ԳԼՈՒԽ 17
Որքա՞ն մտերիմ կարող եմ լինել դասընկերներիս հետ
«Երբեմն նայում եմ, թե ինչպես են շփվում պատանիները ու մտածում. «Այո՛, իսկական ընկերներ են։ Երանի՜ ես էլ այդպիսի ընկերներ ունենայի»» (Ջո)։
«Ես դպրոցում ընկերներ գտնելու հարցում խնդիր չունեի։ Բայց հենց դա էր իմ խնդիրը» (Մարիա)։
ԲՈԼՈՐՆ էլ ընկերների կարիք ունեն։ Նրանց հետ քեզ հանգիստ ու լավ ես զգում, իսկ դժվար պահերին կարող ես նրանց վստահել։ Հիսուսը նույնպես ընկերներ ուներ և հաճելի ժամանակ էր անցկացնում նրանց հետ (Հովհաննես 15։15)։ Երբ նա գամված էր տանջանքի ցցին, նրա մոտ էր իր մտերիմ ընկերը՝ Հովհաննեսը, «այն աշակերտը, ում Հիսուսը սիրում էր» (Հովհաննես 19։25–27; 21։20)։ Մենք էլ կարիք ունենք ընկերների, ովքեր թե՛ լավ, թե՛ վատ օրերին մեր կողքին կլինեն։
Հնարավոր է՝ մտածում ես, որ այդպիսի ընկերներ կարող ես գտնել դպրոցում, և գուցե ինչ-որ մեկի հետ արդեն մտերիմ ես։ Դուք ունեք նույն նախասիրությունները, կարող եք ժամերով զրուցել իրար հետ, և դու չես մտածում, որ նա քեզ համար վատ ընկերակցություն է (1 Կորնթացիներ 15։33)։ Աննան ասում է. «Գրեթե ամեն օր շփվում ես դասընկերներիդ հետ և քեզ լավ ես զգում նրանց մեջ, ինչը այդպես չէ, երբ եղբայրների ու քույրերի հետ ես։ Նրանց ներկայությամբ պետք է զգույշ լինես, բայց դպրոցում քեզ ավելի ազատ ես զգում»։ Գուցե Լուիսի պես ես մտածում, որն ասում է. «Ես ուզում էի, որ դասընկերներս տեսնեն, որ Եհովայի վկաները տարօրինակ մարդիկ չեն»։ Արդյո՞ք այս ամենը հիմնավոր պատճառ է, որ մտերմանաս դասընկերներիդ հետ։
Ինչո՞ւ զգուշանալ
Տեսնենք, թե ինչ պատահեց Մարիային, որի մասին նշվեց հոդվածի սկզբում։ Քանի որ նա բոլորի հետ ընկերական էր, հեշտությամբ էր ընկերներ գտնում, սակայն նրա համար դժվար էր սահմաններ դնել շփման մեջ։ Մարիան պատմում է. «Ուզում էի թե՛ աղջիկների, թե՛ տղաների կողմից սիրված լինել։ Արդյունքում ավելի ու ավելի էի ընկղմվում այս աշխարհի ճահճի մեջ»։ Լուիսի հետ նույն բանը պատահեց։ Նա ասում է. «Ընկերներիս պահվածքն այնքան ազդեցիկ էր, որ ես էլ էի դարձել նրանց պես»։
Եվ զարմանալի չէ. ինչ-որ մեկի հետ ընկերանալու համար դու պետք է ունենաս նույն հետաքրքրություններն ու արժեքները։ Հետևաբար, եթե մտերմանաս նրանց հետ, ովքեր չեն ապրում աստվածաշնչյան սկզբունքներով, ապա դու էլ նրանց պես կդառնաս (Առակներ 13։20)։ Պողոս առաքյալը գրեց. «Անհավատների հետ անհավասար լծակից մի՛ եղեք» (2 Կորնթացիներ 6։14)։
Ինչ կարող ես անել
Արդյո՞ք հետևել Պողոսի խորհրդին նշանակում է չշփվել դասընկերների հետ։ Ո՛չ։ «Բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստելու» համար քրիստոնյաները պետք է ընդհանուր լեզու գտնեն տարբեր ռասայի, կրոնի, մշակույթի մարդկանց հետ (Մատթեոս 28։19)։
Այս առնչությամբ Պողոս առաքյալը հրաշալի օրինակ է թողել։ Նա գիտեր, թե ինչպես պետք է շփվի «ամեն տեսակ մարդկանց» հետ, նույնիսկ եթե նրանք չունեին իր կրոնական համոզմունքները (1 Կորնթացիներ 9։22, 23)։ Դու էլ կարող ես հետևել Պողոսի օրինակին։ Եղիր սիրալիր ու ընկերական։ Սովորիր շփվել դասընկերներիդ հետ, բայց մի՛ ընդօրինակիր նրանց խոսելաձևն ու պահվածքը։ Հնարավորության դեպքում հարգանքով բացատրիր նրանց, թե ինչու ես որոշել ապրել աստվածաշնչյան չափանիշներով (2 Տիմոթեոս 2։25)։
Ինչ խոսք, դու կտարբերվես ուրիշներից, և դա հեշտ բան չէ (Հովհաննես 15։19)։ Բայց մտածիր հետևյալ օրինակի շուրջ. պատկերացրու՝ փրկարարական նավակի մեջ ես, իսկ ջրում մարդ է խեղդվում։ Ինչպե՞ս կօգնես նրան։ Կցատկե՞ս ջրի մեջ։ Ո՛չ։
Նմանապես, դպրոցում դու շրջապատված ես այնպիսի մարդկանցով, որոնք չունեն այն պաշտպանությունը, որ Եհովան տալիս է իր ընկերներին (Սաղմոս 121։2–8)։ Եթե հանուն ընկերության ոտնահարես Եհովայի չափանիշները, ապա կվտանգես քո իսկ հոգևոր բարօրությունն ու կյանքը (Եփեսացիներ 4։14, 15; Հակոբոս 4։4)։ Ուստի օգնիր դասընկերներիդ նավակը բարձրանալ, այսինքն՝ բացատրիր նրանց, թե ինչպես պետք է ծառայել Եհովային ու կատարել նրա կամքը։ Այդպես վարվում են իսկական ընկերները։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐ
«Ամեն բան բարի լուրի համար եմ անում, որպեսզի այն քարոզեմ ուրիշներին» (1 Կորնթացիներ 9։23)։
ԱՌԱՋԱՐԿ
Եթե դասընկերներիցդ ոմանց հետաքրքրում են քո հավատալիքները, թույլ տուր, որ նրանք էլ իրենց տեսակետը արտահայտեն։ Խոսիր «մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետրոս 3։15)։
ԳԻՏԵԻ՞Ր
Այսօր Աստծուն ծառայողներից շատերը ճշմարտությունն իմացել են իրենց դասընկերներից, ովքեր քաջություն են ունեցել պատմելու իրենց հավատի մասին։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Եթե նկատում եմ, որ սերտ եմ շփվում դասընկերոջս հետ, ես ․․․․․
Եթե դասընկերս ծաղրում է իմ հավատալիքները, ես ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ գուցե մտածես, որ ավելի հեշտ է ընկերներ ձեռք բերել դպրոցում, քան ժողովում։
● Ի՞նչ վտանգներ կարող են լինել, եթե դասերից հետո քո ազատ ժամանակն անցկացնես հավատդ չդավանող դասընկերոջ հետ։
● Ինչո՞ւ լավ կլինի՝ դասընկերներիդ ասես, որ Եհովայի վկա ես։
[մեջբերում 143-րդ էջի վրա]
«Փորձում էի նմանվել դասընկերներիս և հեշտությամբ ընկերներ գտա։ Բայց դառը փորձով շատ բան սովորեցի։ Այժմ իմ ընկերները ժողովից են, և ես կարող եմ վստահել նրանց» (Դանիել)։
[նկար 146-րդ էջի վրա]
Ինչպե՞ս օգնել խեղդվողին։ Ջրի մեջ ցատկելո՞վ, թե՞ փրկարարական օղակ նետելով