Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 7/1 էջ 10–13
  • Ինչպես կարող ես օգնել հիվանդ ընկերոջդ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես կարող ես օգնել հիվանդ ընկերոջդ
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Լսիր ուշադրությամբ
  • Եղիր կարեկից ու նրբանկատ
  • Քաջալերության աղբյուր եղիր
  • Օգնության ձեռք մեկնիր
  • Կապ պահիր հիվանդ ընկերոջդ հետ
  • Ասե՞մ, թե՞ չասեմ
    2009 Արթնացե՛ք
  • Ինչպես օգնել հոգեկան խնդիրներ ունեցողներին
    2023 Դիտարան (հանրային թողարկում)
  • Աստված հրավիրում է քեզ դառնալ իր բարեկամը
    Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը
    2014 Արթնացե՛ք
Ավելին
2010 Դիտարան
w10 7/1 էջ 10–13

Ինչպես կարող ես օգնել հիվանդ ընկերոջդ

ԵՐԲԵՎԷ մտածե՞լ ես, թե ինչպես կարող ես օգնել հիվանդ ընկերոջդ։ Դժվարացե՞լ ես բառեր գտնել նրան մխիթարելու համար։ Այս խնդրին շատերն են բախվում։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ խիստ կանոններ չկան այս հարցում, քանի որ մարդիկ տարբեր բնավորության գծեր ունեն, տարբեր մշակույթներից են։ Այն, ինչ թեթևացնում է մեկի ցավը, հնարավոր է չօգնի մյուսին։ Անհատի հանգամանքներն ու ինքնազգացողությունը կարող են կտրուկ փոխվել մեկ-երկու օրվա ընթացքում։

Ամեն դեպքում հիվանդը օգնության կարիք ունի։ Հետևաբար փորձիր պատկերացնել քեզ նրա փոխարեն և մտածիր, թե ինչով կարող ես օգնել։ Ահա մի քանի առաջարկներ, որոնք հիմնված են աստվածաշնչյան սկզբունքների վրա։

Լսիր ուշադրությամբ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

«Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (ՀԱԿՈԲՈՍ 1։19)։

«Կայ.... լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ» (ԺՈՂՈՎՈՂ 3։1, 7)։

◼ Երբ այցելում ես հիվանդ ընկերոջդ, ուշադրությամբ և կարեկցանքով լսիր նրան։ Մի՛ փորձիր անմիջապես խորհուրդներ տալ կամ լուծումներ առաջարկել։ Միշտ չէ, որ նա դրա կարիքն ունի։ Հաճախ հիվանդը պարզապես ուզում է, որ իր կողքին լինի մեկը, ով պատրաստ է ուշադրությամբ լսելու իրեն։ Իսկ եթե առանց լսելու արտահայտես մտքերդ, հնարավոր է ասես բաներ, որոնք վիրավորեն հիվանդին։

Թույլ տուր, որ ընկերդ անկաշկանդ արտահայտի իր անհանգստությունները։ Մի՛ ընդհատիր նրան՝ օգտագործելով «ծեծված» արտահայտություններ։ էմիլիոնa ասում է. «Ես հիվանդացա սնկային մենինգիտով ու կորցրի տեսողությունս։ Երբեմն շատ էի ընկճվում։ Ընկերներս փորձում էին մխիթարել ինձ՝ ասելով. «Դու միակը չես, որ խնդիրներ ունես։ Քեզնից վատ վիճակում եղողներ էլ կան»։ Նրանք չէին հասկանում, որ այդ խոսքերով ոչ թե թեթևացնում են ցավս, այլ վհատեցնում են ինձ»։

Թույլ տուր, որ ընկերդ բացի իր սիրտը քո առաջ՝ վստահ լինելով, որ քննադատական խոսքեր չի լսի։ Եթե նա ասում է, որ մտավախություններ ունի, մի՛ ասա՝ «վախենալու բան չկա», այլ փորձիր հասկանալ նրա զգացումները։ «Երբ վախով եմ համակվում ու սկսում եմ լաց լինել, դա չի նշանակում, որ այլևս չեմ վստահում Աստծուն»,— ասում է էլիանան, որը տառապում է քաղցկեղից։ Ընդունիր ընկերոջդ այնպես, ինչպես որ նա կա։ Հաշվի առ, որ հիվանդության պատճառով նա գուցե ավելի խոցելի է դարձել։ Համբերատար եղիր։ Ուշադիր լսիր, անգամ երբ նա նորից ու նորից միևնույն բանն է ասում (Գ Թագաւորաց 19։9, 10, 13, 14)։ Հնարավոր է՝ նա ամեն անգամ ուզում է արտահայտել այն, ինչ զգում է։

Եղիր կարեկից ու նրբանկատ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

«Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լաց լինողների հետ լա՛ց եղեք» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12։15)։

«Ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց» (ՄԱՏԹԵՈՍ 7։12)։

◼ Մտիր ընկերոջդ դրության մեջ։ Եթե նա պատրաստվում է վիրահատվել, բուժում ընդունել կամ սպասում է որոշ անալիզների պատասխանի, գուցե շատ լարված և զգայուն լինի։ Փորձիր հասկանալ նրան և հարմարվել նրա տրամադրության փոփոխություններին։ Խուսափիր շատ հարցեր տալուց, հատկապես անձնական բնույթի։

Կլինիկական հոգեբան Անա Կատալիֆոսն ասում է. «Թույլ տվեք, որ հիվանդը հանգիստ խոսի իր հիվանդության մասին, երբ ցանկանա։ Խոսեք նրա հետ իր ուզած թեմայով։ Լուռ նստեք նրա կողքին և բռնեք նրա ձեռքը, եթե խոսելու տրամադրություն չունի։ Այդպես վարվելը հրաշալի ազդեցություն է թողնում հիվանդի վրա։ Սակայն երբեմն էլ հիվանդն ուզում է, որ իր հետ լաց լինես»։

Մի՛ պատմիր ընկերոջդ «գաղտնիքները» ուրիշներին։ Գրող Ռոսան Կալիկը, որը երկու անգամ պայքարել է քաղցկեղի դեմ, գրում է. «Երբ հիվանդը իր ընկերոջը հայտնում է սրտի եղածը, չպետք է ուրիշներին պատմել այդ մասին։ Պետք չէ տեղեկություններ տարածել, եթե նա չի խնդրել։ Կարելի է հարցնել նրան, թե ինչ կուզեր, որ մարդիկ իմանան իր հիվանդության մասին»։ էդիսոնը, որը նույնպես պայքարել է քաղցկեղի դեմ, ասում է. «Ընկերներիցս մեկը բոլորին հայտնել էր, որ ես քաղցկեղ ունեմ ու երկար չեմ ապրի։ Ես գիտեի, որ քաղցկեղ ունեմ ու ինձ արդեն վիրահատել էին։ Ես սպասում էի բիոպսիայի պատասխանին. մետաստազներ չկային։ Այդուհանդերձ, այդ խոսակցությունները մեծ ցավ պատճառեցին ինձ։ Կինս արդեն հոգնել էր ուրիշների անմիտ խոսքերից և հարցերից»։

Եթե ընկերդ որոշում է, թե բուժման ինչ տարբերակ ընտրի, անմիջապես մի՛ ասա, թե դու ինչպես կվարվեիր։ Գրող Լորի Հոփը, որը նույնպես պայքարել է քաղցկեղի դեմ, ասում է. «Նախքան հիվանդին քաղցկեղի մասին հոդվածներ ուղարկելը հարցրու, թե կցանկանա արդյոք նման տեղեկություններ ստանալ։ Այլապես անգիտակցաբար կարող ես ցավ պատճառել նրան ու երբեք չիմանալ այդ մասին»։ Հարկավոր է հաշվի առնել, որ ոչ բոլորն են ուզում շատ տեղեկություններ ունենալ բուժման տարբեր մեթոդների վերաբերյալ։

Երբ այցելում ես հիվանդ ընկերոջդ, երկար մի՛ նստիր նրա կողքին, նույնիսկ եթե շատ մտերիմ եք։ Քո այցելությունն, ինչ խոսք, կարևոր է, բայց հնարավոր է ընկերդ լավ չզգա իրեն և չկարողանա շփվել քեզ հետ։ Գուցե նա հոգնած է և երկար խոսելու կամ լսելու ուժ չունի։ Բայց կարիք չկա այնպիսի տպավորություն թողնել, թե շտապում ես և ուզում ես շուտ գնալ։ Ընկերդ պետք է զգա, որ դու մտածում ես իր մասին։

Նրբանկատություն դրսևորելու համար անհրաժեշտ է ողջամիտ և հավասարակշռված լինել։ Եթե որոշել ես ուտելիք պատրաստել կամ ծաղիկներ գնել ընկերոջդ համար, լավ կլինի նախապես ճշտել, թե արդյոք նա ալերգիա չունի։ Իսկ եթե հարբուխ ունես, այցելիր ընկերոջդ, երբ առողջանաս։

Քաջալերության աղբյուր եղիր

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

«Իմաստունների լեզուն բժշկութիւն է» (ԱՌԱԿԱՑ 12։18)։

«Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 4։6)։

◼ Մի՛ մոռացիր, որ ընկերդ չի փոխվել. նա ունի այն նույն հատկությունները, որ մտերմացրել են ձեզ։ Կենտրոնացիր ոչ թե հիվանդության, այլ նրա վրա։ Շփվիր ընկերոջդ հետ անկաշկանդ, ինչպես նախկինում կանեիր։ Եթե նրան համարես անօգնական մեկը, ապա նա էլ այդպես կմտածի իր մասին։ Ռոբերտան, որը տառապում է ոսկրերի ժառանգական հիվանդությունից, ասում է. «Ինձ սովորական մարդ համարեք։ Թեև հիվանդ եմ, բայց ես էլ մարդ եմ և ունեմ իմ տեսակետներն ու ցանկությունները։ Խղճահարությամբ մի՛ նայեք ինձ։ Մի՛ խոսեք ինձ հետ այնպես, ասես ես հիմար եմ ու ոչինչ չեմ հասկանում»։ Եթե հիվանդ ընկերոջդ հանդեպ դրական վերաբերմունք ես պահպանում, դա կերևա քո խոսքերից ու գործերից։

Հիշիր, որ կարևորը ոչ միայն խոսքերդ են, այլ նաև դրանք արտահայտելու ձևը։ Անգամ ձայնիդ տոնը կարող է խորապես ազդել հիվանդի վրա։ Երբ էռնեստոյի օրգանիզմում քաղցկեղ հայտնաբերվեց, շատ չանցած՝ արտերկրում ապրող ընկերներից մեկը զանգահարեց ու ասաց. «Հավատս չի գալիս, որ դու քաղցկեղ ունես»։ էռնեստոն ասում է. «Նա այնպիսի տոնով ասաց «դու» և «քաղցկեղ» բառերը, որ ես ցնցվեցի ու վախով լցվեցի»։

Գրող Լորի Հոփը ասում է. ««Ինչպե՞ս ես» հարցը կարող է տարբեր կերպերով ազդել հիվանդի վրա։ Մեծ նշանակություն ունի, թե որքանով եք մտերիմ, թե երբ ես տալիս նրան այդ հարցը, դեմքի ինչ արտահայտությամբ և ինչ տոնով։ Քո հարցը կարող է քնքշորեն մխիթարել հիվանդին կամ հակառակը՝ ցավ պատճառել նրան և նույնիսկ վախեցնել»։

Մի՛ մոռացիր, որ հիվանդ ընկերդ ցանկանում է, որ իր մասին հոգ տանեն, իրեն հասկանան ու հարգեն։ Ուստի վստահեցրու նրան, որ թանկ է քեզ համար և պատրաստ ես ցանկացած պահի նրա կողքին լինելու։ Ռոզմարին, որի գլխուղեղում ուռուցք է հայտնաբերվել, ասում է. «Իմ ընկերները իսկապես քաջալերության աղբյուր են եղել ինձ համար։ Նրանք ասում էին, որ սիրում են ինձ և իմ կողքին կլինեն, ինչ էլ որ լինի» (Առակաց 15։23; 25։11)։

Օգնության ձեռք մեկնիր

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

«Որդյակնե՛ր, եկեք սիրենք ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությամբ» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 3։18)։

◼ Երբ ընկերդ հիվանդության ախտորոշումից հետո սկսի բուժում ընդունել, անշուշտ նրա հանգամանքները կփոխվեն։ Հիշիր, որ այդ ընթացքում նա օգնության կարիք կունենա։ Մի՛ ասա. «Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, զանգիր»։ Փոխարենը՝ կոնկրետ օգնություն առաջարկիր։ Օրինակ՝ կարող ես ասել, որ կերակուր կպատրաստես նրա համար, տունը կմաքրես, լվացք ու արդուկ կանես, անհրաժեշտ գնումները կկատարես, նրան մեքենայով կլինիկա կամ հիվանդանոց կտանես։ Այդպես կարող ես ցույց տալ քո հոգատարությունը նրա նկատմամբ։ Արա այն, ինչ խոստացել ես։ Եղիր ճշտապահ (Մատթեոս 5։37)։

«Սովորաբար հիվանդությունը կտրում է անհատին նորմալ կյանքից, ուստի եթե փորձենք ինչ-որ բան անել, որպեսզի նա մի պահ մոռանա իր վիճակը ու վերադառնա նորմալ կյանքի, թեթևացում կբերենք նրան»,— ասում է գրող Ռոսան Կալիկը։ Սիլվիան, որը նույնպես երկու անգամ պայքարել է քաղցկեղի դեմ, համաձայն է այս մտքին։ Նա ասում է. «Ես անչափ թեթևացած ու հանգիստ էի զգում, երբ ամեն օր ընկերներիցս մեկը իր մեքենայով տանում էր ինձ ուրիշ քաղաք, որ ճառագայթում ընդունեմ։ Ճանապարհին մենք տարբեր բաներից էինք խոսում, իսկ վերադառնալիս մտնում էինք մի տեղ և միասին սուրճ խմում։ Այդ ամենն օգնում էր, որ ես կրկին ինձ նորմալ մարդ զգամ»։

Սակայն մի՛ մտածիր, թե դու ամեն ինչ գիտես ընկերոջդ կարիքների մասին։ Կալիկը ասում է. «Հարցրո՛ւ, հարցրո՛ւ, հարցրո՛ւ»։ Հետո ավելացնում է. «Երբ ուզում ես օգնել, մի՛ փորձիր ամեն բան քո հսկողության տակ առնել։ Այդպիսով ոչ թե կօգնես, այլ կհուսահատեցնես հիվանդին։ Եթե թույլ չես տալիս հիվանդին ինքնուրույն որևէ բան անել, ապա նա կմտածի, որ ոչինչ չի կարող անել։ Հիվանդը ուզում է լիարժեք մարդ զգալ իրեն և ոչ թե խղճուկ վիճակում հայտնված մեկը։ Օգնի՛ր նրան անել այն, ինչ կարող է»։

Ադիլսոնը, որը տառապում է ՁԻԱՀ-ից, ասում է. «Երբ հիվանդ ես, չես ուզում, որ քեզ «մեկուսացնեն»՝ մտածելով, որ դու անպիտան ես և ոչինչ չես կարող անել։ Իրականում դու ուզում ես ինչ-որ օգտակար գործ անել, թեկուզ փոքր մի բան։ Լավ ես զգում, երբ տեսնում ես, որ քեզ դեռ հաջողվում է որևէ բան անել։ Դա ուժ է տալիս, որ շարունակես ապրել։ Հաճելի է, երբ մարդիկ հարգում են քեզ և թույլ են տալիս, որ ինքդ որոշումներ կայացնես։ Ի վերջո, հիվանդ լինել չի նշանակում չկարողանալ կատարել ընտանիքում ունեցած քո դերը՝ որպես հայր, մայր»։

Կապ պահիր հիվանդ ընկերոջդ հետ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

«Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած» (ԱՌԱԿԱՑ 17։17)։

◼ Եթե հեռավորության կամ այլ հանգամանքների պատճառով չես կարողանում այցելել ընկերոջդ, ապա զրուցիր նրա հետ հեռախոսով կամ նամակ գրիր նրան։ Իսկ ինչի՞ մասին գրել։ Հոգեբան Ալան Վուլֆելտը խորհուրդ է տալիս. «Գրիր հաճելի հուշերի, զվարճալի դեպքերի մասին, որ պատահել է երկուսիդ հետ։ Խոստացիր, որ կրկին կգրես նրան, ու պահիր խոստումդ»։

Մի՛ խուսափիր ընկերոջդ հետ շփվելուց և նրան զորացնելուց՝ մտածելով, որ կարող ես սխալ բան ասել կամ անել։ Հաճախ միայն քո ներկայությունը խոսում է քո պատրաստակամության մասին։ Լորի Հոփը իր գրքում նշում է. «Բոլորս էլ ասում կամ անում ենք բաներ, որ ուրիշները կարող են սխալ հասկանալ, բոլորս էլ առանց գիտակցելու վիրավորում ենք մարդկանց, սակայն խնդիրներ առաջանում են այն ժամանակ, երբ սխալ վարվելու վախը ստիպում է քեզ հեռու մնալ այն անհատից, ով քո կարիքն ունի»։

Հիվանդ անձնավորությունը իսկական ընկերոջ կարիք ունի։ Ցույց տուր, որ «սիրող բարեկամ» ես։ Ճիշտ է, գուցե ջանքերդ չբուժեն սիրելի ընկերոջդ, բայց անպայման կթեթևացնեն նրա ցավը։

[Ծանոթագրություն]

a Որոշ անուններ փոխված են։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը