Ելք
18 Մադիանի քահանա Հոթորը՝ Մովսեսի աները,+ լսեց այն ամենի մասին, ինչ Աստված արել էր Մովսեսի և իր ժողովրդի՝ Իսրայելի համար, թե ինչպես էր Եհովան Իսրայելին հանել Եգիպտոսից:+ 2 Հոթորը իր հոգածության տակ էր առել Սեպփորային՝ Մովսեսի կնոջը, որին Մովսեսն իր մոտ էր ուղարկել, 3 նաև նրա երկու որդիներին:+ Նրանցից մեկի անունը Մովսեսը Գերսամ*+ էր դրել, քանի որ ասել էր՝ «Ես պանդուխտ դարձա օտար երկրում», 4 իսկ մյուսի անունը Եղիեզեր* էր դրել, քանի որ ասել էր՝ «Իմ հոր Աստվածը իմ օգնականն է. նա ազատեց ինձ փարավոնի սրից»:+
5 Հոթորը՝ Մովսեսի աները, վերցնելով նրա որդիներին ու կնոջը, եկավ նրա մոտ՝ անապատ, որտեղ նա ճամբար էր դրել ճշմարիտ Աստծու լեռան+ մոտակայքում: 6 Հոթորը+ լուր ուղարկեց Մովսեսին՝ ասելով. «Ես՝ քո աներ Հոթորս, քեզ մոտ եմ գալիս կնոջդ ու երկու որդիներիդ հետ»: 7 Մովսեսն իսկույն դուրս եկավ իր աներոջը դիմավորելու: Նա խոնարհվեց նրա առաջ և համբուրելով ողջունեց: Նրանք միմյանց որպիսությունը հարցրին, ապա վրանը մտան:
8 Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենի մասին, ինչ Եհովան հանուն Իսրայելի արել էր փարավոնին ու Եգիպտոսին,+ այն բոլոր դժվարությունների մասին, որոնց բախվել էին ճանապարհին, նաև թե ինչպես էր Եհովան ազատագրել իրենց:+ 9 Հոթորը ուրախացավ՝ լսելով, թե Եհովան ինչ լավ բաներ է արել իսրայելացիների համար՝ եգիպտացիների ձեռքից փրկելով նրանց: 10 Նա ասաց. «Թող փառաբանվի Եհովան, ով փրկեց ձեզ եգիպտացիների ու փարավոնի ձեռքից, ով ժողովրդին ազատագրեց Եգիպտոսի լծից: 11 Հիմա ես գիտեմ, որ Եհովան ավելի մեծ է, քան մյուս բոլոր աստվածները,+ որովհետև իր ժողովրդին պաշտպանեց հանդուգն թշնամիներից»: 12 Այնուհետև Մովսեսի աներ Հոթորը ողջակեզ ու զոհեր բերեց Աստծուն, և Ահարոնն ու Իսրայելի բոլոր երեցները եկան, որ Մովսեսի աներոջ հետ հաց ուտեն ճշմարիտ Աստծու առաջ:
13 Հաջորդ օրը Մովսեսը սովորականի պես նստեց՝ ժողովրդի դատերը վարելու. ժողովուրդը առավոտից երեկո կանգնած էր Մովսեսի առաջ: 14 Երբ նրա աները տեսավ այն ողջ գործը, որ նա անում է ժողովրդի համար, ասաց. «Ինչո՞ւ ես այդպես անում. ինչո՞ւ ես մենակ նստում՝ դատ վարելու, իսկ ողջ ժողովուրդը առավոտից երեկո կանգնած է մնում քո առաջ»: 15 Մովսեսը պատասխանեց. «Ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծու կամքը հարցնելու: 16 Երբ մարդկանց միջև խնդիր է առաջանում, այն ինձ են ներկայացնում, և ես դատում եմ, թե երկու կողմերից որն է ճիշտ, ու հայտնում եմ ճշմարիտ Աստծու վճիռներն ու օրենքները»:+
17 Մովսեսի աներն ասաց. «Այդպես լավ չէ: 18 Դու հաստատ կհյուծվես, ու ոչ միայն դու, այլև այս ժողովուրդը: Սա չափազանց մեծ բեռ է քեզ համար, չես կարող մենակ կրել այն: 19 Հիմա լսիր ինձ. քեզ խորհուրդ կտամ, և Աստված էլ քեզ հետ կլինի:+ Դու շարունակիր ժողովրդի ներկայացուցիչը լինել ճշմարիտ Աստծու առաջ+ և նրանց գործերը ներկայացրու ճշմարիտ Աստծուն:+ 20 Նրանց սովորեցրու Աստծու կանոններն ու օրենքները,+ հայտնիր, թե ինչ ճանապարհով պետք է ընթանան և թե ինչ պետք է անեն: 21 Բայց նաև ժողովրդի միջից ընտրիր ընդունակ, աստվածավախ և հուսալի տղամարդկանց,+ որոնք ատում են անազնիվ ճանապարհով ձեռք բերված եկամուտը,+ և նրանց նշանակիր հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ:+ 22 Նրանք թող դատեն ժողովրդին, երբ խնդիրներ առաջանան.* յուրաքանչյուր դժվար գործ թող քեզ ներկայացնեն,+ իսկ ամեն փոքր հարց թող իրենք լուծեն: Հեշտացրու գործդ՝ թույլ տալով, որ նրանք կիսեն քո բեռը:+ 23 Եթե այդպես անես, և Աստված էլ հավանություն տա, ուժասպառ չես լինի, և բոլորը բավարարված տուն կգնան»:
24 Մովսեսը առանց հապաղելու լսեց իր աներոջը և արեց այն ամենը, ինչ նա ասաց: 25 Նա ամբողջ Իսրայելից ընտրեց ընդունակ տղամարդկանց և նրանց գլխավորներ նշանակեց ժողովրդի վրա՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ: 26 Նրանք դատում էին ժողովրդին, երբ խնդիրներ էին առաջանում: Դժվար գործերը ներկայացնում էին Մովսեսին,+ իսկ բոլոր փոքր գործերը իրենք էին քննում: 27 Հետո Մովսեսը ճանապարհ դրեց իր աներոջը,+ և նա գնաց իր երկիր: