Եղիր իմաստուն. «հմուտ առաջնորդություն» փնտրիր
Կյանքը կարելի է համեմատել ծովագնացության հետ։ Հաջողությամբ նավարկելու համար, սակայն, մարդկային իմաստությունը հաճախ շատ քիչ է օգնում։ Շատերը նավաբեկության են ենթարկվել կյանքի փոթորկալի ջրերում (Սաղ. 107։23, 27)։ Ինչո՞ւ է այս համեմատությունը տեղին։
Հին ժամանակներում ծովագնացությունը շատ ավելի դժվար էր, քան մեր օրերում։ Ծով դուրս գալու համար նավաստիները պետք է մեծ փորձ ունենային, որը նրանք ձեռք էին բերում՝ հիմնականում սովորելով երկար տարիների փորձառու նավաստիներից, թերևս նավավարներից (Գործ. 27։9–11)։ Բազում հին կտավներում նավավարի կարևորությունն ընդգծելու համար նրան ավելի խոշոր էին պատկերում։ Բաց ծով դուրս գալու համար ծովագնացները սովորում էին աստղերի, քամիների մասին և նավարկությանն առնչվող այլ կարևոր բաներ։ Աստվածաշունչը խոսում է որոշ նավաստիների մասին, որոնք «արհեստավարժ» էին՝ հմուտ, և օգտագործում է այնպիսի տերմին, որը կարող է նշանակել «իմաստուն» (Եզեկ. 27։8)։
Այսօր կյանքի խնդիրները կարող են թվալ նույնքան դժվարին, որքան ծովագնացությունը հին ժամանակներում։ Ի՞նչը կարող է օգնել մեզ։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ «ՀՄՈՒՏ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ» ԳՏՆԵԼ
Կյանքի և ծովագնացության միջև համեմատությունը ի մտի ունենալով՝ քննենք հետևյալ աստվածաշնչյան խոսքը. «Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը, և հասկացողություն ունեցող մարդը նա է, ով հմուտ առաջնորդություն է ընդունում» (Առակ. 1։5, 6)։ «Հմուտ առաջնորդություն» թարգմանված եբրայերեն բառը կարող է օգտագործվել՝ նկարագրելու այն գործողությունները, որ անում էր նավապետը հին ժամանակներում, և մատնանշում է հմտորեն առաջնորդելու և ուղղություն տալու կարողություն։
Մենք կարող ենք «հմուտ առաջնորդություն» գտնել ու սովորել կյանքի ծովում հաջողությամբ «նավարկել», ինչի համար, սակայն, ջանքեր են հարկավոր։ Ինչպես ասվում է «Առակներ» գրքում, պետք է միաժամանակ գործի դնենք «իմաստություն», «հասկացողություն» և «ըմբռնողականություն» (Առակ. 1։2–6; 2։1–9)։ Նաև Աստծու առաջնորդությունը պետք է փնտրենք, քանի որ նույնիսկ ամբարիշտը գիտի «առաջնորդել», բայց դեպի խաբեություն (Առակ. 12։5)։
Ուստի անչափ կարևոր է ջանադրաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Այդպես վարվելով՝ կարող ենք արժեքավոր տեղեկություններ ձեռք բերել Եհովայի և նրան լավագույնս ընդօրինակող անձնավորության՝ Հիսուս Քրիստոսի մասին (Հովհ. 14։9)։ Բազմաթիվ իմաստուն խորհուրդներ ենք ստանում քրիստոնեական հանդիպումների ժամանակ։ Բացի դրանից, կարող ենք սովորել ուրիշների, ինչպես նաև մեր ծնողների օրինակներից (Առակ. 23։22)։
ԿԱՆԽԱՏԵՍԻՐ ԵՎ ԾՐԱԳՐԻՐ
«Հմուտ առաջնորդությունը» հատկապես կարևոր է, երբ հայտնվում ենք, այսպես ասած, փոթորկալի ջրերում։ Տարակուսելը, թե ինչ անել բարդ իրավիճակում, կարող է աղետալի հետևանքներ ունենալ, քանի որ կասկածները խանգարում են կողմնորոշվել և միջոցներ ձեռք առնել (Հակ. 1։5, 6)։
Հետաքրքիր է, որ «հմուտ առաջնորդություն» թարգմանված բառն օգտագործվում է նաև ռազմավարության առնչությամբ։ Կարդում ենք. «Հմուտ առաջնորդությամբ [«ռազմավարութեամբ», ԷԹ] վարիր քո պատերազմը, և խորհրդատուների շատության դեպքում փրկություն է լինում» (Առակ. 20։18; 24։6)։
Ինչպես որ ռազմավարն է նախապես մտածում՝ ինչպես վարել մարտը, այնպես էլ մենք պետք է կանխատեսենք մեր հոգևորին սպառնացող վտանգները և զգուշանանք դրանցից (Առակ. 22։3)։ Օրինակ՝ գուցե պետք է որոշում կայացնես նոր աշխատանքի կամ աշխատավայրում պաշտոնի բարձրացման առաջարկն ընդունելու վերաբերյալ։ Բնականաբար, հաշվի կառնես աշխատավարձը, աշխատավայր գնալ-գալու ժամանակը և այլ մանրամասներ։ Սակայն հարկավոր է նկատի առնել նաև այլ հանգամանքներ՝ այդ աշխատանքը ներդաշնա՞կ է Աստվածաշնչի սկզբունքներին, կամ աշխատանքային (օրինակ՝ հերթափոխային աշխատանքի) ժամերը ինչպե՞ս կանդրադառնան իմ քրիստոնեական գործունեության վրա (Ղուկ. 14։28–30)։
Լորետան, որը Եհովայի վկա է, լավ աշխատանք ուներ սննդարդյունաբերական մի ընկերությունում։ Երբ ընկերությունը պետք է տեղափոխվեր մեկ այլ վայր, նրան կարևոր պաշտոն առաջարկեցին։ «Նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է տրվում,— ասաց տնօրենը։— Նաև պարզել ենք, որ այնտեղ Թագավորության սրահ կա»։ Սակայն Լորետան ցանկանում էր պարզեցնել իր կյանքը, որ կարողանար ավելի շատ ծառայել իր Արարչին։ Նա հասկացավ, որ նոր պաշտոնը ստանձնելով՝ ավելի քիչ ժամանակ կունենա քրիստոնեական գործունեության համար։ Ուստի աշխատանքից հեռանալու դիմում ներկայացրեց, թեև տնօրենը առանձին ասաց նրան, որ նա միակ աշխատողն է, ում իսկապես ուզում են պահել։ Արդեն մոտ 20 տարի է, ինչ Լորետան ընդհանուր ռահվիրա է ծառայում։ Նա համոզված է, որ իր ունեցած հիանալի արդյունքները անմիջականորեն կապված են այն բանի հետ, որ ամեն ինչ ծրագրել էր «հմուտ առաջնորդությամբ»՝ Աստծու Խոսքի խորհուրդներին ներդաշնակ։ Նա ամրացրել է իր փոխհարաբերությունները Եհովայի հետ և առանձնաշնորհում է ունեցել օգնելու մի քանի անհատների ընդունելու աստվածաշնչյան ճշմարտությունը։
«Հմուտ առաջնորդություն», անշուշտ, անհրաժեշտ է նաև ընտանիքում։ Երեխաների դաստիարակությունը երկարատև աշխատանք է, և այն, թե ինչ ընտրություն կկատարեն ծնողները հոգևորին ու նյութականին առնչվող հարցերում, կարող է ազդել ընտանիքի բոլոր անդամների ապագայի վրա (Առակ. 22։6)։ Քրիստոնյա ծնողները իրենք իրենց պետք է հարցնեն. «Մեր զրույցներով ու օրինակով երեխաների մեջ սերմանո՞ւմ ենք այնպիսի հոգևոր արժեքներ, որ կօգնեն նրանց իմաստությամբ վարվելու նաև չափահաս տարիքում։ Մեր ապրելակերպը օգնո՞ւմ է նրանց հասկանալու, որ բավարարվածության զգացում կունենան, եթե ապրեն պարզ կյանքով և կենտրոնանան քրիստոնեական ծառայության վրա» (1 Տիմոթ. 6։6–10, 18, 19)։
Իրական հաջողությունը կախված չէ նյութական բարեկեցությունից կամ հասարակության մեջ բարձր դիրքից, որոնց ձգտում են այս աշխարհի մարդիկ։ Սողոմոն թագավորը հասկացել էր այս ճշմարտությունը։ Նա սուրբ ոգու ներշնչմամբ գրեց. «Լավ կլինի ճշմարիտ Աստծուց վախեցողների համար, որովհետև նրանք վախենում են նրանից» (Ժող. 8։12)։ Սա, անկասկած, փաստում է, թե որքան իմաստուն է փնտրել «հմուտ առաջնորդություն», որը ներդաշնակ է Աստծու Խոսքին (2 Տիմոթ. 3։16, 17)։
[նկար 30-րդ էջի վրա]
Նավավարի կարևորությունն ընդգծելու համար նրան ավելի խոշոր էին պատկերում, քան մյուս նավաստիներին
[թույլտվությամբ]
Su concessione del Ministero per i Beni e le Attività Culturali. It is forbidden to reproduce or duplicate this image in any way or by any means.