1919 թ.-ին տեղի ունեցավ մի նշանակալից համաժողով, որը հզոր ապացույցն էր այն բանի, որ Աստծու ժողովուրդը ազատվել է Մեծ Բաբելոնի հոգևոր գերությունից
ՇՐՋԱՆԱԿ 9Բ
Ինչո՞ւ հենց 1919
Ինչո՞ւ ենք ասում, որ Աստծու ժողովուրդը 1919 թ.-ին է ազատվել Մեծ Բաբելոնի կապանքներից։ Այդ եզրահանգումն անում ենք՝ աստվածաշնչյան մարգարեություններն ու պատմական փաստերը իրար հետ համադրելով։
Աստվածաշնչյան մարգարեություններն ու պատմությունը հստակ ցույց են տալիս, որ Հիսուսը երկնքում որպես Թագավոր սկսել է իշխել 1914 թ.-ին, ինչն էլ մատնանշում է Սատանայի աշխարհի վերջին օրերի մեկնարկը։ Ի՞նչ է արել Հիսուսը թագավոր դառնալուն պես։ Արդյո՞ք իր երկրային ծառաներին անմիջապես ազատել է Մեծ Բաբելոնի կապանքներից։ «Հավատարիմ և իմաստուն ծառային» նա 1914 թ.-ի՞ն է նշանակել (Մատթ. 24։45)։ Այդ ժամանա՞կ է սկսվել հնձի մեծ գործը։
Ակներևաբար ո՛չ։ Հիշենք, որ Պետրոս առաքյալը Աստծու ներշնչմամբ գրել է, որ «դատաստանը սկսվելու է Աստծու տնից» (1 Պետ. 4։17)։ Մաղաքիա մարգարեն նույնպես մարգարեացել է այդ ժամանակների մասին՝ նշելով, որ Եհովան իր Որդու՝ «ուխտի պատգամաբերի» հետ գալու է իր տաճար (Մաղ. 3։1-5)։ Դա լինելու էր ստուգման և զտման ժամանակաշրջան։ Պատմությունը համահո՞ւնչ է այս մարգարեություններին։
Միանշանակ այո՛։ 1914 թ.-ից մինչև 1919 թ. սկիզբը Աստվածաշունչ ուսումնասիրողների (Եհովայի վկաների նախկին անվանումը) համար ստուգման և զտման ժամանակաշրջան էր։ Նրանք ակնկալում էին, որ 1914 թ.-ին գալու է աշխարհի վերջը, բայց նման բան տեղի չունեցավ, ինչի պատճառով շատերը խոր հիասթափություն ապրեցին։ Նրանց հիասթափությունն աճեց, երբ 1916 թ.-ին մահացավ Չարլզ Թեյզ Ռասելը, ով փութաջանորեն առաջնորդում էր Աստծու ժողովրդին։ Ոմանք, ովքեր ուժգին կապվածություն ունեին եղբայր Ռասելի հետ, ակտիվորեն հակառակվում էին Ջոզեֆ Ռադերֆորդին, ով փոխարինեց Ռասելին։ Տարաձայնությունները բաժանումներ մտցրին կազմակերպության մեջ, և 1917 թ.-ին այն պառակտման եզրին հայտնվեց։ 1918 թ.-ին իշխանությունները, ակներևաբար հոգևորականների սադրանքով, եղբայր Ռադերֆորդին ու նրա յոթ համագործակիցներին կեղծ մեղադրանքով դատեցին և բանտարկեցին։ Բրուքլինում գտնվող գլխավոր վարչությունը փակվեց։ Միանգամայն պարզ էր, որ Աստծու ժողովուրդը դեռ չէր ազատվել Մեծ Բաբելոնի գերությունից։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 1919 թ.-ին։ Դեպքերը զարգացան խելահեղ արագությամբ։ Տարվա սկզբին Ռադերֆորդը և նրա համագործակիցները ազատ արձակվեցին։ Նրանք անմիջապես լծվեցին գործի։ Կարճ ժամանակում կազմակերպվեց նշանակալից համաժողով և ծրագրվեց մի նոր պարբերագիր լույսընծայել. «Ոսկե դարը» (այժմ՝ «Արթնացե՛ք») գրեթե պատրաստ էր։ Պարբերագիրը նախատեսված էր քարոզարշավների համար։ Բացի այդ՝ ամեն ժողովում նշանակվեց վերակացու, որը պետք է կազմակերպեր քարոզչական գործը։ Այդ նույն տարում լույս տեսավ «Տեղեկագիր» ձեռնարկը (այժմ՝ «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկ), որը քարոզչության վերաբերյալ ցուցումներ էր պարունակում։
Ինչի՞ մասին է վկայում այս ամենը։ Պարզից էլ պարզ է. Քրիստոսը ազատել էր իր ժողովրդին Մեծ Բաբելոնի գերությունից։ Նա նշանակել էր «հավատարիմ և իմաստուն ծառային»։ Հնձի գործին զարկ էր տրվել։ 1919 թ.-ից՝ այդ շրջադարձային տարուց ի վեր քարոզչական գործն ընդլայնվել է ու հասել աննկարագրելի մասշտաբների։