Կենսագրություն
Մեր սուրբ ծառայությունից սովորել ենք «գաղտնիքը»
Պատմում է Օլիվիե Ռանդրիամուրան
«Անշուշտ ես գիտեմ, թե ինչ է կարիքի մեջ լինելը, և գիտեմ, թե ինչ է առատության մեջ լինելը։ Ամեն ինչում և բոլոր հանգամանքներում՝ թե՛ կուշտ և թե՛ քաղցած.... ես սովորել եմ գոհ լինելու գաղտնիքը.... Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպ. 4։12, 13)։
ՊՈՂՈՍ առաքյալի այս խոսքերը երկար ժամանակ քաջալերանքի աղբյուր են եղել կնոջս՝ Ուլիի և ինձ համար։ Պողոսի նման՝ մենք սովորել ենք «գոհ լինելու գաղտնիքը»՝ լիովին ապավինելով Եհովային այստեղ՝ Մադագասկարում ծառայելիս։
Ես և Ուլին նշանված էինք, երբ 1982թ.-ին Եհովայի վկաները Ուլիի մոր հետ սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ես նույնպես սկսեցի ուսումնասիրել, իսկ հետո Ուլին միացավ ինձ։ Մենք ամուսնացանք 1983թ.-ին, մկրտվեցինք 1985թ.-ին և անմիջապես սկսեցինք ենթառահվիրա ծառայել։ 1986թ. հուլիսին դարձանք ընդհանուր ռահվիրա։
1987թ. սեպտեմբերին նշանակվեցինք հատուկ ռահվիրա։ Մեր առաջին նշանակումն էր Մադագասկարի հյուսիս-արևմուտքում գտնվող մի փոքր քաղաք, որտեղ ժողով չկար։ Մադագասկարում կան մոտ 18 հիմնական էթնիկ խմբեր, ինչպես նաև բազմաթիվ տոհմեր։ Սովորություններն ու ավանդույթները շատ տարբեր են։ Պաշտոնական լեզուն մալգաշերենն է, սակայն կան նաև բարբառներ։ Ուստի սկսեցինք սովորել այն բարբառը, որով խոսում էին մեր տարածքի մարդիկ, և դրա շնորհիվ նրանք մեզ ավելի արագ ընդունեցին։
Սկզբում ես ամեն կիրակի հանրային ելույթ էի ներկայացնում, իսկ հետո Ուլին պարտաճանաչորեն ծափահարում էր։ Մենք միակ ներկաներն էինք։ Նաև անց էինք կացնում Աստվածապետական ծառայության դպրոցի ողջ ծրագիրը։ Ուլին տանտիրոջ դերն էր տանում։ Մեծ թեթևացում էր, երբ շրջանային վերակացուն առաջարկեց, որ փոփոխություններ մտցնենք հանդիպումների մեջ։
Քանի որ փոստը լավ չէր աշխատում, ամսական նպաստը ժամանակին չէինք ստանում։ Այդպես սովորեցինք բավարարվել քիչ միջոցներով։ Մի անգամ պետք է գնայինք շրջանային համաժողով, որը անցկացվելու էր մեզնից 130 կիլոմետր հեռու, սակայն բավականաչափ փող չունեինք, որ վճարեինք ավտոբուսի համար։ Հիշեցինք մեր հավատակցի լավ խորհուրդը. «Ասեք Եհովային ձեր խնդիրների մասին։ Չէ՞ որ նրա գործն եք անում»։ Ուստի աղոթեցինք ու որոշեցինք ոտքով գնալ։ Արդեն պատրաստվում էինք դուրս գալ, երբ մի եղբայր անսպասելիորեն այցելեց մեզ ու փող նվիրեց՝ հենց այնքան, որքան հարկավոր էր վճարել ավտոբուսի համար։
ՇՐՋԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1991թ. փետրվարին նշանակվեցի շրջանային վերակացու։ Այդ ժամանակ մեր փոքր խումբը կազմված էր 9 քարոզչից, որոնցից միայն 3-ն էին մկրտված։ Հանդիպումներին ներկա էր լինում միջինը 50 մարդ։ Մարզում ստանալուց հետո մենք ծառայեցինք մայրաքաղաք Անտանանարիվուի շրջաններից մեկում։ 1993-ին նշանակվեցինք ծառայելու երկրի արևելյան մասում։ Այնտեղ կենսապայմանները շատ էին տարբերվում քաղաքի կենսապայմաններից։
Ժողովներին ու մեկուսի խմբերին հասնելու համար ոտքով էինք ճանապարհորդում՝ երբեմն մինչև 145 կիլոմետր անցնելով խիտ անտառներով ծածկված լեռներով։ Հնարավորինս քիչ իրեր էինք վերցնում մեզ հետ։ Երբեմն շրջանային վերակացուի հանրային ելույթն ընդգրկում էր սլայդների ցուցադրում։ Այդ ժամանակ, ինչ խոսք, մեր բեռը ավելի ծանր էր լինում։ Ուլին տանում էր սլայդոսկոպը, իսկ ես՝ 12 վոլտ լարման մարտկոցը։
Հաճախ օրվա մեջ մոտ 40 կիլոմետր ճանապարհ էինք գնում, որ հասնենք մյուս ժողով։ Անցնում էինք լեռներով, գետերով ու ցեխոտ ճանապարհներով։ Երբեմն գիշերում էինք բաց երկնքի տակ, բայց սովորաբար ձգտում էինք որևիցե գյուղ հասնել, որտեղ կկարողանայինք գիշերելու տեղ գտնել։ Լինում էր, որ լիովին անծանոթ մարդկանց էինք խնդրում, որ թույլ տան գիշերել իրենց մոտ։ Կացարան գտնելուց հետո սկսում էինք ճաշ պատրաստել։ Ուլին տանտիրոջից կաթսա էր վերցնում, գնում էր մոտակա գետը կամ լիճը, որ ջուր բերի։ Այդ ընթացքում ես փայտ էի կոտրում։ Այս ամենը ժամանակ էր խլում։ Երբեմն ճուտ էինք առնում, որը հետո ինքներս մորթում էինք, մաքրում ու պատրաստում։
Ճաշելուց հետո ջուր էինք բերում լողանալու համար։ Երբեմն քնում էինք խոհանոցում։ Երբ անձրև էր գալիս, քնում էինք պատին հենված, որ տանիքից չկաթի մեզ վրա։
Միշտ վկայություն էինք տալիս տանտիրոջը։ Երբ տեղ էինք հասնում, քույրերն ու եղբայրները մեծ բարություն ու առատ հյուրասիրություն էին ցուցաբերում։ Մեր այցելությունների համար նրանց սրտանց երախտագիտությունը փոխհատուցում էր ճանապարհին մեր կրած բոլոր դժվարությունները։
Հավատակիցների տանը մնալիս ուրախությամբ նրանց օգնում էինք տնային գործերում։ Շնորհիվ դրա նրանք կարողանում էին մեզ հետ մասնակցել քարոզչական ծառայությանը։ Չէինք ակնկալում, որ տանտերերը ճոխ ընդունելություն կկազմակերպեն կամ հատուկ կերակուրներ կպատրաստեն մեզ համար, քանի որ հասկանում էինք, որ չունեն այդպիսի հնարավորություններ։
ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆՔ ՄԵԿՈՒՍԻ ԽՄԲԵՐ
Մեծ ուրախությամբ էինք այցելում մեկուսի խմբեր։ Եղբայրները շատ խիտ գրաֆիկ էին կազմում այդ օրերի համար։ Գրեթե ժամանակ չէինք ունենում «մի փոքր հանգիստ առնելու» (Մարկ. 6։31)։ Օրինակ՝ մի անգամ Վկա մի ամուսնական զույգ տուն էր հրավիրել իր բոլոր 40 ուսումնասիրողներին։ Ուլին քրոջ հետ ուսումնասիրեց մոտ 20 հոգու, իսկ ես ու եղբայրը՝ մնացածի հետ։ Հենց որ մի ուսումնասիրողը գնում էր, անմիջապես սկսում էինք մյուսի հետ ուսումնասիրել։ Ավելի ուշ ընդմիջում արեցինք, որ անցկացնենք ժողովի հանդիպումը, և հետո վերսկսեցինք ուսումնասիրությունները։ Պատահում էր, որ նման բեղուն գործունեությունը ավարտում էինք երեկոյան ժամը ութից հետո։
Մեկ ուրիշ խումբ այցելելիս առավոտյան մոտ ժամը ութին բոլորս ճանապարհ ընկանք հարևան գյուղ։ Հին շորեր էինք հագել։ Անտառի միջով երկար քայլելուց հետո մոտ կեսօրին տեղ հասանք։ Մաքուր շորեր հագանք և անմիջապես սկսեցինք քարոզել տնից տուն։ Տները քիչ էին, իսկ քարոզիչները՝ շատ։ Մոտ 30 րոպեում անցանք ողջ տարածքը։ Հետո գնացինք մյուս գյուղ։ Այնտեղ քարոզելուց հետո մեզ սպասում էր տունդարձի երկար ու ձիգ ճանապարհը։ Սկզբում մի քիչ վհատված էինք. շատ ժամանակ էինք ծախսել ու շատ ջանք թափել, բայց ընդամենը մեկ ժամ էինք քարոզել։ Սակայն տեղի Վկաները ոգևորված էին ու չէին գանգատվում։
Թավիրանամբո քաղաքում մի մեկուսի խումբ գտնվում էր լեռան վրա։ Այնտեղ հանդիպեցինք Վկաների մի ընտանիքի, որն ապրում էր մեկ սենյականոց տանը։ Հարակից փոքր կառույցում անցկացվում էին ժողովի հանդիպումները։ Հանկարծ տանտերը բարձր ձայնով սկսեց կանչել՝ եղբայրնե՜ր։ Մյուս լեռան գագաթից մի ձայն պատասխանեց՝ հը՜։ Տանտերը գոռաց. «Շրջանայինը եկե՜լ է»։ «Եղա՜վ»,— հետևեց պատասխանը։ Ակներևաբար, այդ լուրը փոխանցվեց նաև ավելի հեռու ապրողներին, և շուտով մարդիկ սկսեցին հավաքվել։ Հանդիպմանը ներկա էր ավելի քան 100 մարդ։
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
1996-ին նշանակվեցինք ծառայելու Անտանանարիվուին ավելի մոտ գտնվող շրջանում՝ կենտրոնական սարահարթում։ Այս շրջանը նույնպես իր ուրույն դժվարություններն ուներ։ Հեռավոր տարածքներ գնալու համար կանոնավոր աշխատող տրանսպորտ չկար։ Մենք պետք է այցելեինք Բեյնկանա (Բեյսակեյ) քաղաքը, որը Անտանանարիվուից մոտ 240 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Այդ ուղղությամբ գնացող փոքր բեռնատար մեքենա հանդիպեց։ Վարորդը համաձայնեց մեզ տանել։ Մեզնից բացի, մեքենայի մեջ և դրա վրա մոտ 30 ուղևորներ կային. մի քանիսը պառկած էին վերնամասին, իսկ մյուսները կախված էին հետևամասից։
Ինչպես որ հաճախ է պատահում, շուտով մեքենան փչացավ, ու մենք ոտքով շարունակեցինք ճանապարհը։ Մի քանի ժամ հազիվհազ քայլելուց հետո մեծ բեռնատար տեսանք։ Մեքենան արդեն լեփ-լեցուն էր մարդկանցով ու իրերով, բայց վարորդը, այդուհանդերձ, կանգնեցրեց այն։ Միայն կանգնելու տեղ կար։ Քիչ անց հասանք մի գետի, որի կամուրջը վերանորոգվում էր։ Եվ նորից ստիպված էինք ոտքով գնալ։ Ի վերջո, հասանք մի փոքր գյուղ, որտեղ մի քանի հատուկ ռահվիրաներ էին ապրում։ Թեև չէինք ծրագրել այցելել նրանց, սակայն մինչ կամուրջը կվերանորոգվեր և ուրիշ տրանսպորտ կանցներ, մեր ժամանակն օգտագործեցինք՝ նրանց հետ քարոզելով։
Միայն մեկ շաբաթ հետո այդտեղով մեքենա անցավ, ու մենք վերսկսեցինք ճանապարհորդությունը։ Ճանապարհը լի էր հսկայական փոսերով։ Հաճախ հրում էինք մեքենան՝ մինչև ծնկները ջրի մեջ մտած։ Երբեմն սայթաքում ու ընկնում էինք։ Լուսադեմին հասանք մի փոքր գյուղ, որտեղ իջանք մեքենայից ու թեքվելով գլխավոր ճանապարհից՝ շարունակեցինք ոտքով գնալ։ Քայլում էինք բրնձի դաշտերով՝ մինչև գոտկատեղը ցեխաջրի մեջ մտած։
Առաջին անգամ էինք այցելում այդ տարածք, ուստի որոշեցինք վկայություն տալ դաշտերում աշխատողներին ու հարցնել, թե որտեղ են ապրում տեղի Վկաները։ Որքա՜ն ուրախացանք, երբ իմացանք, որ աշխատողները մեր հոգևոր եղբայրներն են։
ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՀՈՐԴՈՐ
Տարիների ընթացքում մեծ ուրախություն ենք ապրել՝ տեսնելով, թե ինչ արդյունքներ են եղել, երբ հորդորել ենք ուրիշներին լիաժամ ծառայություն սկսել։ Մի ժողով այցելելիս, որտեղ կար ինը ընդհանուր ռահվիրա, նրանցից յուրաքանչյուրին քաջալերեցինք նպատակ դնել օգնելու մեկ քարոզչի ռահվիրայություն սկսել։ Երբ վեց ամիս հետո այցելեցինք այդ ժողով, ռահվիրաների թիվը սնկի պես աճել էր՝ հասնելով 22-ի։ Երկու ռահվիրա քույրեր հորդորել էին իրենց հայրերին, որոնք երեց էին, դառնալ լիաժամ ծառայողներ։ Այդ եղբայրներն էլ իրենց հերթին քաջալերել էին երրորդ երեցին, որ միանա իրենց։ Կարճ ժամանակ անց երրորդ երեցը նշանակվեց հատուկ ռահվիրա և ավելի ուշ իր կնոջ հետ շրջանային ծառայության անցավ։ Իսկ այն երկու երեցներից մեկը շրջանային վերակացու է, մյուսը՝ Թագավորության սրահների շինարարության կամավոր։
Ամեն օր շնորհակալություն ենք հայտնում Եհովային նրա տված օգնության համար, քանի որ հասկանում ենք, որ մեր ուժերով ոչինչ չենք կարող անել։ Ճիշտ է, երբեմն հոգնում ենք, հիվանդանում, բայց երբ մտածում ենք մեր ծառայության արդյունքների մասին, ուրախությամբ ենք լցվում։ Եհովան առաջ է տանում իր գործը։ Երջանիկ ենք, որ մեր փոքր լուման ունենք դրանում՝ այժմ ծառայելով որպես հատուկ ռահվիրաներ։ Այո՛, մենք սովորել ենք «գոհ լինելու գաղտնիքը»՝ ապավինելով Եհովային, որը «զորացնում է» մեզ։
[մեջբերում 6-րդ էջի վրա]
Մենք սովորել ենք «գոհ լինելու գաղտնիքը»՝ ապավինելով Եհովային
[քարտեզ/նկարներ 4-րդ էջի վրա]
Մադագասկարը, որը կոչվում է Մեծ կարմիր կղզի, իր մեծությամբ աշխարհում չորրորդն է։ Հողը կարմիր է։ Այս կղզում բազմաթիվ յուրահատուկ բուսատեսակներ են աճում
[նկար 5-րդ էջի վրա]
Ճանապարհորդելը ամենամեծ դժվարություններից էր
[նկար 5-րդ էջի վրա]
Ուրախություն ենք ստանում՝ աստվածաշնչյան ուսումնասիրություններ անցկացնելով