ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
«Հաշտվել» նշանակում է «վերականգնել համերաշխ, ընկերական հարաբերությունները», «շտկել իրավիճակը», «հարթել վեճը» կամ «վերջ տալ տարաձայնությանը»։ Հաշտության հետ կապ ունեցող հունարեն բառերը ծագել են ալլասսո բայից, որը հիմնականում նշանակում է «փոխել» (Գրծ 6։14; Գղ 4։20, ծնթ.)։
Դրանից կազմված կատալլասսո բառը, որի հիմնական նշանակությունն է՝ «փոխանակել», ժամանակի ընթացքում ձեռք է բերել «հաշտվել» իմաստը (Հռ 5։10)։ Պողոսն այս բայը գործածեց, երբ ասաց, որ եթե կինը առանձնանա ամուսնուց, պետք է առանց ամուսնանալու մնա կամ էլ հաշտվի նրա հետ (1Կթ 7։11)։ Նույնարմատ դիալլասսոմայ բառը հանդիպում է Մատթեոս 5։24-ում, որտեղ Հիսուսը բացատրում է, որ անհատը պետք է նախ հաշտվի իր եղբոր հետ և հետո մատուցի իր ընծան։
Հաշտություն Աստծու հետ։ «Հռոմեացիներ» նամակում, ինչպես նաև այլ նամակներում Պողոսը գործածում է կատալլասսո և ապոկատալլասսո (սաստկական ձև) բառերը, երբ խոսում է այն մասին, որ մարդը Հիսուս Քրիստոսի զոհի հիման վրա հաշտվում է Աստծու հետ։
Հաշտության անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ մարդը օտարացել, հեռացել է Աստծուց։ Նա այլևս չունի ներդաշնակ, ընկերական հարաբերություններ Աստծու հետ։ Մարդը նույնիսկ նրա թշնամին է դարձել։ Այս ամենի պատճառը Ադամի՝ առաջին մարդու գործած մեղքն է և դրա հետևանքով առաջացած մեղավոր վիճակն ու անկատարությունը, որ ժառանգել են նրա բոլոր սերունդները (Հռ 5։12; հմմտ. Ես 43։27)։ Ահա թե ինչու Պողոս առաքյալն ասաց. «Միտքը մեղավոր բաների վրա կենտրոնացնողները Աստծու թշնամին են դառնում, քանի որ չեն հնազանդվում նրա օրենքին և չեն էլ կարող հնազանդվել [ժառանգած մեղքի և անկատարության պատճառով]։ Այսպիսով՝ մեղավոր մարմնի ցանկություններն անողները չեն կարող հաճելի լինել Աստծուն» (Հռ 8։7, 8)։ Այդ թշնամության պատճառն այն է, որ Աստված, ուղղորդվելով իր կատարյալ չափանիշներով, հավանություն չի տալիս մեղքին և չի հանդուրժում այն (Սղ 5։4; 89։14)։ Նրա Որդու մասին, ով արտացոլում էր Հոր կատարյալ հատկությունները, գրված է. «Դու սիրում ես արդարությունը և ատում անօրենությունը» (Եբ 1։9)։ Հետևաբար թեև «Աստված սեր է» և «այնքան շատ սիրեց աշխարհը [մարդկությանը], որ իր միածին Որդուն տվեց» մարդկանց համար, սակայն հարկավոր է հիշել, որ ընդհանուր առմամբ նրանք թշնամության մեջ են Աստծու հետ։ Աստված, մարդկանց հանդեպ սեր դրսևորելով, իրականում թշնամիների հանդեպ է սեր դրսևորում, սեր, որը հիմնված է սկզբունքների (հուն.՝ ագապե), ոչ թե կապվածության կամ ընկերության (հուն.՝ ֆիլիա) վրա (1Հվ 4։16; Հվ 3։16; հմմտ. Հկ 4։4)։
Քանի որ Աստծու չափանիշները կատարելապես ճիշտ են ու արդար, նա չի կարող հավանություն տալ մեղքին. այն հակառակ է նրա հստակ արտահայտված կամքին։ Աստված «կարեկից ու գթառատ է», «հարուստ է գթասրտությամբ» (Սղ 145։8, 9; Եփ 2։4)։ Սակայն գթասրտություն դրսևորելու համար նա չի անտեսում իր արդարության պահանջները։ Ինչպես նշված է Մակ-Քլինթոկի և Սթրոնգի հանրագիտարանում, Աստծու և մեղավոր մարդու հարաբերությունները «իրավական բնույթ են կրում, ինչպես այն հարաբերությունները, որ գոյություն ունեն որպես դատավոր հանդես եկող կառավարչի ու հանցագործի միջև, ով խախտել է նրա օրենքները և դուրս եկել նրա իշխանության դեմ։ Դրա հետևանքով [հանցագործին] թշնամի են համարում» (J. M’Clintock, J. Strong, Cyclopædia, 1894, հտր VIII, էջ 958)։ Հենց այդպիսի իրավիճակում հայտնվեցին մարդիկ իրենց նախահայր Ադամից ժառանգած մեղքի պատճառով։
Հաշտության համար հիմք։ Աստծու հետ լիակատար հաշտությունը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի միջոցով. նա է «ճանապարհը», և ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ նրա միջոցով (Հվ 14։6)։ Հիսուսի մահը «հաշտության զոհ էր [հուն.՝ հիլասմոն] մեր մեղքերի համար» (1Հվ 2։2; 4։10)։ Հիլասմոս բառը նշանակում է «խաղաղեցնելու միջոց», «քավություն»։ Հստակ է, որ Հիսուս Քրիստոսի զոհը «խաղաղեցնելու միջոց» էր ոչ թե այն իմաստով, որ մեղմում էր Աստծուն պատճառված ցավը կամ սփոփում էր նրան (քանի որ նրա սիրելի Որդու մահն, ինչ խոսք, այդպիսի ազդեցություն չէր ունենալ նրա վրա), այլ այն իմաստով, որ բավարարում էր Աստծու կատարյալ արդարության պահանջները՝ արդարացի և ճիշտ հիմք ծառայելով մեղքերի ներման համար։ Այսպիսով՝ Աստված «չի խախտում արդարության իր չափանիշները, երբ արդար է հայտարարում Հիսուսի հանդեպ հավատ ունեցողին [ի ծնե մեղավոր մարդուն]» (Հռ 3։24-26)։ Լինելով մեղքերի և անօրեն գործերի համար քավության միջոց՝ հաշտության զոհը (որը լիովին բավարարեց Աստծու արդարության պահանջները) հնարավորություն տվեց մարդուն վերականգնել իր հարաբերությունները Գերիշխան Աստծու հետ (Եփ 1։7; Եբ 2։17; տես ՓՐԿԱԳԻՆ)։
Փաստորեն, Աստված այնպես արեց, որ Քրիստոսի միջոցով՝ «տանջանքի սյան վրա նրա թափած արյան հիման վրա, իր հետ հաշտեցնի մնացած բոլորին»։ Այսպիսով՝ մարդիկ, որ «մի ժամանակ օտարացած էին Աստծուց և թշնամի էին նրան» չար գործերի վրա կենտրոնացած լինելու պատճառով, կարող էին հաշտվել «այդ մեկի մահով՝ նրա մարդկային մարմնի զոհաբերությամբ.... որ [նրանք Աստծու] աչքում լինեն սուրբ, անարատ և անմեղադրելի» (Կղ 1։19-22)։ Այդուհետ Եհովա Աստված կարող էր արդար հայտարարել նրանց, ում ընտրել էր դառնալու իր՝ ոգուց ծնված որդիները. նրանց դեմ ոչ ոք չէր կարող մեղադրանք ներկայացնել, քանի որ նրանք լիովին հաշտվել էին Աստծու հետ և նրա հետ խաղաղ հարաբերություններ ունեին (հմմտ. Գրծ 13։38, 39; Հռ 5։9, 10; 8։33)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր ծառայել են Աստծուն նախքան Քրիստոսի մահանալը։ Նրանց թվում են Աբելը, ում «Աստված հավաստիացում տվեց, որ արդար է համարում.... ընդունելով նրա ընծաները», Ենոքը, ով «հավաստիացում էր ստացել, որ հաճեցրել է Աստծուն», Աբրահամը, ով «Եհովայի ընկերը կոչվեց», Մովսեսը, Հեսուն, Սամուելը, Դավիթը, Դանիելը, Հովհաննես Մկրտիչը և Քրիստոսի աշակերտները (որոնց նա իր մահից առաջ ասաց. «Հայրն ինքը սիրում է ձեզ») (Եբ 11։4, 5; Հկ 2։23; Դն 9։23; Հվ 16։27)։ Եհովան փոխհարաբերություններ ուներ այդ մարդկանց հետ և նույնիսկ օրհնում էր նրանց։ Այդ դեպքում ինչո՞ւ կարիք կար, որ նրանք հաշտվեին Աստծու հետ Քրիստոսի մահվան միջոցով։
Անկասկած, այդ մարդիկ արդեն որոշ չափով հաշտվել էին Աստծու հետ։ Այնուամենայնիվ, նրանք, ինչպես և մնացած բոլոր մարդիկ ի ծնե մեղավոր էին և ընդունում էին իրենց մեղավոր լինելը՝ կենդանական զոհեր մատուցելով (Հռ 3։9, 22, 23; Եբ 10։1, 2)։ Ինչ խոսք, որոշ մարդիկ ավելի ծանր ու ամոթալի մեղքեր էին գործում, քան ուրիշները, ու երբեմն նույնիսկ բացահայտ ըմբոստ ոգի էին դրսևորում։ Սակայն մեղքը մնում է մեղք՝ անկախ իր աստիճանից կամ ծանրությունից։ Լինելով Ադամի սերունդները՝ բոլոր մարդիկ մեղավոր են, հետևաբար բոլորը, առանց բացառության, կարիք ունեն հաշտվելու Աստծու հետ, ինչը հնարավոր է նրա Որդու զոհաբերության շնորհիվ։
Աստված վերոնշյալ մարդկանց կարող էր իր ընկերը համարել նրանց հավատի հիման վրա, հավատ այն բանի հանդեպ, որ նա իր սահմանած ժամանակին մեղքից լիովին ազատվելու միջոց կտա նրանց (հմմտ. Եբ 11։1, 2, 39, 40; Հվ 1։29; 8։56; Գրծ 2։29-31)։ Փաստորեն, փրկագինը, որ Աստված տալու էր ապագայում, հիմք էր ծառայում, որ մարդիկ նրա հետ որոշ չափով հաշտված լինեին։ Ինչպես բացատրվում է ԱՐԴԱՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ հոդվածում, Աստված այդ մարդկանց արդար համարեց՝ հիմք ընդունելով նրանց հավատը։ Հաստատ իմանալով, որ ապագայում տրամադրելու է փրկագինը՝ նա կարող էր ընկերական հարաբերություններ ունենալ նրանց հետ և միևնույն ժամանակ չխախտել արդարության իր կատարյալ չափանիշները (Հռ 4։3, 9, 10; նաև հմմտ. Հռ 3:25, 26; 4:17)։ Այդուհանդերձ, հարկավոր էր, որ Աստծու արդարության տեղին պահանջները ի վերջո բավարարվեին, և մարդիկ արդար համարվեին պահանջված փրկագնի փաստացի վճարման հիման վրա։ Այս ամենն ընդգծում է Քրիստոսի կարևոր դերը Աստծու նպատակներում և ցույց է տալիս, որ առանց Հիսուս Քրիստոսի ոչ մի մարդ չի կարող արդար համարվել Աստծու աչքում (հմմտ. Ես 64։6; Հռ 7։18, 21-25; 1Կթ 1։30, 31; 1Հվ 1։8-10)։
Հաշտության համար անհրաժեշտ քայլեր։ Քանի որ մարդն է խախտել Աստծու օրենքը և խախտում է մինչ օրս, նա՛ պետք է հաշտվի Աստծու հետ, ոչ թե Աստված՝ մարդու հետ (Սղ 51։1-4)։ Մարդը Աստծուն հավասար չէ։ Բացի այդ՝ ճշտի և սխալի վերաբերյալ Աստծու դիրքորոշումը ենթակա չէ փոփոխության, շտկման կամ ճշգրտման (Ես 55։6-11; Մղք 3։6; հմմտ. Հկ 1։17)։ Ուստի հաշտության համար նրա դրած պայմանները քննարկման ենթակա ու վիճարկելի չեն, և դրանք հնարավոր չէ մեղմել (հմմտ. Հոբ 40։1, 2, 6-8; Ես 40։13, 14)։ Թեև շատ թարգմանություններում Եսայիա 1։18 համարը հնչում է հետևյալ կերպ՝ «Եկե՛ք իրար հետ քննենք [հարցը],– ասում է Տերը» (KJ; AT; JP; RS), ավելի ճշգրիտ ու հետևողական թարգմանությունը կհնչի այսպես. «Եհովան նաև ասում է. «Եկեք մեր միջև ամեն ինչ պարզենք [«Եկեք հարթենք վեճը», Ro]»»։ Աստծու և մարդու միջև խաթարված հարաբերությունների մեղավորը միմիայն մարդն է, ոչ թե Աստված (հմմտ. Եզկ 18։25, 29-32)։
Այնուամենայնիվ, Աստված գթասրտություն դրսևորեց մարդկանց հանդեպ և նախաձեռնություն վերցնելով՝ նրանց համար հաշտության ճանապարհ հարթեց։ Նա արեց դա իր Որդու միջոցով։ Պողոս առաքյալը գրեց. «Աստծու նշանակած ժամանակ Քրիստոսը մահացավ մեղսագործների համար։ Նա մահացավ մեզ համար, երբ մենք անօգնական էինք։ Առհասարակ հազիվ թե որևէ մեկը մահանա արդարի համար։ Բարի մարդու համար գուցե և ինչ-որ մեկը պատրաստ լինի մահանալ։ Այնինչ մենք դեռ մեղսագործներ էինք, երբ Քրիստոսը մահացավ մեզ համար, և դրանով Աստված իր սերը [ագապեն] դրսևորեց մեր հանդեպ։ Ուրեմն հիմա, երբ արդար ենք հայտարարվել Քրիստոսի արյան շնորհիվ, կարող ենք առավել ևս վստահ լինել, որ նրա միջոցով կփրկվենք Աստծու ցասումից։ Եթե դեռևս Աստծու թշնամիները լինելով՝ նրա Որդու մահով հաշտվեցինք նրա հետ, ապա հիմա, երբ արդեն հաշտվել ենք, կարող ենք առավել ևս վստահ լինել, որ կփրկվենք շնորհիվ այն բանի, որ Որդին ողջ է։ Հիմա մենք նաև ցնծում ենք Աստծու հետ մեր ունեցած փոխհարաբերություններով, ում հետ հաշտվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռ 5։6-11)։ Հիսուսին, «ով երբեք մեղք չէր գործել, Աստված տվեց որպես զոհ մեր մեղքերի համար», որպեսզի ազատի մեղքի դիմաց պատիժ կրելուց։ Արդյունքում մարդիկ կարող են Աստծու «աչքում արդար դառնալ [Հիսուսի] միջոցով» (2Կթ 5։18, 21)։
Աստված իր գթասրտությունն ու սերը դրսևորում է նաև նրանով, որ մեղավոր մարդկանց մոտ դեսպաններ է ուղարկում։ Հին ժամանակներում դեսպանները գլխավորապես ուղարկվում էին այն դեպքում, երբ կողմերի միջև ոչ թե խաղաղություն կար, այլ թշնամանք (հմմտ. Ղկ 19։14)։ Հաճախ նրանց առաքելությունը հնարավորության դեպքում պատերազմը կանխելն էր կամ պատերազմական դրությանը վերջ դնելը (Ես 33։7; Ղկ 14։31, 32; տես ԴԵՍՊԱՆ)։ Աստված իր ծառաներին որպես դեսպաններ ուղարկում է մարդկանց մոտ, որ նրանց տեղեկացնեն հաշտության իր պայմանների մասին և մղեն գործի անցնելու։ Պողոս առաքյալը գրեց. «Հետևաբար մենք Քրիստոսի անունից գործող դեսպաններ ենք, այնպես որ կարելի է համարել, որ Աստված մեր միջոցով իր կոչն է ուղղում մարդկանց։ Որպես Քրիստոսի անունից գործող դեսպաններ՝ մենք աղերսում ենք. «Հաշտվե՛ք Աստծու հետ»» (2Կթ 5։20)։ Այս կոչը չի վկայում Աստծու իշխանության թուլացման կամ չարագործության հանդեպ նրա վերաբերմունքի մեղմացման մասին։ Այն գթասրտությամբ լի հորդոր է օրինախախտներին, որ խաղաղ հարաբերություններ հաստատեն նրա հետ, որպեսզի իրենց վրա չբերեն նրա արդարացի բարկությունը։ Հակառակ դեպքում նրանք չեն կարողանա խուսափել կործանումից, որ Աստված բերելու է իր սուրբ կամքին համառորեն ընդդիմացող բոլոր մարդկանց վրա (հմմտ. Եզկ 33։11)։ Ինչպես այնուհետև հորդորեց առաքյալը, նույնիսկ քրիստոնյաները պետք է «այնպես անեն, որ իրենց հանդեպ Աստծու դրսևորած անզուգական բարությունը ապարդյուն չլինի», և շարունակ ձգտեն ստանալ Աստծու հավանությունը «բարեհաճության ժամանակ»՝ «փրկության օրը», որը նա գթասրտորեն սահմանել է մարդկանց համար (2Կթ 6։1, 2)։
Եթե մարդը հասկանում է հաշտության անհրաժեշտությունը և ընդունում է այդ նպատակով Աստծու տրամադրած միջոցը՝ նրա Որդու զոհը, ապա պետք է զղջա իր մեղքերի համար, դարձի գա և այլևս չընթանա սխալ ճանապարհով, այսինքն՝ այն ճանապարհով, որով ընթանում է մեղավոր մարդկությունը։ Քրիստոսի տված փրկագնի հիման վրա դիմելով Աստծուն՝ նա կարող է մեղքերի ներում ստանալ ու հաշտվել նրա հետ։ Այդ ժամանակ «Եհովան թարմություն կտա» նրան (Գրծ 3։18, 19)։ Բացի այդ՝ նա կունենա մտքի ու սրտի խաղաղություն (Փպ 4։6, 7)։ Նա այլևս չի լինի Աստծու թշնամին, ով իր վրա կրում է նրա բարկությունը. ըստ էության, նա «մահից կանցնի դեպի կյանք» (Հվ 3։16; 5։24)։ Դրանից հետո մարդը պետք է ջանք գործադրի, որ չկորցնի Աստծու բարեհաճությունը՝ «անկեղծորեն նրան աղոթելով», «շարունակելով ապրել իր հավատի համաձայն» և «չշեղվելով այն հույսից, որը ձեռք է բերել՝ բարի լուրը լսելով» (Սղ 145։18; Փպ 4։9; Կղ 1։22, 23)։
Աստված ի՞նչ իմաստով է «օգնում աշխարհին հաշտվել իր հետ»
Պողոս առաքյալը նշեց, որ «Աստված Քրիստոսի միջոցով օգնում է աշխարհին հաշտվել իր հետ և այլևս հաշիվ չի պահանջում նրանց հանցանքների համար» (2Կթ 5։19)։ Այս խոսքերից չի կարելի եզրակացնել, որ Հիսուսի զոհի միջոցով բոլոր մարդիկ ինքնաբերաբար հաշտվում են Աստծու հետ, քանի որ առաքյալն այնուհետև ասաց, որ դեսպաններն աղերսում են նրանց. «Հաշտվե՛ք Աստծու հետ» (2Կթ 5։20)։ Իրականում Աստծու հետ հաշտվելու հնարավորությունը տրված է բոլոր ցանկացողներին։ Հիսուսը եկավ, որ «իր կյանքը որպես փրկագին տա շատերի համար», և միայն նա, «ով հավատ է դրսևորում Որդու հանդեպ, հավիտենական կյանք ունի», իսկ «ով չի հնազանդվում Որդուն, այդ կյանքը չի տեսնի. Աստված բարկացած կմնա նրա վրա» (Մթ 20։28; Հվ 3։36; հմմտ. Հռ 5։18, 19; 2Թղ 1։7, 8)։
Եհովա Աստված նպատակ ունի «Քրիստոսի միջոցով նորից համախմբել բոլորին՝ նրանց, ովքեր երկնքում են, և նրանց, ովքեր երկրի վրա են» (Եփ 1։10)։ Այդ պատճառով բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում «ամեն ինչ պարզել» (Ես 1։18) և հաշտվել Եհովա Աստծու հետ, կկործանվեն։ Արդյունքում ողջ տիեզերքում ամեն բան ներդաշնակ կլինի Աստծու կամքին, մարդկությունը կրկին ընկերական հարաբերություններ կունենա նրա հետ և կվայելի առատ օրհնություններ, ինչպես որ ամենասկզբում Եդեմի պարտեզում էր (Հտն 21։1-4)։
Եհովան Իսրայելի հետ կապած ուխտը անվավեր դարձրեց, քանի որ այդ ազգը անհավատարիմ եղավ իրեն ու մերժեց իր Որդուն (Մթ 21։42, 43; Եբ 8։7-13)։ Ակներևաբար Պողոսը հենց դա նկատի ուներ, երբ ասաց, որ հրեաների «մերժվելը Աստծու հետ հաշտվելու դուռ բացեց աշխարհի համար» (Հռ 11։15)։ Ինչպես երևում է համատեքստից, այդպիսով հաշտության ճանապարհ բացվեց այն մարդկանց համար, ովքեր հրեա ազգից չէին։ Այլ կերպ ասած՝ այլազգիները հնարավորություն ստացան միանալու հավատարիմ հրեաներին, մտնելու նոր ուխտի մեջ և կազմելու Աստծու նոր ազգը՝ հոգևոր Իսրայելը (հմմտ. Հռ 11։5, 7, 11, 12, 15, 25)։
Քանի որ հրեաները Աստծու հետ ուխտի մեջ էին և նրա «հատուկ սեփականությունն» էին (Ելք 19։5, 6; 1Թգ 8։53; Սղ 135։4), նրանց միջև որոշ չափով հաշտություն կար, թեև ժողովուրդը դեռ կարիք ուներ լիովին հաշտվելու Աստծու հետ խոստացված Փրկչի՝ Մեսիայի միջոցով (Ես 53։5-7, 11, 12; Դն 9։24-26)։ Իսկ այլազգիները «օտար էին Իսրայելի ժողովրդին և օտար լինելով՝ բաժին չունեին խոստման վրա հիմնված ուխտերի մեջ»։ Նրանք «այս աշխարհում ապրում էին առանց հույսի և առանց Աստծու», քանի որ չունեին նրա հավանությունը (Եփ 2։11, 12)։ Սակայն համաձայն Սերնդի մասին սրբազան գաղտնիքի՝ Աստված նպատակ ուներ օրհնելու «երկրի բոլոր ազգերին» (Ծն 22։15-18)։ Դա անելու միջոցը՝ Հիսուս Քրիստոսի զոհը, դուռ բացեց Աստծուց օտարացած ազգերի մարդկանց համար, որպեսզի նրանք ևս «Քրիստոսի արյան շնորհիվ» մոտենան Աստծուն (Եփ 2։13)։ Բացի դրանից՝ այդ զոհը քանդեց հրեաներին և այլազգիներին բաժանող պատը, քանի որ իրագործեց Օրենքի ուխտի նպատակը ու վերացրեց այդ Օրենքը։ «Տանջանքի սյան վրա մահանալով՝ [Քրիստոսը] վերջ դրեց թշնամանքին [Օրենքի ուխտի պատճառով առաջացած բաժանությանը], այս երկու խմբերին լիովին հաշտեցրեց Աստծու հետ ու մեկ մարմին դարձրեց նրանց»։ Այդուհետ թե՛ հրեաները, թե՛ այլազգիները կարող էին մոտենալ Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ավելի ուշ այլազգիները նույնպես մտան նոր ուխտի մեջ՝ որպես Քրիստոսի ժառանգակիցներ (Եփ 2։14-22; Հռ 8։16, 17; Եբ 9։15)։