Գիրք, որը «խոսում» է կենդանի լեզուներով
Երբ մահանում է լեզուն, որով գրված է գիրքը, փաստորեն մահանումէ նաև գիրքը։ Քչերը կարող են այսօր կարդալ այն հին լեզուներով, որոնցով գրվել է Աստվածաշունչը։ Սակայն գիրքը ողջ է։ Այն վերապրել է, քանի որ «սովորել է խոսել» մարդկության ժամանակակից լեզուներով։ Թարգմանիչները, որոնք «սովորեցրել են» նրան խոսել այլ լեզուներով, հավանաբար, ժամանակին անհաղթահարելի խոչընդոտներ են դիմագրավել։
ԹԱՐԳՄԱՆԵԼ Աստվածաշունչը՝ իր ավելի քան 1100 գլուխներով և 31000 համարներով, պատկառելի առաջադրանք է։ Բայց և այնպես, դարեր շարունակ անձնվեր թարգմանիչները կամովին իրենց վրա են վերցրել այդ խնդիրը։ Նրանցից շատերը պատրաստ են եղել զրկանքներ կրելու և նույնիսկ մահանալու հանուն իրենց գործի։ Մարդկության լեզուներով Աստվածաշնչի թարգմանվելու պատմությունը հաստատակամության և հնարագիտության մասին հիանալի տեղեկագրություն է։ Նկատի առնենք այդ հետաքրքրաշարժ դեպքերի միայն մի փոքր մասը։
Թարգմանիչներին հանդիպած խոչընդոտները
Ինչպե՞ս կթարգմանեք որևէ գիրք մի լեզվով, որը գրավոր խոսք չունի։ Աստվածաշնչի բազում թարգմանիչներ հանդիպել են հենց այս դժվարությանը։ Օրինակ, չորրորդ դարում Ուլֆիլան նպատակադրվել էր թարգմանել Աստվածաշունչը այդ ժամանակ արդիական, սակայն առանց գրավոր խոսքի գոթերեն լեզվով։ Ուլֆիլան հաղթահարեց այդ խոչընդոտը՝ ստեղծելով քսանյոթ տառից բաղկացած գոթական այբուբենը, որը նա գլխավորապես հիմնեց հունական և լատինական այբուբենների վրա։ Գրեթե ամբողջ Աստվածաշնչի թարգմանությունը գոթերենի նա ավարտեց մ.թ. մինչև 381թ.–ը։ Այդ թվականից մոտավորապես քսան տարի անց Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծվեց հայկական գիրը Աստվածաշունչը և քրիստոնեական գրականությունը հայերեն թարգմանելու նպատակով։
Իններորդ դարում հունախոս երկու եղբայր՝ Կիրիլը (Կոնստանդին) և Մեֆոդին, երկուսն էլ ճանաչված գիտնականներ և լեզվաբաններ, ցանկացան թարգմանել Աստվածաշունչը սլավոնախոս ժողովրդի համար։ Սակայն սլավոներենը՝ այժմյան սլավոնական լեզուների նախնական լեզուն, գրավոր ձև չուներ։ Ուստի եղբայրները Աստվածաշունչը հրատարակելու համար այբուբեն ստեղծեցին։ Դրա շնորհիվ Աստվածաշունչը կարող էր «խոսել» սլավոնական երկրում ապրող ավելի շատ մարդկանց հետ։
Տասնվեցերորդ դարում Ուիլյամ Թինդալը նպատակադրվել էր Աստվածաշունչը բնագիր լեզուներից թարգմանել անգլերենի, սակայն հանդիպում է եկեղեցու և պետության խիստ հակառակությանը։ Օքսֆորդում կրթություն ստացած Թինդալը ցանկանում էր հրատարակել մի թարգմանություն, որը նույնիսկ «գյուղացի տղան կարողանար հասկանալ»։1 Սակայն իր մտադրությունը իրականացնելու համար նա ստիպված էր հեռանալ Գերմանիա, որտեղ էլ 1526–ին հրատարակվեց նրա անգլերեն «Նոր կտակարանը»։ Երբ պատճեները ներթափանցեցին Անգլիա, իշխանություններն այնքան էին կատաղած, որ սկսեցին դրանք հրապարակավ այրել։ Ավելի ուշ Թինդալը մատնվեց։ Խեղդամահ արվելուց և մարմինն այրվելուց առաջ նա բարձրաձայն արտասանեց. «Տե՜ր, բա՛ց արա Անգլիայի թագավորի աչքերը»։2
Աստվածաշնչի թարգմանությունները շարունակվում էին. թարգմանիչները դադար չէին առնում։ 1800–ական թվականներին Աստվածաշնչի առնվազն որոշ մասերը թարգմանվել էին վաթսունութ լեզվով։ Ապա, 1804թ.–ին հիմնադրված Աստվածաշնչի ընկերությունների՝ հիմնականում Աստվածաշնչի բրիտանական և արտասահմանյան ընկերությունների ձևավորման հետ մեկտեղ, Աստվածաշունչն արագորեն «սովորեց» նոր լեզուներ։ Օտար երկրներում միսիոներներ լինելու պատրաստակամություն ցուցաբերեցին հարյուրավոր երիտասարդներ, որոնցից շատերն ունեին Աստվածաշունչը թարգմանելու առաջատար նպատակ։
Աֆրիկյան լեզուներով թարգմանվելը
Աֆրիկայում 1800թ.–ին գոյություն ունեին ընդամենը մի քանի գրավոր լեզուներ։ Հարյուրավոր այլ խոսվող լեզուներ պետք է սպասեին, մինչև որևէ մեկը ստեղծեր գրավոր խոսքը։ Միսիոներները գալիս և առանց այբբենարանների ու բառարանների սովորում էին այդ լեզուները։ Ապա նրանք ջանում էին կազմել գրավոր ձևը, որից հետո սովորեցնում էին ժողովրդին կարդալ։ Այս ամենն արվում էր, որպեսզի մարդիկ օրերից մի օր կարողանային Աստվածաշունչը կարդալ իրենց լեզվով։3
Այսպիսի մի միսիոներ էր շոտլանդացի Ռոբերտ Մոֆֆաթը։ 1821թ.–ին, քսանհինգ տարեկան հասակում, Մոֆֆաթը առաքելությամբ դիմեց դեպի հարավային Աֆրիկա՝ թսվանա լեզվով խոսող ժողովրդի մոտ։ Նրանց գիր չունեցող լեզուն սովորելու համար նա շփման մեջ մտավ այդ ժողովրդի հետ՝ ժամանակ առ ժամանակ նրանց մեջ ապրելու ուղևորվելով։ «Մարդիկ բարեհոգի էին,— գրեց նա հետագայում,— և լեզվիս սայթաքումները ծիծաղի շատ առիթներ էին տալիս։ Մնացածներին ուրախություն պատճառելով՝ մինչև չէին նմանակում ասածներս, երբեք ոչ ոք ոչ մի բառ կամ նախադասություն չէր ուղղում»։4 Մոֆֆաթը հաստատակամ եղավ և ժամանակի ընթացքում տիրապետեց լեզվին՝ գրավոր ձևը կազմելով դրա համար։
Թսվանա ժողովրդի մեջ ութ տարի աշխատելուց հետո Մոֆֆաթն 1829թ.–ին ավարտեց Ղուկասի ավետարանի թարգմանությունը։ Այն տպագրելու համար նա մոտ 600 մղոն ճանապարհ անցավ ցուլերով բեռնավորված սայլով մինչև ծովափ, ապա նավով ուղևորվեց դեպի Քեյփթաուն։ Այնտեղի նահանգապետը թույլատրեց օգտագործել կառավարական տպագրահաստոցը, սակայն Մոֆֆաթն ինքը պետք է տպատառերի շարվածքը հավաքեր և տպագրեր. 1830թ–ին Ավետարանը վերջապես հրատարակվեց։ Առաջին անգամ թսվանա ժողովուրդը մայրենի լեզվով կարող էր Աստվածաշնչից հատված կարդալ։ 1857թ.–ին Մոֆֆաթը ավարտեց թսվանա լեզվով Աստվածաշնչի թարգմանությունը։
Ավելի ուշ Մոֆֆաթը նկարագրում է այդ ժողովրդի արձագանքը, երբ առաջին անգամ նրանց համար մատչելի էր դարձել Ղուկասի ավետարանը։ Նա գրում է. «Ես մարդիկ գիտեի, որ հարյուրավոր մղոններ էին անցել Ս. Ղուկասի ավետարանի օրինակներ ստանալու համար.... Տեսել եմ նրանց այդ օրինակները ստանալիս և արտասվելիս, սեղմում էին իրենց կրծքին և երախտագիտության արցունքներ թափում, մինչև որ շատերին զգուշացրեցի՝ արցունքներով կփչացնեք ձեր գրքերը»։5
Բազում աֆրիկացիներին, որոնցից ոմանք սկզբում գրավոր խոսքի կարիքը չէին տեսնում, Մոֆֆաթի նման անձնվեր թարգմանիչները առաջին հնարավորությունը տվեցին շփվելու գրի հետ։ Թարգմանիչները, սակայն, վստահ էին, որ Աֆրիկայի ժողովուրդներին ավելի արժեքավոր ընծա են մատուցում՝ Աստվածաշունչն իրենց մայրենի լեզվով։ Այսօր Աստվածաշունչը, մասամբ կամ ամբողջովին, թարգմանված է աֆրիկյան վեց հարյուր լեզուներով։
Ասիական լեզուներով թարգմանվելը
Մինչ թարգմանիչներն Աֆրիկայում ջանում էին բանավոր լեզուների համար գրավոր խոսք ստեղծել, երկրագնդի մյուս հատվածում այլ թարգմանիչներ բոլորովին տարբեր խոչընդոտների էին բախվում՝ թարգմանելով Աստվածաշունչը բարդ գրավոր ձև ունեցող լեզուների։ Ահա այսպիսի դժվարությունների են հանդիպել Աստվածաշունչն ասիական լեզուների թարգմանող անհատները.
Տասնիններորդ դարի սկզբին Ուիլյամ Քերին և Ջոշուա Մարշմենը մեկնեցին Հնդկաստան ու որոշ ժամանակ անց տիրապետեցին նրա բազում գրավոր լեզուներին։ Ուիլյամ Ուորդի՝ մի տպագրիչի օգնությամբ նրանք գրեթե քառասուն լեզուներով հրատարակեցին Աստվածաշնչի առնվազն որոշ մասեր։6 Գրող Ջ. Հերբերտ Քեյնը Ուիլյամ Քերիի մասին գրում է. «Նա ստեղծեց [բենգալերենի] մի գեղեցիկ, խոսակցական ազատ ոճ, որը փոխարինեց հին դասականին՝ այդպիսով ժամանակակից ընթերցողների համար այն ավելի գրավիչ և ըմբռնելի դարձնելով»։7
Միացյալ Նահանգներում ծնված և մեծացած Ադոնիրամ Ջադսոնը ճանապարհվեց Բիրմա և 1817–ին սկսեց Աստվածաշունչը թարգմանել բիրմաներեն։ Նկարագրելով Աստվածաշունչը թարգմանելու համար արևելյան լեզվին բավականաչափ տիրապետելու դժվարությունը՝ նա գրեց. «Երբ սկսում ենք սովորել երկրագնդի մեկ այլ մասում ապրող ժողովրդի լեզուն, որի մտածելակերպը տարբերվում է մեր մտածելակերպից, որի լեզվի արտահայտչաձևը, հետևաբար, անծանոթ է մեզ, և այբուբենն ու բառերը բացարձակապես նման չեն երբևիցե մեզ հանդիպած լեզուներին, երբ չունենք ոչ մի բառարան կամ թարգմանիչ, և երբ մինչև տեղացի ուսուցիչ գտնելը ինչ–որ բան է պետք այդ լեզվով հասկանալ, այս ամենը իրո՛ք ջանք է պահանջում»։8
Ջադսոնի համար դա տասնութ տարվա քրտնաջան աշխատանք էր նշանակում։ Բիրմաներեն Աստվածաշնչի վերջնական հատվածը տպագրվեց 1835–ին։ Սակայն Բիրմայում մնալը նրա վրա թանկ նստեց։ Մինչ աշխատում էր թարգմանության վրա, Ջադսոնը մեղադրվեց լրտեսության մեջ և շուրջ երկու տարի անցկացրեց մոծակներով լի բանտում։ Նրա ազատ արձակվելուց շատ չանցած՝ կինն ու աղջիկը մահացան տենդից։
Քսանհինգամյա Ռոբերտ Մորիսոնը, 1807թ–ին ժամանելով Չինաստան, խիստ դժվար առաջադրանք հանձն առավ. Աստվածաշունչը թարգմանել ամենաբարդ գրավոր խոսքով լեզուներից մեկի՝ չինարենի։ Նա միայն սահմանափակ գիտելիքներ ուներ չինարենից, որն ընդամենը երկու տարի էր, ինչ սկսել էր ուսումնասիրել։ Մորիսոնը ստիպված էր նաև պայքարելու Չինաստանի օրենքի դեմ, որը ձգտում էր պահպանել Չինաստանի զատվածությունը։ Չինացիներին՝ մահվան դատապարտությամբ, արգելված էր լեզուն սովորեցնել օտարականներին։ Օտարերկրացու համար մահապարտ հանցանք էր Աստվածաշունչը չինարենի թարգմանելը։
Անվեհեր, բայց զգույշ՝ Մորիսոնը շարունակեց ուսումնասիրել լեզուն՝ արագորեն այն սովորելով։ Երկու տարվա մեջ «Արևելյան Հնդկաստան» ընկերությունում թարգմանչի աշխատանք է գտնում։ Օրվա ընթացքում աշխատում էր ընկերության համար, սակայն հայտնաբերվելու անդադար սպառնալիքի տակ գաղտնի աշխատում էր Աստվածաշնչի թարգմանության վրա։ 1814թ.–ին՝ Չինաստան գալուց յոթ տարի հետո, քրիստոնեական Հունարեն գրությունները պատրաստ էին տպագրվելու։9 Հինգ տարի անց Վիլյամ Մայլնի օգնությամբ Մորիսոնը ավարտեց նաև Եբրայերեն գրությունները։
Դա վիթխարի նվաճում էր. Աստվածաշունչը թարգմանվել էր մարդկության մեծամասնության կողմից գործածվող լեզվով։ Ընդունակ թարգմանիչների շնորհիվ դրան հաջորդեցին ասիական այլ լեզուների թարգմանությունները։ Այսօր Աստվածաշնչի հատվածները մատչելի են ասիական ավելի քան հինգ հարյուր լեզուներով։
Ինչո՞ւ են Թինդալի, Մոֆֆաթի, Ջադսոնի և Մորիսոնի նման մարդիկ տարիներ շարունակ ջանք թափել, նույնիսկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը, մի գիրք թարգմանելու այն մարդկանց համար, որոնց չեն ճանաչել, և որոնք, որոշ դեպքերում, անգամ գրավոր խոսք չեն ունեցել։ Անշուշտ ոչ փառքի կամ նյութական շահի համար։ Նրանք հավատում էին, որ Աստվածաշունչը Աստծո Խոսքն է, և այն պետք է «խոսի» մարդկանց հետ, բոլոր մարդկանց՝ իրենց մայրենի լեզվով։
Անկախ նրանից՝ գտնում եք արդյոք Աստվածաշունչը Աստծո Խոսքն է, թե ոչ, հավանաբար կհամաձայնվեք, որ այդ նվիրված թարգմանիչներին դրդող անձնուրաց ոգին հազվագյուտ է այսօրվա աշխարհում։ Մի՞թե այսպիսի անձնվիրություն ներշնչող գիրքն արժանի չէ ուսումնասիրության։
[Աղյուսակ 12–րդ էջի վրա]
Լեզուների քանակը, որոնցով 1800 թվականից ի վեր տպագրվել են Աստվածաշնչի հատվածները
(տե՛ս ամբողջությամբ գրքույկում)
[Նկարազարդում 10–րդ էջի վրա]
Թինդալն Աստվածաշունչը թարգմանելիս
[Նկարազարդում 11–րդ էջի վրա]
Ռոբերտ Մոֆֆաթ
[Նկարազարդում 12–րդ էջի վրա]
Ադոնիրամ Ջադսոն
[Նկարազարդում 13–րդ էջի վրա]
Ռոբերտ Մորիսոն