Զգույշ եղիր, որ չխաբվես
ԴՈՆ ԿԻԽՈՏԸ հանրահայտ կերպար է, որին ստեղծեց իսպանացի հայտնի գրող Միգել դե Սերվանտեսը 16-րդ դարում։ Հեղինակը իր դասական վեպը հենց նրա անունով էլ կոչեց։ Ահա թե ինչի մասին է այս ստեղծագործությունը. Դոն Կիխոտը իր գլուխը լցնում է շքեղ սպառազինված ասպետների մասին լեգենդներով և պատմություններով, ովքեր փրկում են վտանգի մեջ հայտնված աղջիկներին։ Այնուհետև սկսում է մտածել, թե ինքը նույնպես ազնվազարմ ասպետ է։ Վեպի հայտնի դրվագներից մեկը նկարագրում է, թե ինչպես է Դոն Կիխոտը հարձակվում հողմաղացների վրա, որոնք նրա աչքին չար հսկաների մի խումբ են թվում։ Սկզբում համոզված էր, որ հսկաներին սպանելով՝ նա Աստծու կամքն է կատարում, սակայն վերջում իրեն ստորացված զգաց։
Թեև Դոն Կիխոտը ծիծաղաշարժ կերպար է, սակայն խաբված լինելը ամենևին էլ ծիծաղելի չէ։ Օրինակ՝ այն հարբեցողը, որ կարծում է, թե կարող է սրտի ուզածի չափ խմել, խաբկանքի մեջ է, քանի որ իրականում քայքայում է իր առողջությունը և քանդում է իր ընտանիքը։ Նմանապես անորեքսիայով տառապող մարդը կարծում է, թե կուշտ է ու առողջ, մինչդեռ սովամահ է լինում։
Հնարավո՞ր է արդյոք, որ մենք էլ ընկնենք այսպիսի ծուղակի մեջ։ Ցավոք, այո։ Իրականում բոլորիս է վտանգ սպառնում։ Մենք կարող ենք խաբված լինել նույնիսկ մեզ համար շատ հարազատ դարձած համոզմունքներից, ինչի հետևանքը սովորաբար ճակատագրական է լինում։ Իսկ ինչո՞ւ ենք հայտնվում վտանգի մեջ։ Ինչպե՞ս կարող ենք զգուշանալ խաբվելուց։
Ինչո՞ւ են մարդիկ խաբված
Ըստ մի բառարանի՝ խաբել նշանակում է «այնպես անել, որ որպես ճշմարտություն և իրողություն ընդունվի այն, ինչը սուտ է և անիրական»։ Այն նաև նշանակում է «տգիտության, մոլորության և անօգնական վիճակի մեջ գցել սուտ գաղափարի ու համոզմունքի միջոցով»։ «Խաբել» բառի հիմնական իմաստն է «գաղտնի, նենգաբար մոլորեցնել»։ Ինչ խոսք, այն անհատը, որին «տգիտության, մոլորության և անօգնական վիճակի» մեջ են պահում, և նա չգիտի այդ մասին, լուրջ վտանգի մեջ է։
Ցավալի է, որ հաճախ մոլորված անհատը հակված է լինում կառչելու իր համոզմունքին՝ չնայած այն փաստին, որ այդ համոզմունքը սխալ է։ Գուցե պատճառն այն է, որ նա էմոցիոնալ առումով կապված է դրան և պարզապես աչք է փակում ցանկացած փաստի վրա, որը հերքում է իր համոզմունքը։
Վտանգի մե՞ջ ենք
Գուցե քո մեջ հարց առաջանա. «Արդյոք չափազանցություն չէ՞ ասել, որ բոլորիս վտանգ է սպառնում կրոնական համոզմունքների առումով»։ Ո՛չ։ Պատճառն այն է, որ Բանսարկու Սատանան, որին Հիսուսը կոչեց «ստության հայր», ջանում է խաբել և մոլորեցնել բոլորիս (Հովհաննես 8։44)։ Սատանան կոչվում է նաև «այս աշխարհի աստվածը»։ Ողջ պատմության ընթացքում նա կուրացրել է միլիոնավոր մարդկանց մտքերը (2 Կորնթացիներ 4։4)։ Եվ այսօր էլ շարունակում է «մոլորեցնել ողջ երկիրը» (Հայտնություն 12։9)։
Սատանան սկսեց իր նենգ գործելակերպը մարդկության պատմության հենց սկզբից։ Նա խաբեց Եվային՝ հավատացնելով, որ կարող է չհետևել իր Ստեղծողի օրենքներին և «Աստծու պես լինել՝ բարին ու չարը իմացող», այսինքն՝ ինքնուրույն որոշել, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ (Ծննդոց 3։1–5)։ Սա առաջին խաբեությունն էր. թեև մարդիկ օժտված են ազատ կամքով և կարող են ընտրել ճիշտը կամ սխալը, սակայն նրանք ստեղծված չեն ճիշտն ու սխալը որոշելու կարողությամբ։ Միայն Աստված, որը Ստեղծիչն է ու Գերիշխանը, ունի այդ իրավունքն ու իշխանությունը (Երեմիա 10։23; Հայտնություն 4։11)։ Եթե մտածում ենք, որ ճիշտն ու սխալը ընտրելու իրավունք ունենալ նշանակում է իրավունք ունենալ որոշելու, թե ինչն է ճիշտ ու ինչն է սխալ, ուրեմն արդեն մոլորված ենք։ Սա իրոք ծուղակ է, որի մեջ մենք՝ անկատար մարդիկս, հեշտությամբ կարող ենք ընկնել։
Գուցե դու էլ ես խաբված
Այն հավատալիքները, որոնք հոգեհարազատ են քեզ, գուցե դարերի պատմություն ունեն և փոխանցվել են քո նախահայրերից։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ հավատալիքները ճիշտ են։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչը հայտնում է, որ առաքյալների մահից անմիջապես հետո քրիստոնեական ժողով ներխուժեցին մոլորեցնող մարդիկ, որոնք սովորեցնում էին «ծուռումուռ բաներ.... աշակերտներին իրենց հետևից քաշելու համար» (Գործեր 20։29, 30)։ Նրանք հմտորեն մոլորեցնում էին մարդկանց «համոզիչ փաստարկներով», ինչպես նաև «փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ», որ հիմնված էին «մարդկանց ավանդույթների» վրա (Կողոսացիներ 2։4, 8)։
Իսկ այսօր ինչ-որ բան փոխվե՞լ է։ Ո՛չ։ Պողոս առաքյալը զգուշացրեց, որ «վերջին օրերում», որում մենք այսօր ապրում ենք, իրավիճակը վատթարանալու է։ «Չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ մոլորեցնելով ու մոլորվելով» (2 Տիմոթեոս 3։1, 13)։
Այդ պատճառով խելամիտ կլինի լրջորեն վերաբերվել Պողոսի հետևյալ զգուշացմանը. «Ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (1 Կորնթացիներ 10։12)։ Եթե մտածենք, որ հաստատ կանգնած ենք Աստծու առաջ, և Սատանան երբեք չի կարող մեզ խաբել, ապա մենք արդեն մոլորված ենք։ Ոչ ոք պաշտպանված չէ Սատանայի «նենգություններից» (Եփեսացիներ 6։11)։ Այդ պատճառով էլ առաքյալը իր մտավախությունը հայտնեց հավատակիցներին՝ ասելով, որ «ինչպես օձը իր խորամանկությամբ Եվային հրապուրեց, այնպես էլ [նրանց] մտքերը կապականվեն՝ հեռանալով այն անկեղծությունից ու մաքրությունից, որ պետք է ունենան Քրիստոսի առաջ» (2 Կորնթացիներ 11։3)։
Զգույշ եղիր
Ի՞նչ կարող ես անել, որպեսզի Սատանային չհաջողվի մոլորեցնել քեզ։ Ինչպե՞ս կարող ես համոզվել, որ «ոգով ու ճշմարտությամբ ես երկրպագում [Աստծուն]» (Հովհաննես 4։24)։ Օգտագործիր այն ամենը, ինչ տալիս է Եհովա Աստված։ Նախևառաջ նա «հասկացողություն» է շնորհել քեզ, որպեսզի կարողանաս տարբերել ճշմարտությունը ստից (1 Հովհաննես 5։20)։ Նաև բացահայտել է Սատանայի դավադրությունները (2 Կորնթացիներ 2։11)։ Իրականում նա տվել է անհրաժեշտ ամեն բան Սատանայից պաշտպանվելու և նրա ծուղակը չընկնելու համար (Առակներ 3։1–6; Եփեսացիներ 6։10–18)։
Ավելին, Աստված տվել է մեզ պաշտպանվելու ամենազորեղ միջոցը։ Ո՞րն է դա։ «Չար և խաբեբա մարդկանցից» զգուշանալու մասին խորհուրդ տալուց հետո Պողոս առաքյալը հորդորեց իր ծառայակցին՝ Տիմոթեոսին, դեմ կանգնել այդ մարդկանց՝ իր բոլոր համոզմունքները հիմնավորելով «սուրբ գրքերով»՝ Աստծու սուրբ Խոսքով (2 Տիմոթեոս 3։15)։ Փաստորեն Տիմոթեոսը իր կրոնական համոզմունքների մասին խոսելիս պետք է օգտագործեր այս զորեղ միջոցը։
Ոմանք գուցե մտածեն, որ ով հավատում է Աստծուն և Աստվածաշունչն ընդունում է որպես Նրա կողմից ներշնչված Խոսք, մոլորված է։ Սակայն իրականում մոլորված է նա, ով համառորեն անտեսում է Ստեղծչի գոյության և Աստվածաշնչի վավերական լինելու փաստերըa (Հռոմեացիներ 1։18–25; 2 Տիմոթեոս 3։16, 17; 2 Պետրոս 1։19–21)։
Աստծու Խոսքի միջոցով բացահայտիր ճշմարտությունը, որպեսզի չմոլորվես «կեղծ գիտությամբ» (1 Տիմոթեոս 6։20, 21)։ Ընդօրինակիր այն ազնվասիրտ տղամարդկանց ու կանանց, որոնց քարոզեց Պողոս առաքյալը Բերիայում։ Նրանք «մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը» և ոչ միայն հավատացին առաքյալի խոսքերին, այլև «ամեն օր ուշադիր քննում էին Սուրբ Գրքերը, տեսնելու, թե արդյոք այդ իրենց լսած բաները ճիշտ էին» (Գործեր 17։11)։
Մի՛ վախեցիր հավատալիքներդ Սուրբ Գրքի օգնությամբ քննելուց։ Աստվածաշունչը հորդորում է մեզ, որ նախքան ինչ-որ բան որպես ճշմարտություն ընդունելը «հավաստիանանք ամեն ինչում» (1 Թեսաղոնիկեցիներ 5։21)։ Հովհաննես առաքյալը առաջին դարի վերջում քրիստոնյաներին գրեց հետևյալ խոսքերը. «Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն խոսքի, որ թվում է, թե Աստծուց է, այլ ստուգեք՝ տեսնելու համար, թե իրո՞ք Աստծուց են» (1 Հովհաննես 4։1)։ Նույնիսկ երբ որևէ հավատալիք թվում է, թե «ներշնչված» է, կամ՝ Աստծուց է, խելամիտ կլինի քննել Սուրբ Գիրքը նախքան որպես ճշմարտություն այն ընդունելը (Հովհաննես 8։31, 32)։
Սովորածիդ համաձայն վարվիր
Դու պետք է մեկ ուրիշ բան էլ անես։ Հակոբոս աշակերտը գրեց. «Խոսքը ոչ միայն լսողներ եղեք, այլև կատարողներ, որպեսզի ինքներդ ձեզ չխաբեք սխալ դատողությամբ» (Հակոբոս 1։22)։ Բավարար չէ միայն իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Դու պետք է վարվես սովորածիդ համաձայն. անես այն, ինչ Աստված պահանջում է քեզնից և խուսափես այն բաներից, որոնք դատապարտվում են Աստծու Խոսքում։
Այսօր աշխարհը լիովին բարոյազրկվել է։ Մի՞թե սա ցույց չի տալիս, որ մարդկանց մոլորեցնելու հարցում Սատանան մեծ հաջողությունների է հասել՝ դրդելով նրանց մտածելու, թե կարող են ոտնահարել Աստծու սահմանած բարոյական չափանիշները և անպատիժ մնալ։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին զգուշացրեց. «Մի՛ մոլորվեք։ Աստծուն հնարավոր չէ խաբել։ Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7)։
Մի՛ նմանվիր այն «անմիտ մարդուն», որը «լսեց» Հիսուսի խոսքերը, բայց «չկատարեց»։ Ինչպես Դոն Կիխոտն էր խաբված, այնպես էլ այս մարդը, որը կարծում էր, թե կարող է ամուր ու ապահով տուն շինել ավազի վրա։ Փոխարենը՝ նմանվիր այն մարդուն, որն «իր տունը վեմի վրա կառուցեց»։ Հիսուսը նրան կոչեց «խոհեմ», որովհետև նա լսեց իր խոսքերը «և կատարեց» (Մատթեոս 7։24–27)։
[Ծանոթագրություն]
a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» և «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» (ռուս.) գրքերը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
[Շրջանակ/ Նկար 12–րդ և 13–րդ էջերի վրա]
Տեսնո՞ւմ ես իրողությունն այնպես, ինչպես կա
1930-ականներին շվեդ նկարիչ Օսկար Ռոյտերսվարդը ցուցադրեց իր աշխատանքները, որոնք կոչվեցին անիրական ֆիգուրներ։ Շրջանակին կից ներկայացված է նմանատիպ մի նկար։ Առաջին հայացքից թվում է, թե սա սովորական պատկեր է, սակայն երբ ուշադիր զննում ես նկարը, տեսնում ես որոշ «սխալներ»։ Դրանք հենց այն խորամանկություններն են, որոնց միջոցով նկարիչը շփոթեցնում կամ խաբում է այն մարդուն, որը նայում է պատկերին։
Միայն անիրական ֆիգուրները չեն, որ իրական լինելու պատրանք են առաջացնում։ Մոտ երկու հազար տարի առաջ Աստվածաշունչը զգուշացրել էր. «Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ։ Սրանք մարդկանց ավանդույթների և աշխարհի սկզբունքների վրա են հիմնված, ոչ թե Քրիստոսի ուսմունքների վրա» (Կողոսացիներ 2։8)։
Սա իրոք լուրջ նախազգուշացում է, քանի որ այն անհատը, ով գրի է առել այս խոսքերը, մի ժամանակ խաբված է եղել։ Նա կրթված էր հանրահայտ կրոնական ուսուցիչներից մեկի ոտքերի մոտ և վերնախավի հետ սերտ կապեր ուներ։ Սակայն նրա մտքով անգամ չէր անցնում, որ ինքը կարող է խաբված լինել (Գործեր 22։3)։
Այս մարդը տարսոնացի Սողոսն էր։ Նրան հավատացրել էին, որ ով չի հետևում կրոնական ավանդություններին և սովորություններին, նա դատապարտված է Աստծու կողմից։ Լիազորված լինելով հրեա կրոնական առաջնորդների կողմից՝ նա համոզված էր, որ իր պարտականությունն է ձերբակալել ու պատժել այն քրիստոնյաներին, ովքեր չեն ուրանում իրենց կրոնը։ Վերջինս կարծում էր, որ այդպես վարվելով՝ Աստծու կամքն է կատարում։ Սողոսը նույնիսկ հավանություն տվեց իր ազգակիցներից մեկի սպանությանը, որին նենգաբար մեղադրում էին սրբապղծության մեջ (Գործեր 22։4, 5, 20)։
Սակայն որոշ ժամանակ անց Սողոսին օգնեցին տեսնելու, թե որն է ճիշտը և որը՝ սխալը, և հասկանալու, թե ինչն է Աստված հավանում և ինչն է դատապարտում։ Երբ այս նախանձախնդիր մարդը հասկացավ, որ սխալ է մտածել, անմիջապես փոխեց իր ընթացքը և հետագայում հայտնի դարձավ որպես Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկը՝ Պողոս առաքյալը։ Նա գտավ Աստծուն երկրպագելու ճշմարիտ ուղին (Գործեր 22։6–16; Հռոմեացիներ 1։1)։
Պողոսի նման՝ շատ ազնիվ մարդիկ մի ժամանակ խաբված են եղել այնպիսի ուսմունքներով, որոնք ինչպես անիրական ֆիգուրները, ճշմարտանման են, սակայն հիմնված չեն Աստծու Խոսքի վրա (Առակներ 14։12; Հռոմեացիներ 10։2, 3)։ Բայց նրանց օգնել են տեսնելու, թե իրականում ինչին են նրանք հավատում և ինչ պտուղներ է բերում իրենց կրոնը (Մատթեոս 7։15–20)։ Աստվածաշնչից գիտելիքներ ստանալուն զուգընթաց նրանք փոխել են և՛ իրենց հավատալիքները, և՛ իրենց կենսակերպը, որպեսզի արժանանան Աստծու հավանությանը։
Իսկ դու ուզո՞ւմ ես հետևել Պողոս առաքյալի օրինակին և ուսումնասիրել քո հավատալիքները Աստծու Խոսքի լույսի ներքո։ Եթե այո, ապա Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն քեզ։
[Նկար 10–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Engravings by Doré