Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • cf գլ. 18 էջ 182–191
  • «Շարունակիր հետևել ինձ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Շարունակիր հետևել ինձ»
  • «Եկ ու իմ հետևորդը դարձիր»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսի կյանքը երկինք համբարձվելուց հետո
  • Մեսիական Թագավորի բարկությունը և ուրախությունը
  • Անվերջ օրհնություններ Թագավորի հավատարիմ ծառաների համար
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    2005 Դիտարան
  • Ինչո՞ւ պետք է հետևենք Քրիստոսին
    2009 Դիտարան
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Մեծ ուսուցիչն ավելի պարզ պատկերացում է տալիս Ստեղծիչի մասին
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
Ավելին
«Եկ ու իմ հետևորդը դարձիր»
cf գլ. 18 էջ 182–191

ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

«Շարունակիր հետևել ինձ»

1-3. ա) Ինչպե՞ս Հիսուսը հեռացավ, և ինչո՞ւ բաժանման այս տեսարանը տխրությամբ չի պարուրում առաքյալներին։ բ) Ինչո՞ւ է կարևոր իմանալ, թե ինչ եղավ Հիսուսի հետ երկինք համբարձվելուց հետո։

ՏԱՍՆՄԵԿ տղամարդիկ կանգնած են լեռան վրա։ Մեծ հիացմունքով և սրտի թրթիռով նրանք նայում են մեկ ուրիշին։ Նա մարդկային կերպարանք ունի, բայց իրականում այդ անհատը հարություն առած Հիսուսն է, որը կրկին դարձել է Եհովայի ոգեղեն որդիներից ամենազորեղը։ Հիսուսը հավաքել է իր առաքյալներին Ձիթենյաց լեռան վրա. դա նրանց վերջին հանդիպումն է։

2 Այս լեռը կրաքարե բլուրների շղթայի մաս է կազմում։ Դրանք գտնվում են Երուսաղեմից դեպի արևելք և քաղաքից բաժանվում են Կեդրոն հեղեղատով։ Անկասկած, այս վայրը Հիսուսի մեջ բազում հիշողություններ է արթնացնում։ Լեռան լանջին է գտնվում Բեթանիա քաղաքը, որտեղ նա հարություն տվեց Ղազարոսին։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր, որ հաղթական մտավ Երուսաղեմ մոտակայքում գտնվող Բեթփագե քաղաքից։ Հավանաբար Ձիթենյաց լեռան վրա է գտնվում նաև Գեթսեմանի պարտեզը, որտեղ Հիսուսը լարված ժամեր էր անցկացրել ձերբակալվելուց առաջ։ Հիմա այդ նույն լեռան վրա նա պատրաստվում է բաժանվել իր ամենամտերիմ ընկերներից ու հետևորդներից։ Նա հրաժեշտի ջերմ խոսքեր է ասում։ Հետո սկսում է վեր բարձրանալ երկրից։ Առաքյալները քարացած նայում են, թե ինչպես է իրենց սիրելի Տերը համբարձվում երկինք։ Ի վերջո ամպերը նրան ծածկում են առաքյալների տեսադաշտից, և նրանք այլևս չեն տեսնում Հիսուսին (Գործեր 1։6-12)։

3 Արդյոք բաժանման այս տեսարանը տխրությամբ ու թախիծո՞վ է պարուրում։ Ո՛չ։ Քանի որ երկու հրեշտակներ հիշեցնում են առաքյալներին, որ սրանով ամեն բան չի ավարտվում (Գործեր 1։10, 11)։ Հիսուսի երկինք համբարձվելը կարևոր իրադարձությունների սկիզբն է։ Աստծու Խոսքը մեզանից չի թաքցնում, թե Հիսուսի հետ ինչ եղավ հետո։ Շատ կարևոր է իմանալ այդ մասին։ Ինչո՞ւ։ Հիշիր, թե ինչ ասաց նա Պետրոսին. «Շարունակիր հետևել ինձ» (Հովհաննես 21։19, 22)։ Մենք ոչ թե պետք է այդ պատվերին հնազանդվենք պահի ազդեցության տակ, այլ մեր ողջ կյանքի ընթացքում։ Իսկ դրա համար պետք է հասկանանք, թե ինչ է մեր Տերը անում հիմա և ինչ նշանակումներ է ստացել երկնքում։

Հիսուսի կյանքը երկինք համբարձվելուց հետո

4. Ինչպե՞ս էր Աստվածաշունչը նախապես հայտնել, թե ինչ էր տեղի ունենալու այն բանից հետո, երբ Հիսուսը երկինք վերադառնար։

4 Սուրբ Գրքում ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչպես ողջունեցին Հիսուսին, երբ նա երկինք վերադարձավ և միացավ իր երկնային Հորը։ Սակայն Աստվածաշունչը նախապես գրված էր, թե ինչ էր տեղի ունենալու երկինք համբարձվելուց հետո։ Ավելի քան 15 դար հրեաները վկա էին եղել մի սուրբ արարողության։ Ամեն տարի՝ Քավության օրը, քահանայապետը մտնում էր տաճարի Սրբությունների Սրբություն, որ զոհաբերվող կենդանիների արյունը շաղ տա ուխտի տապանակի առաջ։ Այդ օրը քահանայապետը նախապատկերում էր Մեսիային։ Հիսուսը մեկընդմիշտ իրագործեց այս արարողության մարգարեական նշանակությունը երկինք վերադառնալուց հետո։ Նա կանգնեց Եհովայի առաջ՝ երկնքի ամենասուրբ և ամենավեհ վայրում, ու ներկայացրեց իր Հորը քավիչ զոհի արժեքը (Եբրայեցիներ 9։11, 12, 24)։ Եհովան ընդունե՞ց այն։

5, 6. ա) Ո՞ր իրադարձությունն է ցույց տալիս, որ Եհովան ընդունեց Քրիստոսի քավիչ զոհը։ բ) Ովքե՞ր են օգուտներ քաղում դրանից և ինչպե՞ս։

5 Հարցի պատասխանն իմանում ենք, երբ կարդում ենք, թե ինչ տեղի ունեցավ Հիսուսի համբարձվելուց մի քանի օր անց։ Մոտ 120 քրիստոնյաների մի փոքր խումբ հավաքվել էր Երուսաղեմում՝ մի վերնասենյակում, երբ հանկարծ սաստիկ հողմի ձայնի նման ձայն լսվեց։ Նրանց գլխին ասես կրակե լեզուներ երևացին, նրանք լցվեցին սուրբ ոգով և սկսեցին խոսել տարբեր լեզուներով (Գործեր 2։1-4)։ Այս իրադարձությունը մատնանշում էր նոր ազգի՝ հոգևոր Իսրայելի ծնունդը, որը դառնալու էր Աստծու «ընտրյալ ցեղը» և «թագավորական քահանայությունը», որ երկրի վրա կատարի նրա կամքը (1 Պետրոս 2։9)։ Հստակ է, որ Եհովա Աստված ընդունել ու հավանություն էր տվել Քրիստոսի քավիչ զոհին։ Սուրբ ոգու թափվելը առաջին օրհնություններից մեկն էր, որ հնարավոր դարձավ փրկագնի շնորհիվ։

6 Այդ ժամանակից ի վեր Քրիստոսի փրկագինը օգուտներ է բերել ամբողջ աշխարհում գտնվող նրա հետևորդներին։ Անկախ այն բանից՝ «փոքր հոտի» անդամներ ենք, որոնք կառավարելու են Քրիստոսի հետ երկնքում, թե «ուրիշ ոչխարների» թվում ենք, ովքեր երկրի վրա ապրելու են նրա իշխանության ներքո, օգուտներ ենք քաղում զոհից (Ղուկաս 12։32; Հովհաննես 10։16)։ Դա մեր հույսի և մեղքերի ներման հիմքն է։ Քանի դեռ շարունակում ենք «հավատ դրսևորել» այդ փրկագնի հանդեպ՝ ամեն օր հետևելով Հիսուսին, կարող ենք մաքուր խիղճ և ապագայի վառ հույս ունենալ (Հովհաննես 3։16)։

7. Ի՞նչ իշխանություն ստացավ Հիսուսը երկինք վերադառնալուց հետո, և ինչպե՞ս կարող ես աջակցել նրան։

7 Իսկ ի՞նչ է անում Հիսուսը երկինք վերադառնալուց հետո։ Նա ահռելի իշխանություն ունի (Մատթեոս 28։18)։ Եհովան նշանակեց նրան ղեկավարելու քրիստոնեական ժողովը, մի հանձնարարություն, որը նա կատարում է սիրով և արդարությամբ (Կողոսացիներ 1։13)։ Ինչպես կանխագուշակվել էր, Հիսուսը պատասխանատու տղամարդկանց նշանակել է հոտի կարիքները հոգալու համար (Եփեսացիներ 4։8)։ Օրինակ՝ նա ընտրեց Պողոսին, որ լինի «ուրիշ ազգերի մոտ ուղարկված առաքյալ» և բարի լուրը տարածի հեռավոր վայրերում (Հռոմեացիներ 11։13; 1 Տիմոթեոս 2։7)։ Առաջին դարի վերջում Հիսուսը գովեց, խորհուրդ տվեց և շտկեց Ասիայում՝ հռոմեական պրովինցիայում գտնվող յոթ ժողովներին (Հայտնություն, գլուխներ 2-3)։ Ընդունո՞ւմ ես, որ Հիսուսը քրիստոնեական ժողովի գլուխն է (Եփեսացիներ 5։23)։ Որպեսզի շարունակես հետևել նրան, պետք է նպաստես, որ ժողովում հնազանդության ու համագործակցության ոգի տիրի։

8, 9. Ի՞նչ իշխանություն ստացավ Հիսուսը 1914 թ.-ին, և դա ինչպե՞ս պետք է ազդի մեր ամենօրյա որոշումների վրա։

8 Հիսուսը 1914 թ.-ին ավելի մեծ իշխանություն ստացավ։ Այդ տարի նա նշանակվեց Եհովայի Մեսիական Թագավորության Թագավոր։ Երբ Հիսուսը սկսեց իշխել, «երկնքում պատերազմ բռնկվեց»։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Սատանան ու իր դևերը նետվեցին երկիր, և սկսվեցին վայերի ժամանակները։ Դաժան պատերազմները, հանցագործությունը, ահաբեկչությունը, հիվանդությունները, երկրաշարժերը և սովերը, որոնք հարվածել են մարդկանց, հիշեցնում են մեզ, որ Հիսուսը հիմա իշխում է երկնքում։ Սատանան դեռ «այս աշխարհի իշխանն» է, բայց նա «քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։7-12; Հովհաննես 12։31; Մատթեոս 24։3-7; Ղուկաս 21։11)։ Այնուհանդերձ, Հիսուսը բոլոր մարդկանց հնարավորություն է տալիս ընդունելու իր իշխանությունը։

9 Շատ կարևոր է, որ դիրք բռնենք Մեսիական Թագավորի կողմը։ Ամեն օր որոշումներ կայացնելիս հարկավոր է փնտրել Հիսուսի, ոչ թե այս ապականված աշխարհի հավանությունը։ Երբ «թագավորների Թագավորը և տերերի Տերը» քննում է մարդկանց, նրա արդար սիրտը լցվում է և՛ բարկությամբ, և՛ ուրախությամբ (Հայտնություն 19։16)։ Ինչո՞ւ։

Մեսիական Թագավորի բարկությունը և ուրախությունը

10. Ինչպիսի՞ անձնավորություն է Հիսուսը, սակայն ի՞նչն է մեր Տիրոջը արդար բարկությամբ լցնում։

10 Իր Հոր նման՝ մեր Տերը երջանիկ է (1 Տիմոթեոս 1։11)։ Իր մարդկային կյանքի ընթացքում Հիսուսը քննադատող կամ պահանջկոտ չէր։ Այդուհանդերձ, այսօր երկրի վրա տեղի ունեցող շատ բաներ արդար բարկությամբ են լցնում նրան։ Նա անկասկած զայրացած է բոլոր կրոնական կազմակերպությունների վրա, որոնք կեղծ ձևով պնդում են, թե իր անունով են գործում։ Հիսուսն ինքն է ասել. «Ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասող ամեն մարդ չէ, որ կմտնի երկնքի թագավորություն, այլ միայն նա, ով կատարում է իմ երկնային Հոր կամքը։ Կգա օրը, երբ շատերը կասեն ինձ. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով.... զորավոր շատ գործեր արեցինք»։ Բայց այն ժամանակ պարզ կասեմ նրանց. «Ես ձեզ երբեք էլ չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձնից, անօրենությո՛ւն գործողներ»» (Մատթեոս 7։21-23)։

11-13. Ինչո՞ւ գուցե ոմանք շփոթվեն՝ լսելով Հիսուսի խիստ խոսքերը, որոնք նա ուղղեց իր անունով «շատ զորավոր գործեր» անողներին, և ինչո՞ւ է Հիսուսը զայրացած։ Բեր օրինակ։

11 Այս խոսքերը այսօր շփոթության մեջ են գցում շատերին, ովքեր իրենց քրիստոնյա են համարում։ Իսկ ինչո՞ւ է Հիսուսը նման խիստ խոսքեր ասում նրանց, ովքեր «զորավոր շատ գործեր» են անում իր անունով։ Քրիստոնեական աշխարհի եկեղեցիները բարեգործություններ են անում, օգնում են աղքատներին, հիվանդանոցներ և դպրոցներ են կառուցում ու շատ այլ բաներ անում։ Սակայն որպեսզի հասկանանք, թե ինչու է Հիսուսը զայրացած նրանց վրա, քննենք հետևյալ օրինակը։

12 Հայրն ու մայրը պետք է գործուղման մեկնեն։ Նրանք չեն կարող երեխաներին տանել իրենց հետ, ուստի դայակ են վարձում։ Նրանք պարզ հրահանգներ են տալիս վերջինիս. «Հոգ տար մեր երեխաների մասին։ Կերակրիր նրանց, մաքուր պահիր և ուշադիր եղիր, որ չվնասվեն»։ Սակայն երբ ծնողները վերադառնում են, ցնցվում են՝ տեսնելով, որ երեխաները սովի են մատնվել։ Նրանք կեղտոտ են, հիվանդ և խղճուկ վիճակում։ Փոքրիկները լաց են լինում. նրանք դայակի ուշադրության կարիքն ունեն, բայց ապարդյուն։ Ինչո՞ւ։ Դայակը բարձրացել է աստիճանների վրա ու պատուհաններն է լվանում։ Խիստ զայրացած՝ ծնողները բացատրություն են պահանջում։ Դայակը պատասխանում է. «Նայեք, թե ինչեր եմ արել։ Պատուհանները մաքուր են։ Տունը վերանորոգել եմ, և այդ ամենը ձեզ համար»։ Մի՞թե ծնողները ավելի լավ կզգան իրենց։ Դժվար թե։ Չէ՞ որ նրանք չէին խնդրել դայակին նման բաներ անել, պարզապես խնդրել էին, որ հոգ տանի երեխաների մասին։ Այդպիսի անհոգ վերաբերմունքը, ինչ խոսք, ծնողներին կբարկացնի։

13 Քրիստոնեական աշխարհը հենց այս դայակի պես է վարվել։ Հիսուսը իր ներկայացուցիչներին հրահանգներ է տվել, որ վերջիններս հոգևորապես կերակրեն մարդկանց՝ սովորեցնելով Աստծու Խոսքի ճշմարտությունները և օգնելով հոգևոր առումով մաքուր լինելու (Հովհաննես 21։15-17)։ Սակայն քրիստոնյա աշխարհը չի հնազանդվել այս հրահանգին։ Մարդիկ հոգևոր առումով սովի են մատնված, կեղծ ուսմունքների մեջ մոլորված են և չգիտեն աստվածաշնչյան հիմնական ճշմարտությունները (Եսայիա 65։13; Ամոս 8։11)։ Անգամ այս աշխարհը դեպի լավը փոխելու քրիստոնյա աշխարհի փորձերը չեն կարող արդարացնել գիտակցաբար դրսևորած նրա անհնազանդությունը։ Այս աշխարհը նման է մի տան, որը ենթակա է քանդվելու։ Աստծու Խոսքը հստակ հայտնում է, որ Սատանայի աշխարհը շուտով կործանվելու է (1 Հովհաննես 2։15-17)։

14. Ո՞ր գործն է ուրախացնում Հիսուսին այսօր և ինչո՞ւ։

14 Մյուս կողմից՝ Հիսուսը շատ է ուրախանում, երբ երկնքից նայում է ու տեսնում, որ միլիոնավոր մարդիկ կատարում են աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը, որը նա տվեց իր հետևորդներին երկրից հեռանալուց առաջ (Մատթեոս 28։19, 20)։ Մեզ համար մեծ պատիվ է ուրախացնել Մեսիական Թագավորին։ Թող որ վճռենք երբեք չհանձնվել ու միշտ աջակցել «հավատարիմ և իմաստուն ծառային» (Մատթեոս 24։45)։ Ի տարբերություն քրիստոնյա աշխարհի՝ օծյալ եղբայրների այս փոքր խումբը հնազանդորեն առաջնորդում է քարոզչական գործը և հավատարմորեն կերակրում է Քրիստոսի գառնուկներին։

15, 16. ա) Ի՞նչ է Հիսուսը զգում, երբ տեսնում է, որ շատերը սեր չունեն, և որտեղի՞ց գիտենք, որ դա այդպես է։ բ) Ինչպե՞ս են հոգևորականները բարկացնում Հիսուսին։

15 Կարող ենք վստահ լինել, որ Թագավորը բարկանում է, երբ տեսնում է, որ շատ մարդիկ չեն սիրում իրար։ Գուցե հիշում ենք, թե ինչպես էին փարիսեցիները քննադատում Հիսուսին շաբաթ օրը բուժումներ անելու համար։ Նրանք այնքան կարծրասիրտ էին, այնքան համառ, որ չէին էլ նկատում, որ Մովսիսական ու բանավոր օրենքը մեկնաբանում են իրենց նեղ տեսանկյունից։ Սակայն Հիսուսի հրաշքները թեթևացում էին բերում ու անսահման ուրախություն պատճառում, նաև զորացնում էին մարդկանց հավատը։ Բայց այդ ամենը ոչ մի նշանակություն չուներ այդ փարիսեցիների համար։ Իսկ ի՞նչ էր Հիսուսը զգում՝ տեսնելով դա։ Կարդում ենք, որ մի անգամ, «փարիսեցիների քարսրտությունից խորապես վշտացած, զայրույթով նայեց նրանց» (Մարկոս 3։5)։

16 Այսօր Հիսուսը ավելի շատ վատ բաներ է տեսնում, որոնք իրեն «խորապես վշտացնում» են։ Քրիստոնյա աշխարհի առաջնորդները կուրացել են իրենց ավանդույթներով և ուսմունքներով, որոնք հակասում են Սուրբ Գրքին։ Դեռ ավելին՝ Աստծու թագավորության բարի լուրի քարոզչությունը նրանց զայրացնում է։ Աշխարհի տարբեր մասերում հոգևորականները կատաղի հալածանք են հրահրում քրիստոնյաների դեմ, ովքեր անկեղծորեն փորձում են հռչակել այն պատգամը, որ Հիսուսն էր քարոզում (Հովհաննես 16։2; Հայտնություն 18։4, 24)։ Միևնույն ժամանակ նրանք իրենց հետևորդներին խրախուսում են պատերազմել և սպանել մարդկանց, ասես այդպես վարվելով՝ կհաճեցնեն Հիսուս Քրիստոսին։

17. Ինչպե՞ս են Հիսուսի ճշմարիտ հետևորդները ուրախացնում նրա սիրտը։

17 Ի տարբերություն նրանց՝ Հիսուսի ճշմարիտ հետևորդները սեր են դրսևորում իրենց մերձավորի հանդեպ։ Չնայած հակառակությանը՝ նրանք Հիսուսի նման քարոզում են բարի լուրը «ամեն տեսակ մարդկանց» (1 Տիմոթեոս 2։4)։ Միմյանց հանդեպ դրսևորած սերը առանձնահատուկ է. դա նրանց բնորոշող նշանն է (Հովհաննես 13։34, 35)։ Հավատակիցների հանդեպ սերը, հարգանքը, արժանապատիվ վերաբերմունքը վկայում են այն մասին, որ նրանք իսկապես հետևում են Քրիստոսին։ Դա շատ է ուրախացնում Մեսիական Թագավորի սիրտը։

18. Ի՞նչն է անհանգստացնում մեր Տիրոջը, սակայն ինչպե՞ս կարող ենք ուրախացնել նրան։

18 Հիշենք նաև, որ մեր Տերը անհանգստանում է, երբ իր հետևորդները չեն կարողանում դիմանալ, թույլ են տալիս, որ Եհովայի հանդեպ իրենց սերը սառչի և դադարում են ծառայելուց (Հայտնություն 2։4, 5)։ Եվ հակառակը՝ Հիսուսը ուրախանում է, երբ նրանք դիմանում են մինչև վերջ (Մատթեոս 24։13)։ Ուստի շատ կարևոր է միշտ հիշել Քրիստոսի պատվերը. «Շարունակիր հետևել ինձ» (Հովհաննես 21։19)։ Տեսնենք, թե ինչ օրհնություններ կբերի Մեսիական Թագավորը նրանց, ովքեր մինչև վերջ կդիմանան։

Անվերջ օրհնություններ Թագավորի հավատարիմ ծառաների համար

19, 20. ա) Հիսուսին հետևելը այսօր իսկ ի՞նչ հրաշալի օրհնություններ է բերում։ բ) Հիսուսն ինչպե՞ս կարող է դառնալ մեր «Հավերժական Հայրը»։

19 Հիսուսին հետևելը այսօր իսկ հրաշալի օրհնություններ է բերում մեզ։ Ընդունելով Քրիստոսին որպես մեր Տեր, հետևելով նրա առաջնորդությանը և ընդօրինակելով նրան՝ մենք գանձեր կգտնենք, որոնք մարդիկ փնտրում են, բայց այդպես էլ չեն գտնում. բավարարություն պատճառող գործ, որը մեր կյանքը իմաստով կլցնի, հավատակիցների միասնական ընտանիք, որը իսկական սիրո կապով է ամրացած, մաքուր խիղճ և մտքի խաղաղություն։ Մի խոսքով՝ կապրենք երջանիկ ու իմաստալից կյանքով։ Եվ սա դեռ ամենը չէ։

20 Եհովան Հիսուսին որպես «Հավերժական Հայր» է տվել նրանց համար, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն։ Հիսուսը փոխարինում է մարդկության առաջին հորը՝ Ադամին, որը դժբախտացրեց իր բոլոր ժառանգներին (Եսայիա 9։6, 7)։ Ընդունելով Հիսուսին որպես «Հավերժական Հայր», հավատ դրսևորելով նրա հանդեպ՝ մենք հավիտենական կյանքի ամուր հույս ձեռք կբերենք։ Ավելին՝ դա կօգնի մեզ մոտենալ Եհովա Աստծուն։ Ինչպես սովորեցինք, «ընդօրինակեք Աստծուն որպես նրա սիրելի զավակներ» պատվերին հնազանդվելու լավագույն ձևը Հիսուսի օրինակին օրեցօր հետևելն է (Եփեսացիներ 5։1)։

21. Ինչպե՞ս են Քրիստոսի հետևորդները այս մութ աշխարհում լույս արտացոլում։

21 Ընդօրինակելով Հիսուսին և իր Հայր Եհովային՝ մենք մեծ առանձնաշնորհում ենք ունենում՝ հոգևոր լույսը արտացոլելու հնարավորություն։ Խավարի մեջ թաղված այս աշխարհում, որտեղ Սատանայի կողմից մոլորված միլիարդավոր մարդիկ դրսևորում են նրա հատկությունները, մենք՝ Քրիստոսի հետևորդներս, լուսավորում ենք մեր շուրջը՝ արտացոլելով վառ լույսը՝ աստվածաշնչյան ճշմարտությունների, քրիստոնեական հատկությունների, իսկական ուրախության, խաղաղության և սիրո լույսը։ Միևնույն ժամանակ ավելի ենք մոտենում Եհովային, ինչը ցանկացած բանական արարածի ամենամեծ ու գլխավոր նպատակն է։

Հիսուսը իր երկնային գահից իշխում է հավատարիմ մարդկության վրա

22, 23. ա) Ապագայում ի՞նչ օրհնություններ կունենան նրանք, ովքեր հավատարմորեն շարունակում են հետևել Հիսուսին։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել։

22 Մտածիր նաև, թե ինչ է Եհովան պատրաստել քեզ համար Մեսիական Թագավորի միջոցով։ Շուտով այդ Թագավորը Սատանայի ապականված աշխարհի դեմ արդար պատերազմ է մղելու։ Հիսուսի հաղթանակը հաստա՛տ է (Հայտնություն 19։11-15)։ Այնուհետև Քրիստոսը կսկսի իր Հազարամյա Իշխանությունը երկրի վրա։ Նա իր երկնային կառավարության միջոցով քավիչ զոհի օգուտները կտարածի բոլոր հավատարիմ մարդկանց վրա՝ հասցնելով նրանց կատարելության։ Պատկերացրու, որ դու առողջ ես, աշխույժ, միշտ երիտասարդ և հաճույքով աշխատում ես մարդկության միասնական ընտանիքի հետ, որ Երկիր մոլորակը վերածես դրախտի։ Հազարամյակի վերջում Հիսուսը իշխանությունը կհանձնի Հորը (1 Կորնթացիներ 15։24)։ Եթե շարունակես հավատարմորեն հետևել Քրիստոսին, մի հրաշալի օրհնություն կստանաս՝ «այնպիսի փառահեղ ազատություն, ինչպիսին ունենում են Աստծու զավակները» (Հռոմեացիներ 8։21)։ Այո՛, մենք կունենանք այն բոլոր օրհնությունները, որ Ադամն ու Եվան կորցրին։ Եհովայի երկրային դուստրերն ու որդիները հավիտյան կձերբազատվեն Ադամի մեղքի արատից։ Իրականում այլևս մահ չի լինի (Հայտնություն 21։4)։

23 Հիշիր այն հարուստ երիտասարդ առաջնորդին, որի մասին նշվեց 1-ին գլխում։ Նա մերժեց Հիսուսի հրավերը. «Եկ ու իմ հետևորդը դարձիր» (Մարկոս 10։17-22)։ Այդպիսի սխալ երբեք թույլ չտա՛ս։ Ուրախությամբ և խանդավառությամբ ընդունիր Հիսուսի հրավերը։ Վճռիր դիմանալ, շարունակել օրեցօր, տարեցտարի հետևել Լավ Հովվին և ապրել այնպես, որ տեսնես, թե ինչպես է նա Եհովայի բոլոր նպատակներն ի վերջո հասցնում իրենց փառահեղ իրականացմանը։

Ինչպե՞ս կարող ես հետևել Հիսուսին

  • Ի՞նչը կօգնի քեզ ներդաշնակեցնելու մտածելակերպդ Քրիստոսի մտածելակերպին (1 Կորնթացիներ 2։13-16)։

  • Ի՞նչ ես որոշել անել, որ ավելի սերտորեն հետևես Հիսուսին (1 Պետրոս 2։21)։

  • Ինչպե՞ս կարող ես թույլ չտալ, որ Հիսուսի հանդեպ սերդ սառչի (Հայտնություն 3։14-18)։

  • Ինչպե՞ս ցույց կտաս, որ իսկապես ցանկանում ես, որ Քրիստոսը ղեկավարի երկիրը մոտ ապագայում (Հայտնություն 22։17, 20)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը