն է արյան բացառիկ և օգտակար դերը։ Մերժելով կենդանիների և մարդկանց արյունը՝ հին իսրայելացիները օգուտներ էին քաղում առողջական առումով, սակայն այդ քայլի գլխավոր նպատակը դրանում չէր կայանում (Եսայիա 48։17)։ Նրանք հրաժարվում էին արյան միջոցով պահպանել իրենց կյանքը ոչ թե գլխավորապես այն պատճառով, որ հակառակն անելը վնասակար էր առողջության համար, այլ որովհետև դա անսրբություն էր Աստծո աչքում։ Իսրայելացիները պետք է հեռու մնային արյունից ոչ թե այն պատճառով, որ այն պիղծ էր, այլ քանի որ այն թանկ էր և մեղքերի թողության հնարավորություն էր ընձեռում։
Ահա թե քավիչ զոհաբերության վերաբերյալ ինչ է ասում Պողոս առաքյալը. «Որով [Հիսուս Քրիստոսով] ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը իր շնորհքի մեծութեան չափովը» (Եփեսացիս 1։7)։ «Արյուն» բառը այստեղ միանգամայն ճիշտ է թարգմանված։ Աստվածաշնչի մի շարք թարգմանություններ, սակայն, սխալ են փոխանցում հունարեն այդ բառը՝ փոխարինելով այն «մահ» բառով։ Արդյունքում ընթերցողը չի նկատում, թե ինչպես է շեշտվում Արարչի տեսակետը արյան վերաբերյալ, և թե զոհաբերական ինչ արժեք է նա վերագրում այդ հեղուկին։
Աստվածաշնչի պատգամն ընդգծում է այն փաստը, որ Քրիստոսն իր կյանքը տվեց որպես կատարյալ քավիչ զոհաբերություն։ Սակայն նա մահացած վիճակում չմնաց։ Քավության օրվա օրինակին համապատասխան, որ հաստատվել էր Արարչի կողմից՝ Հիսուսը համբարձվեց երկինք՝ ‘Աստծո երեսի առաջին մեզ համար երևալու’։ Այնտեղ նա ներկայացրեց իր թափած արյան արժեքը (Եբրայեցիս 9։24)։ Աստվածաշնչում շեշտվում է, որ մենք պետք է խուսափենք այնպիսի քայլերից, որոնք «ոտնակոխ [են] անում Աստծու Որդուն, արհամարհում.... [նրա] թափված արյունը»։ Միայն այդպես կարող ենք Աստծո հետ լավ հարաբերություններ և խաղաղություն պահպանել (Եբրայեցիս 10։29, ԱՆԹ; Կողոսացիս 1։20)։
Վայելեք կյանքը, որ փրկված է արյամբ
Երբ հասկանում ենք, թե ինչ է Աստված ասում արյան մասին, սկսում ենք խորապես գնահատել այդ կենսահեղուկի փրկարար արժեքը։ Գրություններում Քրիստոսը նկարագրվում է որպես մի անձնավորություն, որը «մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն» (Յայտնութիւն 1։5; Յովհաննէս 3։16)։ Այո, Հիսուսի արյան միջոցով մենք կարող ենք մեղքերի լիակատար և մշտնջենական ներում ստանալ։ Պողոս առաքյալը գրում է. «Այժմ, որ մենք արդարացուած ենք նրա արեամբ, որչա՜փ եւս առաւել նրանով փրկուած պիտի լինենք այդ բարկութիւնից»։ Ահա թե ինչպես է արյունը փրկում հարատև կյանքը (Հռովմայեցիս 5։9, ԷԹ; Եբրայեցիս 9։14)։
Դեռևս հեռավոր անցյալում Աստված վստահեցրել էր, որ Քրիստոսի միջոցով օրհնվելու են ‘երկրի բոլոր ազգերը’ (Ծննդոց 22։18)։ Օրհնություններից մեկը կլինի այն, որ երկիրը նորից կվերածվի դրախտի։ Աստծուն հավատացող մարդիկ այլևս չեն տառապի հիվանդության, ծերության և նույնիսկ մահվան պատճառով. նրանք այնպիսի օրհնություններ կվայելեն, որոնք անհամեմատ գերազանցում են այն ժամանակավոր օգնությունը, որ կարող են առաջարկել բժիշկները։ Մեզ այսպիսի հրաշալի խոստում է տրվում. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։4)։
Ուրեմն՝ որքա՜ն իմաստուն կլինի ի սրտե ընդունել Աստծո բոլոր պատվիրանները։ Իսկ դա նշանակում է հնազանդվել նաև արյան մասին նրա պատվերներին և չխախտել դրանք նույնիսկ բուժվելու նպատակով։ Այդպես վարվելով՝ չենք ապրի սոսկ այսօրվա կարճատև կյանքի համար։ Փոխարենը՝ արտահայտած կլինենք մեր խոր հարգանքը կյանքի հանդեպ, այդ թվում նաև հավիտենական ու կատարյալ կյանքի, որ սպասում է մեզ ապագայում։
[շրջանակ 25–րդ էջի վրա]
Աստծո ժողովուրդը մերժել էր արյան միջոցով կյանք փրկելու միտքը ոչ թե այն պատճառով, որ դա կարող էր վնաս հասցնել առողջությանը, այլ որովհետև այդ քայլը անսուրբ կլիներ, ոչ թե այն պատճառով, որ արյունը պիղծ էր, այլ որովհետև այն թանկ էր։
[նկար 24–րդ էջի վրա]
«Որով [Հիսուսով] ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը» (Եփեսացիս 1։7)
[նկար 26–րդ էջի վրա]
Հիսուսի փրկարար արյունը անվերջանալի և առողջ կյանքի դուռ է բացում դրախտի վերածված երկրի վրա