ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ
«Ավելի մեծ եռանդով ու սիրով, քան երբևէ»
1922 ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերն էր։ Ուրբաթ առավոտյան օդի ջերմաստիճանը սկսել էր բարձրանալ։ Այդ օրը սրահում հավաքվել էր 8 000 հոգի։ Նախագահողը հայտարարեց, որ ծրագրի այդ կարևոր բաժնի ընթացքում ցանկացողները կարող են դուրս գալ սրահից, բայց նրանց թույլ չի տրվի ներս մտնել։
Ծրագիրը սկսվեց «Գովերգության արարողությամբ», որից հետո Ջոզեֆ Ռադերֆորդը, բեմ բարձրանալով, մոտեցավ գրակալին։ Ներկաների մեծ մասը նստեց՝ անհամբերությամբ սպասելով, թե ինչ է լինելու։ Մի քանի հոգի, շոգին չդիմանալով, այս ու այն կողմ էին քայլում։ Եղբայր Ռադերֆորդը նրանց հորդորեց նստել ու լսել։ Բեմի վերևում փաթաթված և ամրացված էր մի մեծ պաստառ։
Եղբայր Ռադերֆորդի ելույթի թեման էր՝ «Երկնքի թագավորությունը մոտ է»։ Սրահում ժամ ու կես լսվում էր նրա խրոխտ ձայնը, մինչ նա խոսում էր այն մասին, թե ինչպես են վաղեմի ժամանակների մարգարեները անվախորեն հռչակել գալիք Թագավորությունը։ Հասնելով ելույթի գագաթնակետին՝ նա հարց ուղղեց ունկնդիրներին. «Հավատո՞ւմ եք, որ փառավորված Թագավորը սկսել է իշխել»։ Հնչեցին ներկաների ուժգին գոչյունները. «Այո՛»։
«Այդ դեպքում դեպի դաշտ, Բարձրյա՛լ Աստծու որդիներ,— թնդաց Ռադերֆորդի ձայնը։— Տեսե՛ք, Թագավորն իշխում է։ Դուք նրա մունետիկներն եք։ Դե՛, ուրեմն, հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին և նրա թագավորությունը»։
Հենց այդ պահին բեմի վերևում ամրացված հսկա պաստառը գեղեցիկ բացվեց։ Դրա վրա գրված էր. «Հռչակե՛ք Թագավորին և Թագավորությունը»։
«Ներկաները ցնցվեցին»,— պատմում է Ռեյ Բոպը։ Աննա Գարդները նկարագրում է, թե ինչպես էր «ծափահարություններից դղրդում տանիքը»։ «Բոլոր ներկաները մեկ մարդու պես ոտքի կանգնեցին»,— պատմում է Ֆրեդ Թվարոշը։ Էվանջելոս Սկուֆասն էլ ասում է. «Ասես մի հզոր ուժ բոլորիս վեր բարձրացրեց։ Մենք ոտքի կանգնեցինք, ու մեր աչքերը արցունքով լցվեցին»։
Մինչ այդ շատերն արդեն մասնակցում էին Թագավորության բարի լուրը տարածելու գործին։ Սակայն այս համաժողովը նոր խթան դարձավ նրանց համար։ Էթել Բենեկոֆի խոսքով՝ Աստվածաշունչ ուսումնասիրողները այդտեղից հեռացան՝ լցված «ավելի մեծ եռանդով ու սիրով, քան երբևէ»։ Օդեսա Թակը, որը այդ ժամանակ 18 տարեկան էր, վճռեց արձագանքել «Ո՞վ կգնա» կոչին։ Նա պատմում է. «Ես չգիտեի՝ ինչ պետք է քարոզեմ, որտեղ և ինչպես։ Բայց մի բան լավ գիտեի. ուզում էի Եսայիայի պես լինել, ով ասաց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»» (Ես. 6։8)։ Ռալֆ Լեֆլերը ասում է. «Այդ նշանավոր օրը սկիզբ դրվեց Թագավորությունը հռչակելու նպատակով ձեռնարկված լայնամասշտաբ քարոզարշավին, որն այսօր իրականացվում է աշխարհով մեկ»։
1922-ին Սիդար Փոյնթում (Օհայո) անցկացված այս համաժողովը, անկասկած, աստվածապետական պատմության մեջ նշանակալից իրադարձություն էր։ Ջորջ Գանգասն ասում է. «Այդ համաժողովից հետո որոշեցի երբեք ոչ մի համաժողով բաց չթողնել»։ Նրա հիշելով՝ նա հենց այդպես էլ արել է։ Ջուլիա Ուիլկոքսը գրում է. «Չեմ կարող նկարագրել, թե ամեն անգամ որքան եմ հուզվում, երբ մեր գրականության մեջ հիշատակվում է 1922-ին Սիդար Փոյնթում անցկացված համաժողովը։ Միշտ ուզում եմ ասել. «Շնորհակալ եմ, Եհո՛վա, որ ինձ թույլ տվեցիր լինել այնտեղ»»։
Մեզանից շատերն են ներկա եղել այնպիսի համաժողովների, որոնք նման թանկ հուշեր են թողել մեր մտքում։ Դրանք հուզել են մեր սրտերն ու մեզ լցրել եռանդով և Աստծու ու մեր Թագավորի հանդեպ սիրով։ Ամեն անգամ, երբ այդ հիշողությունները մեր միտքն են գալիս, մենք նույնպես ուզում ենք ասել. «Շնորհակալ եմ, Եհո՛վա, որ ինձ թույլ տվեցիր լինել այնտեղ»։