ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 44
ԵՐԳ 138 Ալևորության գեղեցկությունը
Պահպանիր ուրախությունդ տարեց հասակում
«Ծեր տարիքում կծաղկեն» (ՍԱՂ. 92։14)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչու է կարևոր, որ տարեցները պահպանեն իրենց ուրախությունը, և ինչպես դա կարող են անել։
1-2. Ի՞նչ տեսակետ ունի Եհովան հավատարիմ տարեցների մասին (Սաղմոս 92։12-14; տես նաև նկարը)։
ՈՂՋ աշխարհում մարդիկ տարբեր ձևով են վերաբերվում ծերանալուն։ Օրինակ՝ հիշո՞ւմ ես, թե ինչ արեցիր, երբ սպիտակ մազ նկատեցիր գլխիդ։ Հավանաբար ցանկացար պոկել այն, քանի դեռ ոչ ոք չէր նկատել, բայց հասկացար, որ այդպես վարվելով՝ չես կանխի նոր սպիտակ մազերի հայտնվելը։ Սա ցույց է տալիս, թե շատերի համար որքան դժվար է ընդունել ծերանալու փաստը։
2 Մեր երկնային Հայրը, սակայն, այլ տեսակետ ունի տարիքն առնող իր ծառաների մասին (Առակ. 16։31)։ Նա նրանց նմանեցնում է ծաղկող ծառերի (կարդա Սաղմոս 92։12-14)։ Ինչո՞ւ է այս համեմատությունը տեղին։ Անուշաբույր ծաղիկներով պատված սաղարթախիտ ծառերը հաճախ տարիքով մեծ են լինում։ Տպավորիչ ծառերից մեկը ճապոնական բալենին է. ամենագեղեցիկներից մի քանիսը ավելի քան հազար տարեկան են։ Այս հասուն ծառերի պես՝ հավատարիմ տարեցները գեղեցիկ են, հատկապես Աստծու աչքում։ Եհովան ավելին է տեսնում, քան պարզապես իր հավատարիմ ծառաների սպիտակ մազերը, և գնահատում է նրանց հրաշալի հատկությունները՝ դիմացկունությունն ու նվիրվածությունը, ինչպես նաև տարիներ շարունակ նրանց կատարած հավատարիմ ծառայությունը։
Տարիքով մեծ ծառերի նման, որոնք գեղեցիկ են և շարունակում են փթթել, հավատարիմ տարեցները գեղեցիկ են և շարունակում են ծաղկել (տես պարբերություն 2)
3. Բեր օրինակ, թե Եհովան ինչպես է տարեցների միջոցով իրագործել իր նպատակը։
3 Տարեց լինելը չի նվազեցնում մարդու արժեքը Եհովայի աչքում։a Իրականում Եհովան հաճախ տարեցների միջոցով է իրագործում իր նպատակը։ Օրինակ՝ Սառան տարիքն առած էր, երբ Եհովան ասաց, որ նրանից հզոր ազգ է սերելու, և նա Մեսիայի նախամայրն է լինելու (Ծննդ. 17։15-19)։ Մովսեսն էլ էր տարեց, երբ Եհովան նրան հանձնարարեց իսրայելացիներին դուրս բերել Եգիպտոսից (Ելք 7։6, 7)։ Հովհաննես առաքյալը նույնպես ծեր էր, երբ Եհովայի ներշնչմամբ գրեց Աստվածաշնչի գրքերից հինգը։
4. Առակներ 15։15-ի համաձայն՝ ի՞նչը կարող է օգնել տարեցներին դիմանալու դժվարություններին (տես նաև նկարը)։
4 Տարիքն առնելուն զուգընթաց մարդու դժվարությունները շատանում են։ Մի քույր հումորով ասում է. «Ծերանալը թույլերի բանը չէ»։ Բայց ուրախ լինելըb կարող է օգնել տարեցներին դիմանալու ծերության բերած դժվարություններին (կարդա Առակներ 15։15)։ Այս հոդվածում կքննենք գործնական խորհուրդներ, թե ինչպես տարեցները կարող են չկորցնել իրենց ուրախությունը, և թե մյուսներն ինչպես կարող են օգնել իրենց ժողովի տարիքն առած հավատակիցներին։ Սակայն նախ քննենք, թե ինչու է դժվար ծերանալուն զուգընթաց ուրախ մնալ։
Ուրախությունը կարող է օգնել տարեցներին դիմանալ ծերության բերած դժվարություններին (տես պարբերություն 4)
ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ԾԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ
5. Որոշ տարեցների ի՞նչը գուցե վհատեցնի։
5 Ի՞նչն է քեզ վհատեցնում։ Հնարավոր է՝ ընկճվում ես այն պատճառով, որ չես կարողանում անել այն, ինչ առաջ էիր անում։ Թերևս կարոտով ես հիշում այն օրերը, երբ երիտասարդ էիր ու լավ առողջություն ունեիր (Ժող. 7։10)։ Ռուբի անունով մի քույր ասում է. «Ցավերիս ու շարժունակության հետ կապված խնդիրներիս պատճառով դժվարությամբ եմ շոր հագնում։ Նույնիսկ ամենապարզ բանը՝ բարձրացնել ոտքս ու գուլպա հագնել, ծանր է ինձ համար։ Հոդաբորբ ունեմ, ու ձեռքերս թմրում են, ինչի պատճառով դժվարանում եմ անգամ փոքր բաներ անել»։ Իսկ Հարոլդը, ով ծառայում է Բեթելում, ասում է. «Ես շատ ամրակազմ եմ եղել։ Բեյսբոլը իմ սիրած խաղն էր։ Մարդիկ ասում էին. «Գնդակը Հարոլդին տվեք, նա երբեք չի վրիպում»։ Բայց հիմա, կարծում եմ, որ գնդակն անգամ նետել չեմ կարողանա։ Ինքս ինձ չեմ ճանաչում և երբեմն սրտնեղում եմ»։
6. ա) Ուրիշ ի՞նչ պատճառներով տարեցները գուցե վհատվեն։ բ) Ո՞ր գործոնները կարող են օգնել տարեցներին որոշելու՝ շարունակել որևէ տրանսպորտային միջոց վարել, թե ոչ (տես «Արժե՞ շարունակել տրանսպորտային միջոց վարել» հոդվածը «Դիտարանի» այս համարում)։
6 Հնարավոր է՝ ընկճվում ես, քանի որ ինչ-որ չափով կորցրել ես ինքնուրույնությունդ։ Դա կարող է լինել հատկապես այն ժամանակ, երբ դու խնամողի կարիք ունես կամ ստիպված ես տեղափոխվել երեխաներիցդ մեկի տուն։ Կամ էլ գուցե շատ ես նեղվում այն պատճառով, որ առողջությունդ կամ տեսողությունդ այն աստիճան է վատացել, որ այլևս ինքնուրույն չես կարողանում ինչ-որ տեղ գնալ կամ տրանսպորտային միջոց վարել։ Իսկապես վհատեցնող իրողություն է։ Դու շատ կմխիթարվես, եթե հիշես, որ Եհովայի և ուրիշների աչքում արժեքավոր լինելը կախված չէ այն բանից, թե արդյոք կարող ենք հոգալ ինքներս մեր մասին, ապրել մենակ կամ մեքենա վարել։ Համոզված եղիր, որ Եհովան հասկանում է քո զգացմունքները։ Նրա համար կարևոր է, թե ինչպիսին ենք ներքուստ՝ արդյոք մեր սիրտը լի է իր և մեր հավատակիցների հանդեպ սիրով ու երախտագիտությամբ (1 Սամ. 16։7)։
7. Ի՞նչը կարող է օգնել նրանց, ովքեր տխրում են այն պատճառով, որ այս համակարգի վերջը գուցե չգա իրենց կյանքի ընթացքում։
7 Գուցե տխրում ես այն պատճառով, որ հնարավոր է՝ այս համակարգի վերջը չգա քո կյանքի ընթացքում։ Հիշիր, որ Եհովան համբերությամբ սպասում է, թե երբ է վերջ դնելու այս չար աշխարհին (Ես. 30։18)։ Բայց նրա համբերությունը աննպատակ չէ. այն միլիոնավոր մարդկանց ժամանակ ու հնարավորություն է տալիս ճանաչելու և ծառայելու իրեն (2 Պետ. 3։9)։ Ուստի երբ վհատվում ես, մտածիր, թե որքան շատ մարդիկ օգուտներ կքաղեն Եհովայի համբերությունից նախքան վերջի գալը։ Նրանցից ոմանք գուցե ընտանիքիդ անդամները լինեն։
8. Ինչպե՞ս է ծերությունը թերևս ազդում մարդու վրա։
8 Անկախ նրանից՝ ինչ տարիքի ենք, երբ լավ չենք զգում, գուցե ասենք կամ անենք բաներ, որոնց համար հետո ափսոսանք (Ժող. 7։7; Հակ. 3։2)։ Օրինակ՝ երբ հավատարիմ Հոբը տառապում էր, նա «անսանձ» խոսքեր էր ասում (Հոբ 6։1-3)։ Բացի այդ՝ գուցե առողջական խնդիրները պատճառ լինեն, որ տարեցները ասեն կամ անեն այնպիսի բաներ, որոնք բնորոշ չեն իրենց։ Սակայն, ինչ խոսք, մեզնից ոչ ոք չպետք է իր տարիքը կամ առողջական վիճակը պատրվակ բերի արդարացնելու համար կոպիտ կամ պահանջկոտ լինելը։ Իսկ եթե գիտակցում ենք, որ ինչ-որ մեկին կծու կամ թթու խոսք ենք ասել, չպետք է վարանենք ներողություն խնդրել (Մատթ. 5։23, 24)։
ԻՆՉՊԵՍ ՈՒՐԱԽ ՄՆԱԼ
Ինչպե՞ս կարող ես ուրախ մնալ՝ չնայած ծերության բերած խնդիրներին (տես պարբերություններ 9-13)
9. Ինչո՞ւ պետք է ընդունես ուրիշների օգնությունը (տես նաև նկարները)։
9 Ընդունիր ուրիշների օգնությունը (Գաղ. 6։2)։ Սկզբում դա գուցե դժվար լինի։ Տեսնենք, թե ինչ է ասում Գրետլ անունով մի քույր. «Երբեմն դժվարանում եմ ուրիշներից օգնություն ընդունել, քանի որ կարծում եմ՝ այդպես բեռ կլինեմ նրանց համար։ Ժամանակ պահանջվեց, որ փոխեմ մտածելակերպս և խոնարհաբար ընդունեմ, որ օգնության կարիք ունեմ»։ Երբ ընդունում ես ուրիշների օգնությունը, նրանց հնարավորություն ես տալիս զգալու այն ուրախությունը, որ բերում է տալը (Գործ. 20։35)։ Անկասկած, քեզ համար հաճելի կլինի տեսնել, թե որքան շատ են ուրիշները սիրում քեզ և հոգ տանում քո մասին։
(տես պարբերություն 9)
10. Ինչո՞ւ չպետք է մոռանանք արտահայտել մեր երախտագիտությունը (տես նաև նկարը)։
10 Արտահայտիր երախտագիտությունդ (Կող. 3։15; 1 Թեսաղ. 5։18)։ Երբ ուրիշները լավ բաներ են անում մեզ համար, մենք երախտագիտությամբ ենք լցվում, բայց գուցե մոռանանք արտահայտել այն։ Սակայն եթե ժպտանք ու շնորհակալություն հայտնենք, նրանք իրենց գնահատված կզգան։ Լիան, ով Բեթելում ծառայում է որպես տարեցների խնամակալ, ասում է. «Քույրերից մեկը, ում համար հոգ եմ տանում, ինձ շնորհակալական գրություններ է թողնում։ Դրանք երկար չեն, բայց այնքա՜ն ջերմ են։ Սիրում եմ դրանք ստանալ և ուրախանում եմ՝ իմանալով, որ նա գնահատում է իմ աջակցությունը»։
(տես պարբերություն 10)
11. Ինչպե՞ս կարող ես օգնել ուրիշներին (տես նաև նկարը)։
11 Ձգտիր օգնել ուրիշներին։ Եթե ժամանակդ և ուժերդ տրամադրես ուրիշներին, քիչ հավանական է, որ կկենտրոնանաս քո իսկ խնդիրների վրա։ Աֆրիկյան ասացվածքներից մեկը տարեցներին նմանեցնում է մի գրադարանի, որը հարուստ է իմաստություն պարունակող գրքերով։ Բայց դարակներին պարզապես դրված գրքերը չեն ուսուցանում կամ պատմություններ չեն պատմում։ Ուստի լինելով «կենդանի գրադարան»՝ նախաձեռնություն վերցրու, որ երիտասարդներին փոխանցես քո գիտելիքներն ու փորձը։ Հարցեր տուր նրանց, ապա լսիր։ Ասա, որ Եհովայի չափանիշներով ապրելը միշտ լավ արդյունքներ կբերի և երջանկություն կպարգևի նրանց։ Անկասկած, դու մեծ ուրախություն կզգաս, երբ քաջալերես երիտասարդներին և ամրացնես նրանց հավատը (Սաղ. 71։18)։
(տես տարբերություն 11)
12. Եսայիա 46։4-ի համաձայն՝ ի՞նչ է Եհովան խոստանում անել տարեցների համար (տես նաև նկարը)։
12 Եհովայից ուժ խնդրիր։ Դու գուցե ֆիզիկապես և զգացապես ուժասպառ լինես, բայց Եհովան «երբեք չի հոգնում, ուժասպառ չի լինում» (Ես. 40։28)։ Ինչպե՞ս է Աստված օգտագործում իր անսպառ էներգիան։ Կերպերից մեկը իր տարեց հավատարիմ ծառաներին զորացնելն է (Ես. 40։29-31)։ Եհովան խոստացել է օգնել նրանց (կարդա Եսայիա 46։4)։ Իսկ նա իր խոստումները երբեք չի դրժում (Հեսու 23։14; Ես. 55։10, 11)։ Երբ աղոթես և անձամբ զգաս Եհովայի սերն ու աջակցությունը, սիրտդ անշուշտ ուրախությամբ կլցվի։
(տես պարբերություն 12)
13. 2 Կորնթացիներ 4։16-18 համարների համաձայն՝ ինչի՞ մասին պետք է հիշենք (տես նաև նկարը)։
13 Ինքդ քեզ հիշեցրու, որ քո իրավիճակը ժամանակավոր է։ Եթե հիշենք, որ մեր դժվարությունները ժամանակավոր են, ավելի հեշտությամբ կկարողանանք դիմանալ։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ ապագայում ծերություն և հիվանդություն այլևս չեն լինելու (Հոբ 33։25; Ես. 33։24)։ Ուստի ուրախացիր՝ իմանալով, որ լավագույն օրերը դեռ առջևում են, ոչ թե անցյալում են մնացել (կարդա 2 Կորնթացիներ 4։16-18)։ Իսկ ուրիշները ի՞նչ կարող են անել քեզ օգնելու համար։
(տես պարբերություն 13)
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՕԳՆԵԼ
14. Ինչո՞ւ է կարևոր այցելել և զանգահարել տարեցներին։
14 Կանոնավորաբար այցելիր և զանգահարիր տարեց եղբայրներիդ ու քույրերիդ (Եբր. 13։16)։ Տարեցները գուցե մեկուսացված զգան իրենց։ Կամի անունով մի եղբայր, ով չի կարողանում տնից դուրս գալ, ասում է. «Առավոտից իրիկուն տանն եմ և շատ եմ ձանձրանում։ Երբեմն ինձ վանդակի մեջ փակված ծեր առյուծի պես եմ զգում։ Սրտնեղում եմ ու բարկանում»։ Երբ այցելում ենք մեր տարեց հավատակիցներին, նրանք զգում են, որ կարևոր են մեզ համար և սիրված են։ Հավանաբար, բոլորիս հետ էլ եղել է, որ ցանկացել ենք զանգահարել կամ այցելել մեր ժողովի տարեցներից մեկին, բայց չենք արել։ Մենք զբաղված կյանքով ենք ապրում, ուստի ի՞նչը կօգնի «ընտրել այն, ինչն ավելի կարևոր է», այդ թվում՝ տարեցներին այցելելը (Փիլիպ. 1։10)։ Գուցե օգտակար համարես օրացույցիդ մեջ նշում անել, որը կհիշեցնի քեզ ժողովիդ տարեցներին տեքստային հաղորդագրություն ուղարկել կամ զանգահարել։ Նրանց այցելելու համար կոնկրետ օր որոշիր և մի՛ մտածիր, որ երբ կստացվի, կայցելես։
15. Ի՞նչ կարող են երիտասարդներն ու տարեցները միասին անել։
15 Եթե երիտասարդ ես, գուցե մտածում ես, թե ինչի մասին կարող ես զրուցել կամ ինչ կարող ես անել տարեցների հետ։ Բայց չափից շատ մի՛ մտածիր այդ մասին։ Պարզապես լավ ընկեր եղիր (Առակ. 17։17)։ Ժողովից առաջ կամ հետո զրուցիր նրանց հետ։ Հարցրու, թե որն է նրանց սիրած աստվածաշնչյան համարը, կամ խնդրիր, որ իրենց մանկությունից զվարճալի մի բան պատմեն։ Հրավիրիր նրանց քեզ հետ դիտելու «JW հեռարձակումը», նաև արա մի բան, ինչը նրանք ինքնուրույն չեն կարող անել, օրինակ՝ թարմացրու նրանց էլեկտրոնային սարքերի ծրագրերը կամ ներբեռնիր ուսումնասիրության վերջին հրատարակությունները։ Քերոլ անունով մի քույր ասում է. «Տարեցներին առաջարկեք այնպիսի բանով զբաղվել, ինչը ձեզ հաճելի է։ Ճիշտ է, ես տարեց եմ, բայց, միևնույն է, ուզում եմ վայելել կյանքը։ Սիրում եմ գնումներ անել, դրսում ընկերներիս հետ մի բան ուտել, բնության գրկում ժամանակ անցկացնել»։ Իսկ Մայրա անունով մի քույր ասում է. «Ընկերներիցս մեկը 90 տարեկան է։ Մեր միջև 57 տարվա տարբերություն կա, բայց ես հաճախ մոռանում եմ այդ մասին, որովհետև մենք միասին ծիծաղում ենք, ֆիլմեր դիտում, իսկ երբ խնդիրներ ենք ունենում, իրարից խորհուրդ ենք հարցնում»։
16. Ինչո՞ւ գուցե օգտակար լինի ուղեկցել տարեցներին, երբ նրանք բժշկի են այցելում։
16 Ուղեկցիր նրանց, երբ բժշկի են այցելում։ Տարեցներին մեքենայով տանելուց բացի՝ հավաստիացիր, որ բուժանձնակազմը լավ է վերաբերվում նրանց և հարկ եղած օգնությունն է ցուցաբերում (Ես. 1։17)։ Կարող ես օգնել տարեցին՝ գրի առնելով այն ամենը, ինչ բժիշկն ասում է նրան։ Ռութ անունով մի տարեց քույր ասում է. «Հաճախ, երբ մենակ եմ գնում բժշկի, նա ինձ լուրջ չի վերաբերվում։ Պատահում է, որ բժիշկներն այսպես են ասում. «Ձեր խնդիրը հոգեբանական է, այն ձեր գլխում է»։ Բայց երբ ինչ-որ մեկը գալիս է ինձ հետ, բժշկի վերաբերմունքը բոլորովին այլ է լինում։ Շնորհակալ եմ եղբայրներիս ու քույրերիս, որ ժամանակ են տրամադրում և ուղեկցում են ինձ»։
17. Ծառայության ո՞ր ձևերին կարող ես մասնակցել տարեցների հետ։
17 Ծառայիր նրանց հետ։ Որոշ տարեցներ գուցե ի վիճակի չլինեն տնից տուն ծառայելու։ Կարո՞ղ ես նրանց հրավիրել ցուցատախտակով ծառայության։ Գուցե նրանց նույնիսկ աթոռ տրամադրես, որպեսզի նստեն ցուցատախտակի մոտ, կամ հրավիրես Աստվածաշնչի ուսումնասիրության, կամ էլ ուսումնասիրողի հետ գնաք նրանց տուն։ Երեցները կարող են քարոզչական ծառայության հանդիպումներ կազմակերպել տարեցների տանը, որպեսզի նրանց համար ավելի հեշտ լինի մասնակցել ծառայությանը։ Ինչ էլ որ անում ենք տարեցներին պատվելու համար, արժե՛ անել (Առակ. 3։27; Հռոմ. 12։10)։
18. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
18 Այս հոդվածը մեզ հիշեցրեց, որ Եհովան սիրում ու թանկ է գնահատում տարեցներին։ Նրա մյուս ծառաները նույն վերաբերմունքն ունեն նրանց հանդեպ։ Ծերությունն իր հետ դժվարություններ է բերում, բայց Եհովայի օգնությամբ դու կարող ես ուրախ մնալ (Սաղ. 37։25)։ Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ լավագույն օրերը առջևում են, ոչ թե անցյալում են մնացել։ Իսկ եթե խնամում ենք մեր ընտանիքի տարեց անդամին, երեխային կամ ընկերոջը, ով հիվանդ է, ինչպե՞ս կարող ենք ուրախ մնալ։ Այս հարցի պատասխանը կիմանանք հաջորդ հոդվածից։
ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված, իմ Ընկեր
a jw.org կայքում և JW Library® հավելվածում տես «Տարեցնե՛ր, դուք կարևոր դեր ունեք» վերնագրով տեսանյութը։