Պատանինե՛ր, դիմադրեք հասակակիցների ճնշմանը
«Թող ձեր խոսքը.... լինի աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին» (ԿՈՂ. 4։6)։
1, 2. Ի՞նչ են զգում շատ պատանիներ, երբ տարբերվում են ուրիշներից, և ինչո՞ւ։
ԱՆԿԱՍԿԱԾ, դու ոչ միայն լսել ես «հասակակիցների ճնշում» արտահայտությունը, այլև անձամբ ես զգացել, թե ինչ է դա։ Գուցե եղել են դեպքեր, երբ որևէ մեկը դրդել է քեզ անելու մի բան, ինչը գիտես, որ սխալ է։ Ի՞նչ ես զգացել այդ ժամանակ։ «Երբեմն ուզում եմ ուղղակի անհետանալ,— ասում է 14-ամյա Քրիստոֆերը,— կամ էլ չտարբերվել մյուս դասարանցիներիցս»։
2 Հասակակիցներիդ ճնշումն ազդո՞ւմ է քեզ վրա։ Եթե այո, ապա ո՞րն է պատճառը։ Հնարավո՞ր է՝ ուզում ես ընդունված լինել նրանց կողմից։ Առհասարակ, այդպիսի ցանկություն ունենալը միշտ չէ, որ սխալ է։ Իրականում, չափահասներն էլ են ուզում ընդունված լինել հասակակիցների շրջապատում։ Ոչ ոք՝ մեծ թե փոքր, չի ուզում մերժված լինել։ Սակայն եթե ռեալ մտածենք, երբ ճիշտն ես անում, միշտ չէ, որ դա դուր է գալիս ուրիշներին։ Նույնիսկ Հիսուսն էր բախվում այդ իրականությանը, սակայն միշտ ճիշտ էր վարվում։ Մինչ որոշ մարդիկ հետևում էին Աստծու Որդուն և դառնում նրա աշակերտները, ուրիշները արհամարհում էին նրան ու «բանի տեղ չէին դնում» (Ես. 53։3)։
Որքա՞ն ուժեղ է հասակակիցներիդ նմանվելու ճնշումը
3. Ինչո՞ւ է սխալ առաջնորդվել հասակակիցներիդ չափանիշներով։
3 Երբեմն թերևս ցանկանաս առաջնորդվել հասակակիցներիդ չափանիշներով, որ արժանանաս նրանց հավանությանը։ Սակայն այդպես վարվելը սխալ կլինի։ Քրիստոնյաները չպետք է լինեն «մանուկներ՝ ասես ալիքներից տարուբերված» (Եփես. 4։14)։ Փոքր երեխաները հեշտությամբ կարող են ընկնել ուրիշների ազդեցության տակ։ Բայց լինելով պատանի՝ դու կանգնած ես չափահասության շեմին։ Եթե համոզված լինես, որ Եհովայի չափանիշները քո օգտին են ծառայում, ուրեմն կապրես դրանց համաձայն (2 Օրենք 10։12, 13)։ Հակառակ դեպքում՝ չես կարողանա վերահսկել կյանքդ։ Փաստն այն է, որ երբ տեղի ես տալիս ուրիշների ճնշմանը, նրանց ձեռքին խաղալիք ես դառնում (կարդա՛ 2 Պետրոս 2։19)։
4, 5. ա) Ինչպե՞ս Ահարոնը տեղի տվեց ճնշմանը, և ի՞նչ դասեր կարող ես սովորել այս դեպքից։ բ) Ի՞նչ մեթոդներ գուցե բանեցնեն հասակակիցներդ՝ քեզ ճնշելու համար։
4 Մի անգամ Մովսեսի եղբայր Ահարոնը տրվեց հասակակիցների ճնշմանը։ Երբ իսրայելացիները դրդեցին նրան մի աստված պատրաստելու իրենց համար, նա համաձայնեց։ Բայց գիտե՞ս՝ իրականում Ահարոնը թուլամորթ չէր։ Նախկինում նա աջակցել էր Մովսեսին, երբ նրանք դուրս էին եկել փարավոնի՝ Եգիպտոսի ամենազորեղ մարդու դեմ։ Այդ ժամանակ Ահարոնը խիզախորեն էր խոսել նրա հետ՝ հայտնելով Աստծու պատգամը։ Սակայն երբ ազգակիցները ճնշում բանեցրին նրա վրա, նա փոխզիջման գնաց։ Ի՜նչ ուժ կարող է ունենալ շրջապատի ճնշումը։ Փաստորեն, Ահարոնի համար ավելի հեշտ էր դիմադրել Եգիպտոսի թագավորին, քան շրջապատի մարդկանց (Ելք 7։1, 2; 32։1–4)։
5 Ինչպես երևում է Ահարոնի օրինակից, շրջապատի ճնշմանը ենթարկվում են ոչ միայն պատանիները և նրանք, ովքեր հակված են սխալ անելու, այլև նույնիսկ նրանք, ովքեր անկեղծորեն ուզում են ճիշտն անել։ Այդ ճնշումը նույն հաջողությամբ կարող է ազդել նաև քեզ վրա։ Հասակակիցներդ գուցե փորձեն ներգրավել քեզ որևէ սխալ արարքի մեջ՝ սպառնալով, պիտակներ կպցնելով կամ ծաղրելով։ Ինչպիսին էլ լինի այդ ճնշումը, դժվար է դրան դիմադրել։ Սակայն դու կարող ես հաջողության հասնել, եթե վստահ լինես համոզմունքներիդ մեջ։
«Շարունակ փորձեք ինքներդ ձեզ, որ իմանաք, թե ովքեր եք դուք»
6, 7. ա) Ինչո՞ւ է կարևոր, որ վստահ լինես քո համոզմունքների մեջ, և այդ նպատակով ի՞նչ կարող ես անել։ բ) Ի՞նչ հարցեր կարող ես տալ ինքդ քեզ, որ խորացնես համոզվածությունդ։
6 Հասակակիցների ճնշմանը դիմադրելու համար դու առաջին հերթին պետք է վստահ լինես, որ քո համոզմունքները և չափանիշները ճիշտ են (կարդա՛ 2 Կորնթացիներ 13։5)։ Համոզվածությունը կօգնի քեզ լինելու համարձակ, թեև գուցե ամաչկոտ ես (2 Տիմոթ. 1։7, 8)։ Սակայն նույնիսկ եթե անհատը համարձակ է, նրա համար կարող է շատ դժվար լինել պաշտպանել մի բան, որին այդքան էլ չի հավատում։ Ուստի փորձիր ինքդ քեզ ապացուցել, որ ինչ սովորել ես Աստվածաշնչից, իսկապես ճշմարտություն է։ Սկսիր հիմնական բաներից։ Օրինակ՝ դու հավատում ես Աստծուն և լսել ես, որ ուրիշներն ասում են, թե ինչու են հավատում նրա գոյությանը։ Ուրեմն հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ եմ ես համոզված, որ Աստված գոյություն ունի»։ Այս հարցի նպատակը քո մեջ կասկածներ սերմանելը չէ, այլ հավատդ զորացնելն է։ Նաև հարցրու քեզ. «Որտեղի՞ց գիտեմ, որ Սուրբ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթ. 3։16)։ «Ինչո՞ւ եմ համոզված, որ ապրում եմ «վերջին օրերում»» (2 Տիմոթ. 3։1–5)։ «Ի՞նչն է ինձ վստահեցնում, որ Եհովայի չափանիշները իմ օգտի համար են» (Ես. 48։17, 18)։
7 Գուցե վարանես այդպիսի հարցեր տալ ինքդ քեզ՝ վախենալով, որ չես կարողանա պատասխանել։ Սակայն դա նման կլինի այն բանին, որ վարանես նայել մեքենայիդ վառելիքի ցուցիչին՝ վախենալով, որ սլաքը կանգնած կլինի զրոյի վրա։ Եթե բաքում վառելիք չկա, դու պետք է իմանաս այդ մասին, որ քայլեր ձեռնարկես։ Նմանապես, լավ կլինի՝ տեսնես, թե որ հարցերում միգուցե դեռ լիարժեք համոզվածություն չունես, և քայլեր ձեռնարկես այդ ուղղությամբ (Գործ. 17։11)։
8. Բացատրի՛ր, թե ինչպես կարող ես խորացնել վստահությունդ այն բանի հանդեպ, որ Աստծու պատվերը՝ հեռու մնալ պոռնկությունից, իմաստուն է։
8 Քննիր հետևյալ օրինակը։ Աստվածաշունչը քեզ հորդորում է՝ «փախի՛ր պոռնկությունից»։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ է այս պատվերը իմաստուն»։ Մտածիր այն բոլոր պատճառների մասին, թե ինչու են հասակակիցներդ զբաղվում պոռնկությամբ, նաև թե ինչու է պոռնկություն գործողը «իր իսկ մարմնի դեմ մեղք գործում» (1 Կորնթ. 6։18)։ Այժմ վերլուծիր պատճառները և հարցրու ինքդ քեզ. «Ո՞րն է ամենալավ վարքը։ Արժե՞ արդյոք անբարոյությամբ զբաղվել»։ Փորձիր մտովի ավելի հեռու գնալ. «Ի՞նչ կզգամ, եթե անբարոյություն գործեմ»։ Թերևս անմիջապես արժանանաս հասակակիցներիդ հավանությանը, սակայն ի՞նչ կզգաս ավելի ուշ, երբ նայես ծնողներիդ աչքերի մեջ կամ լինես հավատակիցներիդ հետ Թագավորության սրահում։ Ի՞նչ զգացումներ կունենաս, երբ փորձես աղոթել Աստծուն։ Մի՞թե կզոհես Աստծու առաջ ունեցած բարոյական մաքրությունդ՝ սոսկ դասընկերներիդ հաճեցնելու համար։
9, 10. Հավատալիքներիդ հանդեպ վստահ լինելն ինչպե՞ս կօգնի քեզ, որ ավելի վստահությամբ խոսես հասակակիցներիդ հետ։
9 Եթե դեռահաս ես, հիշիր, որ քո «բանականությունը» ավելի շատ հիմա է զարգանում (կարդա՛ Հռոմեացիներ 12։1, 2)։ Սա լավ ժամանակաշրջան է, որ լրջորեն մտածես, թե քեզ համար ինչ է նշանակում լինել Եհովայի վկա։ Այսպիսի խորհրդածության շնորհիվ կխորացնես վստահությունը հավատալիքներիդ հանդեպ։ Ու երբ հասակակիցների կողմից ճնշման ենթարկվես, կկարողանաս պատասխանել նրանց անմիջապես ու համոզվածությամբ։ Հավանաբար, կզգաս այն, ինչ զգում է մի երիտասարդ քրիստոնյա քույր։ Նա ասում է. «Երբ բախվում եմ հասակակիցներիս ճնշմանը, պարզապես ասում եմ, թե ով եմ ես։ Ինձ համար իմ կրոնը «ինչ-որ կրոն» չէ, այն իմ մտածելակերպի, նպատակների, բարոյական չափանիշների հիմքն է, իմ էությունը»։
10 Այո՛, ջանքեր են պահանջվում, որ հաստատակամորեն անես այն, ինչը գիտես, որ ճիշտ է (Ղուկ. 13։24)։ Բայց գուցե հարցնես՝ արժե՞ արդյոք։ Հիշիր հետևյալը. եթե անվճռական լինես կամ ամաչես, ուրիշները դա կզգան և նույնիսկ ավելի շատ կճնշեն քեզ։ Իսկ եթե համոզվածությամբ խոսես, ապա անակնկալի կգաս՝ տեսնելով, թե որքան արագ են հասակակիցներդ նահանջում (համեմատի՛ր Ղուկաս 4։12, 13)։
«Մտածիր, թե ինչ պատասխանես»
11. Ի՞նչ օգուտներ կքաղես, եթե պատրաստված լինես հասակակիցներիդ ճնշմանը։
11 Մեկ այլ կարևոր քայլ, որը կօգնի դիմադրելու հասակակիցների ճնշմանը, պատրաստված լինելն է (կարդա՛ Առակներ 15։28)։ Պատրաստված լինել նշանակում է նախապես մտածել, թե ինչ իրավիճակներում կարող ես հայտնվել։ Երբեմն հեռատես լինելը կարող է օգնել քեզ չընկնելու ավելորդ պատմությունների մեջ։ Օրինակ՝ պատկերացրու հեռվում նկատում ես, որ դասընկերներիցդ մի քանիսը խմբված կանգնած են և ծխում են։ Հավանականությունը որքա՞ն է, որ նրանք քեզ ծխախոտ կառաջարկեն։ Ի՞նչ կարող ես անել խնդիրը կանխելու համար։ Առակներ 22։3-ում ասվում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում»։ Եթե ուրիշ ճանապարհով գնաս, ապա կխուսափես նրանց հանդիպելուց։ Դա բոլորովին էլ չի նշանակի, թե վախեցար, հակառակը՝ իմաստուն քայլ կլինի։
12. Ինչպե՞ս կարող ես պատասխանել, երբ որևէ մեկը քեզ հեգնում է։
12 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե հնարավոր չէ խուսափել այդպիսի իրավիճակներից։ Պատկերացրու հասակակիցներիցդ մեկը հեգնանքով հարցնում է. «Դու դեռ կո՞ւյս ես»։ Նման հարցերին պատասխանելիս կարևոր է հաշվի առնել Կողոսացիներ 4։6-ը. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին»։ Այս համարը ցույց է տալիս, որ քո պատասխանը կախված է հանգամանքներից։ Կարիք չկա նրա գլխին քարոզ կարդալու։ Հաստատակամ ու պարզ պատասխանը կարող է բավարար լինել։ Օրինակ՝ «դեռ կո՞ւյս ես» հարցին կարող ես պարզապես պատասխանել՝ այո՛, կամ՝ «դա իմ անձնական գործն է»։
13. Ինչո՞ւ է կարևոր խորաթափանց լինել հասակակիցների հեգնական հարցերին պատասխանելիս։
13 Հիսուսը հաճախ կարճ պատասխան էր տալիս, երբ զգում էր, որ շատ բան ասելն անիմաստ է։ Իսկ երբ Հերովդեսը հարց տվեց նրան, նա ոչինչ չասաց (Ղուկ. 23։8, 9)։ Հաճախ լռությունն ամենալավ պատասխանն է հանդուգն հարցին (Առակ. 26։4; Ժող. 3։1, 7)։ Մյուս կողմից՝ գուցե նկատես, որ քեզ հարց տվողը, որը թեև սկզբում վիրավորական բաներ է ասել քո մասին, անկեղծորեն է ուզում իմանալ քո համոզմունքների, օրինակ՝ բարոյական մաքրության մասին (1 Պետ. 4։4)։ Այդպիսի դեպքերում Աստվածաշնչի վրա հիմնված քո հիմնավոր բացատրությունը տեղին կլինի։ Ուրեմն թող վախը հետ չպահի քեզ պատասխանելուց։ Միշտ «պատրաստ եղիր պատասխան տալու» (1 Պետ. 3։15)։
14. Ինչպե՞ս կարող ես որոշ իրավիճակներում հասակակիցներիդ նրբանկատորեն փակուղու առաջ կանգնեցնել։
14 Որոշ իրավիճակներում գուցե քեզ հաջողվի հասակակիցներիդ փակուղու առաջ կանգնեցնել։ Սակայն դա պետք է նրբանկատորեն անես։ Օրինակ՝ եթե դասարանցիդ քեզ ծխախոտ է առաջարկում, դու պարզապես կարող ես ասել՝ չէ՛, մերսի, և ավելացնել. «Ես էլ գիտեի՝ խելքը գլխին տղա ես»։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես կարող ես փակուղու մեջ գցել նրան. բացատրելու փոխարեն, թե ինչու դո՛ւ չես ծխում՝ հասակակցիդ ստիպում ես մտածելու, թե ինչու է ի՛նքը ծխումa։
15. Ե՞րբ է ճիշտ հեռանալ հասակակիցներիցդ, որոնք փորձում են ճնշել քեզ, և ինչո՞ւ։
15 Ի՞նչ կարող ես անել, եթե չնայած քո ջանքերին՝ հասակակիցներդ համառորեն շարունակում են համոզել քեզ։ Այդ դեպքում լավ կլինի, որ պարզապես հեռանաս։ Որքան երկար մնաս, այնքան ավելի մեծ կլինի զիջումների գնալու հավանականությունը։ Ուստի հեռացիր և մի՛ մտածիր, թե պարտվել ես։ Ի վերջո, դու վերահսկել ես իրավիճակը, հասակակիցներիդ ձեռքին խաղալիք չես դարձել և ուրախացրել ես Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։
Ունեցիր ծրագրեր, որոնք օգուտներ կբերեն
16. Ինչպե՞ս կարող են ճնշում բանեցնել նրանք, ովքեր պնդում են, թե քրիստոնյա են։
16 Երբեմն քեզ վրա կարող են ճնշում բանեցնել, որ սխալ արարք անես, այն պատանիները, ովքեր միայն պնդում են, թե Եհովայի ծառաներ են։ Պատկերացրու՝ այդպիսի մի անհատ հրավիրել է քեզ խնջույքի, և դու այնտեղ բացահայտում ես, որ մեծերից ոչ ոք ներկա չէ, որպեսզի վերահսկի այն։ Ինչպե՞ս կվարվես։ Կամ՝ իրեն քրիստոնյա համարող մի պատանի ալկոհոլ է բերել այդ խնջույքին, մինչդեռ դու կամ ուրիշ հրավիրվածներ այն տարիքում չեք, որ ալկոհոլ օգտագործեք։ Ի՞նչ կանես։ Բազմաթիվ իրավիճակներ կարող են լինել, որոնցում պետք է առաջնորդվես Աստվածաշնչով մարզված քո խղճով։ Մի քրիստոնյա պատանի պատմում է. «Ես ու քույրս դուրս եկանք կինոթատրոնից, քանի որ ֆիլմում դերասանները անընդհատ գռեհիկ բառեր էին օգտագործում։ Մյուսները որոշեցին մնալ։ Մեր ծնողները գովեցին մեզ, սակայն նրանք, ովքեր մնացել էին, բարկացան մեզ վրա՝ ասելով, թե իրենց վատ դրության մեջ էինք գցել»։
17. Երբ խնջույքի ես գնում, ի՞նչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել Աստծու չափանիշները չոտնահարելու համար։
17 Ինչպես ցույց է տալիս փորձը, Աստվածաշնչով դաստիարակված խղճով առաջնորդվելու պատճառով հնարավոր է՝ անհարմար վիճակի մեջ ընկնես։ Այնուհանդերձ, արա այն, ինչը գիտես, որ ճիշտ է։ Եղիր պատրաստված։ Երբ խնջույքի ես գնում, մտածիր, թե ինչպես ես հեռանալու, եթե ինչ-ինչ չնախատեսված բաներ քեզ անակնկալի բերեն։ Որոշ պատանիներ պայմանավորվում են ծնողների հետ, որ պարզապես կզանգահարեն, և նրանք արագ կգան իրենց հետևից (Սաղ. 26։4, 5)։ Այսպիսի «ծրագրերը օգուտներ կբերեն» (Առակ. 21։5)։
«Ուրախացիր.... քանի դեռ երիտասարդ ես»
18, 19. ա) Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ Եհովան ուզում է, որ երջանիկ լինես։ բ) Ի՞նչ վերաբերմունք ունի Աստված նրանց նկատմամբ, ովքեր դիմադրում են հասակակիցների ճնշմանը։
18 Եհովան քեզ արարել է, որ վայելես կյանքը, և ուզում է, որ երջանիկ լինես (կարդա՛ Ժողովող 11։9)։ Հիշիր, որ քո հասակակիցներից շատերը միայն «մեղքի ժամանակավոր հաճույք են վայելում» (Եբր. 11։25)։ Իսկ ճշմարիտ Աստված ուզում է, որ դրանից ավելին ունենաս։ Նա ուզում է, որ երջանիկ լինես հավիտյան։ Ուստի երբ կանգնած լինես Աստծու աչքին սխալ գործելու գայթակղության առաջ, հիշիր՝ այն, ինչ նա պահանջում է քեզանից, միշտ նպաստում է քո բարօրությանը։
19 Պետք է նաև գիտակցես, որ եթե անգամ արժանանաս հասակակիցներիդ հավանությանը, տարիներ հետո նրանցից շատերը հավանաբար կմոռանան նույնիսկ քո անունը։ Սակայն եթե դիմադրես նրանց ճնշմանը, Եհովան կնկատի դա և երբեք չի մոռանա քեզ ու քո հավատարմությունը։ Նա «կբացի քեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն կթափի, մինչև որ էլ տեղ չլինի» (Մաղ. 3։10)։ Ավելին, երբ վճռականության կարիք ունենաս, նա առատորեն կտա իր սուրբ ոգին, որ ամրացնի այն։ Այո՛, Եհովան կարող է օգնել քեզ դիմադրելու հասակակիցների ճնշմանը։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի՝ «Ինչ կանեմ, եթե ենթարկվեմ հասակակիցներիս ճնշմանը» շրջանակը, հատոր 2, էջ 132, 133 (ռուս.)։
Հիշո՞ւմ ես
• Որքա՞ն ուժեղ կարող է լինել հասակակիցների ճնշումը։
• Ի՞նչ դեր ունի համոզվածությունը հասակակիցների ճնշմանը դիմադրելու հարցում։
• Ինչպե՞ս կարող ես պատրաստված լինել, որ դիմագրավես հասակակիցների ճնշումը։
• Որտեղի՞ց գիտես, որ Եհովան գնահատում է քո հավատարմությունը։
[նկար 8-րդ էջի վրա]
Ինչո՞ւ Ահարոնը համաձայնեց ոսկե հորթ պատրաստել
[նկար 10-րդ էջի վրա]
Պատրաստված եղիր՝ նախապես որոշիր, թե ինչ ես ասելու