Կա՞ մեկը, որ լսում է աղոթք
«Ես միշտ կասկածել եմ Աստծու գոյությանը։ Բայց որ ճիշտն ասեմ, մեկ-մեկ աղոթել եմ նրան։ Չգիտեի՝ «այնտեղ» կա՞ մեկը, որ լսում է, բայց սրտիս խորքում ուզում էի, որ աղոթքս լսվեր։ Ես դժբախտ էի, կյանքս անիմաստ էր։ Վախենում էի հավատալ Աստծուն, որովհետև մտածում էի, թե միայն թույլ մարդիկ են հավատում նրան» (ՊԱՏՐԻՇԱa, ԻՌԼԱՆԴԻԱ)։
ՔԵԶ ծանո՞թ են Պատրիշայի զգացումները։ Դու է՞լ ես աղոթում, չնայած որ կասկածում ես Աստծու գոյությանը։ Հետաքրքիր է, որ շատերն են կասկածում։ Ուշադրություն դարձրու հետևյալ տեղեկությանը։
◼ 2200 անգլիացիների շրջանում անցկացված մի ուսումնասիրության արդյունքներով՝ հարցվածների միայն 22 տոկոսն է հավատում, որ կա Աստված, որը ստեղծել է աշխարհը և լսում է մարդկանց աղոթքները։ Մինչդեռ 55 տոկոսը հազվադեպ է աղոթում։
◼ Չորս մայրցամաքներում 10000 մարդկանց շրջանում անցկացված մի ուսումնասիրությամբ պարզվեց, որ հարցվածների գրեթե 30 տոկոսը (որ իրեն աթեիստ է համարում) աղոթում է։
Ինչո՞ւ են կասկածում
Ալեն անունով մի անգլիացի ասում է. «Ես միշտ ասում էի, որ չեմ հավատում Աստծուն, որովհետև, իմ կարծիքով, կրոնը հնարել են նրա համար, որ ղեկավարեն մարդկանց և փող աշխատեն։ Բացի այդ, ասում էի, որ եթե Աստված լիներ, այսքան շատ անարդարություն չէր լինի։ Այնուամենայնիվ, երբեմն առանձնանում էի և սկսում խոսել «նրա» հետ։ Նաև ինքս ինձ հարցնում էի. «Ո՞րն է կյանքիս իմաստը»»։
Այսպես մտածող յուրաքանչյուր մարդ իր անձնական պատճառներն ունի կասկածելու, թե արդյոք իր աղոթքները լսվում են։ Շատ դեպքերում կասկածի կրակի վրա յուղ են լցնում անպատասխան մնացած հարցերը։ Օրինակ՝
◼ Գոյություն ունի՞ Արարիչ
◼ Ինչո՞ւ է հաճախ կրո՛նը մեղավոր լինում մարդկանց դժբախտությունների համար
◼ Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքի գոյությունը
Եթե իմանաս այս հարցերի պատասխանները, ապա ավելի վստահ կաղոթես։
[ծանոթագրություն]
a Այս հոդվածաշարում որոշ անուններ փոխված են։