Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 9/1 էջ 26–29
  • Վստահիր Եհովային. նա քեզ անպայման կօգնի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վստահիր Եհովային. նա քեզ անպայման կօգնի
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Միանում եմ ծնողներիս
  • Դժվար ժամանակներ, բայց վարձահատույց ծառայություն
  • Հալածանքներ հարավում
  • Բանտարկություն հյուսիսում
  • Ռահվիրայություն, Բեթել, ամուսնություն
  • Գոհունակությամբ լի կյանք
  • Համաժողովները մեր եղբայրության ապացույցն են
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • «Բոլոր ազգերի կողմից ատված են»
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Մաս 4. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Մաս 3. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
2010 Դիտարան
w10 9/1 էջ 26–29

Վստահիր Եհովային. նա քեզ անպայման կօգնի

ՊԱՏՄՈՒՄ Է ԷԴՄՈՒՆԴ ՇՄԻՏԸ

1943​թ. հոկտեմբերին պատրաստվում էի ներկայանալ Նյու Յորքի դատարան։ Միտքս եկավ վերոհիշյալ խորհուրդը։ Նախքան 25 տարեկան դառնալը գրեթե չորս տարի բանտում էի անցկացրել քրիստոնեական չեզոքության համար։ Հիսուսի առաջին դարի հետևորդների նման՝ վճռել էի «Աստծո՛ւն հնազանդվել և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29)։ Սակայն նախ ուզում եմ պատմել, թե ինչպես ճանաչեցի Աստծուն և ամուր հավատ զարգացրի նրա հանդեպ։

ԾՆՎԵԼ ԵՄ 1922​թ. ապրիլի 23-ին Քլիվլենդ քաղաքում (Օհայո, ԱՄՆ)։ Մեր բնակարանը գտնվում էր հորս հացի փռի վերևի հարկում։ Իմ ծնվելուց չորս ամիս անց հայրս՝ Էդմունդը, ներկա գտնվեց Աստվածաշունչ ուսումնասիրողների համաժողովին (Եհովայի վկաները նախկինում այդպես էին կոչվում), որը տեղի ունեցավ Սիդար Փոյնթում՝ Սանդուսկի քաղաքի մոտ՝ մեր տնից 160 կիլոմետր հեռու։

Այդ համաժողովի պատվիրակներին կոչ արվեց «հռչակել, հռչակել, հռչակել [Աստծու] Թագավորին և նրա թագավորությունը»։ Մյուս կիրակի հայրս սկսեց մասնակցել այդ գործին։ Հաջորդ 66 տարիների ընթացքում մինչև իր մահը՝ 1988​թ. հուլիսի 4-ը, նա զբաղված մնաց այդ գործով։ Մայրս՝ Մերին, որ մահացավ 1981​թ.-ին, նույնպես մինչև վերջ հավատարիմ մնաց Աստծուն։

Միանում եմ ծնողներիս

Մեր ընտանիքը հաճախում էր Քլիվլենդի լեհախոս ժողով։ Շաբաթ օրերը շատ երեխաներ մեծերի ընկերակցությամբ քարոզում էին բարի լուրը տնետուն։ Կիրակի օրերին մեր ծնողները գլխավոր սրահում աստվածաշնչյան ելույթ էին լսում, իսկ մի փորձառու ուսուցիչ մեզ հետ (մոտ 30 երեխա) Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում «Աստծու քնարը» գրքովa։ Շատ չանցած՝ ես էլ սկսեցի Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել և լավ արդյունքների հասա։

1931​թ. հուլիսին մեր ընտանիքը, այդ թվում նաև իմ փոքր եղբայրը՝ Ֆրանկը, ներկա եղանք Աստվածաշունչ ուսումնասիրողների մեկ ուրիշ համաժողովի Կոլումբուսում՝ մոտ 160 կիլոմետր դեպի հարավ։ Դա հենց այն տարին էր, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողները մեծ ուրախությամբ ընդունեցին «Եհովայի վկաներ» անունը (Եսայիա 43։10–12)։ Համաժողովից առաջ ես էլ մյուս Վկաների հետ մարդկանց հրավիրում էի ունկնդրելու գլխավոր ելույթը, որը ներկայացնելու էր եղբայր Ռադերֆորդը։ Նա ղեկավարում էր Եհովայի վկաների համաշխարհային գործունեությունը։ Այդ ժամանակից ի վեր ավելի քան 79 տարի է, ինչ ծառայում եմ Եհովա Աստծուն նրա ժողովրդի հետ։

Դժվար ժամանակներ, բայց վարձահատույց ծառայություն

1933​թ.-ին ամբողջ աշխարհում սկսվեց Մեծ տնտեսական ճգնաժամը։ Միացյալ Նահանգներում ավելի քան 15 միլիոն մարդ՝ աշխատուժի մեկ քառորդը, դարձավ գործազուրկ։ Քաղաքներում տնտեսությունը անկում էր ապրում, իսկ կարիքավորներին ոչ մի սոցիալական օգնություն չէր տրվում։ Սակայն եղբայրներն ու քույրերը օգնում էին իրար։ Կիրակի օրերը մեր փռից հաց ու թխվածքներ էինք տանում ժողով՝ հավատակիցներին բաժանելու համար։ Իսկ ամսվա վերջում, երբ հայրս բոլոր ծախսերը փակում էր, մնացած գումարը ուղարկում էր Եհովայի վկաների վարչական կենտրոն (Բրուքլին, Նյու Յորք)։ Նա գիտեր, որ այդ փողերը կօգտագործվեն աստվածաշնչյան գրականություն տպագրելու համար։

Այդ տարիներին ռադիոհաղորդումները մեծ դեր ունեին մեր ծառայության մեջ։ Ավելի քան 400 ռադիոկայաններ հեռարձակում էին մեր համաժողովների ելույթները։ 1930-ականներին Վկաները Բրուքլինում թողարկում էին նաև ձայնափողով նվագարկիչներ և ձայնապնակներ։ Դրանք օգտագործում էինք ծառայության ժամանակ և այնուհետև տեղեկացնում էինք, թե քանի անգամ ենք հնչեցրել այդ ելույթները ոչ Վկա անհատների համար և քանի հոգի են լսել։

1933​թ.-ին Գերմանիայում հաստատվեց նացիստական ռեժիմը, և իշխանության գլուխ անցավ Ադոլֆ Հիտլերը։ Եհովայի վկաները ուժգին հալածանքների բախվեցին իրենց քրիստոնեական չեզոքությունը պահելու համար (Հովհաննես 15։19; 17։14)։ Քաղաքական շարժումներին չմասնակցելու և հայլ Հիտլեր չասելու համար մեծ թվով Վկաների բանտարկում էին կամ ուղարկում համակենտրոնացման ճամբարներ։ Շատերին մահապատժի էին ենթարկում, մյուսներին այնքան էին աշխատեցնում, մինչև որ ուժասպառ էին լինում և մահանում։ Դաժան հալածանքի պատճառով անգամ ազատ արձակվելուց կարճ ժամանակ հետո շատերը մահանում էին։ Սակայն քչերը գիտեին, թե ինչ փորձությունների միջով են անցնում Եհովայի վկաները ուրիշ երկրներում, օրինակ, Միացյալ Նահանգներում։

1940​թ.-ին ներկա եղանք Դետրոյտում (Միչիգան) անցկացվող մի համաժողովի։ Այնտեղ հուլիսի 28-ին իմ նվիրումը Եհովա Աստծու հանդեպ խորհրդանշեցի ջրի մկրտությամբ։ Մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը ընդունեց մի օրենք, որի համաձայն՝ դրոշին պատիվ տալուց հրաժարվելը համարվում էր օրինազանցություն, ինչի համար երեխան կարող էր հեռացվել դպրոցից։ Ի՞նչ արեցին Վկաները։ Նրանցից շատերը կազմակերպեցին դպրոցական դասընթացներ իրենց երեխաների համար, որոնք կոչվեցին Թագավորության դպրոցներ։

1939 թվականի սեպտեմբերին Եվրոպայում բռնկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ Միացյալ Նահանգներում բորբոքվեց հայրենասիրական ոգին։ Երիտասարդ Վկաներին հալածում էին և ծեծում։ Ըստ տեղեկագրության՝ 1940–1944 թվականներին Միացյալ Նահանգներում Վկաների վրա ավելի քան 2500 խմբակային կատաղի հարձակումներ են գրանցվել։ Հալածանքը ավելի ուժգնացավ, երբ 1941​թ. դեկտեմբերի 7-ին ճապոնացիները մտան Փերլ Հարբոր։ Մի քանի շաբաթ առաջ արդեն սկսել էի ծառայել որպես ընդհանուր ռահվիրա, ինչպես անվանում են Եհովայի վկաների լիաժամ ծառայողներին։ Մի քիչ փող խնայեցի և գնեցի 7 մետրանոց մի ավտոտնակ-մեքենա, ու մի քանի հոգով տեղափոխվեցինք ծառայելու Լուիզիանայում։

Հալածանքներ հարավում

Տեղի բնակիչներից թույլտվություն ստացանք, որ կայանենք մեր մեքենան պիկան ընկույզի այգում՝ Ջանարետի քաղաքի մոտ։ Մի շաբաթ օր որոշեցինք փողոցում վկայություն տալ, սակայն ոստիկանության պետը իր մարդկանց հետ եկավ, ձերբակալեց մեզ ու տարավ քաղաքապետարան։ Դրսում մոտ 200 հոգի էր հավաքվել։ Առանց պաշտպանության որևէ միջոց տրամադրելու՝ մեզ բաց թողեցին։ Զարմանալի էր, բայց ամբոխը ճանապարհ տվեց մեզ։ Հաջորդ օրը գնացինք մոտակայքում գտնվող մի մեծ քաղաք՝ Բատոն Ռուժ, որ մեր հավատակիցներին պատմենք տեղի ունեցածը։

Երբ վերադարձանք Ջանարետի, մեր ավտոտնակի վրա փակցված մի գրություն գտանք. «Խնդրում եմ, եկեք նավթահորերի ճամբար»։ Գրության տակ նշված էր անունը՝ Վոն։ Ի վերջո գտանք պարոն Վոնին։ Նա և իր կինը մեզ հրավիրեցին ճաշի։ Վոնն ասաց, որ շաբաթ օրը ինքը և իր մարդիկ այդ ամբոխի մեջ էին, և եթե պետք լիներ, ապա կպաշտպանեին մեզ։ Մենք շատ երախտապարտ էինք նրան մեզ քաջալերելու և աջակցելու համար։

Հաջորդ օրը շերիֆի զինված օգնականները ձերբակալեցին մեզ և բռնագրավեցին մեր գրականությունը։ Նրանք վերցրին նաև իմ ավտոտնակի բանալիները և 17 օրով բանտարկեցին ինձ մենախցում։ Այդ ընթացքում ինձ ուտելիք գրեթե չէին տալիս։ Պարոն Վոնը ամեն բան արեց, որ օգնի մեզ, սակայն ապարդյուն։ Բանտարկության ընթացքում մարդիկ կողոպտել ու այրել էին մեր ունեցածը, այդ թվում իմ ավտոտնակ-մեքենան։ Ես չէի հասկանում, որ Եհովան այդպիսով նախապատրաստում է ինձ մեկ ուրիշ փորձության։

Բանտարկություն հյուսիսում

Ազատ արձակվելուց հետո շարժվեցինք դեպի հյուսիս։ Մեկ ամիս անց ինձ և ուրիշ Վկաների նշանակեցին հատուկ ռահվիրա Օլեան քաղաքում (Նյու Յորք)։ Այնտեղ ծառայելու ընթացքում կառավարությունը պահանջեց, որ գրանցվեմ զինծառայության համար։ Ինձ տրվեց կրոնական համոզմունքների պատճառով զինծառայությունից հրաժարվող անձի կարգավիճակ։ Բայց բժշկական ստուգումներ անցնելուց հետո իմ փաստաթղթի վրա կնիք դրվեց՝ «Սպաների մարզման ակադեմիայի թեկնածու»։

Մեկ տարի էլ կարողացա ծառայել իմ նշանակման մեջ։ 1943​թ.-ին Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն ձերբակալեց ինձ և պահանջեց հաջորդ շաբաթ դատի ժամանակ զեկույց ներկայացնել Սիրակուզայի (Նյու Յորք) գերագույն դատարանում, քանի որ հրաժարվել էի քարոզչական ծառայությունս դադարեցնելուց ու զինվորական մարզում ստանալուց։ Իմ դեմ մեղադրանք ներկայացվեց. դատը տեղի ունեցավ երկու օր հետո։

Ես ինքս պաշտպանեցի ինձ դատարանի առաջ։ Ժողովի հանդիպումների ժամանակ երիտասարդ Վկաներին հրահանգներ էին տրվում, թե ինչպես կարող են պաշպանել իրենց իրավունքները դատարանում և ինչ պահվածք պետք է ունենան այնտեղ։ Այդ օրը հիշեցի նաև այն խորհուրդը, որի մասին նշեցի հոդվածի սկզբում։ Որոշ դատավորներ բողոքում էին՝ ասելով, որ Վկաները ավելի շատ բան գիտեն իրավագիտության մասին, քան իրենք։ Ամեն դեպքում, ինձ մեղավոր ճանաչեցին։ Երբ դատավորը հարցրեց, թե որն է վերջին խոսքս, պատասխանեցի. «Այսօր ազգը դատի է կանգնած Աստծու առաջ այն բանի համար, թե ինչպես է վերաբերվում նրանց, ովքեր ծառայում են նրան»։

Ես բանտարկվեցի չորս տարով Չիլիկոտեի (Օհայո) ֆեդերալ բանտում։ Այնտեղ ինձ նշանակեցին բանտի ծառայողական բաժնի սպայի քարտուղար։ Մի քանի շաբաթ հետո Վաշինգտոն նահանգից հատուկ քննիչ եկավ մեզ մոտ ու ասաց, որ իրենք զբաղվում են Հայդեն Քովինգտոնի «գործով»։ Վերջինս Եհովայի վկաների իրավաբանն էր և ճանաչված էր որպես Ամերիկայի սահմանադրության ամենալավ իրավագետներից մեկը։

Քննիչը ասաց, որ իրեն պետք են բանտարկյալներ Դենի Հուրտադոյի և Էդմունդ Շմիտի գործերին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ «Ի՜նչ զուգադիպություն,— ասաց իմ պետը,— սա հենց պարոն Շմիտն է»։ Քննիչը գաղտնի միսիայով էր եկել, սակայն հասկացավ, որ մենք արդեն ամեն բան իմացանք։ Այդ պատճառով իմ գործը փոխեցին և ինձ նշանակեցին խոհանոց։

Ռահվիրայություն, Բեթել, ամուսնություն

1946​թ. սեպտեմբերի 26-ին խոստումով ազատ արձակվեցի ու նորից սկսեցի ռահվիրայությունը, սակայն այս անգամ Կալիֆորնիայի «Հայլենդ պարկ» ժողովում։ Ավելի ուշ 1948​թ. սեպտեմբերին իմ երազանքը իրականացավ։ Ինձ հրավիրեցին ծառայելու որպես հացթուխ Բրուքլինի վարչական կենտրոնում, որտեղ աստվածաշնչյան գրականություն է տպագրվում համաշխարհային քարոզչական գործի համար։ Այդ ժամանակ ապրում էի Գլենդելում և աշխատում էի ռեստորանում՝ որպես խմորեղենի գլխավոր խոհարար։ Անմիջապես թողեցի գործս և գնացի Բեթել։

Յոթ տարի անց՝ 1955​թ.-ին, Եվրոպայում մի քանի միջազգային համաժողովներ անցկացվեցին։ Ընտանիքիս անդամները ֆինանսապես աջակցեցին ինձ այդ համաժողովներին ներկա լինելու համար։ Ես մեծ բավականություն ստացա՝ ներկա գտնվելով Լոնդոնում, Փարիզում, Հռոմում և հատկապես Նյուրնբերգում (Գերմանիա) անցկացվող համաժողովներին։ Վերջին համաժողովին ներկա էին ավելի քան 107000 հոգի։ Այն տեղի ունեցավ մի հսկա մարզադաշտում, որտեղ մի ժամանակ Հիտլերը հպարտությամբ դիտում էր իր զորքերի երթը։ Համաժողովին ներկա էին նաև այն Վկաները, որոնց Հիտլերը երդվել էր ոչնչացնել։ Որքա՜ն մեծ էր ուրախությունս, որ այս հավատարիմ մարդկանց հետ նույն մարզադաշտում էի։

Նյուրնբերգի համաժողովին սիրահարվեցի մի երիտասարդ գերմանուհի Վկայի։ Նրա անունը Բրիջիտ Գերվին էր։ Մեկ տարի էլ չէր անցել, որ մենք ամուսնացանք ու վերադարձանք Գլենդել՝ ծնողներիս մոտ։ Մեր առաջին տղան՝ Թոմը, ծնվեց 1957-ին, երկրորդ տղան՝ Դոնը, ծնվեց 1958-ին, իսկ մեր դուստրը՝ Սաբինան, ծնվեց 1960-ին։

Գոհունակությամբ լի կյանք

Ոմանք հարցնում են ինձ, թե արդյոք ափսոսում եմ, որ Աստծուն ծառայելու համար հաճախ մարդկանց կողմից հալածվել եմ ու բանտարկվել։ Իհարկե ո՛չ։ Ընդհակառակը՝ շնորհակալ եմ Եհովային, որ պատիվ եմ ունեցել ծառայելու նրան այսքան հավատարիմ մարդկանց հետ։ Հուսով եմ, որ ինձ հետ տեղի ունեցած դեպքերը կքաջալերեն շատերին՝ մղելով նրանց մոտենալու Աստծուն և երբեք չթողնելու նրան։

Ինչ խոսք, Աստծու ծառաներից շատերն են ուժգին հալածանքներ կրել։ Չէ՞ որ մենք պետք է ակնկալենք նման բաներ։ Աստվածաշնչում գրված է. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն» (2 Տիմոթեոս 3։12)։ Այդուհանդերձ, Սաղմոս 34։19-ի խոսքերը վստահեցնում են մեզ. «Շատ են արդարի նեղությունները, բայց Եհովան ազատում է նրան այդ ամենից»։

[Ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, սակայն այժմ չի տպագրվում։

[Նկար 27–րդ էջի վրա]

Քարոզում ենք Լուիզիանայում 1940-ականների սկզբին

[Նկար 29–րդ էջի վրա]

Ծառայում եմ որպես հացթուխ գլխավոր վարչությունում

[Նկար 29–րդ էջի վրա]

Կնոջս՝ Բրիջիտի հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը