Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Փրկագին»
  • Փրկագին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փրկագին
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս կարող էր Հիսուսի զոհը տրվել «շատերի համար»
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Եհովան տալիս է «փրկանք շատերի փոխարեն»
    Մոտեցիր Եհովային
  • Քրիստոսի փրկանքը Աստծո փրկության ճանապարհն է
    1999 Դիտարան
  • Փրկանք. Աստծու մեծագույն նվերը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Փրկագին»

ՓՐԿԱԳԻՆ

Այն գինը, որը վճարվում է որևէ բան հետ գնելու կամ որևէ մեկին գերությունից, որոշակի պարտականություններից, անցանկալի հանգամանքներից ազատելու համար։ «Փրկագինը» բառը գլխավորաբար վերաբերում է այն գնին, որը ծածկում է վնասը (օրինակ՝ ծառայում է որպես փոխհատուցում կամ արդարության պահանջները բավարարելու միջոց), իսկ «փրկագնելը» ընդգծում է փրկագնի վճարման արդյունքը՝ դրա շնորհիվ հնարավոր դարձած ազատագրումը։ Ամենակարևոր փրկագինը Հիսուս Քրիստոսի թափած արյունն է. դրա շնորհիվ Ադամի սերունդները կարող են ազատվել մեղքից ու մահից։

Եբրայերեն և հունարեն տարբեր բառեր, որ թարգմանվել են «փրկագին» ու «փրկագնել», ընդհանրություն ունեն՝ արտահայտում են գնի, արժեքավոր բանի միտք, որ տրվում է ազատելու, կամ՝ փրկագնելու համար։ Այդ բոլոր բառերը մատնանշում են փոխանակում, ինչպես նաև համապատասխանություն, համարժեքություն կամ փոխարինում։ Այլ խոսքով՝ մի բանը տրվում է մյուսի դիմաց, այդպիսով բավարարվում են արդարության պահանջները, և իրավիճակը շտկվում է (տես ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ)։

Գին, որ ծածկում է։ Եբրայերեն կոֆեր գոյականը ծագել է կաֆար բայից, որը հիմնականում նշանակում է «ծածկել»։ Օրինակ՝ այդ բայը հանդիպում է այն արձանագրության մեջ, որտեղ Աստված պատվիրեց Նոյին կուպրով ծածկել՝ «պատել» տապանը (Ծն 6։14)։ Սակայն կաֆար բայը գրեթե միշտ գործածվում է այն դեպքերում, երբ խոսքը մեղքերը ծածկելու կամ քավելու միջոցով արդարության պահանջները բավարարելու մասին է (Սղ 65։3, Rbi8-E; 78։38, Rbi8-E; 79։8, 9, ծնթ.)։ Կոֆեր գոյականը վերաբերում է այն բանին, ինչը տրվում է վերոնշյալը իրագործելու համար, այսինքն՝ փրկագնին։ Ծածկը համապատասխանում է այն բանին, ինչ ծածկում է, կա՛մ իր կառուցվածքով (օրինակ՝ ուխտի տապանակի «կափարիչը [եբր.՝ կապպորեթ]» (Ելք 25։17-22)), կա՛մ իր արժեքով (օրինակ՝ այն գինը, որով ծածկում են հասցված վնասը)։

Արդարության կշեռքը հավասարակշռելու և իր ժողովրդի՝ Իսրայելի հետ հարաբերությունները հարթելու համար Եհովան նրա հետ կնքեց Օրենքի ուխտը։ Այդ Օրենքով նախատեսված էր տարբեր զոհեր և ընծաներ մատուցել, որոնք քավում, կամ՝ ծածկում էին քահանաների ու ղևտացիների (Ելք 29։33-37; Ղև 16։6, 11), առանձին անհատների կամ ողջ ազգի մեղքերը (Ղև 1։4; 4։20, 26, 31, 35), ինչպես նաև մաքրում էին զոհասեղանն ու խորանը։ Խորանի ու զոհասեղանի համար հարկավոր էր քավություն անել, քանի որ դրանք գտնվում էին մեղսագործ իսրայելացիների մեջ (Ղև 16։16-20)։ Ըստ էության, զոհաբերված կենդանու կյանքը տրվում էր մեղք գործած մարդու կյանքի փոխարեն։ Դրա արյունով քավություն էր արվում Աստծու զոհասեղանի վրա այն չափով, որ չափով հնարավոր էր (Ղև 17։11; հմմտ. Եբ 9։13, 14; 10։1-4)։ «Քավության օրը [եբր.՝ յոմ հակկիպպուրիմ]» կարելի էր նաև կոչել «փրկագինների օր» (Ղև 23։26-28)։ Այդ զոհերը անհրաժեշտ էին, որպեսզի արդար Աստված ընդուներ ու հավանություն տար Իսրայելի ազգին ու նրա մատուցած պաշտամունքին։

Պոզահարող ցլի մասին օրենքը լուսաբանում է փրկագնի գաղափարը։ Եթե ցլի տերը հսկողության տակ չպահեր իր կենդանուն, և այն պոզահարեր ու սպաներ ինչ-որ մեկին, նրա տերը պետք է մահվան մատնվեր, որպեսզի իր սեփական կյանքով վճարեր սպանվածի կյանքի դիմաց։ Սակայն քանի որ նա միտումնավոր կամ իր ձեռքով չէր սպանել այդ մարդուն, դատավորները գուցե որոշեին նրան մահվան դատապարտելու փոխարեն «փրկագին [կոֆեր]» պահանջել նրանից, և այդ դեպքում նա պետք է ամբողջությամբ վճարեր սահմանված փրկագինը։ Սահմանված և վճարված գումարը համարվում էր փրկագին ցլի տիրոջ կյանքի համար և փոխհատուցում՝ սպանվածի կյանքի դիմաց (Ելք 21։28-32; հմմտ. 2Օր 19։21)։ Մյուս կողմից՝ փրկագին չէր կարելի վերցնել այն մարդու կյանքի դիմաց, ով միտումնավոր էր մարդ սպանել. նա միմիայն իր կյանքով պետք է վճարեր այդ արարքի համար (Թվ 35։31-33)։ Քանի որ մարդահամարի ժամանակ հաշվում էին անձանց (կամ՝ կյանքեր), 20 տարեկան ու ավելի բարձր տարիքի յուրաքանչյուր տղամարդ պետք է Եհովային կես սիկղ (1,10 դոլար) փրկագին (կոֆեր) տար իր կյանքի համար. թե՛ հարուստը, թե՛ աղքատը նույն գինն էին վճարում (Ելք 30։11-16)։

Քանի որ արդարության ցանկացած ոտնահարում տհաճություն է պատճառում թե՛ Աստծուն, թե՛ մարդկանց, փրկագինը (կամ՝ «ծածկելը») զորություն ուներ նաև կանխելու կամ հանդարտեցնելու զայրույթը (հմմտ. Եր 18։23, Rbi8-E; նաև Ծն 32։20, որտեղ կաֆար բառը թարգմանվել է «խաղաղեցնել»)։ Միևնույն ժամանակ Աստվածաշնչում ասվում է, որ այն ամուսինը, ով զայրացած էր իր կնոջ հետ շնություն գործած անհատի վրա, «ոչ մի փոխհատուցում [կամ՝ «փրկագին», կոֆեր] չէր ընդունի» (Առ 6։35, ծնթ.)։ Այդ բառը գործածվել է նաև այն մարդկանց առնչությամբ, ովքեր պետք է արդարադատություն իրագործեին, բայց փոխարենը նվեր կամ «կաշառք [կոֆեր]» էին վերցնում հանցանքը ծածկելու համար (1Սմ 12։3; Ամս 5։12)։

Փրկագնում, ազատագրում։ «Փրկագնել» բառով թարգմանվել է նաև եբրայերեն պադա բայը, իսկ «փրկագին» բառով՝ նույնարմատ պիդյոն գոյականը (Ելք 21։30)։ Այդ բառերն ակներևաբար արտահայտում են փրկագնի շնորհիվ ազատագրման իմաստ, մինչդեռ կաֆար բառը շեշտում է հենց վճարվող գինը և արդարության կշեռքը հավասարակշռելու դրա զորությունը։ Ազատագրել, կամ՝ փրկագնել (պադա) կարելի էր ստրկությունից (Ղև 19։20; 2Օր 7։8, ծնթ.), նեղություններից և այլ ծանր իրավիճակներից (2Սմ 4։9; Հոբ 6։23, ծնթ.; Սղ 55։18, ծնթ.) կամ մահից ու գերեզմանից (Հոբ 33։28; Սղ 49։15, ծնթ.)։ Աստվածաշնչում բազմիցս նշվում է, որ Եհովան Իսրայելի ազգին փրկագնեց Եգիպտոսից, որպեսզի այն լինի իր «սեփականությունը» (2Օր 9։26; Սղ 78։42, ծնթ.), և որ շատ դարեր անց նա փրկագնեց նրանց ասորեստանյան ու բաբելոնյան գերությունից (Ես 35։10; 51։11; Եր 31։11, 12; Զք 10։8-10)։ Այս դեպքերում նույնպես փրկագնելը ներառում էր գին, փոխանակում։ Իսրայելին Եգիպտոսից փրկագնելիս Եհովան ակներևաբար այնպես արեց, որ Եգիպտոսը գին վճարի։ Իսրայելը, կարելի է ասել, Աստծու «առաջնեկն» էր, ու Եհովան փարավոնին զգուշացրեց, որ եթե նա համառորեն թույլ չտա Իսրայելին հեռանալ, ապա կխլի նրա առաջնեկի, նաև Եգիպտոսի բոլոր առաջնեկների՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների կյանքը (Ելք 4։21-23; 11։4-8)։ Երբ Կյուրոսը տապալեց Բաբելոնը և գերությունից ազատեց հրեաներին, Եհովան նրան իր ժողովրդի դիմաց «որպես փրկագին [կոֆեր բառի ձևերից] տվեց Եգիպտոսը.... Եթովպիան ու Սեբան»։ Իսկ երբ հետագայում Պարսկական կայսրությունը զավթեց այդ տարածքները, այնտեղ բնակվող ազգերը տրվեցին իսրայելացիների կյանքը փրկելու համար (Ես 43։1-4)։ Այդ փոխանակումները ներդաշնակ են Աստծու ներշնչմամբ գրված հետևյալ խոսքերին. «Չարագործը փրկագին է [կոֆեր] արդարի համար, և անհավատարիմը կվերցվի ուղղամիտի փոխարեն» (Առ 21։18)։

Մեկ այլ եբրայերեն բառ, որ վերաբերում է փրկագնելուն, գաալ բառն է։ Այդ բառի հիմնական նշանակությունն է՝ «հետ պահանջել», «վերականգնել», «փրկագնել» (Եր 32։7, 8, ծնթ.)։ Պադա բառի հետ գաալ բառի նմանությունը կարելի է տեսնել Օսեե 13։14-ում, որտեղ դրանք զուգահեռաբար են գործածված։ Համարում ասվում է. «Ես եմ, որ փրկագնում եմ [պադա բառի ձևերից] գերեզմանի ձեռքից, որ հետ եմ բերում [գաալ բառի ձևերից] մահվան ճիրաններից» (հմմտ. Սղ 69։18, ծնթ.)։ Գաալ բառն ընդգծում է հետ պահանջելու կամ փրկագնելու իրավունքը։ Այդ իրավունքն ուներ այն մարդու մոտ ազգականը, ում հարկավոր էր փրկագնել կամ ում ունեցվածքը հարկավոր էր հետ գնել, ինչպես նաև հենց այն մարդը, ով վաճառել էր իրեն կամ իր ունեցվածքը։ Այսպիսով՝ մոտ ազգականը, ով կոչվում էր գոել, հանդես էր գալիս որպես «փրկագնող» (Հռթ 2։20; 3։9, 13; 4։14), իսկ մարդասպանության դեպքում՝ որպես «արյան վրիժառու» (Թվ 35։12)։

Մովսիսական օրենքի համաձայն՝ եթե աղքատ իսրայելացին ստիպված լիներ վաճառել իր ժառանգական կալվածքը, քաղաքում գտնվող իր տունը կամ նույնիսկ վաճառել ինքն իրեն, ապա «մոտ ազգականներից մեկը [գոել]» որպես փրկագնող իրավունք ուներ «հետ գնելու [գաալ] իր եղբոր վաճառածը»։ Դա կարող էր անել նաև հենց ինքը, եթե բավականաչափ միջոցներ ունենար (Ղև 25։23-27, 29-34, 47-49; հմմտ. Հռթ 4։1-15)։ Եթե մի մարդ իր տունը կամ արտը նվիրեր Աստծուն որպես սուրբ մի բան և հետո ցանկանար հետ գնել այն, ապա պետք է վճարեր սահմանված արժեքը՝ ավելացնելով դրա հինգերորդ մասը (Ղև 27։14-19)։ Սակայն «այն, ինչ մարդն անվերապահորեն նվիրում էր Եհովային», չէր կարելի փրկագնել (Ղև 27։28, 29)։

Դիտավորյալ մարդ սպանած անհատին թույլ չէր տրվում փախչել նշանակված ապաստանի քաղաքներից որևէ մեկը։ Գործը քննելուց հետո ժողովը նրան հանձնում էր «արյան վրիժառուի [գոել]»՝ զոհի մոտ ազգականի ձեռքը, ով մահվան էր մատնում մարդասպանին։ Մոտ ազգականը իրավունք ուներ սպանել իր հարազատի կյանքը խլած այդ մարդասպանին, քանի որ վերջինիս համար թույլ չէր տրվում «փրկագին [կոֆեր]» վերցնել, և անհնար էր հետ պահանջել կամ վերականգնել սպանվածի կյանքը (Թվ 35։9-32; 2Օր 19։1-13)։

Միշտ չէ, որ նյութական փոխհատուցում է ենթադրում։ Ինչպես արդեն նշվեց, Եհովան «ազատագրեց (պադա)» ու «փրկեց (գաալ)» Իսրայելին Եգիպտոսից (Ելք 6։6; Ես 51։10, 11)։ Հետագայում, քանի որ իսրայելացիները «անձնատուր եղան [բռց.՝ «ծախվեցին», ծնթ.] այնպիսի բաների, որոնք չար էին Եհովայի աչքում» (2Թգ 17։16, 17), նա մի քանի անգամ «նրանց մատնեց [բռց.՝ «վաճառեց», ծնթ.] իրենց շուրջը եղող թշնամիների ձեռքը» (Դտ 2։14; 3։8, ծնթ.; 10։7, ծնթ.; 1Սմ 12։9, ծնթ.)։ Սակայն երբ իսրայելացիները զղջում էին, Եհովան մղվում էր հետ գնելու՝ փրկագնելու նրանց նեղությունից կամ գերությունից (Սղ 107։2, 3, ծնթ.; Ես 35։9, 10; Մք 4։10)։ Այդպիսով նա հանդես էր գալիս որպես Գոել՝ Փրկագնող, ով ժողովրդի հետ ազգակցական կապ ուներ այն իմաստով, որ ամուսնական դաշինք էր կնքել նրա հետ (Ես 43։1, 14; 48։20; 49։26; 50։1, 2; 54։5-7)։ Երբ Եհովան նրանց «վաճառում» էր հեթանոս ազգերին, նա այդ ազգերից նյութական փոխհատուցում չէր ստանում։ Եհովայի վարձը լինում էր այն, որ բավարարվում էին արդարության նրա պահանջները, և իրագործվում էր նրա կամքը, որն էր՝ ուղղել ու խրատել իր ժողովրդին ըմբոստանալու և անհարգալից վարք դրսևորելու համար (հմմտ. Ես 48։17, 18)։

Նմանապես՝ երբ Աստված փրկագնում էր իր ծառաներին, վճարը միշտ չէ, որ նյութական էր լինում։ Օրինակ՝ երբ Եհովան իսրայելացիներին փրկագնեց բաբելոնյան գերությունից, Կյուրոսը հոժարակամորեն ազատեց նրանց՝ իր կյանքի ընթացքում չստանալով որևէ նյութական փոխհատուցում։ Սակայն երբ Եհովան իր ժողովրդին փրկագնում էր թշնամի ազգերից, որոնք դաժանաբար էին վերաբերվում նրանց, որպես վճար վերցնում էր այդ կեղեքիչների կյանքը (հմմտ. Սղ 106։10, 11; Ես 41։11-14; 49։26)։ Երբ Հուդայի թագավորության բնակիչները «վաճառվեցին», կամ՝ մատնվեցին բաբելոնացիների ձեռքը, Եհովան ոչ մի փոխհատուցում չստացավ։ Բացի այդ՝ գերեվարված հրեաները ո՛չ բաբելոնացիներին, ո՛չ էլ Եհովային ոչինչ չվճարեցին իրենց ազատության դիմաց։ Նրանք «ձրի» էին վաճառվել և «առանց փողի» էլ փրկագնվեցին։ Հետևաբար կարիք չկար, որ Եհովան վճարեր նրանց գերեվարողներին՝ արդարությունը վերականգնելու համար։ Փոխարենը նա փրկագնեց հրեաներին «իր սուրբ բազկի» զորությամբ (Ես 52։3-10; Սղ 77։14, 15)։

Այսպիսով՝ Եհովան, գործելով որպես Գոել, վրեժխնդիր էր լինում իր ծառաներին արված չարիքի համար և արդյունքում մաքրում էր իր անունը այն մարդկանց մեղադրանքներից, ովքեր տեսնելով Իսրայելի կրած նեղությունները՝ անարգում էին իրեն (Սղ 78։35, ծնթ.; Ես 59։15-20; 63։3-6, 9)։ Լինելով իր ժողովրդի և առանձին անհատների Մեծն Ազգականը ու Փրկագնողը՝ Եհովան «վարում էր նրանց դատական գործը», որպեսզի վերականգնի արդարությունը (Սղ 119։153, 154, ծնթ.; Եր 50։33, 34; Ողբ 3։58-60; հմմտ. Առ 23։10, 11)։

Հոբը, ով իսրայելացի չէր և ապրել էր նախքան Իսրայելի ազգի կազմավորվելը, հիվանդության պատճառով տառապանքներ կրելիս ասաց. «Ես լավ գիտեմ, որ ինձ ազատագրողը [բռց.՝ «փրկագնողը», ծնթ.] կենդանի է, նա կգա հետագայում ու կկանգնի երկրի վրա» (Հոբ 19։25; հմմտ. Սղ 69։18, ծնթ.; 103։4)։ Ընդօրինակելով Աստծուն՝ Իսրայելի յուրաքանչյուր թագավոր պետք է գործեր որպես աղքատին ու խեղճին փրկագնող (Սղ 72։1, 2, 13, 14, ծնթ.)։

Հիսուս Քրիստոսը՝ որպես Փրկագնող։ Վերոնշյալ տեղեկությունն օգնում է ավելի լավ հասկանալ այն փրկագնի նշանակությունը, որը տրվեց մարդկության համար Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Փրկագնի կարիք առաջացավ Եդեմում բարձրացված ըմբոստության պատճառով։ Ադամը վաճառեց իրեն, որպեսզի չարիք գործի, քանի որ եսասիրաբար ցանկացավ մնալ իր կնոջ հետ, ով, խախտելով Աստծու օրենքը, մեղավոր էր դարձել։ Ուստի նա Եվայի պես արժանացավ Աստծու դատապարտությանը։ Այսպիսով՝ Ադամը իրեն և իր սերունդներին ստրկության վաճառեց մեղքին ու մահվանը. դա այն գինն էր, որ պահանջում էր Աստծու արդարությունը (Հռ 5։12-19; հմմտ. Հռ 7։14-25)։ Ադամը կորցրեց իր կատարելությունը և այդ թանկ պարգևից զրկեց իր բոլոր սերունդներին։

Օրենքը, որը «գալիք օրհնությունների ստվերն էր», պահանջում էր կենդանական զոհեր մատուցել մեղքերը ծածկելու համար։ Սակայն քանի որ կենդանիները մարդուց ստորադաս են, այդ զոհերը զուտ խորհրդանշական իմաստով էին ծածկում մեղքերը։ Ուստի Պողոս առաքյալն ասաց, որ «ցլերի և այծերի արյունով անհնար էր [փաստացի] վերացնել մեղքերը» (Եբ 10։1-4)։ Նախապատկեր ծառայող կենդանական զոհերը ոչ մի արատ չպետք է ունենային (Ղև 22։21)։ Հետևաբար իսկական քավիչ զոհը՝ այն մարդը, ով փաստացի կարող էր վերացնել մեղքերը, նույնպես պետք է կատարյալ և անարատ լիներ։ Նա պետք է համապատասխաներ Ադամին, այսինքն՝ նրա պես կատարյալ լիներ, որպեսզի վճարեր փրկագինը և այդպիսով Ադամի սերունդներին ազատեր պարտքից, անկարողության վիճակից ու ստրկությունից, որին ծախվել էին իրենց նախահոր ձեռքով (հմմտ. Հռ 7։14; Սղ 51։5)։ Միայն այդպես նա կարող էր բավարարել Աստծու կատարյալ արդարության պահանջը, ըստ որի՝ հարկավոր էր համարժեք գին վճարել՝ «կյանքի դիմաց կյանք» (Ելք 21։23-25; 2Օր 19։21)։

Քանի որ Աստծու արդարությունն անփոփոխ է, ոչ մի մարդ երբեք չէր կարող փրկագնել մարդկությանը (Սղ 49։6-9)։ Սակայն հենց այդ անփոփոխ արդարության շնորհիվ երևաց, թե որքան սիրառատ ու գթասիրտ է Աստված, քանի որ նա բավարարեց արդարության իր իսկ պահանջները՝ վճարելով ահռելի փրկագին՝ տվեց իր Որդու կյանքը (Հռ 5։6-8)։ Դրա համար նրա Որդին պետք է մարդ դառնար, ինչպես որ կատարյալ Ադամն էր։ Այդ նպատակով Աստված իր Որդու կյանքը երկնքից տեղափոխեց Մարիամ անունով մի հրեա կույս աղջկա արգանդ (Ղկ 1։26-37; Հվ 1։14)։ Քանի որ Հիսուսն իր կյանքը չէր ստացել երկրային հորից՝ մեղավոր Ադամի հետնորդից, և քանի որ Աստծու սուրբ ոգին «հովանի» էր եղել Մարիամին նրա հղիության ընթացքում՝ ակներևաբար նրա արգանդում Հիսուսի սկզբնավորման պահից մինչև ծնվելը, Հիսուսը չժառանգեց մեղք և անկատարություն. նա «անարատ ու անբիծ գառ» էր, որի արյունը կարող էր ընդունելի զոհ լինել (Ղկ 1։35; Հվ 1։29; 1Պտ 1։18, 19)։ Նա իր ողջ կյանքի ընթացքում մեղք չգործեց և ոչնչով չարատավորվեց (Եբ 4։15; 7։26; 1Պտ 2։22)։ Հիսուսը մարդկության մոտ ազգականն էր, քանի որ դարձել էր «միս ու արյուն»։ Բացի այդ՝ նա մի արժեքավոր բան ուներ՝ իր կատարյալ կյանքը, որը փորձությունների ներքո անարատ էր մնացել։ Ուստի Հիսուսը կարող էր իր կատարյալ կյանքով փրկագնել ու ազատագրել մարդկանց (Եբ 2։14, 15)։

Քրիստոնեական Հունարեն Գրվածքները հստակ ցույց են տալիս, որ մեղքից ու մահից ազատագրվելը հնարավոր է միմիայն գին վճարելու միջոցով։ Այնտեղ ասվում է, որ քրիստոնյաների համար «գին է վճարվել» (1Կթ 6։20; 7։23), որ նրանք ունեն «տեր, որը գնել է իրենց» (2Պտ 2։1), իսկ Հիսուսը ներկայացված է որպես Գառ, որը «մորթվեց և իր արյունով Աստծու համար գնեց ամեն ցեղի, լեզվի, ժողովրդի և ազգի պատկանող մարդկանց» (Հտն 5։9)։ Այդ համարներում գործածված է հունարեն ագորազո բայը, որը պարզապես նշանակում է «գնել շուկայից [ագորա]»։ Պողոսը գործածեց նույնարմատ էկսագորազո բառը («փրկագնով ազատել»), երբ ասաց, որ Քրիստոսը «փրկագնով ազատեց Օրենքի տակ լինողներին»՝ մահանալով սյան վրա (Գղ 4։5; 3։13)։ Սակայն փրկագնելու կամ ազատագրելու իմաստը ավելի հաճախ և ավելի լիարժեք արտահայտում են հունարեն լիտրոն բառը և դրանից կազմված բառերը։

Հույն գրողները գործածում էին լիտրոն բառը (ծագել է լիո բայից, որը նշանակում է «ազատել», «ազատ արձակել»), երբ խոսքն այն գնի մասին էր, որը վճարում էին ռազմագերիներին փրկագնելու կամ պատանդներին ու ստրուկներին ազատելու համար (հմմտ. Եբ 11։35, ծնթ.)։ Աստվածաշնչում այդ բառը հանդիպում է երկու համարներում, որտեղ ասվում է, որ Քրիստոսը «իր կյանքը որպես փրկագին տվեց շատերի համար» (Մթ 20։28; Մկ 10։45)։ 1 Տիմոթեոս 2։6-ում գործածված է նույնարմատ անտիլիտրոն բառը։ Պարկերստի բառարանում ասվում է, որ այդ բառը նշանակում է «փրկագին, ազատագրելու համար վճարվող գին կամ ավելի ճիշտ՝ համապատասխան փրկագին»։ Պարկերստը մեջբերում է Հիպերիուսի խոսքերը. «[Այդ բառը] մատնանշում է այն գինը, որ վճարվում է գերիների ազատագրման համար, ինչպես նաև փոխանակմամբ ազատումը, երբ մեկի կյանքը փրկագնվում է ուրիշի կյանքով»։ Նա իր խոսքը եզրափակում է՝ ասելով. «Այդ պատճառով Արիստոտելը [անտիլիտրոո] բայը գործածում է կյանքը կյանքով փրկագնելու իմաստով» (Greek and English Lexicon to the New Testament, London, 1845, էջ 47)։ Աստվածաշունչն ասում է, որ Քրիստոսը «իր անձը որպես համապատասխան փրկագին տվեց բոլորի համար» (1Տմ 2։5, 6)։ Նույնարմատ մյուս բառերն են՝ լիտրոոմայ («ազատել», «փրկագնել») (Տիտ 2։14, ծնթ.; 1Պտ 1։18, 19, ծնթ.) և ապոլիտրոսիս («փրկագնով ազատագրվել», «փրկագնով ազատել») (Եփ 1։7, 14; Կղ 1։14)։ Ակնհայտ նմանություն կա այս և վերոնշյալ եբրայերեն բառերի գործածության միջև։ Դրանց իմաստն է՝ ոչ թե պարզապես գնել կամ ազատագրել, այլ փրկագնել, հատուցման դիմաց ազատել՝ վճարելով համապատասխան գին։

Թեև Քրիստոսի քավիչ զոհը տրվել է բոլորի համար, սակայն ոչ բոլորն են ընդունում այն։ «Աստված բարկացած կմնա» նրանց վրա, ովքեր չեն ընդունում քավիչ զոհը, ինչպես նաև նրանց վրա, ովքեր թեև սկզբում ընդունում են այն, բայց հետո մերժում են (Հվ 3։36; Եբ 10։26-29; հմմտ. Հռ 5։9, 10)։ Այդ մարդիկ չեն ազատվի իրենց վրա թագավորող մեղքի ու մահվան ստրկությունից (Հռ 5։21)։ Համաձայն Մովսիսական օրենքի՝ նա, ով դիտավորյալ մարդ սպաներ, չէր կարող փրկագնվել։ Կարելի է ասել, որ Ադամը հենց այդպիսի մարդասպան էր, քանի որ հոժարակամորեն բռնելով մեղքի ճանապարհը՝ մահ բերեց ողջ մարդկությանը (Հռ 5։12)։ Հետևաբար Աստված Հիսուսի զոհաբերած կյանքը չի կարող որպես փրկագին ընդունել մեղսագործ Ադամի համար։

Սակայն Աստված պատրաստ է փրկագնի հիման վրա ազատել Ադամի այն սերունդներին, ովքեր ցանկանում են օգուտներ քաղել դրանից։ Պողոսն ասաց, որ «ինչպես մեկ մարդու անհնազանդության պատճառով շատերը մեղավորներ դարձան, այդպես էլ մեկ մարդու հնազանդության շնորհիվ շատերը արդարներ կդառնան» (Հռ 5։18, 19)։ Երբ Ադամը մեղք գործեց ու մահվան դատապարտվեց, նրա սերունդները, որոնք դեռևս ծնված չէին, այսպես ասած, նրա ներսում էին (բռց.՝ «երանքում»), այդ պատճառով նրանք բոլորը նրա հետ մահացան (հմմտ. Եբ 7։4-10, ծնթ.)։ Կատարյալ մարդ Հիսուսը՝ «վերջին Ադամը» (1Կթ 15։45), միակ մարդն էր, ով ի զորու էր փրկագին վճարել Ադամի չծնված սերունդների համար։ Նա հոժարակամորեն զոհեց իր մարդկային կատարյալ կյանքը՝ վարվելով Եհովայի կամքին ներդաշնակ (Եբ 10։5)։ Հիսուսը կգործադրի փրկագնի հիման վրա Եհովայից ստացած իր իշխանությունը, որ կյանք տա բոլոր նրանց, ովքեր հավատում են քավիչ զոհի զորությանը (1Կթ 15։45; հմմտ. Հռ 5։15-17)։

Այսպիսով՝ Հիսուսը իսկապես «համապատասխան փրկագին» էր, որը տրվեց ոչ թե մեկ մեղսագործի՝ Ադամի, այլ բոլոր մարդկանց համար, որոնք սերեցին նրանից։ Նա փրկագնեց նրանց, որ դառնան իր ընտանիքի մի մասը, և դա արեց՝ երկնքում իր քավիչ զոհի ողջ արժեքը ներկայացնելով բացարձակ արդարության Աստծուն (Եբ 9։24)։ Արդյունքում Հիսուսի հետևորդները դարձան նրա «հարսը»՝ երկնային ժողովը (հմմտ. Եփ 5։23-27; Հտն 1։5, 6; 5։9, 10; 14։3, 4)։ Ավելին՝ Մեսիային առնչվող մարգարեությունները ցույց են տալիս, որ լինելով «Հավերժական Հայր»՝ նա «սերունդ» է ձեռք բերելու (Ես 53։10-12; 9։6, 7)։ Դա նշանակում է, որ փրկագինը չի կիրառվում միայն նրա «հարսի» նկատմամբ։ Բացի նրանցից, ովքեր «գնվեցին մարդկանց միջից որպես.... առաջին պտուղներ», որպեսզի դառնան երկնային ժողովի անդամներ՝ ուրիշները նույնպես Հիսուսի քավիչ զոհից օգուտներ կքաղեն և հավիտենական կյանք կստանան շնորհիվ այն բանի, որ կազատվեն իրենց մեղքերից ու կատարյալ կդառնան (Հտն 14։4; 1Հվ 2։1, 2)։ Քանի որ երկնային ժողովի անդամները Քրիստոսի հետ ծառայելու են որպես քահանաներ և «ղեկավարելու են երկիրը» որպես թագավորներ, ուրիշ մարդիկ, որոնք նույնպես օգուտներ են քաղում փրկագնից, կլինեն Քրիստոսի թագավորության երկրային հպատակները և որպես «Հավերժական Հոր» զավակներ՝ հավիտենական կյանք կստանան (Հտն 5։10; 20։6; 21։2-4, 9, 10; 22։17; հմմտ. Սղ 103։2-5)։ Քրիստոսի տված փրկագինը արտացոլում է Եհովայի իմաստությունն ու արդարությունը. նա կատարելապես հավասարակշռում է արդարության կշեռքը և միևնույն ժամանակ անզուգական բարություն է դրսևորում մարդկանց հանդեպ ու ներում է նրանց մեղքերը (Հռ 3։21-26)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը