Եղիր զիջող և հավասարակշռված
«Շարունակիր հիշեցնել նրանց, որ.... լինեն խոհեմ [կամ՝ զիջող]» (ՏԻՏՈՍ 3։1, 2)։
1, 2. Ի՞նչ են ասում Գրությունները զիջող լինելու մասին, և ինչո՞ւ է զիջելը տեղին։
ԵՀՈՎԱՆ՝ մեր սիրառատ երկնային Հայրը, անսահմանորեն իմաստուն է։ Նա է մեզ ստեղծել, ուստի առաջնորդության համար նրան ենք դիմում (Սաղ. 48։14)։ Քրիստոնյա աշակերտ Հակոբոսն ասում է. «Վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար, խոհեմ [կամ՝ զիջող], հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի, կողմնապահություն չանող, առանց կեղծավորության» (Հակ. 3։17)։
2 Իսկ Պողոս առաքյալը հորդորում է. «Թող ձեր խոհեմությունը [կամ՝ զիջողամտությունը] հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպ. 4։5)a։ Հիսուս Քրիստոսը քրիստոնեական ժողովի Տերը և Գլուխն է (Եփես. 5։23)։ Որքա՜ն կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը խոհեմ լինի, այսինքն՝ հնազանդվի Քրիստոսի առաջնորդությանը և զիջողամտություն դրսևորի։
3, 4. ա) Օրինակով ցույց տուր, որ զիջող լինելը օգտակար է։ բ) Ի՞նչ ենք քննարկելու։
3 Մենք օգուտներ կստանանք, եթե տրամադրված լինենք զիջելու՝ չմոռանալով հավասարակշռության մասին։ Բերենք հետևյալ օրինակը։ Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում բացահայտվեց կազմակերպվող ահաբեկչական գործողությունը, ինքնաթիռների գրեթե բոլոր ուղևորները կարծես պատրաստ էին հետևելու նոր հրահանգներին, այսինքն՝ իրենց հետ ինքնաթիռի սրահ չտանել այն իրերը, որոնք մինչ այդ թույլատրվում էին։ Մեկ ուրիշ օրինակ։ Ավտոմեքենա վարելիս ծանրաբեռնված խաչմերուկում մենք զիջում ենք ճանապարհը, որպեսզի վթարային իրադրություն չստեղծվի և ոչ ոք չվնասվի։
4 Շատերիս համար հեշտ չէ զիջել։ Սակայն մենք կցանկանայինք զիջողամիտ լինել։ Այս առնչությամբ եկեք քննենք մեր մղումները, վերաբերմունքը իշխանության հանդեպ և այն, թե ինչ չափով պետք է զիջենք։
Ինչո՞ւ զիջող լինել
5. Մովսիսական օրենքի ներքո գտնվող ծառային ի՞նչը կարող էր մղել մնալու իր տիրոջ հետ։
5 Նախաքրիստոնեական ժամանակների մի օրինակ կարող է օգնել մեզ տեսնելու, թե ինչ մղումներով պետք է զիջենք։ Մովսիսական օրենքի համաձայն՝ ծառա դարձած հրեաները իրենց ծառայության յոթերորդ տարում կամ էլ Հոբելյան տարում (կախված, թե որը առաջինը կգար) պետք է ազատ արձակվեին։ Սակայն ծառան կարող էր նախընտրել մնալ որպես ծառա (կարդա՛ Ելից 21։5, 6)։ Ի՞նչն էր մղում նրան այդպիսի որոշում կայացնելու։ Սերն էր մղում ծառային մնալու իր հոգատար տիրոջ իշխանության ներքո։
6. Ի՞նչ դեր ունի սերը զիջող լինելու հարցում։
6 Նմանապես, սերը Եհովայի հանդեպ մղում է մեզ նվիրվելու նրան և ապրելու մեր նվիրման համաձայն (Հռոմ. 14։7, 8)։ «Սա է Աստծու [հանդեպ] սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանրաբեռնող չեն»,— գրեց Հովհաննես առաքյալը (1 Հովհ. 5։3)։ Այդ սերը իր սեփական շահը չի փնտրում (1 Կորնթ. 13։4, 5)։ Երբ առնչվում ենք մարդկանց հետ, սերը մերձավորի հանդեպ մղում է մեզ զիջելու և անեսասիրաբար ուրիշներին մեզանից ավելի բարձր համարելու (Փիլիպ. 2։2, 3)։
7. Ի՞նչ դեր ունի զիջողամտությունը ծառայության մեջ։
7 Մենք չպետք է մեր խոսքերով ու գործերով գայթակղության պատճառ լինենք (Եփես. 4։29)։ Այո՛, սերը կօգնի մեզ չանել այնպիսի մի բան, որը կխանգարի տարբեր ծագում ունեցող մարդկանց հոգևորապես առաջադիմելու և Եհովային ծառայելու։ Զիջողամտությունը կարող է օգնել այս հարցում։ Օրինակ՝ հնարավոր է՝ միսիոներ ծառայող քույրը սովոր է կոսմետիկա օգտագործել և զուգագուլպաներ հագնել։ Սակայն նա թերևս հրաժարվի դրանցից այն վայրերում, որտեղ նման բաները կարող են իր բարոյականությունը հարցականի տակ դնել և գայթակղել ուրիշներին (1 Կորնթ. 10։31–33)։
8. Աստծու հանդեպ սերը ինչպե՞ս կարող է օգնել մեզ վարվել «փոքրի պես»։
8 Եհովայի հանդեպ սերը օգնում է մեզ ճնշել մեր հպարտությունը։ Հիսուսը մի երեխայի կանգնեցրեց առաքյալների մեջտեղը, որոնք վիճում էին, թե իրենցից ով է ամենամեծը։ Նա ասաց. «Ով որ այս երեխային ընդունում է իմ անունով, ինձ էլ է ընդունում, և ով որ ինձ է ընդունում, ընդունում է նաև նրան, ով ուղարկեց ինձ։ Որովհետև նա, ով փոքրի պես է վարվում ձեր բոլորի մեջ, նա է մեծ» (Ղուկ. 9։48; Մարկ. 9։36)։ Գուցե զգանք, որ մեզ համար դժվար է վարվել «փոքրի պես»։ Ժառանգած անկատարությունը և հպարտության հակումը գուցե դրդեն մեզ ձգտել դիրքի, սակայն խոնարհությունը կօգնի զիջող լինել (Հռոմ. 12։10)։
9. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ զիջող ենք։
9 Մենք զիջող կլինենք, եթե հնազանդվենք Աստծու կողմից նշանակված իշխանությանը։ Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները ընդունում և կարևորում են գլխավորության սկզբունքը։ Պողոս առաքյալը այդ բանը հստակ բացատրեց կորնթացիներին. «Ուզում եմ իմանաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը տղամարդն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված» (1 Կորնթ. 11։3)։
10. Ի՞նչ ենք փաստում՝ հնազանդվելով Եհովայի իշխանությանը։
10 Հնազանդվելով Աստծու իշխանությանը՝ փաստում ենք, որ վստահում և ապավինում ենք մեր սիրառատ Հորը։ Նա տեղյակ է ամեն ինչից և կարող է մեզ օրհնել մեր ցուցաբերած հնազանդության համար։ Սա օգտակար է հիշել, երբ ուրիշները հարգանքով չեն վերաբերվում մեզ կամ բարկանում են մեզ վրա։ Պողոսը գրեց. «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղությո՛ւն ունեցեք բոլոր մարդկանց հետ»։ Առաքյալն ընդգծում է այս խորհուրդը՝ ավելացնելով. «Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, այլ տեղ թողեք ցասմանը, որովհետև գրված է. «Վրեժխնդրությունը ի՛մն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան» (Հռոմ. 12։18, 19)։
11. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ենթարկվում ենք Քրիստոսի գլխավորությանը։
11 Մենք պետք է հարգենք աստվածային իշխանությունը նաև քրիստոնեական ժողովում։ «Հայտնություն» գրքի 1–ին գլխում Հիսուս Քրիստոսը պատկերվում է՝ ժողովի «աստղերը» աջ ձեռքում պահած (Հայտն. 1։16, 20)։ Այդ «աստղերը» լայն իմաստով ներկայացնում են ժողովի երեցների, կամ՝ վերակացուների խորհուրդները։ Այդ նշանակված վերակացուները հնազանդվում են Քրիստոսի առաջնորդությանը և նրա պես քաղցրությամբ են վերաբերվում մարդկանց։ Հիսուսը «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով հոգևոր կերակուր է տալիս ճիշտ ժամանակին, և ժողովի բոլոր անդամները հնազանդվում են այս կառույցին (Մատթ. 24։45–47)։ Պատրաստակամորեն ուսումնասիրելով և կիրառելով «ծառայի» տված հրատարակությունները՝ մենք ցույց ենք տալիս, որ ենթարկվում ենք Քրիստոսի գլխավորությանը, ինչն էլ նպաստում է մեր խաղաղությանն ու միասնությանը (Հռոմ. 14։13, 19)։
Ի՞նչ չափով զիջել
12. Ինչո՞ւ ամեն հարցում չէ, որ կարելի է զիջել։
12 Զիջել չի նշանակում զիջումների գնալ հավատի կամ Աստծու սկզբունքների հարցում։ Ի՞նչ դիրք բռնեցին վաղ քրիստոնյաները, երբ կրոնական առաջնորդները պատվիրեցին նրանց չքարոզել Հիսուսի անունով։ Պետրոսն ու մյուս առաքյալները համարձակորեն ասացին. «Մարդկանց հնազանդվելու փոխարեն՝ մենք պետք է Աստծո՛ւն հնազանդվենք որպես ղեկավարի» (Գործ. 4։18–20; 5։28, 29)։ Նույնը և այսօր։ Երբ պետական իշխանությունները փորձում են ստիպել մեզ դադարեցնել բարի լուրի քարոզչությունը, մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք մեր գործը՝ որոշակի փոփոխություններ կատարելով քարոզելու ձևի մեջ։ Եթե արգելվում է տնետուն քարոզելը, մենք կարող ենք բնակիչների հետ հաղորդակցվելու այլ կերպեր փնտրել՝ այդպիսով շարունակելով կատարել Աստծուց ստացած մեր հանձնարարությունը։ Իսկ եթե «վերին իշխանությունները» արգելում են մեզ հանդիպումներ անցկացնել, մենք ջանում ենք ուշադրություն չգրավել՝ հավաքվելով փոքր խմբերով (Հռոմ. 13։1; Եբր. 10։24, 25)։
13. Ի՞նչ ասաց Հիսուսը իշխանությանը հնազանդվելու վերաբերյալ։
13 Լեռան քարոզն ասելիս Հիսուսը շեշտեց իշխանությանը հնազանդվելու կարևորությունը. «Եթե մեկը ուզում է քեզ դատի տալ, որպեսզի ներքնահագուստդ վերցնի, քո վերնահագո՛ւստն էլ տուր նրան. և եթե իշխանություն ունեցող մեկը ստիպում է քեզ իրեն ծառայելու համար գնալ մեկ մղոն, նրա հետ երկո՛ւսը գնա» (Մատթ. 5։40, 41)b։ Ուրիշներին հաշվի առնելը և նրանց օգնելու ցանկությունը ևս պետք է մղեն մեզ, այսպես ասած, մեկից ավելի մղոն գնալու նրանց հետ (1 Կորնթ. 13։5; Տիտոս 3։1, 2)։
14. Ինչո՞ւ երբեք չպիտի զիջենք հավատուրացներին։
14 Ճիշտ է, ուզում ենք զիջողամիտ լինել, բայց երբեք չենք զիջի հավատուրացներին։ Մենք պետք է հստակ ու վճռական դիրք բռնենք այս հարցում, որպեսզի ճշմարտությունը չաղավաղվի, և ժողովը միասնական մնա։ «Կեղծ եղբայրների» մասին Պողոսը գրեց. «Դրանց մեկ ժամով անգամ չզիջեցինք ու չհնազանդվեցինք, որ բարի լուրի ճշմարտությունը շարունակի ձեզ հետ մնալ» (Գաղ. 2։4, 5)։ Հնարավոր է, թեև հազվադեպ, հավատուրացության որևէ դրսևորում լինի, բայց նվիրված քրիստոնյաները հաստատակամորեն կանեն այն, ինչ ճիշտ է։
Վերակացուները պետք է զիջող լինեն
15. Ինչպե՞ս կարող են քրիստոնյա երեցները զիջողամիտ լինել, երբ հավաքվում են քննելու ժողովի հետ կապված որևէ հարց։
15 Որպեսզի անհատը համապատասխանի վերակացուի նշանակմանը, նա, ի թիվս այլ բաների, պետք է նաև զիջող լինի։ Պողոսը գրեց. «Վերակացուն պետք է լինի.... խոհեմ [կամ՝ զիջող]» (1 Տիմոթ. 3։2, 3)։ Այս հատկությունը կարևոր է դրսևորել հատկապես այն ժամանակ, երբ երեցները հավաքվում են քննելու ժողովի հետ կապված հարցեր։ Նախքան որոշում կայացնելը նրանք կարող են անկաշկանդ ու հստակ հայտնել իրենց տեսակետները, թեև չի պահանջվում, որ յուրաքանչյուր երեց արտահայտվի։ Քննարկման ընթացքում անհատի կարծիքը կարող է փոխվել, մինչ նա լսում է մյուսների մեկնաբանությունները հարցին առնչվող սուրբգրային սկզբունքների վերաբերյալ։ Անձնական տեսակետը պնդելու փոխարեն՝ հասուն երեցը զիջում է։ Հանդիպման սկզբում գուցե երեցները տարբեր տեսակետներ ունենան, սակայն աղոթքն ու խորհրդածությունը կնպաստի, որ խոնարհ ու զիջող երեցների միջև միասնություն լինի (1 Կորնթ. 1։10; կարդա՛ Եփեսացիներ 4։1–3)։
16. Ինչի՞ն պետք է միշտ հետևի քրիստոնյա վերակացուն։
16 Քրիստոնյա երեցը միշտ պետք է հետևի աստվածապետական կարգին։ Նա այդ կարգին պիտի հետևի նաև այն ժամանակ, երբ հովվում է Աստծու հոտը՝ դրսևորելով հոգատարություն և մեղմություն։ Պետրոսը գրեց. «Հովվե՛ք Աստծու հոտը, որ ձեր հոգածության տակ է, ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ» (1 Պետ. 5։2)։
17. Ինչպե՞ս կարող են ժողովի բոլոր անդամները զիջողամիտ լինել միմյանց նկատմամբ։
17 Ժողովի տարեց անդամները բարձր են գնահատում երիտասարդների ցուցաբերած օգնությունը և հարգում են նրանց արժանապատվությունը։ Վերջիններս էլ, իրենց հերթին, հարգում են տարեցներին, ովքեր երկար տարիներ ծառայել են Եհովային (1 Տիմոթ. 5։1, 2)։ Քրիստոնյա երեցները սովորեցնում են ընդունակ եղբայրներին պատասխանատվություններ ստանձնել և հոգալ Աստծու հոտի կարիքները (2 Տիմոթ. 2։1, 2)։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է արժևորի Պողոսի ներշնչյալ խորհուրդը. «Հնազանդվե՛ք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, և հպատակվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար՝ իբրև այնպիսիներ, որոնք հաշիվ պետք է տան. որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար» (Եբր. 13։17)։
Զիջող լինենք ընտանիքում
18. Ինչո՞ւ է անհրաժեշտ զիջողամիտ լինել ընտանիքում։
18 Ընտանիքում ևս հարկավոր է զիջողամտություն ցուցաբերել (կարդա՛ Կողոսացիներ 3։18–21)։ Աստվածաշունչը մատնանշում է, թե որն է քրիստոնեական ընտանիքի յուրաքանչյուր անդամի դերը։ Ամուսինը իր կնոջ գլուխն է, և նա է գլխավորապես պատասխանատու երեխաների դաստիարակության համար։ Կինը պետք է հնազանդվի իր ամուսնու իշխանությանը, իսկ երեխաները պետք է ձգտեն լսող լինել, քանի որ դա հաճելի է Տիրոջը։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է նպաստել ընտանիքի միասնությանն ու խաղաղությանը՝ լինելով զիջող, ընդ որում այս հատկությունը դրսևորելով տեղին և հավասարակշռված ձևով։ Աստվածաշնչում կան օրինակներ, որոնք լուսաբանում են այս հարցը։
19, 20. ա) Ե՛վ Հեղին, և՛ Եհովան զիջեցին, բայց ո՞րն էր տարբերությունը։ բ) Ի՞նչ կարող են ծնողները սովորել այս օրինակներից։
19 Սամուելը դեռ երեխա էր, երբ Հեղին քահանայապետ էր Իսրայելում։ Սակայն Հեղիի որդիները՝ Ոփնին և Փենեհեսը, «չար զաւակներ էին, Տիրոջը չէին ճանաչում»։ Հեղին նրանց մասին վատ լուրեր էր լսում, մասնավորապես այն, որ նրանք պոռնկություն են գործում ժողովի խորանի մուտքի մոտ ծառայող կանանց հետ։ Ինչպե՞ս նա արձագանքեց։ Հեղին ասաց, որ եթե նրանք Եհովայի դեմ են մեղք գործում, ապա ոչ ոք նրանց համար չի աղոթի։ Բայց նա չուղղեց ու չպատժեց իր որդիներին։ Ուստի վերջիններս շարունակեցին իրենց մեղավոր ընթացքը։ Եհովան միանգամայն արդարացիորեն որոշեց, որ նրանք արժանի են մահվան։ Որդիների մահվան լուրը լսելով՝ Հեղին էլ մահացավ։ Որքա՜ն ցավալի էր։ Ակնհայտ է, որ Հեղիի զիջողամտությունը անտեղի էր։ Նա չպետք է թույլ տար որդիներին շարունակելու իրենց չար ընթացքը (Ա Թագ. 2։12–17, 22–25, 34, 35; 4։17, 18)։
20 Իսկ հիմա քննենք, թե ինչպես Աստված վարվեց իր երկնային որդիների հետ։ Միքիա մարգարեն տեսավ մի տեսիլք, որտեղ Եհովան հանդիպեց իր հրեշտակների հետ։ Աստված հարցրեց, թե նրանցից ով կխաբի Իսրայելի չար Աքաաբ թագավորին, այնպես, որ վերջինս կործանվի։ Եհովան լսեց իր ոգեղեն որդիների առաջարկները։ Այնուհետև հրեշտակներից մեկն ասաց, որ ինքը կանի։ Եհովան հարցրեց, թե ինչպես։ Լսելով պատասխանը՝ նա հրեշտակին թույլ տվեց վարվել իր առաջարկի համաձայն (Գ Թագ. 22։19–23)։ Մի՞թե ընտանիքի անդամները չեն կարող զիջելու առումով ինչ–որ բան սովորել այս դեպքից։ Քրիստոնյա ամուսինը և հայրը լավ կանի, եթե հաշվի առնի կնոջ ու երեխաների մտքերն ու տեսակետները։ Իսկ վերջիններս էլ պետք է հիշեն, որ թեև հայտնել են իրենց կարծիքը, այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինեն զիջելու և ընտանիքի գլխի կայացրած որոշումն ընդունելու։
21. Ի՞նչ կքննարկենք հաջորդ հոդվածում։
21 Որքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան՝ մեր սիրառատ և իմաստուն Աստվածը, հիշեցումներ է տալիս զիջող լինելու մասին (Սաղ. 119։99)։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչպես է հավասարակշռված զիջողամտությունը նպաստում ամուսինների ուրախությանը։
[ծանոթագրություններ]
a Պողոս առաքյալը օգտագործեց մի բառ, որի իմաստը դժվար է մեկ բառով փոխանցել։ Շատ համարներում բնագրի բառերը, որոնք թարգմանվել են «խոհեմ», «խոհեմություն», կարող են ունենալ զիջելու իմաստ։ Մի աշխատությունում նշվում է. «Այդ բառը նշանակում է պատրաստ լինել հարգելու անհատի իրավունքները, հաշվի առնել նրան և մեղմությամբ վերաբերվել»։ Ուստի այդ բառը ունի զիջելու և խոհեմ լինելու, օրենքի տառից չկառչելու կամ սեփական իրավունքները չպնդելու իմաստ։
b Տե՛ս «Եթե մեկը քեզ հարկադրում է ծառայել» հոդվածը, «Դիտարան», 2005 թ. փետրվարի 15, էջ 23–26։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ լավ պտուղներ կարող է բերել զիջողամտությունը։
• Ինչպե՞ս կարող են վերակացուները զիջողամտություն դրսևորել։
• Ինչո՞ւ է զիջողամտությունը կարևոր ընտանիքում։
[նկար 4–րդ էջի վրա]
Երեցները Քրիստոսի պես քաղցրությամբ են վերաբերվում մարդկանց
[նկար 6–րդ էջի վրա]
Երբ ժողովի երեցները հանդիպում են, աղոթքը, խորհրդածությունը և զիջողամտությունը նպաստում են միասնությանը