Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Ղուկաս 1 ։ 1–24 ։ 53
  • Ղուկաս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ղուկաս
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Ղուկաս

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

1 Շատերն են ձեռնամուխ եղել, որ տեղեկություններ հավաքեն ու գրեն այն բոլոր իրողությունների մասին, որոնց վստահարժանության մեջ լիովին համոզված ենք+ 2 (այդ իրողությունների մասին մեզ հաղորդել են նրանք, ովքեր հենց սկզբից ականատես են եղել այդ ամենին+ և հռչակել են Աստծու պատգամը):+ 3 Ուստի ես էլ, ո՛վ պատվարժան Թեոֆիլոս, որոշեցի ամեն բան սկզբից ևեթ մանրամասնորեն հետազոտել ու տրամաբանական հաջորդականությամբ գրել քեզ դրանց մասին,+ 4 որպեսզի լիովին համոզվես, որ այն ամենը, ինչ քեզ սովորեցրել են, վստահարժան է:+

5 Հրեաստանի Հերովդես* թագավորի իշխանության օրոք+ Զաքարիա անունով մի քահանա կար՝ Աբիայի+ անունը կրող քահանայական խմբից: Նրա կինը՝ Եղիսաբեթը, Ահարոնի սերնդից* էր: 6 Երկուսն էլ Աստծու աչքին արդար մարդիկ էին: Նրանք անմեղադրելի վարք ունեին, քանի որ հնազանդվում էին Եհովայի* բոլոր պատվիրաններին և օրենքներին: 7 Բայց երեխա չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, բացի այդ՝ երկուսն էլ տարիքն առած էին:

8 Մի անգամ Զաքարիան Աստծու առաջ կատարում էր իր քահանայական պարտականությունը, քանի որ իրենց խմբի+ հերթն էր. 9 քահանայական ծառայության հաստատված կարգի* համաձայն՝ Եհովայի սրբարանը մտնելու և խունկ ծխեցնելու պարտականությունը+ նրան էր բաժին ընկել:+ 10 Խունկ ծխեցնելու ժամանակ ամբողջ ժողովուրդը դրսում աղոթում էր: 11 Հանկարծ Զաքարիային երևաց Եհովայի հրեշտակը՝ կանգնած խնկարկության սեղանի աջ կողմում: 12 Նրան տեսնելով՝ Զաքարիան շփոթվեց ու վախեցավ: 13 Սակայն հրեշտակն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, Աստված լսել է աղաչանքդ. քո կինը՝ Եղիսաբեթը, քեզ համար որդի կծնի: Նրա անունը Հովհաննես կդնես:+ 14 Դու կուրախանաս, մեծ ցնծություն կապրես, և ուրիշ շատերն էլ կուրախանան նրա ծնունդով,+ 15 քանի որ նա Եհովայի աչքում շատ կարևոր մարդ կլինի:+ Նա ընդհանրապես չպետք է գինի կամ այլ ոգելից խմիչք խմի+ և նույնիսկ նախքան ծնվելը* սուրբ ոգով լցված կլինի:+ 16 Նա իսրայելացիներից շատերին կօգնի հետ դառնալ դեպի Եհովան՝ իրենց Աստվածը:+ 17 Աստված կուղարկի նրան իրենից առաջ, և նա կգնա այն նույն ոգով ու զորությամբ, որ Եղիան ուներ,+ որպեսզի հայրերի սիրտը դարձնի այնպիսին, ինչպիսին երեխաների սիրտն է,*+ և անհնազանդներին օգնի, որ արդարների պես իմաստությամբ վարվեն: Այդպիսով ժողովրդին կնախապատրաստի ընդունելու Եհովային»:+

18 Զաքարիան հարցրեց հրեշտակին. «Ինչպե՞ս է դա հնարավոր: Չէ՞ որ ես ծեր եմ: Կինս էլ է տարիքն առած»: 19 Հրեշտակը պատասխանեց. «Ես Գաբրիելն եմ+ և Աստծու առաջ եմ կանգնում:+ Ես ուղարկվել եմ, որ քեզ հայտնեմ այս բարի լուրը: 20 Բայց քանի որ չհավատացիր իմ խոսքերին, որոնք կատարվելու են նշանակված ժամանակին, դու համր կլինես ու չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ ամեն բան իրականանա»: 21 Այդ ընթացքում մարդիկ Զաքարիային էին սպասում և զարմանում էին, որ այդքան երկար ժամանակ դուրս չի գալիս սրբարանից: 22 Երբ Զաքարիան դուրս եկավ, չէր կարողանում խոսել, ուստի նրանք գլխի ընկան, որ նա սրբարանում գերբնական ինչ-որ բան* է տեսել: Եվ քանի որ չէր կարողանում խոսել, նշաններով էր հաղորդակցվում մարդկանց հետ: 23 Երբ նրա սուրբ ծառայության օրերը լրացան, նա տուն գնաց:

24 Որոշ ժամանակ անց Զաքարիայի կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ և հինգ ամիս շարունակ տանն էր՝ մարդկանցից հեռու: Նա ասում էր. 25 «Այս ի՜նչ բարիք արեց Եհովան ինձ համար. նա ուշադրություն դարձրեց ինձ, որ ազատի անպատվությունից»:+

26 Երբ Եղիսաբեթը հղիության վեցերորդ ամսում էր, Աստված Գաբրիել հրեշտակին+ ուղարկեց Գալիլեայի Նազարեթ քաղաք՝ 27 մի կույս աղջկա մոտ,+ որի անունը Մարիամ էր: Նա նշանված էր Դավթի տոհմից Հովսեփ անունով մի մարդու հետ:+ 28 Հայտնվելով Մարիամին՝ հրեշտակն ասաց. «Ողջո՛ւյն, Աստծու հավանությունն ունեցող օրիո՛րդ, Եհովան քեզ հետ է»: 29 Հրեշտակի խոսքերը Մարիամին շատ հուզեցին, ու նա մտքերի մեջ ընկավ. ուզում էր հասկանալ, թե ինչ էին նշանակում ողջույնի այդ խոսքերը: 30 Հրեշտակն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, դու արժանացել ես Աստծու բարեհաճությանը: 31 Դու կհղիանաս ու մի որդի կծնես:+ Նրա անունը Հիսուս կդնես:+ 32 Նա շատ կարևոր մեկը կլինի+ և Բարձրյալի Որդի կկոչվի:+ Եհովա Աստված նրան կտա նրա նախահայր* Դավթի գահը:+ 33 Նա հավիտյան կթագավորի Հակոբի սերունդների վրա, և նրա իշխանությանը վերջ չի լինի»:+

34 Մարիամն ասաց հրեշտակին. «Ինչպե՞ս է դա լինելու, եթե ես դեռ հարաբերություն չեմ ունեցել տղամարդու հետ»:+ 35 Հրեշտակը պատասխանեց. «Սուրբ ոգին կներգործի քեզ վրա,+ և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ: Դրա համար էլ երեխան, որը ծնվելու է, սուրբ կլինի+ և Աստծու Որդի կկոչվի:+ 36 Քո ազգականուհի Եղիսաբեթն էլ, որին ամուլ էին համարում, ծեր հասակում հղիացել է ու որդի է ունենալու: Հիմա նրա հղիության վեցերորդ ամիսն է: 37 Այնպես որ չկա մի բան, որ Աստված ասի ու չկարողանա կատարել»:*+ 38 Մարիամն էլ ասաց. «Ես Եհովայի ծառան եմ: Թող լինի այնպես, ինչպես ասացիր»: Եվ հրեշտակը հեռացավ:

39 Կարճ ժամանակ անց Մարիամը ճանապարհ ընկավ ու շտապ գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, 40 որտեղ գտնվում էր Զաքարիայի տունը, և ներս մտնելով՝ ողջունեց Եղիսաբեթին: 41 Հենց որ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, մանուկը նրա արգանդում խաղաց, և Եղիսաբեթը սուրբ ոգով լցվեց: 42 Նա բարձր ձայնով բացականչեց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո արգանդի պտուղը: 43 Այս ի՜նչ մեծ պատվի եմ արժանացել, որ ինձ մոտ է եկել մայրը նրա, ով իմ Տերն է լինելու: 44 Հենց որ ողջույնիդ ձայնը ականջիս հասավ, մանուկը ուրախությունից խաղաց իմ արգանդում: 45 Երջանիկ ես դու, որ հավատացիր այն ամենին, ինչ Եհովան ասել է քեզ, որովհետև այդ ամենն ամբողջությամբ կկատարվի»:

46 Մարիամն էլ ասաց. «Իմ ողջ էությամբ մեծարում եմ* Եհովային,+ 47 և սիրտս ցնծում է իմ Փրկիչ Աստծու շնորհիվ,+ 48 որովհետև նա ուշադրություն դարձրեց իր աննշան աղախնին:+ Այսուհետ բոլոր սերունդներն ինձ երանելի կհամարեն,+ 49 որովհետև Զորավորը մեծ գործեր արեց ինձ համար: Սուրբ է նրա անունը:+ 50 Նա սերնդեսերունդ գթասրտություն է ցույց տվել իրենից վախեցողների* հանդեպ:+ 51 Գործել է իր զորեղ բազկով. ցիրուցան է արել գոռոզամիտներին:+ 52 Զորավորներին գահընկեց է արել,+ իսկ աննշան մարդկանց բարձրացրել է,+ 53 քաղցածներին կշտացրել է բարիքներով,+ իսկ հարուստներին ուղարկել է դատարկաձեռն: 54 Նա օգնության է հասել իր ծառային՝ Իսրայելին՝ ցույց տալով, որ հիշում է իր խոստումը, որ գթասրտություն կդրսևորի+ 55 Աբրահամի ու նրա սերնդի հանդեպ հավիտյան, մի խոստում, որ տվել էր մեր նախահայրերին»:+ 56 Մարիամը մոտ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մոտ, հետո տուն վերադարձավ:

57 Եկավ Եղիսաբեթի ծննդաբերության ժամանակը, և նա որդի ծնեց: 58 Հարևաններն ու ազգականները լսեցին, թե Եհովան ինչ մեծ գթասրտություն է դրսևորել նրա հանդեպ, և ուրախացան նրա հետ:+ 59 Ութերորդ օրը, երբ երեխան պետք է թլփատվեր,+ նրանք եկան և պատրաստվում էին երեխային իր հոր՝ Զաքարիայի անունով կոչել: 60 Բայց մայրն առարկեց. «Ո՛չ, նրա անունը Հովհաննես պետք է լինի»: 61 Նրանք էլ ասացին. «Քո ազգականների մեջ այդ անունով մարդ չկա»: 62 Ուստի նշաններով հարցրին երեխայի հորը, թե ինչ անուն է ուզում տալ նրան: 63 Նա էլ մի տախտակ խնդրեց ու վրան գրեց. «Նրա անունը Հովհաննես է»:+ Եվ բոլորը զարմացան: 64 Հենց նույն պահին Զաքարիայի լեզուն բացվեց՝ նրա խոսելու ունակությունը վերականգնվեց,+ ու նա սկսեց գովաբանել Աստծուն: 65 Հարևանությամբ ապրող բոլոր մարդկանց երկյուղ պատեց, և Հրեաստանի ողջ լեռնային շրջանում ամենուրեք խոսում էին այս ամենի մասին: 66 Բոլոր լսողները խորհրդածում էին և իրենց մտքում ասում՝ «Տեսնես այս երեխան ի՞նչ է դառնալու», քանի որ ակնհայտ էր, որ Եհովան նրա հետ է:

67 Երեխայի հայրը՝ Զաքարիան, սուրբ ոգուց մղված, մարգարեացավ. 68 «Փա՜ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն,+ ով ուշադրություն դարձրեց իր ժողովրդին, որ փրկի նրան:+ 69 Նա իր ծառա Դավթի տոհմից հզոր փրկիչ*+ տվեց մեզ,+ 70 ճիշտ ինչպես ասել էր հնում ապրած իր սուրբ մարգարեների միջոցով:+ 71 Ասել էր, որ մեզ կազատի թշնամիների և բոլոր մեզ ատողների ձեռքից,+ 72 մեր հանդեպ գթասրտություն կցուցաբերի մեր նախահայրերին տված իր խոստման համաձայն և կհիշի իր սուրբ ուխտը,*+ 73 որ երդումով կապել էր մեր նախահայր Աբրահամի հետ:+ 74 Նա խոստացել էր, որ մեր թշնամիների ձեռքից ազատելուց հետո մեզ պատիվ կընձեռի առանց վախի սուրբ ծառայություն մատուցելու իրեն, 75 որ լինենք նվիրված և մեր կյանքի բոլոր օրերում անենք այն, ինչ ճիշտ է նրա աչքին: 76 Իսկ դու, մանկի՛կ, Բարձրյալի մարգարե կլինես: Եհովան կուղարկի քեզ իրենից առաջ, որպեսզի պատրաստես ճանապարհը նրա համար,+ 77 նրա ժողովրդին հայտնես, որ կարող է փրկվել՝ մեղքերի ներում ստանալով,+ 78 ինչը հնարավոր կլինի մեր Աստծու ջերմ կարեկցանքի շնորհիվ: Այդ կարեկցանքի շնորհիվ երկնքից մեզ համար լույս կճառագի, ինչպես արևածագին, 79 որ լուսավորի խավարում և մահվան ստվերի տակ նստածներին,+ և ուղղորդի մեր քայլերը խաղաղության տանող ճանապարհին»:

80 Երեխան մեծացավ և Աստծու ոգու շնորհիվ ուժեղ* մարդ դարձավ: Նա անապատում էր ապրում, մինչև որ եկավ այն օրը, երբ գնաց Իսրայելի ժողովրդի մոտ:

2 Այն օրերին Օգոստոս կայսրը հրամանագիր արձակեց, որ ողջ կայսրությունում* բնակչության հաշվառում իրականացվի: 2 (Սա Կյուրենիոսի՝ Ասորիքի կառավարիչ լինելու ընթացքում իրականացված առաջին հաշվառումն էր): 3 Եվ ամեն մարդ գնաց իր քաղաք՝ հաշվառվելու: 4 Հովսեփն+ էլ Գալիլեայի Նազարեթ քաղաքից գնաց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաք՝+ Դավթի հայրենի քաղաքը, քանի որ նա Դավթի տոհմից էր: 5 Հովսեփը հաշվառման գնաց Մարիամի հետ, որն այդ ժամանակ արդեն իր կինն էր+ և շուտով ծննդաբերելու էր:+ 6 Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերության ժամանակը եկավ, 7 և նա լույս աշխարհ բերեց իր առաջնեկ որդուն:+ Նա երեխային բարուրեց ու մսուրի մեջ դրեց,+ քանի որ իջևանատանը մնալու տեղ չկար:

8 Այդ նույն ժամանակ դաշտերում մնացող հովիվներ կային այդ տեղանքում, որոնք գիշերները հսկում էին իրենց հոտերը: 9 Հանկարծ Եհովայի* հրեշտակը կանգնեց նրանց առաջ, և շուրջբոլորը լուսավորվեց Եհովայի փառքից: Հովիվները շատ վախեցան: 10 Բայց հրեշտակն ասաց. «Մի՛ վախեցեք: Ես եկել եմ, որ ձեզ բարի լուր հայտնեմ, որը մեծ ուրախություն կբերի բոլոր մարդկանց: 11 Դավթի քաղաքում+ այսօր ձեզ համար մի փրկիչ է ծնվել՝+ Քրիստոսը՝ ձեր Տերը:+ 12 Ահա թե ինչպես կճանաչեք նրան. դուք բարուրված ու մսուրի մեջ պառկած մի մանուկ կգտնեք»: 13 Եվ հանկարծ այդ հրեշտակի կողքին մեծաթիվ երկնային զորք հայտնվեց:+ Նրանք գովաբանում էին Աստծուն՝ ասելով. 14 «Փա՜ռք բարձունքներում բնակվող Աստծուն: Երկրի վրա թող խաղաղությո՜ւն վայելեն նրա բարեհաճությունն ունեցող մարդիկ»:

15 Երբ հրեշտակները երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք հենց հիմա Բեթլեհեմ գնանք ու տեսնենք այն, ինչ Եհովան հայտնեց մեզ»: 16 Նրանք շտապ գնացին և գտան Մարիամին, Հովսեփին ու մսուրի մեջ պառկած մանկանը: 17 Եվ տեսնելուն պես պատմեցին ամեն բան, ինչ իրենց ասվել էր երեխայի մասին: 18 Հովիվների պատմածը ապշեցնում էր բոլոր լսողներին: 19 Իսկ Մարիամը մտապահում էր այդ ամենը և եզրակացություններ անում:+ 20 Այնուհետև հովիվները հետ դարձան՝ փառք տալով և գովաբանելով Աստծուն այն ամենի համար, ինչ տեսան ու լսեցին, քանի որ ամեն բան եղել էր ճիշտ այնպես, ինչպես որ ասվել էր իրենց:

21 Ութերորդ օրը՝ երեխայի թլփատության ժամանակ,+ նրա անունը Հիսուս դրեցին. դա այն անունն էր, որ հրեշտակն էր տվել երեխային դեռ նախքան նրա սաղմնավորումը:+

22 Երբ հասավ Մովսեսի օրենքով սահմանված մաքրման արարողակարգի ժամանակը,+ երեխային բերեցին Երուսաղեմ, որ ներկայացնեն Եհովայի առաջ, 23 քանի որ Եհովայի Օրենքում գրված է. «Ամեն արու առաջնեկի պետք է նվիրեք Եհովային»:*+ 24 Եվ նրանք զոհ մատուցեցին Եհովայի Օրենքի համաձայն, որտեղ ասվում է. «Պետք է մի զույգ տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերվի»:+

25 Երուսաղեմում մի մարդ կար Սիմեոն անունով. այս մարդը արդար էր ու աստվածավախ և սպասում էր այն ժամանակին, երբ Աստված Իսրայելին մխիթարություն կտար:+ Սուրբ ոգին ներգործում էր նրա վրա: 26 Սուրբ ոգու միջոցով Աստված հայտնել էր նրան, որ նա չէր մահանալու, մինչև չտեսներ Եհովայի Օծյալին:* 27 Ոգու առաջնորդությամբ Սիմեոնը եկավ տաճար, ու երբ ծնողները փոքրիկ Հիսուսին բերեցին, որ կատարեն Օրենքով պահանջվածը,+ 28 նա իր գիրկն առավ մանկանը, գովաբանեց Աստծուն և ասաց. 29 «Գերիշխա՛ն Տեր, հիմա քո ծառան կարող է խաղաղությամբ հեռանալ կյանքից,+ քանի որ դու կատարեցիր քո խոստումը. 30 աչքերս տեսան նրան, ում միջոցով դու փրկություն ես բերելու,+ 31 ում ուղարկել ես, որ բոլոր ժողովուրդները տեսնեն:+ 32 Նա լույսն է,+ որը կցրի ազգերին ծածկող խավարը,+ և փառքն է Իսրայելի՝ քո ժողովրդի»: 33 Երեխայի հայրն ու մայրը զարմանում էին՝ լսելով նրա մասին Սիմեոնի ասածները: 34 Ապա Սիմեոնը նրանց օրհնեց և երեխայի մորը՝ Մարիամին, ասաց. «Նա Իսրայելում շատերի անկման պատճառ կլինի,+ և շատերն էլ վեր կկենան նրա շնորհիվ:+ Նա արհամարհանքի առարկա կլինի,+ 35 և նրա շնորհիվ պարզ կդառնա, թե ինչ կա շատ-շատերի սրտում: Իսկ դու մեծ վիշտ կապրես, ասես մի երկար սուր կանցնի միջովդ»:+

36 Այնտեղ մի տարեց մարգարեուհի կար՝ Փանուելի դուստր Աննան՝ Ասերի ցեղից: Նա ամուսնությունից հետո ընդամենը յոթ տարի էր ապրել ամուսնու հետ 37 և հիմա 84 տարեկան այրի էր: Նա երբեք չէր հեռանում տաճարից և գիշեր-ցերեկ ծոմապահությամբ ու աղաչանքներով պաշտում էր Աստծուն: 38 Այդ պահին նա էլ մոտեցավ ու սկսեց Աստծուն շնորհակալություն հայտնել և երեխայի ով լինելու մասին խոսել Երուսաղեմի ազատագրմանը սպասող բոլոր մարդկանց հետ:+

39 Եհովայի Օրենքով պահանջվող ամեն բան անելուց հետո+ Հովսեփն ու Մարիամը վերադարձան իրենց բնակավայր՝ Գալիլեայի Նազարեթ քաղաք:+ 40 Երեխան մեծանում էր, ֆիզիկապես ամրանում ու լցվում իմաստությամբ: Եվ նա ուներ Աստծու հավանությունը:+

41 Հիսուսի ծնողները սովորություն ունեին ամեն տարի գնալ Երուսաղեմ՝ Պասեքը տոնելու:+ 42 Երբ Հիսուսը 12 տարեկան էր, նրանք, ինչպես միշտ, տոնի առթիվ գնացին Երուսաղեմ:+ 43 Տոնի ավարտից հետո տուն վերադառնալիս նրանք չնկատեցին, որ Հիսուսը մնացել է Երուսաղեմում: 44 Նրանք մտածում էին, թե նա իրենց հետ ճամփորդողների մեջ է, ուստի այդպես մեկ օրվա ճանապարհ անցան: Բայց հետո սկսեցին որոնել նրան ազգականների ու ծանոթների մեջ: 45 Եվ չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ ու սկսեցին ամենուրեք փնտրել նրան: 46 Երեք օր հետո Հիսուսին գտան տաճարում. նա, ուսուցիչների մեջ նստած, լսում ու հարցեր էր տալիս: 47 Բոլոր նրան լսողները հիանում էին նրա հասկացողությամբ և իրենց հարցերին տված պատասխաններով:+ 48 Նրան այնտեղ տեսնելով՝ ծնողներն ապշեցին: Մայրն ասաց. «Զավա՛կս, ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր: Ես ու հայրդ գլուխներս կորցրած քեզ էինք փնտրում»: 49 Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում: Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ»:+ 50 Սակայն նրանք չհասկացան, թե ինչ էր ուզում ասել դրանով:

51 Հիսուսը նրանց հետ վերադարձավ Նազարեթ ու շարունակում էր հնազանդվել նրանց:+ Նրա մայրը ամեն բան պահում էր իր սրտում:+ 52 Այսպիսով՝ Հիսուսը մեծանում էր, դառնում ավելի իմաստուն ու վայելում Աստծու և մարդկանց բարեհաճությունը:

3 Տիբերիոս կայսեր իշխանության 15-րդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, Հերովդեսը՝*+ Գալիլեայի մարզի կառավարիչը,* նրա եղբայր Փիլիպոսը՝ Իտուրիայի և Տրաքոնիայի երկրամասի կառավարիչը, Լյուսանիասը՝ Աբիլենեի կառավարիչը, 2 և երբ Կայիափան քահանայապետն էր, իսկ Հաննան ավագ քահանա էր,+ Աստված իր խոսքը հաղորդեց Զաքարիայի որդի Հովհաննեսին+ անապատում:+

3 Հովհաննեսը ման էր գալիս Հորդանանի շրջակա ողջ տարածքում և քարոզում էր, որ մարդիկ պետք է մկրտվեն ի նշան զղջման, որպեսզի նրանց մեղքերը ներվեն:+ 4 Հենց այդ մասին է գրված Եսայիա մարգարեի գրքում. «Ինչ-որ մեկի բարձր ձայնն է լսվում անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի* համար: Հարթե՛ք նրա ուղին:+ 5 Ամեն հովիտ պետք է հողով լցվի, ամեն լեռ ու բլուր պետք է ցածրացվի: Ծուռումուռ ճանապարհները պետք է ուղղվեն, խորդուբորդ ուղիները՝ հարթվեն: 6 Եվ բոլոր մարդիկ կտեսնեն, թե Աստված ինչպես է փրկություն տալիս»»:*+

7 Մարդիկ մեծ խմբերով գալիս էին Հովհաննեսի մոտ՝ մկրտվելու: Նա ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ձեզ ո՞վ է ասել, որ կարող եք փախչել Աստծու ցասումից, որ գալու է ձեզ վրա:+ 8 Նախ ձեր գործերով փաստեք, որ զղջում եք:* Եվ ինքներդ ձեզ մի՛ ասեք. «Մեր հայրը Աբրահամն է»: Վստահեցնում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ զավակներ ստեղծել Աբրահամի համար: 9 Կացինն արդեն մոտեցվել է ծառերի բնին. ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, հիմքից կկտրվի ու կրակը կգցվի»:+

10 Ժողովուրդը հարցնում էր Հովհաննեսին. «Այդ դեպքում ի՞նչ անենք»: 11 Նա էլ ասում էր. «Երկու* հագուստ ունեցողը թող մեկը տա չունեցողին, ուտելիք ունեցողն էլ թող նույն կերպ վարվի»:+ 12 Անգամ հարկահավաքները եկան մկրտվելու+ և հարցրին նրան. «Ուսուցի՛չ, իսկ մե՞նք ինչ անենք»: 13 Նա էլ ասաց. «Սահմանված հարկից ավելին մի՛ պահանջեք»:+ 14 Զինվորականներն էլ էին հարցնում. «Իսկ մե՞նք ինչ անենք»: Նա ասաց. «Ոչ մեկից ոչինչ մի կորզեք՝ լինի դա ճնշում բանեցնելով, թե սուտ մեղադրանքով,+ այլ բավարարվեք ձեր ստացածով»:*

15 Այդ ժամանակ ժողովուրդը սպասում էր Քրիստոսի գալուն, ուստի բոլորը մտածում էին, որ գուցե Հովհաննեսը Քրիստոսն է:+ 16 Դրա համար Հովհաննեսն ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց գալիս է ինձնից զորավորը, և ես արժանի չեմ անգամ նրա սանդալների կապերն արձակելու:+ Նա ձեզ կմկրտի սուրբ ոգով ու կրակով:*+ 17 Քամհարելու եղանը* նրա ձեռքում է, որ ամբողջությամբ մաքրի իր կալը.* ցորենը նա իր ամբարում կհավաքի, իսկ թեփը կայրի անմար կրակով»:

18 Նա շատ այլ հորդորներ էլ տվեց մարդկանց ու շարունակեց բարի լուրը քարոզել նրանց: 19 Բայց մարզի կառավարիչ Հերովդեսը, որին Հովհաննեսը դատապարտել էր նրա եղբոր կնոջը՝ Հերովդիային առնչվող հարցի և նրա մյուս բոլոր չար գործերի համար, 20 բանտ գցեց Հովհաննեսին+ և այդպիսով իր բոլոր չարագործությունների վրա ավելացրեց ևս մեկը:

21 Այն ժամանակ, երբ ամբողջ ժողովուրդը մկրտվում էր, Հիսուսն էլ մկրտվեց,+ ու մինչ նա աղոթում էր, երկինքը բացվեց,+ 22 և սուրբ ոգին տեսանելի կերպարանքով՝* աղավնու տեսքով, իջավ նրա վրա: Եվ մի ձայն լսվեց երկնքից. «Դու իմ սիրելի Որդին ես. դու ունես իմ հավանությունը»:+

23 Երբ Հիսուսը+ սկսեց իր գործունեությունը, մոտ 30 տարեկան էր:+ Համարվում էր, որ նա Հովսեփի որդին էր,+

Հովսեփն էլ՝ Հեղիի,

24 նա էլ՝ Մատթատի,

նա էլ՝ Ղևիի,

նա էլ՝ Մելքիի,

նա էլ՝ Հաննեի,

նա էլ՝ Հովսեփի,

25 նա էլ՝ Մատաթիայի,

նա էլ՝ Ամոսի,

նա էլ՝ Նաումի,

նա էլ՝ Էսլիի,

նա էլ՝ Նանգեի,

26 նա էլ՝ Մաաթի,

նա էլ՝ Մատաթիայի,

նա էլ՝ Սեմեինի,

նա էլ՝ Հոսեքի,

նա էլ՝ Հոդայի,

27 նա էլ՝ Հոհանանի,

նա էլ՝ Ռեսայի,

նա էլ՝ Զորաբաբելի,+

նա էլ՝ Սաղաթիելի,+

նա էլ՝ Ներիի,

28 նա էլ՝ Մելքիի,

նա էլ՝ Ադդիի,

նա էլ՝ Կոսամի,

նա էլ՝ Ելմադամի,

նա էլ՝ Էրի,

29 նա էլ՝ Հիսուսի,*

նա էլ՝ Եղիեզերի,

նա էլ՝ Հորիմի,

նա էլ՝ Մատթատի,

նա էլ՝ Ղևիի,

30 նա էլ՝ Շմավոնի,

նա էլ՝ Հուդայի,

նա էլ՝ Հովսեփի,

նա էլ՝ Հովնամի,

նա էլ՝ Եղիակիմի,

31 նա էլ՝ Մելեայի,

նա էլ՝ Մեննայի,

նա էլ՝ Մատտաթայի,

նա էլ՝ Նաթանի,+

նա էլ՝ Դավթի,+

32 նա էլ՝ Հեսսեի,+

նա էլ՝ Օբեդի,+

նա էլ՝ Բոոսի,+

նա էլ՝ Սալմոնի,+

նա էլ՝ Նաասոնի,+

33 նա էլ՝ Ամինադաբի,

նա էլ՝ Առնիի,

նա էլ՝ Եսրոնի,

նա էլ՝ Փարեսի,+

նա էլ՝ Հուդայի,+

34 նա էլ՝ Հակոբի,+

նա էլ՝ Իսահակի,+

նա էլ՝ Աբրահամի,+

նա էլ՝ Թարայի,+

նա էլ՝ Նաքորի,+

35 նա էլ՝ Սերուգի,+

նա էլ՝ Ռագավի,+

նա էլ՝ Փալեկի,+

նա էլ՝ Եբերի,+

նա էլ՝ Սաղայի,+

36 նա էլ՝ Կայնանի,

նա էլ՝ Արփաքսադի,+

նա էլ՝ Սեմի,+

նա էլ՝ Նոյի,+

նա էլ՝ Ղամեքի,+

37 նա էլ՝ Մաթուսաղայի,+

նա էլ՝ Ենոքի,

նա էլ՝ Հարեդի,+

նա էլ՝ Մաղաղայելի,+

նա էլ՝ Կայնանի,+

38 նա էլ՝ Ենոսի,+

նա էլ՝ Սեթի,+

նա էլ՝ Ադամի,+

որն էլ որդին էր Աստծու:

4 Հիսուսը, սուրբ ոգով լցված, Հորդանանից գնաց անապատ, և այնտեղ ոգին առաջնորդում էր նրան+ 2 40 օր շարունակ: Այդ ընթացքում նա ոչինչ չկերավ, և վերջում, երբ քաղցած էր, Բանսարկուն փորձության ենթարկեց նրան:+ 3 Նա ասաց. «Եթե Աստծու որդի ես, ասա, որ այս քարը հաց դառնա»: 4 Բայց Հիսուսը պատասխանեց. «Գրված է. «Մարդ չպետք է միայն հացով ապրի»»:+

5 Եվ Բանսարկուն հանեց նրան մի բարձր տեղ ու ակնթարթորեն ցույց տալով աշխարհի բոլոր թագավորությունները՝+ 6 ասաց. «Այս բոլոր թագավորություններն իրենց ողջ փառքով քո իշխանությանը կհանձնեմ, որովհետև այն ինձ է տրված,+ ես էլ տալիս եմ, ում ուզում եմ: 7 Եվ ուրեմն, եթե գեթ մեկ անգամ երկրպագես ինձ, այս ամենը քոնը կլինի»: 8 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Գրված է. «Եհովայի՛ն՝* ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք և միմիայն նրան ծառայեք»»:*+

9 Հետո նրան տարավ Երուսաղեմ և կանգնեցնելով տաճարի եզրապատի ամենաբարձր տեղում՝ ասաց. «Եթե Աստծու որդի ես, քեզ ցած գցիր այստեղից,+ 10 քանի որ գրված է՝ «Նա կհրամայի իր հրեշտակներին, որ քեզ պաշտպանեն» 11 և «Նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ քարի չխփես»»:+ 12 Հիսուսն էլ պատասխանեց. «Ասվում է. «Մի՛ փորձեք Եհովային՝ ձեր Աստծուն»»:+ 13 Այս բոլոր փորձություններից հետո Բանսարկուն հեռացավ նրանից՝ սպասելով մեկ ուրիշ հարմար առիթի:+

14 Հիսուսը սուրբ ոգու առաջնորդությամբ* վերադարձավ Գալիլեա:+ Եվ նրա բարի գործերի համբավը տարածվեց շրջակա բոլոր վայրերում: 15 Նա սովորեցնում էր այնտեղի ժողովարաններում, և բոլորը գովասանքով էին արտահայտվում նրա մասին:

16 Հիսուսը գնաց Նազարեթ,+ որտեղ մեծացել էր, և Շաբաթ օրը, իր սովորության համաձայն, ժողովարան մտավ:+ Ապա վեր կացավ, որ կարդա: 17 Նրան տվեցին Եսայիա մարգարեի գիրքը:* Նա բացեց գիրքը ու գտավ այն տեղը, որտեղ գրված էր. 18 «Եհովան ինձ տվել է իր ոգին: Նա ինձ օծել է, որ բարի լուր հռչակեմ խեղճերին: Ուղարկել է, որ գերիներին հայտնեմ, որ ազատ են արձակվելու, կույրերին ասեմ, որ տեսնելու են, ազատեմ տառապյալներին+ 19 ու քարոզեմ, որ եկել է այն տարին, երբ մարդիկ կարող են ստանալ Եհովայի բարեհաճությունը»:+ 20 Ապա փաթաթեց ձեռագիրը, տվեց սպասարկուին ու նստեց. ժողովարանում բոլորի աչքերը նրա վրա էին սևեռված: 21 Հիսուսն ասաց նրանց. «Գրքի այս հատվածը, որ դուք հենց նոր լսեցիք, այսօր կատարվեց»:+

22 Բոլոր մարդիկ նրա մասին լավն էին խոսում և հիանում էին նրա բարի ու սիրտ ջերմացնող խոսքերով:+ Բայց ասում էին. «Սա Հովսեփի որդին չէ՞»:+ 23 Հիսուսն ասաց նրանց. «Անկասկած, այս առածը կմեջբերեք՝ «Դե որ բժիշկ ես, ինքդ քեզ բուժիր», ու կասեք ինձ. «Մեր լսած այն բաները, որ արել ես Կափառնայումում,+ այստեղ՝ քո հայրենի քաղաքում էլ արա»»: 24 Ապա ավելացրեց. «Հավաստիացնում եմ ձեզ. ոչ մի մարգարե ընդունված չէ իր հայրենի վայրերում:+ 25 Օրինակ՝ հիշեք Եղիայի օրերը, երբ երեքուկես տարի անձրև չեկավ, ու ողջ երկրում մեծ սով եղավ:+ Թեև Իսրայելում շատ այրիներ կային, 26 սակայն Եղիան նրանցից ոչ մեկի մոտ չուղարկվեց, այլ ուղարկվեց Սիդոնի Սարեփթա քաղաքում բնակվող մի այրու մոտ:+ 27 Եղիսե մարգարեի օրերում էլ, թեև շատ բորոտներ կային Իսրայելում, բայց նրանցից ոչ մեկը չբուժվեց,* մինչդեռ ասորի Նեեմանը բուժվեց»:+ 28 Այս ամենը լսելով՝ ժողովարանում գտնվող բոլոր մարդիկ բարկությամբ լցվեցին+ 29 և անմիջապես նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև այն բարձունքի եզրը, որի վրա կառուցված էր իրենց քաղաքը, և ուզում էին նրան այնտեղից ցած գցել: 30 Բայց Հիսուսը, նրանց միջով անցնելով, հեռացավ:+

31 Նա գնաց Գալիլեայի Կափառնայում քաղաք: Այնտեղ Շաբաթ օրերին ուսուցանում էր մարդկանց:+ 32 Նրանք ապշում էին նրա ուսուցանելուց,+ որովհետև խոսում էր, ինչպես իշխանություն ունեցող մեկը: 33 Ժողովարանում մի մարդ կար, որը դևի՝ չար* ոգու ազդեցության տակ էր: Նա բարձր ձայնով բղավեց.+ 34 «Ինչո՞ւ ես եկել այստեղ, նազարեթցի՛ Հիսուս:+ Եկել ես՝ կործանե՞ս մեզ: Ես լավ գիտեմ՝ դու ով ես, Աստծուց ուղարկված Սուրբն ես»:+ 35 Բայց Հիսուսը սաստեց նրան. «Լռի՛ր ու դո՛ւրս եկ նրա միջից»: Դևը նրանց առաջ գետնին գցեց այդ մարդուն և դուրս եկավ նրա միջից՝ առանց վնաս տալու: 36 Բոլորը ապշահար իրար ասում էին. «Տեսեք՝ որքան ազդեցիկ են նրա խոսքերը: Այնքան իշխանություն ու զորություն ունի, որ անգամ չար ոգիներին է հրամայում, և նրանք դուրս են գալիս»: 37 Եվ նրա համբավը տարածվում էր շրջակա բոլոր վայրերում:

38 Ժողովարանից դուրս գալով՝ Հիսուսը գնաց Սիմոնի տուն: Սիմոնի զոքանչը բարձր ջերմության մեջ տառապում էր, ուստի խնդրեցին, որ օգնի նրան:+ 39 Հիսուսն էլ մոտեցավ ու բուժեց նրան, և ջերմությունն իջավ: Կինը իսկույն վեր կացավ ու սկսեց հյուրասիրություն ցույց տալ նրանց:

40 Մայրամուտին բոլորը սկսեցին Հիսուսի մոտ բերել իրենց հիվանդներին՝ տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց: Նա ձեռքերը դնում էր յուրաքանչյուրի վրա և բուժում:+ 41 Շատերի միջից էլ դևեր էր հանում: Նրանք բղավում էին. «Դու Աստծու Որդի՛ն ես»:+ Բայց նա սաստում էր նրանց և թույլ չէր տալիս խոսել,+ որովհետև գիտեին, որ ինքը Քրիստոսն է:+

42 Լուսաբացին Հիսուսը հեռացավ այդտեղից ու գնաց մի մեկուսի վայր:+ Բայց մարդիկ սկսեցին փնտրել նրան ու երբ գտան, փորձեցին համոզել, որ չհեռանա իրենց մոտից: 43 Սակայն նա ասաց նրանց. «Աստծու թագավորության մասին բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել»:+ 44 Եվ նա գնաց քարոզելու Հրեաստանի ժողովարաններում:

5 Մի անգամ, երբ Հիսուսը, Գեննեսարեթի լճի*+ մոտ կանգնած, Աստծու խոսքն էր սովորեցնում, մեծ թվով մարդիկ էին հավաքվել ու փորձում էին առաջանալ դեպի նա, որ լսեն: 2 Լճի ափին նա երկու նավակ տեսավ: Ձկնորսները դուրս էին եկել նավակներից և իրենց ցանցերն էին լվանում:+ 3 Հիսուսը մտավ նավակներից մեկը, որը Սիմոնինն էր, ու խնդրեց նրան, որ ցամաքից մի փոքր հեռացնի այն: Ապա, նավակի մեջ նստած, սկսեց ուսուցանել ժողովրդին: 4 Նրանց ուսուցանելուց հետո Հիսուսն ասաց Սիմոնին. «Նավակը դեպի խորքը տար, և ցանցերը գցեք ջուրը»: 5 Սիմոնը պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչինչ չենք բռնել,+ բայց որ դու ես ասում, կգցեմ»: 6 Եվ երբ նրա ասածն արեցին, մեծ քանակությամբ ձուկ բռնեցին. ձկներն այնքան շատ էին, որ ցանցերը սկսեցին պատռվել:+ 7 Ուստի նշան արեցին մյուս նավակի մեջ եղող գործընկերներին, որ գան և օգնեն իրենց: Երբ նրանք եկան, երկու նավակներն այնքան լցվեցին ձկներով, որ քիչ էր մնում՝ սուզվեին: 8 Դա տեսնելով՝ Սիմոն Պետրոսը ծնկի եկավ Հիսուսի առաջ ու ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ ինձ մոտ լինես, ես մեղավոր մարդ եմ»: 9 Սիմոնն այդպես ասաց, քանի որ ձկների այդ որսը ապշեցրել էր նրան և նրա հետ եղող մյուս մարդկանց, 10 նաև Հակոբոսին ու Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդիներին,+ որոնք նրա գործընկերներն էին: Բայց Հիսուսն ասաց Սիմոնին. «Մի՛ վախեցիր: Այսուհետ դու մարդկանց ես որսալու»:+ 11 Նրանք նավակները ափ հանեցին և ամեն ինչ թողնելով՝ նրան հետևեցին:+

12 Մեկ ուրիշ օր, երբ Հիսուսը քաղաքներից մեկում էր, մի մարդ, որը խորացած բորոտությամբ էր տառապում, Հիսուսին տեսնելուն պես, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց ու աղերսագին ասաց. «Տե՛ր, եթե միայն ուզես, կարող ես բուժել* ինձ»:+ 13 Նա էլ, մեկնելով ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ: Բուժվի՛ր»: Եվ հենց այդ պահին բորոտությունը բուժվեց:+ 14 Հետո Հիսուսն այդ մարդուն պատվիրեց, որ ոչ ոքի ոչինչ չպատմի, և ասաց. «Գնա ներկայացիր քահանային ու մաքրման համար ընծա մատուցիր, ինչպես որ սահմանված է Մովսեսի օրենքում,+ որպեսզի քահանաները հավաստիանան, որ բուժվել ես»:+ 15 Հիսուսի մասին լուրերը շարունակում էին տարածվել, և մարդկանց մեծ խմբեր էին հավաքվում, որ լսեն նրան ու բուժվեն իրենց հիվանդություններից:+ 16 Նա էլ հաճախ գնում էր ամայի տեղեր՝ աղոթելու:

17 Մի օր Հիսուսը, ով Եհովայից* ստացած զորություն ուներ բուժումներ անելու, ուսուցանում էր մարդկանց: Այնտեղ փարիսեցիներ և Օրենքի ուսուցիչներ* էլ կային նստած, որոնք եկել էին Գալիլեայի և Հրեաստանի բոլոր գյուղերից ու Երուսաղեմից:+ 18 Այդ ժամանակ պատգարակի վրա պառկած մի անդամալույծի բերեցին և փորձում էին տուն մտցնել, որ տանեն նրա մոտ:+ 19 Բայց ամբոխի պատճառով չկարողացան նրան ներս տանել, ուստի բարձրացան տանիք և կղմինդրի ծածկը հեռացնելով՝ նրան պատգարակով իջեցրին Հիսուսի մոտ: 20 Նրանց հավատը տեսնելով՝ Հիսուսն ասաց անդամալույծին. «Բարեկա՛մ, քո մեղքերը ներված են»:+ 21 Օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները, իրենց մտքերը բարձրաձայնելով, իրար ասում էին. «Ո՞վ է սա, որ այսպիսի աստվածանարգ բաներ է ասում: Աստծուց բացի՝ ո՞վ կարող է մեղքեր ներել»:+ 22 Հիսուսն էլ, տեսնելով, թե ինչ դատողություններ են անում, ասաց. «Այդ ինչե՞ր եք մտածում: 23 Հեշտ է ասել՝ քո մեղքերը ներված են, բայց որևէ մեկը կարո՞ղ է այս մարդուն ասել՝ վեր կաց ու քայլիր, և նա վեր կենա: 24 Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու: Որպեսզի համոզվեք դրանում...– դիմելով անդամալույծին՝ Հիսուսն ասաց,– Ասում եմ քեզ, վեր կաց, վերցրու պատգարակդ և տուն գնա»:+ 25 Նա էլ բոլորի աչքի առաջ վեր կացավ, վերցրեց պատգարակը և Աստծուն փառաբանելով՝ տուն գնաց: 26 Ամենքն ապշել էին: Նրանք փառաբանում էին Աստծուն և ակնածանքով լցված՝ ասում էին. «Ի՜նչ արտասովոր բաներ տեսանք այսօր»:

27 Այդտեղից գնալիս Հիսուսը մաքսատանը նստած մի մարդու տեսավ, որի անունը Ղևի էր, և ասաց նրան. «Իմ հետևորդը դարձիր»:+ 28 Ղևին էլ, ամեն բան թողնելով, վեր կացավ ու նրան հետևեց: 29 Հետո իր տանը Հիսուսի համար մեծ ճաշկերույթ կազմակերպեց: Սեղան նստածների մեջ էին նաև շատ հարկահավաքներ:+ 30 Դա տեսնելով՝ փարիսեցիները իրենց դժգոհությունն արտահայտեցին ու ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ եք հարկահավաքների և մեղսագործների հետ ուտում ու խմում»:+ 31 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները:+ 32 Ես եկել եմ ոչ թե արդարներին* կանչելու, այլ մեղսագործներին, որպեսզի նրանց հորդորեմ զղջալ»:+

33 Նրանք էլ ասացին. «Հովհաննեսի աշակերտները հաճախակի ծոմ են պահում և ջերմեռանդորեն աղոթում, փարիսեցիների աշակերտներն էլ են նույնն անում, իսկ քո աշակերտները ուտում ու խմում են»:+ 34 Հիսուսն ասաց. «Ինչպե՞ս կարող եք փեսայի ընկերներին պարտադրել, որ ծոմ պահեն, երբ փեսան դեռ նրանց հետ է: 35 Սակայն օրեր կգան, երբ փեսային+ կխլեն նրանցից, և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն»:+

36 Ապա Հիսուսը մի օրինակ բերեց. «Ոչ ոք նոր վերնահագուստից կտոր չի կտրում և կարում հին վերնահագուստի վրա, այլապես այդ նոր կտորից կարկատանը կպատռի հին հագուստը: Նոր հագուստից վերցված կտորը հնին համապատասխան չէ:+ 37 Նաև ոչ ոք նոր գինին չի լցնում հին տիկերի մեջ, այլապես տիկերը նոր գինուց կպատռվեն: Արդյունքում գինին կթափվի, տիկերն էլ կփչանան: 38 Դրա համար նոր գինին հարկավոր է լցնել նոր տիկերի մեջ: 39 Հին գինին խմած մարդը չի ուզում նորը փորձել և ասում է. «Հինը լավն է»»:

6 Մի անգամ՝ Շաբաթ օրով, Հիսուսն իր աշակերտների հետ անցնում էր ցորենի արտերի միջով:+ Աշակերտները ցորենի հասկեր էին պոկում, տրորում էին ափերի մեջ և ուտում:+ 2 Դա տեսնելով՝ փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ ինչո՞ւ եք անում մի բան, ինչը չի թույլատրվում անել Շաբաթ օրը»:+ 3 Բայց Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ նա և իր հետ եղող մարդիկ քաղցած էին:+ 4 Նա Աստծու տուն մտավ և ստանալով սուրբ հացերը՝* կերավ ու իր մարդկանց էլ տվեց, թեև քահանաներից բացի՝ ուրիշ ոչ ոք իրավասություն չուներ ուտելու դրանցից»:+ 5 Ապա ավելացրեց. «Շաբաթը մարդու Որդու իշխանության տակ է»:+

6 Մեկ ուրիշ Շաբաթ օր+ էլ նա մտավ ժողովարան և սկսեց ուսուցանել: Այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը կռկված* էր:+ 7 Օրենքի ուսուցիչներն* ու փարիսեցիները ուշադիր հետևում էին Հիսուսին, որ տեսնեն՝ Շաբաթ օրով կբուժի՞ այդ մարդուն, թե ոչ, որպեսզի մեղադրելու պատճառ գտնեն: 8 Սակայն նա գիտեր՝ ինչ կար նրանց մտքին,+ ուստի այդ մարդուն ասաց. «Վեր կաց ու կանգնիր այստեղ՝ մեջտեղում»: Նա էլ վեր կացավ ու կանգնեց այնտեղ: 9 Այդ ժամանակ Հիսուսն ասաց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին. «Ձեզ մի հարց տամ՝ ի՞նչ է ճիշտ անել Շաբաթ օրը՝ բարի՞ք, թե՞ չարիք, կյանք* փրկե՞լ, թե՞ կործանել»:+ 10 Եվ նայելով նրանց բոլորին՝ այդ մարդուն ասաց. «Մեկնիր ձեռքդ»: Նա էլ մեկնեց, և այն առողջացավ: 11 Օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները, խիստ չարացած, սկսեցին խորհրդակցել, թե ինչ անեն Հիսուսին:

12 Այդ նույն ժամանակահատվածում Հիսուսը սար գնաց, որ աղոթի,+ և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով:+ 13 Իսկ երբ օրը բացվեց, մարդ ուղարկեց, որ աշակերտներին կանչի իր մոտ, ապա նրանց միջից ընտրեց 12 հոգու և կոչեց առաքյալներ:+ 14 Նրանք էին Սիմոնը, որին նաև Պետրոս կոչեց, Անդրեասը՝ նրա եղբայրը, Հակոբոսը, Հովհաննեսը, Փիլիպոսը,+ Բարդուղիմեոսը, 15 Մատթեոսը, Թովմասը,+ Հակոբոսը՝ Ալփեոսի որդին, Սիմոնը, որին Նախանձախնդիր էին կոչում, 16 Հուդան՝ Հակոբոսի որդին, և Հուդա Իսկարիովտացին, որը դավաճան դարձավ:

17 Հետո նրանց հետ իջավ և հասնելով մի հարթ տեղանք՝ կանգ առավ: Այնտեղ հավաքված էին աշակերտների մի մեծ խումբ և մարդկանց մի մեծ բազմություն, որոնք եկել էին Երուսաղեմից, ողջ Հրեաստանից, Տյուրոսի ու Սիդոնի ափամերձ շրջաններից: Նրանք եկել էին Հիսուսին լսելու և իրենց հիվանդություններից բուժվելու: 18 Նույնիսկ չար* ոգիներից տանջվողներն էին բուժվում: 19 Բոլորն ուզում էին դիպչել Հիսուսին, քանի որ երբ դիպչում էին, նրանից ուժ էր դուրս գալիս,+ և իրենք բուժվում էին:

20 Հիսուսը հայացքն ուղղեց իր աշակերտներին ու ասաց.

«Երջանիկ եք կարիքավորներդ, որովհետև ձերն է Աստծու թագավորությունը:+

21 Երջանիկ եք քաղցածներդ, որովհետև կկշտանաք:+

Երջանիկ եք լացողներդ, որովհետև կծիծաղեք:+

22 Երջանիկ եք, երբ մարդիկ ատեն ձեզ,+ վռնդեն իրենց միջից,+ վիրավորեն ձեզ և արատավորեն ձեր համբավը մարդու Որդու հետևորդը լինելու պատճառով: 23 Ուրախացեք և ցնծացեք այդ օրը, որովհետև ձեզ մեծ վարձատրություն է սպասում Աստծուց.* նրանց նախահայրերը նույն ձևով մարգարեների հետ են վարվել:+

24 Բայց վա՜յ հարուստներիդ,+ որովհետև դուք ձեր սփոփանքն արդեն լիովին ստացել եք:+

25 Վա՜յ կշտացածներիդ, որովհետև կսովածանաք:

Վա՜յ ծիծաղողներիդ, որովհետև կսգաք ու լաց կլինեք:+

26 Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավը խոսեն ձեր մասին.+ նույն բանը նրանց նախահայրերը կեղծ մարգարեների հանդեպ են արել:

27 Բոլոր ինձ լսողներիդ ասում եմ. միշտ այսպես վարվեք՝ սիրեք ձեր թշնամիներին, բարիք արեք ձեզ ատողներին,+ 28 օրհնեք ձեզ անիծողներին և աղոթեք ձեզ վիրավորողների համար:+ 29 Ով խփի ձեր մի այտին, մյուսն էլ նրան դարձրեք: Ով վերցնի ձեր վերնահագուստը, ձեր վրայի մյուս հագուստն էլ տվեք:+ 30 Ով ձեզնից մի բան խնդրի,+ տվեք նրա խնդրածը և հետ մի՛ ուզեք ձեզնից վերցվածը:

31 Ինչպես ուզում եք՝ մարդիկ ձեզ հետ վարվեն, հենց այդպես էլ դուք վարվեք նրանց հետ:+

32 Եթե սիրեք միայն նրանց, ովքեր սիրում են ձեզ, ի՞նչ մի գովելի բան արած կլինեք: Չէ՞ որ մեղսագործներն էլ են սիրում իրենց սիրողներին:+ 33 Եվ եթե միայն ձեզ բարիք անողներին բարիք անեք, ի՞նչ մի գովելի բան արած կլինեք: Մեղսագործներն էլ են այդպես անում: 34 Եթե պարտք տաք* միայն նրանց, ովքեր, ձեր կարծիքով, հաստատ կվերադարձնեն, ի՞նչ մի գովելի բան արած կլինեք:+ Անգամ մեղսագործներն են պարտք տալիս մեղսագործներին լիովին հետ ստանալու ակնկալիքով: 35 Իսկ դուք այլ կերպ վարվեք՝ սիրեք ձեր թշնամիներին, բարիք արեք մարդկանց, պարտք տվեք առանց որևէ բան հետ ստանալու ակնկալիքի+ և այդ դեպքում մեծ վարձատրություն կստանաք: Այդպիսով դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարի է նույնիսկ անշնորհակալ ու չար մարդկանց հանդեպ:+ 36 Գթասիրտ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է գթասիրտ:+

37 Մի՛ դատեք* և ամենևին էլ չեք դատվի,+ մի՛ դատապարտեք և չեք դատապարտվի: Ներեք* և կներվեք:+ 38 Տվեք, և մարդիկ կտան ձեզ:+ Նրանք ձեր փեշը կլցնեն առատորեն՝ լավ սեղմելով, թափահարելով, այնպես որ լեփ-լեցուն լինի: Ինչպես վերաբերվեք ուրիշներին, այնպես էլ ձեզ կվերաբերվեն»:*

39 Հետո Հիսուսը սկսեց օրինակներ բերել. «Ինչպե՞ս կարող է կույրը կույրին առաջնորդել: Չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն:+ 40 Աշակերտն իր ուսուցչից առավել չէ, և լիարժեքորեն ուսուցանվածը կնմանվի իր ուսուցչին: 41 Այդ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղին ուշադրություն դարձնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում:+ 42 Ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ «Եղբա՛յրս, թող աչքիդ միջի շյուղը հանեմ», իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում: Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր, այդ ժամանակ հստակ կտեսնես ու կկարողանաս եղբորդ աչքից շյուղը հանել:

43 Ոչ մի լավ ծառ վատ պտուղ չի տալիս, և ոչ մի վատ ծառ լավ պտուղ չի տալիս:+ 44 Ամեն ծառ իր պտղից է ճանաչվում:+ Չէ՞ որ փշերից թուզ չեն քաղում, ոչ էլ փշաթփից՝ խաղող: 45 Բարի մարդը բարի բաներ է խոսում, քանի որ սրտում բարի բաներ է կուտակել, իսկ չար մարդը չար բաներ է խոսում, քանի որ սրտում չար բաներ է կուտակել: Բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը:+

46 Դուք ինձ «Տե՛ր, Տե՛ր» եք կոչում, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեք անում իմ ասածները:+ 47 Նրան, ով գալիս է ինձ մոտ, լսում է իմ խոսքերն ու կատարում դրանք, ահա թե ում կնմանեցնեմ.+ 48 նա նման է մի մարդու, որը տուն կառուցելու համար հողը խորը փորեց, մինչև հասավ ժայռոտ մասին, և հիմքը դրա վրա գցեց: Հետո երբ շատ անձրև եկավ, հեղեղված գետի ջրերը ուժգին զարկվեցին այդ տանը, բայց տունն անսասան մնաց, որովհետև լավ էր կառուցված:+ 49 Մինչդեռ նա, ով լսում է իմ խոսքերը և չի կատարում դրանք,+ նման է մի մարդու, որն իր տունը հողի վրա կառուցեց՝ առանց ամուր հիմքի: Գետի ջրերը զարկվեցին այդ տանը, և այն իսկույն փուլ եկավ ու ամբողջությամբ ավերակների վերածվեց»:

7 Ժողովրդին այդ ամենը ասելուց հետո Հիսուսը գնաց Կափառնայում: 2 Այնտեղ մի հարյուրապետ էր ապրում, որի ծառաներից մեկը, ով շատ թանկ էր նրա համար, ծանր հիվանդացել էր ու մահամերձ էր:+ 3 Հիսուսի մասին լսելով՝ հարյուրապետը հրեաների երեցներին նրա մոտ ուղարկեց՝ խնդրելու, որ գա և իր ծառային բուժի: 4 Նրանք եկան Հիսուսի մոտ ու սկսեցին թախանձագին աղերսել նրան՝ ասելով. «Այդ մարդն արժանի է, որ անես դա նրա համար, 5 որովհետև սիրում է մեր ազգը, մեր ժողովարանն էլ նա է կառուցել»: 6 Ուստի Հիսուսը գնաց նրանց հետ: Սակայն երբ արդեն մոտեցել էր հարյուրապետի տանը, հանդիպեց նրա ընկերներին, որոնց նա ուղարկել էր, որ ասեն. «Տե՛ր, նեղություն մի՛ քաշիր: Ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես,+ 7 դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալ: Միայն մի բառ ասա, և ծառաս կբուժվի: 8 Ես ինքս իշխանության տակ եղող մարդ եմ, նաև ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, գնում է, մյուսին ասում եմ՝ արի՛, գալիս է, ծառայիս կարգադրում եմ՝ այս բա՛նն արա, և անում է»: 9 Երբ Հիսուսը լսեց դա, շատ զարմացավ և շրջվելով՝ իր հետևից եկող մարդկանց ասաց. «Ասում եմ ձեզ. երբեք այսպիսի մեծ հավատ չեմ տեսել անգամ իսրայելացիների մեջ»:+ 10 Երբ հարյուրապետի ուղարկած մարդիկ տուն վերադարձան, տեսան, որ ծառան առողջացել է:+

11 Շատ չանցած՝ Հիսուսը ճանապարհ ընկավ դեպի Նային քաղաք: Նրա հետ էին աշակերտները ու մարդկանց մի մեծ բազմություն: 12 Երբ մոտեցավ քաղաքի դարպասին, այնտեղից մի մահացած մարդու էին դուրս բերում. դա մի կնոջ մինուճար որդին էր:+ Ընդ որում՝ այդ կինն այրի էր: Քաղաքից մի մեծ բազմություն էր ուղեկցում նրան: 13 Երբ Տերը տեսավ կնոջը, նրա սիրտը ճմլվեց:+ Ուստի դիմելով նրան՝ ասաց. «Մի՛ լացիր»:+ 14 Ապա մոտեցավ ու դիպավ պատգարակին, և պատգարակը տանողները կանգ առան: Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Երիտասա՛րդ, ասում եմ քեզ, վե՛ր կաց»:+ 15 Մահացածը տեղում նստեց ու սկսեց խոսել: Եվ Հիսուսը նրան մորը հանձնեց:+ 16 Բոլորը, վախով համակված, սկսեցին փառք տալ Աստծուն և ասել. «Մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ»,+ «Աստված ուշադրություն է դարձրել իր ժողովրդին»:+ 17 Հիսուսի արածի մասին լուրը տարածվեց ողջ Հրեաստանում ու շրջակա բոլոր վայրերում:

18 Հովհաննեսի աշակերտները այս ամենի մասին պատմեցին նրան:+ 19 Ուստի Հովհաննեսը իր աշակերտներից երկուսին ուղարկեց Տիրոջ մոտ, որ հարցնեն. «Դո՞ւ ես նա, որ պետք է գար,+ թե՞ մեկ ուրիշին սպասենք»: 20 Նրանք էլ եկան Հիսուսի մոտ ու ասացին. «Հովհաննես Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մոտ՝ հարցնելու. «Դո՞ւ ես նա, որ պետք է գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք»»: 21 Հենց այդ ժամանակ նա բուժեց շատերի հիվանդությունները,+ անգամ ծանր հիվանդությունները, չար ոգիներ հանեց ու բազմաթիվ կույր մարդկանց տեսողություն շնորհեց: 22 Եվ դիմելով այդ երկուսին՝ ասաց. «Գնացեք և պատմեք Հովհաննեսին, ինչ որ տեսաք ու լսեցիք. կույրերը տեսնում են,+ կաղերը քայլում են, բորոտները առողջանում* են, խուլերը լսում են,+ մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն է հռչակվում:+ 23 Երջանիկ է նա, ով ինձ հետ կապված կասկածներ չունի»:*+

24 Երբ երկու աշակերտները գնացին, Հիսուսը սկսեց խոսել Հովհաննեսի մասին՝ ժողովրդին ասելով. «Անապատ էիք գնում, որ ի՞նչ տեսնեք: Չէ՞ որ չէիք գնում տեսնելու քամուց տատանվող մի եղեգ:+ 25 Ուրեմն ի՞նչ տեսնելու էիք գնում: Փափուկ* հագուստ հագած մարդո՞ւ:+ Չէ՞ որ շքեղ հագուստ հագնողները և ճոխության մեջ ապրողները արքայական տներում են: 26 Ուրեմն ինչո՞ւ էիք գնում: Մարգարե՞ տեսնելու: Այո՛, ասում եմ ձեզ, նա մարգարեից էլ ավելին է:+ 27 Նրա մասին է գրված. «Ահա ես կուղարկեմ իմ պատգամաբերին քեզնից առաջ, և նա կհարթի քո ճանապարհը»:+ 28 Ասում եմ ձեզ. երկրի վրա ծնվածների մեջ Հովհաննեսից մեծը չկա, թեև Աստծու թագավորության մեջ փոքրը նրանից մեծ է»:+ 29 (Երբ հարկահավաքներն ու մյուս բոլոր մարդիկ, ովքեր մկրտվել էին Հովհաննեսի կողմից, լսեցին դա, հայտարարեցին, որ Աստծու ճանապարհներն արդար են:+ 30 Բայց փարիսեցիներն ու Օրենքի գիտակները, արհամարհելով իրենց տրված Աստծու առաջնորդությունը,*+ չէին մկրտվել Հովհաննեսի կողմից):

31 Հիսուսը շարունակեց. «Ի՞նչ համեմատություն անեմ այս սերնդի մարդկանց վերաբերյալ, ո՞ւմ են նրանք նման:+ 32 Իրավիճակը կարելի է համեմատել այն բանի հետ, որ երեխաները, շուկայում նստած, մեկը մյուսին ասում են. «Մենք ձեզ համար սրինգ էինք նվագում, բայց դուք չէիք պարում, լացուկոծ էինք անում, բայց դուք չէիք լացում»: 33 Դուք նրանց նման եք. Հովհաննես Մկրտիչը ուրիշների պես հաց չէր ուտում ու գինի չէր խմում,+ ասում էիք՝ դիվահար է: 34 Իսկ մարդու Որդին բոլորի պես ուտում է ու խմում, ասում եք. «Որկրամոլ է ու գինեմոլ՝ հարկահավաքների և մեղսագործների ընկեր»:+ 35 Ինչևէ, իմաստությունը փաստվում է իր տված պտուղներով»:*+

36 Փարիսեցիներից մեկը շարունակ խնդրում էր Հիսուսին, որ ճաշի իր հետ: Հիսուսն էլ եկավ նրա տուն և թիկնեց սեղանի շուրջ: 37 Այդ ժամանակ մի կին, որը քաղաքում ճանաչված էր որպես անբարո* մեկը, իմանալով, որ Հիսուսը ճաշում է փարիսեցու տանը, եկավ այդտեղ՝ ձեռքին անուշահոտ յուղով լի ալաբաստրե* սրվակ:+ 38 Նա արտասվելով ծնկի իջավ Հիսուսի ոտքերի մոտ: Արցունքներն ընկնում էին Հիսուսի ոտքերին, և կինն իր մազերով սրբում էր դրանք: Նա ջերմորեն համբուրում էր նրա ոտքերը և անուշահոտ յուղ լցնում դրանց վրա: 39 Երբ Հիսուսին հրավիրած փարիսեցին տեսավ դա, իր մտքում ասաց. «Եթե այս մարդն իրոք մարգարե լիներ, կիմանար, թե իրեն դիպչողն ով է, ինչպիսի կին է: Կիմանար, որ անբարո է»:+ 40 Կարդալով նրա մտքերը՝ Հիսուսն ասաց. «Սիմո՛ն, քեզ մի բան եմ ուզում ասել»: Նա էլ պատասխանեց. «Ասա, Ուսուցի՛չ»:

41 «Երկու հոգի պարտք էին մի մարդու. մեկը 500 դինար* էր պարտք, մյուսը՝ 50: 42 Քանի որ նրանք ի վիճակի չէին վճարելու, նա երկուսին էլ մեծահոգաբար ներեց: Հիմա այդ երկուսից ո՞ր մեկը նրան ավելի շատ կսիրի»: 43 Սիմոնը պատասխանեց. «Երևի նա, ում պարտքը ավելի մեծ էր»: Հիսուսն էլ ասաց. «Ճիշտ ես մտածում»: 44 Ապա թեքվելով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. ես քո տուն մտա, դու ոտքերս լվալու համար ջուր չտվեցիր, բայց նա իր արցունքներով լվաց ոտքերս և իր մազերով սրբեց: 45 Դու ինձ ողջունելիս մի համբույր էլ չտվեցիր, բայց նա այս ողջ ընթացքում, ինչ այստեղ եմ, անդադար ջերմորեն համբուրում է ոտքերս: 46 Դու ոչ մի յուղ չլցրիր գլխիս, բայց այս կինը անուշահոտ յուղով է օծում ոտքերս: 47 Դրա համար ասում եմ քեզ. թեև նրա մեղքերը շատ* են, բայց ներված են,+ որովհետև* նա շատ սիրեց, իսկ ով քիչ մեղքերի համար է ներում ստանում, նա քիչ է սիրում»: 48 Ապա կնոջն ասաց. «Քո մեղքերը ներված են»:+ 49 Հիսուսի հետ սեղանի շուրջ թիկնածները սկսեցին մտածել. «Այս մարդն ո՞վ է, որ նույնիսկ մեղքեր է ներում»:+ 50 Իսկ Հիսուսն ասաց կնոջը. «Քո հավատը փրկեց քեզ: Գնա խաղաղությամբ»:+

8 Դրանից շատ չանցած՝ Հիսուսը սկսեց շրջել քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության մասին բարի լուրը:+ Նրա հետ էին 12 առաքյալները, 2 նաև մի քանի կանայք, որ ազատվել էին չար ոգիներից ու բուժվել հիվանդություններից. Մարիամը, որին Մագդաղենացի էին անվանում, և որից յոթ դև էր հանվել, 3 Հովհաննան՝+ Հերովդեսի տան վերակացու Քուզայի կինը, Սուսաննան և ուրիշ շատ կանայք, ովքեր իրենց միջոցներով աջակցում ու հոգ էին տանում նրանց:+

4 Մի անգամ, երբ քաղաքից քաղաք Հիսուսին ուղեկցող մարդկանցից բացի՝ նրանց շուրջը նաև մեծ բազմություն հավաքվեց, Հիսուսը մի առակ պատմեց.+ 5 «Մի սերմնացան գնաց սերմ ցանելու: Ցանելիս որոշ սերմեր ընկան ճանապարհի եզրին, որտեղ դրանք կոխկրտվեցին մարդկանց ոտքերի տակ և թռչունների կեր դարձան:+ 6 Մի քանիսն էլ ժայռոտ տեղեր ընկան, բայց ծիլ տալուց հետո չորացան, քանի որ բավարար խոնավություն չկար:+ 7 Որոշ սերմեր էլ ընկան փշերի մեջ, և փշերը, դրանց հետ աճելով, խեղդեցին դրանք:+ 8 Իսկ մյուսներն ընկան լավ հողի մեջ և ծլելով՝ ցանվածից հարյուրապատիկ ավելի պտուղ տվեցին»:+ Այս բաներն ասելուց հետո նա ավելի բարձր ձայնով ասաց. «Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+

9 Աշակերտները հարցրին Հիսուսին, թե ինչ է նշանակում այդ առակը:+ 10 Նա էլ ասաց. «Ձեզ տրված է հասկանալ Աստծու թագավորության սրբազան գաղտնիքները, բայց մյուսներին ամեն բան միայն առակներով է ուսուցանվում,+ որպեսզի նայեն, բայց ապարդյուն, լսեն, բայց իմաստը չըմբռնեն:+ 11 Առակի բացատրությունը սա է. սերմը Աստծու խոսքն է:+ 12 Ճանապարհի եզրին ընկածի նշանակությունն այն է, որ մարդիկ լսում են խոսքը, բայց հետո Բանսարկուն գալիս ու նրանց սրտերից տանում է այն, որ չհավատան ու չփրկվեն:+ 13 Ժայռոտ տեղերում ընկածի նշանակությունն այն է, որ մարդիկ, խոսքը լսելով, ուրախությամբ ընդունում են, սակայն քանի որ լսածը խոր արմատներ չի գցում նրանց մեջ, նրանք մի որոշ ժամանակ հավատում են, բայց փորձության բախվելիս հետ են կանգնում:+ 14 Փշերի մեջ ընկածի նշանակությունն այն է, որ մարդիկ լսում են խոսքը, բայց հոգսերը, հարստությունն+ ու այս կյանքի հաճույքները+ ամբողջությամբ խեղդում են խոսքը, և նրանք այդպես էլ պտուղ չեն բերում:+ 15 Իսկ լավ հողի մեջ ընկածի նշանակությունն այն է, որ լավ ու անկեղծ սիրտ ունեցող մարդիկ խոսքը լսելուց հետո պահում են այն իրենց սրտում+ և դժվարություններին դիմակայելով՝ պտուղ են բերում:+

16 Ոչ ոք ճրագը վառելուց հետո տարայով չի ծածկում այն, ոչ էլ մահճակալի տակ է դնում, այլ դնում է ճրագակալի վրա, որպեսզի այն լույս տա տուն մտնողներին:+ 17 Չկա գաղտնի պահված մի բան, որ չբացահայտվի, և չկա խնամքով թաքցված մի բան, որ չիմացվի ու հայտնի չդառնա:+ 18 Այնպես որ ուշադիր եղեք՝ ինչպես եք լսում, որովհետև ով ջանք է թափում, որ ունենա, նրան ավելին կտրվի,+ իսկ ով ջանք չի թափում, որ ունենա, նույնիսկ այն, ինչ կարծում է, թե ունի, կվերցվի նրանից»:+

19 Հիսուսի մայրն ու եղբայրները+ նրա մոտ եկան, բայց ամբոխի պատճառով չկարողացան մոտենալ:+ 20 Ուստի Հիսուսին տեղեկացրին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում են, նրանք ուզում են տեսնել քեզ»: 21 Նա էլ ասաց. «Իմ մայրն ու եղբայրները այս մարդիկ են, որ լսում են Աստծու խոսքը և կատարում»:+

22 Մի օր Հիսուսն իր աշակերտների հետ նավ նստեց ու ասաց. «Եկեք լճի մյուս կողմն անցնենք»: Եվ նրանք ճանապարհ ընկան:+ 23 Մինչ աշակերտները նավարկում էին, Հիսուսը քնով անցավ: Հանկարծ ուժգին փոթորիկ բարձրացավ լճի վրա, նավը սկսեց ջրով լցվել, և նրանք վտանգի մեջ հայտնվեցին:+ 24 Ուստի արթնացրին Հիսուսին՝ ասելով. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, կործանվո՛ւմ ենք»: Նա վեր կացավ և սաստեց քամուն ու մոլեգնած ջրերին: Նույն պահին փոթորիկը դադարեց, ու հանդարտություն տիրեց:+ 25 Ապա Հիսուսն ասաց նրանց. «Ո՞ւր է ձեր հավատը»: Իսկ նրանք, վախով համակված, ապշահար ասում էին իրար. «Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ քամիներն ու ջրերն են ենթարկվում նրա հրամանին»:+

26 Նրանք ափ իջան գերասացիների շրջանում՝+ Գալիլեային հանդիպակաց կողմում: 27 Երբ Հիսուսը նավից դուրս եկավ, մի դիվահար մարդու հանդիպեց, որը մոտակա քաղաքից էր: Արդեն երկար ժամանակ նա առանց հագուստի էր ման գալիս և ապրում էր ոչ թե տանը, այլ գերեզմանոցում:+ 28 Հիսուսին տեսնելով՝ նա գոռաց, ընկավ նրա առաջ և բարձր ձայնով ասաց. «Ինչո՞ւ ես եկել այստեղ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի: Աղաչո՛ւմ եմ, ինձ մի՛ պատժիր»:*+ 29 (Բանն այն է, որ Հիսուսը չար ոգուն հրամայել էր դուրս գալ այդ մարդու միջից: Դրանից առաջ չար ոգին բազմիցս այդ մարդուն ստիպել էր իր ուզածն անել:*+ Շատ անգամ էին նրան շղթաներով ու ոտնակապերով կապել և պահել հսկողության տակ, բայց նա կտրել էր կապանքները և դևի ազդեցությանը ենթարկվելով՝ փախել ամայի վայրեր): 30 Հիսուսը հարցրեց նրան. «Անունդ ի՞նչ է»: Նա պատասխանեց. «Լեգեոն»: Այդ անունը տվեց, քանի որ շատ դևեր էին մտել նրա մեջ: 31 Նրանք աղաչում էին, որ իրենց չհրամայի անդունդը գնալ:+ 32 Այնտեղ լեռնալանջին խոզերի+ մի մեծ երամակ էր արածում: Դևերն աղաչեցին Հիսուսին, որ իրենց թույլ տա խոզերի մեջ մտնել: Եվ նա թույլ տվեց:+ 33 Դևերը դուրս եկան այդ մարդու միջից ու խոզերի մեջ մտան: Երամակը գահավեժ ժայռից ցած նետվեց լիճն ու խեղդվեց: 34 Իսկ խոզարածները, տեսնելով պատահածը, փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու դրա շրջակայքում:

35 Ուստի մարդիկ եկան, որ տեսնեն՝ ինչ է տեղի ունեցել: Գալով Հիսուսի մոտ և տեսնելով, որ այդ մարդը, որի միջից դուրս էին եկել դևերը, այժմ հագնված նստած է Հիսուսի ոտքերի մոտ, և խելքն էլ տեղն է եկել՝ վախով լցվեցին: 36 Ականատեսները նրանց պատմեցին, թե ինչպես էր դիվահար մարդը բուժվել: 37 Եվ գերասացիների շրջանի այդ բոլոր մարդիկ խնդրեցին Հիսուսին, որ հեռանա այդտեղից, քանի որ շատ էին վախեցել: Հիսուսն էլ նավ նստեց, որ գնա: 38 Իսկ այն մարդը, որից դևերը դուրս էին եկել, շարունակ աղերսում էր նրան, որ թույլ տա գնալ իր հետ, բայց նա թույլ չտվեց՝ ասելով.+ 39 «Տուն վերադարձիր և ամենքին պատմիր, թե Աստված ինչ է արել քեզ համար»: Նա էլ գնաց ու սկսեց քաղաքով մեկ պատմել Հիսուսի արածի մասին:

40 Երբ Հիսուսը վերադարձավ Գալիլեա, բազմությունը սիրով ընդունեց նրան, որովհետև բոլորը սպասում էին նրան:+ 41 Այդ ժամանակ եկավ Հայրոս անունով մի մարդ՝ ժողովարանի պետերից մեկը: Հիսուսի ոտքերն ընկնելով՝ նա սկսեց աղերսել, որ իր տուն գնա.+ 42 նրա մինուճար աղջիկը, որը մոտ 12 տարեկան էր, մահամերձ էր:

Հայրոսի տուն գնալու ճանապարհին ամբոխը ամեն կողմից սեղմում էր Հիսուսին: 43 Այնտեղ մի կին կար, որը 12 տարի արյունահոսությամբ էր տառապում,+ և ոչ ոք չէր կարողացել բուժել նրան:+ 44 Նա հետևից մոտեցավ Հիսուսին ու դիպավ նրա վերնահագուստի եզրին,+ և հենց այդ պահին արյունահոսությունը դադարեց: 45 Հիսուսը հարցրեց. «Ո՞վ դիպավ ինձ»: Բոլորն ասում էին. «Ես չեմ»: Պետրոսն էլ ասաց. «Վարդապե՛տ, դե տեսնում ես՝ ամբոխը ամեն կողմից շրջապատել ու սեղմում է քեզ»:+ 46 Բայց Հիսուսն ասաց. «Ինչ-որ մեկը դիպավ ինձ, որովհետև ես զգացի, որ ինձնից ուժ+ դուրս եկավ»: 47 Երբ կինը տեսավ, որ չկարողացավ աննկատ մնալ, վախից դողալով՝ մոտեցավ Հիսուսին, ծնկի եկավ նրա առաջ ու բոլորի ներկայությամբ պատմեց, թե ինչու դիպավ նրան և թե ինչպես իսկույն բուժվեց: 48 Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ: Գնա խաղաղությամբ»:+

49 Մինչ Հիսուսը խոսում էր, ժողովարանի պետի մոտ եկավ նրա մարդկանցից մեկը և ասաց. «Աղջիկդ մահացել է: Էլ կարիք չկա նեղություն տալ Ուսուցչին»:+ 50 Դա լսելով՝ Հիսուսն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, միայն հավատա, և նա կապրի»:*+ 51 Երբ հասավ նրա տուն, ոչ ոքի թույլ չտվեց իր հետ ներս մտնել՝ բացի Պետրոսից, Հովհաննեսից, Հակոբոսից և աղջկա ծնողներից: 52 Այնտեղ բոլորը ողբում էին ու վշտից կուրծք ծեծում, բայց Հիսուսն ասաց. «Մի՛ լացեք:+ Աղջիկը չի մահացել, նա քնած է»:+ 53 Դա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա, քանի որ գիտեին, որ աղջիկը մահացել է: 54 Իսկ նա բռնեց աղջկա ձեռքից ու ձայն տվեց. «Աղջի՛կս, վե՛ր կաց»:+ 55 Երեխան կյանքի եկավ*+ և իսկույն վեր կացավ:+ Հիսուսն ասաց, որ նրան ուտելու բան տան: 56 Նրա ծնողները երջանկությունից գլուխները կորցրել էին, բայց Հիսուսը նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չպատմեն տեղի ունեցածի մասին:+

9 Այնուհետև Հիսուսը 12 առաքյալներին մեկտեղ կանչեց և նրանց զորություն ու իշխանություն տվեց, որ կարողանան հանել բոլոր դևերին+ և հիվանդություններ բուժել:+ 2 Ապա նրանց ուղարկեց քարոզելու Աստծու թագավորության մասին և բուժումներ անելու: 3 Նա ասաց. «Ճանապարհի համար ոչինչ չվերցնեք՝ ո՛չ ցուպ, ո՛չ պայուսակ, ո՛չ հաց, ո՛չ փող* և ո՛չ էլ փոխնորդ հագուստ:*+ 4 Որտեղ էլ ինչ-որ մեկի տուն մտնեք, մնացեք այնտեղ, քանի դեռ չեք հեռացել այդ տեղանքից:+ 5 Եթե որևէ քաղաքում ձեզ չընդունեն, այդտեղից հեռանալիս թափ տվեք փոշին ձեր ոտքերից՝ ցույց տալով, որ զգուշացրել եք նրանց»:*+ 6 Եվ նրանք ճանապարհ ընկան ու սկսեցին շրջել գյուղից գյուղ՝ ամենուր քարոզելով բարի լուրը և բուժումներ անելով:+

7 Այս ամենի մասին լսելով՝ մարզի կառավարիչ* Հերովդեսը* տարակուսանքի մեջ ընկավ, որովհետև ոմանք ասում էին, թե դա Հովհաննեսն է, որը հարություն է առել,+ 8 ոմանք էլ ասում էին, թե Եղիան է հայտնվել, իսկ ուրիշներն ասում էին՝ հնում ապրած մարգարեներից մեկն է հարություն առել:+ 9 Հերովդեսն ասաց. «Բայց չէ՞ որ ես Հովհաննեսին գլխատել եմ:+ Ուրեմն ո՞վ է այդ մարդը, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»: Եվ նրան տեսնելու առիթ էր փնտրում:+

10 Երբ առաքյալները վերադարձան, Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ արել էին:+ Հետո նրանց իր հետ վերցնելով՝ Հիսուսը գնաց Բեթսայիդա քաղաք, որ մենակ մնան:+ 11 Երբ մարդիկ իմացան նրա տեղը, գնացին, որ հանդիպեն նրան: Հիսուսը ջերմորեն ընդունեց նրանց ու սկսեց խոսել Աստծու թագավորության մասին և բուժել հիվանդներին:+ 12 Օրվա վերջում 12 առաքյալները նրա մոտ եկան ու ասացին. «Թող մարդիկ գնան մոտակա գյուղերն ու բնակավայրերը, որ գիշերելու տեղ և ուտելիք գտնեն, որովհետև այս տեղը ամայի է»:+ 13 Բայց Հիսուսն ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»:+ Նրանք էլ ասացին. «Մենք, բացի հինգ հացից ու երկու ձկից, ուրիշ ոչինչ չունենք: Կամ էլ ինքներս պետք է գնանք և ուտելիք գնենք այս ողջ ժողովրդի համար»: 14 Իսկ այնտեղ մոտ 5 000 տղամարդ կար: Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Նրանց նստեցրեք մոտ 50-հոգանոց խմբերով»: 15 Նրանք արեցին Հիսուսի ասածը և նստեցրին բոլոր մարդկանց: 16 Վերցնելով հինգ հացը և երկու ձուկը՝ Հիսուսը դեպի երկինք նայեց ու աղոթեց:* Ապա հացերը մասերի բաժանեց և ուտելիքը տվեց աշակերտներին, որ բաշխեն ժողովրդին: 17 Բոլորը կերան ու կշտացան: Հետո, երբ հավաքեցին ավելացած կտորները, 12 զամբյուղ լցվեց:+

18 Մի օր, երբ Հիսուսը մենակ աղոթում էր, աշակերտները նրա մոտ եկան: Նա հարցրեց. «Ժողովուրդն ի՞նչ է ասում, ո՞վ եմ ես»:+ 19 Նրանք պատասխանեցին. «Ասում են՝ Հովհաննես Մկրտիչն ես, ոմանք էլ ասում են՝ Եղիան, իսկ ուրիշներն ասում են՝ հնում ապրած մարգարեներից մեկն ես, որը հարություն է առել»:+ 20 Նա էլ հարցրեց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք, ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխանեց. «Դու Աստծու Օծյալն ես»:*+ 21 Հիսուսը խստիվ պատվիրեց, որ այդ մասին ոչ ոքի չասեն,+ 22 ապա ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարանքներ կրի, մերժվի երեցների, ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների* կողմից, սպանվի+ ու երրորդ օրը հարություն առնի»:+

23 Հետո Հիսուսն ասաց բոլորին. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը+ և ամեն օր կրելով իր տանջանքի սյունը՝* շարունակ ինձ հետևի:+ 24 Ով ուզում է փրկել իր կյանքը,* կկորցնի այն, բայց ով կորցնի իր կյանքը հանուն ինձ, կվերագտնի այն:+ 25 Ի՞նչ օգուտ, եթե մարդ ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր կյանքը կամ այլ վնաս կրի:+ 26 Ով որ ամաչի ասել, որ իմ աշակերտն է և հավատում է իմ խոսքերին, մարդու Որդին էլ կամաչի ասել, որ նա իր աշակերտն է, երբ գա իր փառքով, իր Հոր փառքով և սուրբ հրեշտակների փառքով:+ 27 Հավաստիացնում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Աստծու թագավորությունը»:+

28 Այս խոսքերն ասելուց մոտ ութ օր անց Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբոսին և բարձրացավ սար՝ աղոթելու:+ 29 Մինչ նա աղոթում էր, նրա երեսը սկսեց շողալ, և հագուստը սպիտակափայլ դարձավ: 30 Եվ ահա հայտնվեցին երկու մարդ, որ խոսում էին նրա հետ՝ Մովսեսն ու Եղիան: 31 Նրանցից փառահեղ լույս էր ճառագում, ու նրանք խոսում էին Հիսուսի՝ աշխարհից հեռանալու մասին, ինչը տեղի էր ունենալու Երուսաղեմում:+ 32 Իսկ Պետրոսն ու մյուսները կիսաքնած էին: Քնից լիովին սթափվելով՝ նրանք տեսան փառավորված Հիսուսին+ և նրա հետ կանգնած երկու մարդկանց: 33 Երբ այդ մարդիկ պատրաստվում էին հեռանալ Հիսուսի մոտից, Պետրոսն ասաց. «Վարդապե՛տ, մեզ համար պատիվ է, որ այստեղ ենք: Կուզե՞ս երեք վրան կանգնեցնենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ՝ Եղիայի»: Նա ինքն էլ չէր գիտակցում՝ ինչ է ասում: 34 Մինչ Պետրոսը խոսում էր, մի ամպ գոյացավ նրանց գլխավերևում: Երբ ամպը պատեց նրանց, նրանք վախով լցվեցին: 35 Եվ մի ձայն լսվեց+ ամպի միջից. «Սա է իմ Որդին, որին ես ընտրել եմ:+ Լսե՛ք նրան»:+ 36 Երբ այդ ձայնը լսվեց, նրանք տեսան, որ Հիսուսն արդեն մենակ է: Մի որոշ ժամանակ նրանք իրենց տեսածը ոչ ոքի չպատմեցին և լռեցին այդ մասին:+

37 Հաջորդ օրը, երբ իջան սարից, մի մեծ բազմություն եկավ Հիսուսին ընդառաջ:+ 38 Մի մարդ բազմության միջից բղավեց. «Ուսուցի՛չ, աղաչում եմ, օգնիր* որդուս, նա իմ մինուճարն է:+ 39 Մի չար ոգի է տիրում տղայիս, և նա հանկարծակի գոռում է, ցնցումների մեջ է ընկնում, ու նրա բերանը փրփրում է: Տղայիս վնասելուց հետո միայն ոգին մի կերպ թողնում է նրան: 40 Քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն այդ ոգուն, բայց չկարողացան»: 41 Հիսուսն ասաց. «Ո՛վ անհավատ ու ապականված սերունդ,+ դեռ ինչքա՞ն պետք է ձեզ հետ մնամ և ինչքա՞ն պետք է հանդուրժեմ ձեզ: Տղայիդ այստեղ բեր»:+ 42 Մինչ տղան մոտենում էր, դևը նրան գետնով տվեց և ուժգին ցնցումների մեջ գցեց: Բայց Հիսուսը սաստեց չար* ոգուն և բուժեց տղային: Ապա նրան իր հորը տվեց: 43 Աստծու մեծ զորությունը տեսնելով՝ բոլորը ապշել էին:

Մարդիկ դեռ Հիսուսի արածների տպավորության տակ էին, երբ նա իր աշակերտներին ասաց. 44 «Ուշադիր լսեք և հիշեք այն, ինչ կասեմ. մարդու Որդին պետք է մատնվի և իր թշնամիների ձեռքը հանձնվի»:+ 45 Սակայն նրանք չէին հասկանում՝ ինչ նկատի ունի. ասվածի իմաստը ծածկված էր նրանցից, դրա համար էլ չէին կարողանում ըմբռնել, իսկ հարցնել վախենում էին:

46 Հետո աշակերտների մեջ վեճ սկսվեց, թե իրենցից ով է մեծ:+ 47 Հիսուսն էլ, իմանալով, թե ինչ կա նրանց սրտում, կանչեց մի երեխայի, կանգնեցրեց իր կողքին 48 ու ասաց նրանց. «Ով, հանուն ինձ, գրկաբաց ընդունի այս երեխայի նման մարդկանց,* ինձ էլ ընդունած կլինի: Եվ ինձ ընդունողը ընդունած կլինի նաև ինձ ուղարկողին:+ Ձեր մեջ ով փոքրի պես է վարվում, նա է մեծ»:+

49 Հովհաննեսն ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և փորձեցինք հետ պահել նրան, որովհետև նա մեզ հետ չէ»:+ 50 Բայց Հիսուսն ասաց. «Չխանգարեք նրան, որովհետև նա, ով ձեզ հակառակ չէ, ձեր կողմն է»:

51 Երբ արդեն մոտեցել էին Հիսուսի համբարձվելու օրերը,+ նա վճռականորեն տրամադրվեց Երուսաղեմ գնալ: 52 Իրենից առաջ նա ուղարկեց աշակերտներից մի քանիսին: Նրանք էլ գնացին Սամարիայի գյուղերից մեկը, որ նրա գալու համար պատրաստություն տեսնեն: 53 Բայց այնտեղի մարդիկ, երբ իմացան, որ Հիսուսը ուղևորվում է դեպի Երուսաղեմ, չընդունեցին նրան:+ 54 Տեսնելով նրանց արձագանքը՝ Հակոբոս ու Հովհաննես+ աշակերտներն ասացին. «Տե՛ր, կուզե՞ս՝ խնդրենք, որ երկնքից կրակ իջնի ու ոչնչացնի նրանց»:+ 55 Բայց Հիսուսը շրջվեց այդ երկուսի կողմը և սաստեց նրանց: 56 Ապա բոլորը միասին ուրիշ գյուղ գնացին:

57 Ճանապարհին մի մարդ ասաց Հիսուսին. «Ուր էլ որ գնալու լինես, կհետևեմ քեզ»: 58 Սակայն Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»:+ 59 Իսկ հետո մեկ ուրիշ մարդու ասաց. «Իմ հետևորդը դարձիր»: Նա էլ պատասխանեց. «Տե՛ր, թույլ տուր՝ նախ գնամ իմ հորը թաղեմ»:+ 60 Բայց Հիսուսն ասաց. «Թող մահացածները+ թաղեն մահացածներին,* իսկ դու գնա և ամենուրեք հռչակիր Աստծու թագավորության մասին»:+ 61 Մեկ ուրիշն էլ ասաց. «Տե՛ր, ես կհետևեմ քեզ, բայց նախ թույլ տուր՝ հրաժեշտ տամ տնեցիներիս»: 62 Հիսուսն ասաց. «Այն մարդը, ով ձեռքը արորի* վրա է դնում, որ հերկի արտը, բայց հետ է նայում,*+ հարմար չէ Աստծու թագավորության համար»:+

10 Այնուհետև Տերը ընտրեց 70* ուրիշ աշակերտների և իրենից առաջ երկու-երկու ուղարկեց+ բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, ուր ինքը պատրաստվում էր գնալ: 2 Նա ասաց նրանց. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ: Այնպես որ աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի հնձի համար:+ 3 Իսկ հիմա գնացեք, բայց զգույշ եղեք: Ահա ես ուղարկում եմ ձեզ իբրև գառներ գայլերի մեջ:+ 4 Ձեզ հետ ո՛չ քսակ վերցրեք, ո՛չ ուտելիք,* ո՛չ էլ հավելյալ սանդալներ:+ Ճանապարհին մարդկանց ողջունելիս ոտքներդ կախ չգցեք:* 5 Երբ որևէ տուն մտնեք, նախ ասեք. «Թող խաղաղություն լինի այս տանը»:+ 6 Եթե այնտեղ խաղաղասեր մարդ լինի, ձեր մաղթած խաղաղությունը նրա վրա կգա: Իսկ եթե ոչ, այն ձեզ կվերադառնա: 7 Մնացեք այդ տանը+ և կերեք ու խմեք, ինչ որ կտան,+ որովհետև աշխատողը արժանի է, որ ստանա իր վարձը:+ Տնից տուն մի՛ տեղափոխվեք:

8 Երբ մտնեք որևէ քաղաք, և ձեզ այնտեղ ընդունեն, կերեք, ինչ որ կհյուրասիրեն: 9 Բուժեք հիվանդներին ու ասեք մարդկանց. «Աստծու թագավորությունը մոտեցել է»:+ 10 Իսկ եթե որևէ քաղաքում ձեզ չընդունեն, դուրս եկեք գլխավոր փողոցներն ու ասեք. 11 «Անգամ ձեր քաղաքի փոշին, որ նստել է մեր ոտքերին, մենք թափ ենք տալիս՝ ցույց տալով, որ զգուշացրել ենք ձեզ:+ Այնուամենայնիվ, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտեցել է»: 12 Ասում եմ ձեզ. երբ օրը* գա, Սոդոմի համար ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի համար»:+

13 Ապա ասաց. «Վա՜յ քեզ, Քորազի՛ն: Վա՜յ քեզ, Բեթսայի՛դա, որովհետև եթե ձեր մեջ արված հրաշքները Տյուրոսում և Սիդոնում արվեին, նրանք վաղուց արդեն զղջացած կլինեին՝ քրձի ու մոխրի մեջ նստած:+ 14 Այնպես որ Տյուրոսի և Սիդոնի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի ժամանակ, քան ձեզ համար: 15 Նույնպես էլ դու, Կափառնայո՛ւմ, կարծում ես երկի՞նք ես հասնելու: Դու գերեզմա՛ն* ես իջնելու:

16 Ձեզ լսողը ինձ է լսում:+ Ձեզ արհամարհողը ինձ է արհամարհում: Իսկ ինձ արհամարհողը ինձ ուղարկողին էլ է արհամարհում»:+

17 Ավելի ուշ 70 աշակերտները ուրախացած վերադարձան ու ասացին. «Տե՛ր, նույնիսկ դևերն են հպատակվում մեզ, երբ քո անունով հրամայում ենք նրանց»:+ 18 Նա էլ ասաց. «Տեսնում եմ, Սատանան կայծակնային արագությամբ ընկավ+ երկնքից: 19 Ահա ձեզ տալիս եմ իշխանություն, որ օձեր ու կարիճներ կոխկրտեք, և կարողություն, որ հաղթեք թշնամուն իր ողջ զորությամբ հանդերձ:+ Եվ ձեզ առհասարակ ոչինչ վնաս չի պատճառի: 20 Այդուհանդերձ, ուրախացեք ոչ թե նրա համար, որ ոգիները հպատակվում են ձեզ, այլ նրա համար, որ ձեր անունները գրված են երկնքում»:+ 21 Եվ այդ պահին, սուրբ ոգուց ուրախությամբ լցված, Հիսուսն ասաց. «Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, որովհետև այս բաները իմաստուններից ու գիտուններից խնամքով թաքցրիր+ և հայտնեցիր նրանց, ովքեր երեխաների պես խոնարհ են: Այո՛, Հա՛յր, դա էր քեզ հաճելի:+ 22 Իմ Հայրը ամեն ինչ հանձնել է ինձ. ոչ ոք չի ճանաչում Որդուն՝ բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց,+ ինչպես նաև նրանցից, ում Որդին կամենա հայտնել Հոր մասին ճշմարտությունը»:+

23 Հետո առանձին ասաց իր աշակերտներին. «Երջանիկ են նրանք, ովքեր տեսնում են այն, ինչ դուք եք տեսնում:+ 24 Ասում եմ ձեզ. շատ մարգարեներ ու թագավորներ էին ցանկանում տեսնել այն, ինչ դուք եք տեսնում,+ բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք եք լսում, բայց չլսեցին»:

25 Օրենքի գիտակ մի մարդ վեր կացավ և Հիսուսին փորձելու համար ասաց. «Ուսուցի՛չ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք ստանամ»:*+ 26 Նա էլ ասաց. «Օրենքում ի՞նչ է գրված: Ի՞նչ ես կարդացել»: 27 Նա պատասխանեց. ««Սիրեք ձեր Աստված Եհովային* ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով,* ձեր ամբողջ ուժով և ձեր ամբողջ մտքով»+ և «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»»:+ 28 Հիսուսն ասաց. «Ճիշտ է: Վարվիր այդպես և հավիտենական կյանք կստանաս»:+

29 Սակայն ցանկանալով ցույց տալ իր արդար լինելը՝+ նա հարցրեց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ դրացին»: 30 Ի պատասխան՝ Հիսուսը առակ պատմեց. «Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով: Ճանապարհին նա ավազակների ձեռքն ընկավ, որոնք հանեցին նրա շորերը, թալանեցին ունեցած-չունեցածը, ծեծեցին ու կիսամեռ թողնելով՝ հեռացան: 31 Այդ ճանապարհով պատահմամբ մի քահանա էր իջնում, բայց երբ նա տեսավ այդ մարդուն, անցավ ճանապարհի մյուս կողմն ու թողեց-գնաց: 32 Նրա պես՝ մի ղևտացի էլ հասավ այդտեղ, տեսավ այդ մարդուն ու անցավ ճանապարհի մյուս կողմը: 33 Բայց այդտեղով անցնող մի սամարացի,+ տեսնելով կողոպտված մարդուն, խղճահարվեց: 34 Նա մոտեցավ, ձեթ ու գինի լցրեց նրա վերքերի վրա և կապեց դրանք: Հետո այդ մարդուն դրեց էշի վրա, տարավ իջևանատուն և այնտեղ հոգ տարավ նրան: 35 Իսկ հաջորդ օրը երկու դինար* տվեց իջևանատիրոջն ու ասաց. «Հոգա նրա մասին, իսկ եթե ավելին ծախսես, կվճարեմ քեզ, երբ վերադառնամ»»: 36 Ապա Հիսուսը հարցրեց. «Հիմա, քո կարծիքով, այս երեքից ո՞ր մեկը ավազակների ձեռքն ընկած մարդու համար դրացի եղավ»:+ 37 Օրենքի գիտակ մարդը պատասխանեց. «Նա, ով գթասրտությամբ վարվեց նրա հետ»:+ Հիսուսն ասաց. «Ուրեմն դու էլ գնա ու այդպես վարվիր»:+

38 Հետո Հիսուսն իր աշակերտների հետ շարունակեց ճանապարհը: Նա մտավ մի գյուղ, որտեղ նրան հյուրընկալեց Մարթա անունով մի կին:+ 39 Մարթան մի քույր ուներ, անունը՝ Մարիամ: Մարիամը, Տիրոջ ոտքերի մոտ նստած, լսում էր նրա ասածները, 40 իսկ Մարթան տարված էր պատրաստություններով: Նա մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել այս գործերի մեջ: Ասա՝ թող գա ինձ օգնի»: 41 Տերն ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, այնքան բաների հետևից ես ընկել ու հոգս ես անում, 42 այնինչ շատ քիչ բան է պետք կամ ընդամենը մի բան: Իսկ Մարիամը ավելի կարևորն* ընտրեց,+ և ոչ ոք այն չի խլի նրանից»:

11 Մի անգամ Հիսուսը աղոթում էր, և երբ վերջացրեց, աշակերտներից մեկն ասաց. «Տե՛ր, սովորեցրու մեզ՝ ինչպես աղոթել, ինչպես որ Հովհաննեսն էլ իր աշակերտներին սովորեցրեց»:

2 Հիսուսն ասաց. «Աղոթելիս ասեք. «Հա՛յր, թող սրբացվի քո անունը:+ Թող գա քո թագավորությունը:+ 3 Տուր մեզ մեր օրվա համար անհրաժեշտ հացը:+ 4 Ներիր մեր մեղքերը,+ որովհետև մենք էլ ներում ենք մեր դեմ մեղք գործողներին:*+ Եվ մի՛ թող, որ հանձնվենք փորձության ժամանակ»»:*+

5 Այնուհետև ասաց. «Պատկերացրեք՝ կեսգիշերին գնում եք ձեր ընկերոջ մոտ և ասում. «Եղբա՛յրս, պարտքով երեք հաց տուր. 6 ընկերներիցս մեկը հեռու տեղից մեր տուն է եկել, իսկ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ»: 7 Բայց նա ներսից պատասխանում է. «Գիշերվա կեսին ինչո՞ւ ես անհանգստացնում ինձ: Դուռն արդեն կողպված է, երեխաներս էլ կողքս քնած են: Չեմ կարող հիմա վեր կենալ ու քեզ ինչ-որ բան տալ»: 8 Ասում եմ ձեզ. եթե հանուն ընկերության էլ վեր չկենա ու ձեզ պետք եղածը չտա, հաստատակամորեն* խնդրելու դեպքում+ անշուշտ վեր կկենա ու կտա: 9 Դրա համար էլ ասում եմ ձեզ. շարունակեք խնդրել,+ և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առաջ:+ 10 Այո՛, խնդրողը կստանա,+ փնտրողը կգտնի, և թակողի առաջ կբացվի: 11 Եթե որդին հորից ձուկ խնդրի, մի՞թե հայրը ձկան փոխարեն օձ կտա նրան,+ 12 կամ եթե ձու խնդրի, մի՞թե կարիճ կտա: 13 Ուրեմն եթե դուք, մեղավոր լինելով հանդերձ, գիտեք բարիքներ* տալ ձեր զավակներին, որքան առավել ձեր երկնային Հայրը սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն»:+

14 Որոշ ժամանակ անց Հիսուսը մի մարդու միջից դև հանեց.+ այդ դևը նրան համր էր դարձրել:* Երբ այն դուրս եկավ, համր մարդը սկսեց խոսել, և բոլորին զարմանք պատեց:+ 15 Բայց ոմանք ասում էին. «Դևերի իշխան Բեհեղզեբուղի* միջոցով է դևեր հանում»:+ 16 Ոմանք էլ նրան փորձելու համար ուզում էին, որ երկնային նշան ցույց տա իրենց:+ 17 Նրանց միտումները հասկանալով՝+ Հիսուսն ասաց. «Ամեն թագավորություն, որ պառակտված է, կփլուզվի, և բաժանումներով լի տունը կքանդվի: 18 Նույն ձևով էլ, եթե Սատանան ինքն իր դեմ է դուրս գալիս, նրա պառակտված թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա: Դուք ասում եք, թե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին: 19 Եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ապա ձեր հետևորդնե՞րը ում միջոցով են հանում: Այնպես որ հենց նրանք էլ կփաստեն, որ սխալ եք: 20 Բայց եթե ես Աստծու զորությամբ*+ եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն արդեն եկել է, իսկ դուք բանից անտեղյակ եք:*+ 21 Սպառազինված ուժեղ մարդը պահպանում է իր տունը, և նրա ունեցվածքը ապահով է մնում: 22 Բայց երբ նրա վրա հարձակվում է ավելի ուժեղ մեկը և հաղթում է նրան, այդ ժամանակ վերցնում է նրա բոլոր զենքերը, որոնց վրա նա հույս էր դրել, և իր վերցրած ավարը բաժանում է ուրիշների հետ: 23 Ով իմ կողմից չէ, դեմ է ինձ, և ով չի հավաքում ինձ հետ, ցիրուցան է անում:+

24 Երբ չար* ոգին դուրս է գալիս մարդու միջից, ման է գալիս անջուր վայրերում, որ հանգստանալու տեղ գտնի, բայց չգտնելով՝ ասում է. «Հետ դառնամ իմ տուն, որտեղից դուրս եկա»:+ 25 Եվ երբ վերադառնում է ու տեսնում, որ այն ավլած-մաքրած ու զարդարված է, 26 գնում է, իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ է բերում, և նրանք մտնում ու միասին բնակվում են այնտեղ: Այնպես որ այդ մարդու վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբում էր»:

27 Հիսուսի խոսելու ընթացքում ժողովրդի միջից մի կին բացականչեց. «Երջանիկ է այն կինը, որը կրեց քեզ իր արգանդում և իր կրծքով կերակրեց քեզ»:+ 28 Բայց նա ասաց. «Ո՛չ, Աստծու խոսքը լսողներն ու կատարողներն են երջանիկ»:+

29 Մինչ մարդկանց ամբոխը գնալով մեծանում էր, Հիսուսն ասաց. «Սա մի չար սերունդ է ու շարունակ նշան է ուզում, սակայն Հովնանի հետ տեղի ունեցած հրաշքից բացի՝ ուրիշ ոչ մի նշան ցույց չի տրվի նրան:+ 30 Ինչպես որ Հովնանը+ նշան եղավ նինվեցիների համար, այդպես էլ մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար: 31 Հարավի թագուհին+ Դատաստանի ժամանակ հարություն կառնի այս սերնդի մարդկանց հետ և կդատապարտի նրանց, քանի որ նա երկրի ծայրերից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, մինչդեռ այստեղ մեկն է, ով Սողոմոնից էլ մեծ է:+ 32 Նինվեցիները Դատաստանի ժամանակ հարություն կառնեն այս սերնդի հետ և կդատապարտեն նրանց, որովհետև երբ Հովնանը քարոզեց նինվեցիներին,+ նրանք զղջացին, մինչդեռ այստեղ մեկն է, ով Հովնանից էլ մեծ է: 33 Երբ մարդ վառում է ճրագը, այն դնում է ոչ թե մի ծածուկ տեղ կամ զամբյուղի տակ, այլ ճրագակալի վրա,+ որպեսզի այն լույս տա տուն մտնողներին: 34 Մարմնի ճրագը աչքն է: Ուստի եթե ձեր աչքը կենտրոնացած է մեկ բանի վրա,* ձեր ամբողջ մարմինը լուսավորված է: Բայց եթե այն նախանձով այս ու այն կողմ է նայում,* ձեր մարմինը խավարի մեջ է:+ 35 Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ չլինի թե ձեր միջի լույսը իրականում խավար լինի: 36 Եթե ձեր ամբողջ մարմինը լուսավորված է, և ոչ մի մասը խավարի մեջ չէ, ապա այն պայծառ կշողա, ինչպես լույս տվող ճրագը»:

37 Երբ Հիսուսն ավարտեց իր խոսքը, փարիսեցիներից մեկը ճաշի հրավիրեց նրան: Նա էլ գնաց նրա տուն և թիկնեց սեղանի շուրջ: 38 Տեսնելով, որ ճաշից առաջ նա չլվացվեց՝* փարիսեցին զարմացավ:+ 39 Տերն էլ ասաց նրան. «Դուք՝ փարիսեցիներդ, նման եք բաժակի կամ ափսեի, որը դրսից մաքրված է, բայց ներսից՝ կեղտոտ. ձեր ներսը լիքն է ագահությամբ ու չարությամբ:+ 40 Անմիտնե՛ր, չգիտե՞ք որ դրսի կողմը ստեղծողը ներսն էլ է ստեղծել: 41 Ուստի երբ մի բան եք անում չունևորների համար,* թող դա ներսից՝ ձեր սրտից բխի: Այդ դեպքում լիովին մաքուր կլինեք: 42 Բայց վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև դուք տալիս եք դաղձի, փեգենայի* և այլ համեմունքային բույսերի* տասանորդը,+ բայց անտեսում եք Աստծու արդարությունը և նրա հանդեպ սերը: Ճիշտ է, այդ ամենի տասանորդը պարտավոր եք տալ, բայց մյուս բաներն էլ չպետք է անտեսեք:+ 43 Վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև սիրում եք ժողովարաններում զբաղեցնել առաջին* աթոռները և ողջույններ ստանալ հանրային վայրերում: *+ 44 Վա՜յ ձեզ, որովհետև դուք ասես չնշմարվող* գերեզմաններ լինեք.+ մարդիկ քայլում են դրանց վրայով և չեն իմանում, որ դրանք իրականում գերեզմաններ են»:

45 Օրենքի գիտակ մի մարդ ասաց նրան. «Ուսուցի՛չ, այդպիսի բաներ ասելով՝ մեզ էլ ես վիրավորում»: 46 Հիսուսն ասաց. «Ձե՛զ էլ վայ, Օրենքի գիտակնե՛ր, որովհետև դժվար տանելի բեռներ եք դնում մարդկանց ուսերին, բայց ինքներդ չեք ուզում անգամ մատը մատին տալ դրանք տեղաշարժելու համար:+

47 Վա՜յ ձեզ, որ բարեկարգում եք մարգարեների գերեզմանները, այնինչ հենց ձեր նախահայրերն են սպանել նրանց:+ 48 Դուք լավ էլ տեղյակ եք ձեր նախահայրերի արածներին և հավանություն եք տալիս: Նրանք սպանեցին մարգարեներին,+ բայց դուք հիմա բարեկարգում եք մարգարեների գերեզմանները: 49 Դրա համար էլ Աստված, ով իմաստուն է, ասաց. «Ես նրանց մոտ կուղարկեմ մարգարեների և առաքյալների, որոնցից մի քանիսին կսպանեն ու կհալածեն. 50 այնպես որ այս սերնդից կպահանջվի բոլոր մարգարեների արյունը, որ թափվել է մարդկության սկզբնավորումից* ի վեր՝+ 51 սկսած Աբելից+ մինչև Զաքարիան, որը սպանվեց զոհասեղանի և սրբարանի* միջև»:+ Այո՛, ասում եմ ձեզ, այդ ամենի համար այս սերնդից է հաշիվ պահանջվելու:

52 Վա՜յ ձեզ, Օրենքի գիտակնե՛ր, որովհետև վերցրել եք գիտելիքների դուռը բացող բանալին. ինքներդ չեք մտել, ցանկացողներին էլ թույլ չեք տալիս մտնել»:+

53 Երբ Հիսուսն այդտեղից դուրս եկավ, Օրենքի ուսուցիչներն* ու փարիսեցիները սկսեցին նրա վրա ուժգին ճնշում բանեցնել և շատ այլ բաների վերաբերյալ հարցերի տարափ տեղալ նրա վրա՝ 54 նենգաբար սպասելով, որ ասի մի բան, ինչը նրա դեմ կօգտագործեն:+

12 Այդ ընթացքում հազարավոր մարդիկ եկան. հավաքվածներն այնքան շատ էին, որ իրար ոտք էին տրորում: Հիսուսը, դիմելով իր աշակերտներին, ասաց. «Զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից, այսինքն՝ կեղծավորությունից:+ 2 Չկա խնամքով թաքցված մի բան, որ չբացահայտվի, և չկա մի գաղտնիք, որ հայտնի չդառնա:+ 3 Ուստի ինչ որ ասեք մթության մեջ, օրը ցերեկով լսելի կլինի բոլորին, և ինչ որ շշուկով ասեք սենյակներում, տանիքներից կքարոզվի: 4 Ի՛մ ընկերներ,+ ասում եմ ձեզ. մի՛ վախեցեք նրանցից, ովքեր կարող են սպանել ձեզ,* սակայն դրանից հետո ուրիշ ոչինչ չեն կարող անել:+ 5 Բայց ասեմ, թե ումից պետք է վախենաք. վախեցեք Նրանից, ով իշխանություն ունի ոչ միայն սպանելու ձեզ, այլև մեկընդմիշտ կործանելու գեհենում:*+ Այո՛, ասում եմ ձեզ. հենց Նրանից է, որ պետք է վախենաք:+ 6 Հինգ ճնճղուկը չնչին արժեք ունեցող երկու մետաղադրամով* է վաճառվում: Սակայն Աստված նրանցից ոչ մեկին չի մոռանում:*+ 7 Իսկ ինչ վերաբերում է ձեզ, նույնիսկ ձեր գլխի ամեն մի մազն է հաշվված:+ Այնպես որ մի՛ մտահոգվեք. դուք բազում ճնճղուկներից էլ թանկ եք:+

8 Ասում եմ ձեզ. ամեն ոք, ով մարդկանց առաջ բացահայտ ասի, որ իմ աշակերտն է,+ մարդու Որդին էլ Աստծու հրեշտակների առաջ կասի, որ նա իր աշակերտն է:+ 9 Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ Աստծու հրեշտակների առաջ:+ 10 Եթե մեկը մարդու Որդու դեմ որևէ բան ասի, կներվի, բայց ով որ անարգական բան ասի սուրբ ոգու դեմ, չի ներվի:+ 11 Երբ ձեզ տանեն հանրության* առաջ դատելու, կանգնեցնեն պետական պաշտոնյաների ու իշխանությունների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպես և ինչ եք խոսելու ի պաշտպանություն ձեզ կամ ինչ պատասխան եք տալու,+ 12 քանի որ այդ պահին* սուրբ ոգին ձեզ կսովորեցնի, թե ինչ ասեք»:+

13 Այդ ժամանակ ամբոխի միջից մի մարդ ասաց. «Ուսուցի՛չ, եղբորս ասա՝ թող ժառանգությունը բաժանի ինձ հետ»: 14 Հիսուսն ասաց. «Ո՞վ է ինձ դատավոր կամ միջնորդ նշանակել ձեզ համար»: 15 Եվ հավաքվածներին ասաց. «Աչալո՛ւրջ եղեք և զգուշացե՛ք ագահության ամեն դրսևորումից,+ որովհետև մարդ ինչքան էլ շատ ունենա, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»:+ 16 Ապա նրանց մի առակ պատմեց. «Մի հարուստ մարդ կար, որի հողը առատ բերք տվեց: 17 Եվ նա մտածեց. «Հիմա ի՞նչ անեմ, այսքան բերքն ամբարելու տեղ չունեմ»: 18 Հետո ասաց. «Ահա թե ինչ կանեմ.+ ամբարներս կքանդեմ ու ավելի մեծերը կկառուցեմ, հետո դրանց մեջ կհավաքեմ իմ ամբողջ հացահատիկն ու մյուս բարիքները 19 և ինքս ինձ կասեմ. «Երկար տարիների համար կուտակած շատ բարիքներ ունես. էլ հոգս մի՛ արա, կեր, խմիր ու վայելիր կյանքդ»»: 20 Բայց Աստված ասաց նրան. «Անխոհե՛մ, այս գիշեր կզրկվես կյանքիցդ: Ո՞ւմ է մնալու քո կուտակածը»:+ 21 Այդպես էլ կլինի այն մարդուն, ով իր համար գանձ է կուտակում, բայց հարուստ չէ Աստծու աչքին»:*+

22 Այնուհետև դիմելով իր աշակերտներին՝ ասաց. «Ուստի ասում եմ ձեզ. այլևս մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք հագնելու,+ 23 քանի որ կյանքը ուտելիքից մեծ արժեք ունի, մարմինն էլ՝ հագուստից: 24 Նայեք ագռավներին. նրանք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ շտեմարան ունեն, ո՛չ ամբար, բայց Աստված կերակրում է նրանց:+ Չէ՞ որ դուք թռչուններից շատ ավելի թանկ եք:+ 25 Մի՞թե ձեզնից որևէ մեկը կարող է մտահոգվելով իր կյանքը թեկուզ մեկ ժամով* երկարացնել: 26 Ուրեմն եթե այդ չնչին բանն անգամ չեք կարող անել, էլ ի՞նչ իմաստ ունի մտահոգվել մնացած բաների մասին:+ 27 Նայեք, թե ինչպես են աճում շուշանները. ո՛չ աշխատում են, ո՛չ էլ մանում, բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ դրանցից ոչ մեկի նման չհագնվեց:+ 28 Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, առավել ևս ձեզ կհագցնի, ո՛վ թերահավատներ: 29 Ուրեմն այլևս մի՛ անհանգստացեք, թե ինչ եք ուտելու և ինչ եք խմելու, և մտատանջությունների մեջ մի՛ ընկեք:+ 30 Այս աշխարհի մարդիկ* են, որ ջանադրաբար ձգտում են ձեռք բերել այդ բաները: Մինչդեռ ձեր Հայրը գիտի, որ այդ ամենը անհրաժեշտ է ձեզ:+ 31 Փոխարենը միշտ առաջին տեղում դրեք նրա թագավորությունը, և այդ բաները կտրվեն ձեզ:+

32 Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ,+ որովհետև ձեր Հայրը ցանկանում է Թագավորությունը ձեզ տալ:+ 33 Վաճառեք ձեր ունեցվածքը և օգնեք կարիքավորներին:*+ Ձեռք բերեք երբեք չմաշվող քսակներ՝ անսպառ գանձեր կուտակեք երկնքում,+ որտեղ գողերը չեն կարող սողոսկել, և ցեցը չի կարող վնաս պատճառել: 34 Չէ՞ որ որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի:

35 Հագած-կապած ու պատրաստ եղեք,*+ վառ պահեք ձեր ճրագները,+ 36 ինչպես ծառաներ, որոնք սպասում են, թե երբ է իրենց տերը վերադառնալու+ հարսանիքից,+ որ երբ գա և դուռը թակի, անմիջապես բացեն նրա առաջ: 37 Երջանիկ են այն ծառաները, որոնք արթուն ու զգոն կլինեն, երբ տերը վերադառնա: Հաստատ ասում եմ. տերը փեշերը կհավաքի գոտու տակ,* սեղան կնստեցնի նրանց և սպասավորություն կանի: 38 Եթե տերը ուշ երեկոյան* կամ նույնիսկ կեսգիշերից հետո* էլ տեղ հասնի և նրանց պատրաստ գտնի, ապա երանի նրանց: 39 Մի բան հստակ է. եթե տանտերն իմանա, թե գիշերվա որ ժամին է գողը գալու, թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն:+ 40 Դուք էլ պատրաստ եղեք, որովհետև մարդու Որդին կգա այն ժամանակ, երբ ձեր կարծիքով՝ հավանական չէ»:+

41 Պետրոսն ասաց. «Տե՛ր, այդ օրինակը միայն մե՞զ է վերաբերում, թե՞ բոլորին»: 42 Տերն էլ ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն* տնտեսը,* որին տերը կնշանակի, որ իր բոլոր սպասավորներին* բավականաչափ կերակուր տա ճիշտ ժամանակին:+ 43 Երանի՜ այդ ծառային, եթե տերը նրան այդպես անելիս գտնի, երբ գա: 44 Հաստատ ասում եմ ձեզ. նա իր ողջ ունեցվածքը նրա վերահսկողությանը կհանձնի: 45 Բայց եթե երբևիցե այդ ծառան մտքում ասի՝ «Տերս ուշանում է», և սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, կերուխում անի ու հարբի,+ 46 ապա այն օրը, երբ այդ ծառան չի սպասում, և այն ժամին, որ չգիտի, նրա տերը կգա և նրան կպատժի ամենայն խստությամբ. նրան նույնը բաժին կընկնի, ինչ անհավատարիմներին: 47 Այդ ծառան, որը հասկացել էր, թե ինչ է տիրոջ կամքը, բայց պատրաստ չէր նրա գալուն և չէր արել նրա ասածը, ծեծի կարժանանա ու շատ հարվածներ կստանա:+ 48 Իսկ նա, ով առանց հասկանալու է ծեծի արժանի բաներ արել, քիչ հարվածներ կստանա: Ում շատ է տրվել, նրանից շատ կպահանջվի, և ում շատ բաներ են վստահվել, նրանից շատ բաներ էլ կպահանջվեն:+

49 Ես եկա, որ կրակ վառեմ երկրի վրա: Հիմա այն արդեն վառված է, դրանից ավել էլ ի՞նչ ուզեմ: 50 Ինձ մի մկրտություն է սպասում, և մինչև այն չավարտվի, ես ծանր ապրումների մեջ կլինեմ:+ 51 Կարծում եք՝ եկել եմ խաղաղությո՞ւն բերելու երկրի վրա: Ո՛չ, ասում եմ ձեզ, ոչ թե խաղաղություն, այլ բաժանում:+ 52 Այսուհետ ընտանիքում բաժանում կլինի. եթե հինգ հոգի լինեն, երեքը երկուսի դեմ դուրս կգան, և երկուսը՝ երեքի: 53 Հայրը որդու դեմ դուրս կգա, իսկ որդին՝ հոր, մայրը՝ աղջկա դեմ, իսկ աղջիկը՝ մոր, սկեսուրը՝ հարսի դեմ, իսկ հարսը՝ սկեսրոջ»:+

54 Հետո դիմելով ժողովրդին՝ Հիսուսն ասաց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքում ամպ է հայտնվել, իսկույն ասում եք՝ «Հորդառատ անձրև է լինելու», և այդպես էլ լինում է: 55 Կամ երբ տեսնում եք, որ հարավային քամի է փչում, ասում եք՝ «Շատ շոգ է լինելու», և լինում է: 56 Կեղծավորնե՛ր, երկնքի ու երկրի արտաքին երևույթներին նայելով՝ կարողանում եք դատողություններ անել, հապա ինչպե՞ս է, որ չգիտեք՝ ինչպես վերլուծել այս ժամանակների իրադարձությունների նշանակությունը:+ 57 Ինչո՞ւ դատողություններ չեք անում, որ հասկանաք՝ ինչ է հարկավոր անել: 58 Օրինակ, երբ ձեր դեմ դատական գործ բացած մեկի հետ գնում եք իշխանավորի մոտ, ճանապարհին պետք է ջանաք վեճը հարթել նրա հետ, որ հետո ձեզ չտանի դատավորի մոտ, այլապես դատավորը ձեզ կհանձնի դատավճիռն իրականացնողին, նա էլ ձեզ բանտ կգցի:+ 59 Ասում եմ ձեզ. այնտեղից դուրս չեք գա, քանի դեռ ձեր պարտքը չեք վճարել մինչև վերջին լուման»:*

13 Այդ ժամանակ այդտեղ ներկա որոշ մարդիկ Հիսուսին տեղեկացրին, որ Պիղատոսը սպանել է զոհ մատուցող գալիլեացիների՝ նրանց արյունը խառնելով զոհերի արյանը: 2 Հիսուսն ասաց. «Կարծում եք՝ այդ գալիլեացիները մյուս գալիլեացիներից մեղավո՞ր էին, որ նման բան պատահեց նրանց: 3 Իհա՛րկե ոչ: Ասում եմ ձեզ. եթե չզղջաք, բոլորդ էլ կկործանվեք:+ 4 Կամ, օրինակ, այն 18 հոգին, որ մահացան, երբ Սիլովամի մոտի աշտարակը փուլ եկավ նրանց վրա, կարծում եք՝ նրանք Երուսաղեմի մյուս բոլոր բնակիչներից ավելի՞ մեղավոր էին: 5 Իհա՛րկե ոչ: Ասում եմ ձեզ. եթե չզղջաք, դուք էլ կկործանվեք»:

6 Հետո Հիսուսը պատմեց այս առակը. «Մի մարդ իր խաղողի այգում տնկված թզենի ուներ: Նա եկավ, որ տեսնի՝ վրան պտուղ կա, թե ոչ, բայց ոչինչ չգտավ:+ 7 Ուստի այգեգործին* ասաց. «Արդեն երեք տարի է՝ գալիս եմ, որ պտուղ գտնեմ այս թզենու վրա, բայց ոչինչ չեմ գտնում: Կտրի՛ր այն: Ինչո՞ւ իզուր տեղ զբաղեցնի»: 8 Այգեգործն ասաց. «Տե՛ր, թող այս տարի էլ մնա. ես դրա շուրջը կփորեմ ու գոմաղբ կլցնեմ: 9 Եթե դրանից հետո պտուղ տվեց, լա՛վ, եթե ոչ, կկտրես»»:+

10 Մի Շաբաթ օր Հիսուսը ուսուցանում էր ժողովարաններից մեկում: 11 Այնտեղ մի կին կար, ով չար ոգու ազդեցության պատճառով 18 տարի հիվանդ էր. նրա մեջքը կորացած էր, ու նա չէր կարողանում ուղիղ կանգնել: 12 Երբ Հիսուսը տեսավ այդ կնոջը, ասաց նրան. «Ո՛վ կին, քո հիվանդությունը բուժված է»:+ 13 Ապա իր ձեռքերը կնոջ վրա դրեց, և նա անմիջապես ուղղվեց ու սկսեց փառաբանել Աստծուն: 14 Բայց ժողովարանի պետը վրդովվեց, որ Հիսուսը Շաբաթ օրով բուժեց, ուստի ժողովրդին ասաց. «Գործ անելու համար վեց օր կա,+ այդ օրերի՛ն եկեք բուժվելու, ոչ թե Շաբաթ օրը»:+ 15 Սակայն Տերն ասաց. «Կեղծավորնե՛ր,+ բոլորդ էլ Շաբաթ օրը ձեր ցլին կամ էշին չե՞ք արձակում ու տանում ջուր խմեցնելու:+ 16 Հապա այս կինը՝ Աբրահամի դուստրը, որ 18 տարի տառապել է Սատանայի կապանքների մեջ, չպե՞տք է ազատ արձակվեր այդ կապանքներից անգամ Շաբաթ օրը»: 17 Հակառակվող բոլոր մարդիկ ամաչեցին Հիսուսի այդ խոսքերից: Իսկ ողջ ժողովուրդը ուրախանում էր նրա արած զարմանահրաշ գործերով:+

18 Հիսուսը շարունակեց ուսուցանել. «Ինչի՞ է նման Աստծու թագավորությունը, ինչի՞ հետ կարելի է համեմատել: 19 Թագավորությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ ցանում է իր այգում: Այն աճելով ծառ է դառնում, և երկնքի թռչունները բույն են դնում դրա ճյուղերի մեջ»:+

20 Ապա կրկին ասաց. «Է՞լ ինչի հետ համեմատեմ Աստծու թագավորությունը: 21 Այն նման է թթխմորի, որը մի կին խառնում է երեք գրիվ* ալյուրի հետ, և այդպես ամբողջ զանգվածը խմորվում է»:+

22 Երուսաղեմ գնալու ճանապարհին Հիսուսն անցնում էր քաղաքներով ու գյուղերով և ուսուցանում էր մարդկանց: 23 Մի մարդ հարց տվեց նրան. «Տե՛ր, ճի՞շտ է, որ փրկվողները քիչ են լինելու»: Հիսուսը պատասխանեց. 24 «Ամեն ջանք գործադրեք, որ նեղ դռնով մտնեք,+ որովհետև, ասում եմ ձեզ, հետո շատերը կուզեն մտնել, բայց չեն կարողանա: 25 Երբ տանտերն արդեն դուռը փակած լինի, դուք, դրսում կանգնած, կթակեք դուռն ու կասեք. «Տե՛ր, բա՛ց արա»:+ Բայց նա կպատասխանի. «Չգիտեմ՝ դուք ովքեր եք»: 26 Դուք կասեք. «Մենք իրար հետ սեղան ենք նստել, և դու ուսուցանել ես մեր քաղաքի գլխավոր փողոցներում»:+ 27 Բայց նա կասի ձեզ. «Չգիտեմ՝ ովքեր եք: Հեռացե՛ք ինձնից, վատ գործեր անողնե՛ր»: 28 Դուք լաց կլինեք և կկրճտացնեք ձեր ատամները, երբ տեսնեք, որ Աբրահամը, Իսահակը, Հակոբն ու բոլոր մարգարեները Աստծու թագավորության մեջ են, իսկ դուք դուրս եք մնացել:+ 29 Դեռ ավելին՝ արևելքից ու արևմուտքից, հյուսիսից ու հարավից մարդիկ կգան և սեղան կնստեն Աստծու թագավորության մեջ: 30 Այսպիսով՝ վերջիններից ոմանք առաջիններ կլինեն, իսկ առաջիններից ոմանք՝ վերջիններ»:+

31 Այդ պահին մի քանի փարիսեցիներ եկան ու ասացին Հիսուսին. «Հեռացիր այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է սպանել քեզ»: 32 Նա էլ ասաց նրանց. «Գնացեք ու ասեք այդ աղվեսին. «Ես շարունակելու եմ դևեր հանել ու բուժումներ անել այսօր էլ, վաղն էլ, իսկ երրորդ օրը անելիքս ավարտին կհասցնեմ»: 33 Ինչ էլ լինի, այսօր վաղը և մյուս օրը կշարունակեմ գործս, որովհետև չլսված բան է, որ որևէ մարգարե Երուսաղեմից դուրս այլ տեղ սպանվի:+ 34 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանո՛ղ, քեզ մոտ ուղարկվածներին քարկոծո՛ղ...+ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել զավակներիդ, ինչպես հավն է ճտերին հավաքում իր թևերի տակ: Բայց դուք, Երուսաղեմի՛ ժողովուրդ, չուզեցիք:+ 35 Ահա ձեր տունը* Աստծու կողմից լքված կլինի:+ Ասում եմ ձեզ. ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք. «Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի* անունով»»:+

14 Մի Շաբաթ օր Հիսուսը ճաշի գնաց փարիսեցիների առաջնորդներից մեկի տուն: Ներկաները ուշադիր հետևում էին նրան: 2 Այնտեղ մի մարդ կար, որը ջրգողությամբ էր տառապում:* 3 Հիսուսը Օրենքի գիտակներին և փարիսեցիներին հարցրեց. «Ճիշտ կլինի՞ Շաբաթ օրով բուժում անել, թե՞ ոչ»:+ 4 Բայց նրանք լուռ մնացին: Հիսուսը դիպավ այդ մարդուն, բուժեց նրան և ճանապարհ դրեց: 5 Ապա հարցրեց նրանց. «Եթե որևէ մեկիդ որդին կամ ցուլը Շաբաթ օրը ջրհորն ընկնի,+ մի՞թե անմիջապես դուրս չեք հանի նրան»:+ 6 Եվ նրանք չկարողացան պատասխան տալ:

7 Դրանից հետո, նկատելով, որ հրավիրվածները ամենապատվավոր տեղերն են ընտրում,+ Հիսուսն ասաց նրանց.* 8 «Երբ հրավիրվում ես հարսանեկան խնջույքի, մի՛ բազմիր ամենապատվավոր տեղը:+ Գուցե քեզնից ավելի պատվարժան մեկն էլ հրավիրված լինի: 9 Այդ ժամանակ հրավիրողը կգա ու քեզ կասի. «Տեղդ այս մարդուն զիջիր»: Եվ դու ամոթով վեր կկենաս ու կգնաս ամենավերջին տեղը կնստես: 10 Այլ երբ քեզ հրավիրում են, գնա ու նստիր ամենացածր տեղը, այդ դեպքում հրավիրողը կգա ու քեզ կասի. «Բարեկա՛մս, եկ ավելի լավ տեղ նստիր»: Եվ դու պատվի կարժանանաս մյուս բոլոր հյուրերի առաջ:+ 11 Ով բարձրացնում է իրեն, կխոնարհեցվի, իսկ ով խոնարհեցնում է իրեն, կբարձրացվի»:+

12 Հետո դիմելով իրեն հրավիրողին՝ Հիսուսն ասաց. «Երբ ճաշի կամ ընթրիքի սեղան ես գցում, մի՛ կանչիր ընկերներիդ, եղբայրներիդ, ազգականներիդ կամ հարուստ հարևաններիդ, որովհետև գուցե նրանք էլ քեզ հրավիրեն, և այդպիսով քո արածը կփոխհատուցվի: 13 Այլ երբ ճաշկերույթ ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, կաղերին, կույրերին և ուրիշ հաշմանդամների,+ 14 և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք քեզ փոխհատուցելու ոչինչ չունեն: Աստված էլ կվարձատրի քեզ արդարների հարության ժամանակ»:+

15 Դա լսելով՝ հյուրերից մեկն ասաց նրան. «Երանի՜ նրան, ով հաց կուտի Աստծու թագավորության մեջ»:

16 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Մի մարդ մեծ ընթրիք կազմակերպեց+ ու շատերին հրավիրեց: 17 Երբ արդեն ընթրիքը սկսելու ժամն էր, նա իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, ամեն ինչ պատրաստ է»: 18 Սակայն բոլորն էլ սկսեցին պատրվակ բերել ու հրաժարվել:+ Առաջինն ասաց նրան. «Ես արտ եմ գնել, պետք է գնամ տեսնեմ: Կներես, չեմ կարող գալ»: 19 Մյուսն ասաց. «Ես հինգ զույգ լծկան անասուն եմ գնել, գնում եմ աշխատեցնեմ, որ տեսնեմ՝ ոնցն են: Կներես, չեմ կարող գալ»:+ 20 Մյուսն էլ ասաց. «Ես նոր եմ ամուսնացել, դրա համար չեմ կարող գալ»: 21 Ծառան եկավ ու նրանց ասածները հաղորդեց տիրոջը: Տանտերը բարկացավ ու ծառային ասաց. «Հենց հիմա գնա քաղաքի գլխավոր փողոցներն ու նրբանցքները և այստեղ բեր աղքատներին, կույրերին, կաղերին և մյուս հաշմանդամներին»: 22 Որոշ ժամանակ անց ծառան եկավ ու ասաց. «Տե՛ր, ինչ որ հրամայեցիր, արեցի, բայց դեռ տեղ կա»: 23 Տերն էլ ասաց ծառային. «Քաղաքից դուրս արի և ճանապարհներին ում որ տեսնես, համոզիր ու բեր այստեղ: Թող գան, որ տունս լցվի:+ 24 Ասում եմ ձեզ. այն առաջին հրավիրվածներից և ոչ մեկը չի ճաշակի իմ ընթրիքը»»:+

25 Հետո երբ Հիսուսը ճանապարհ ընկավ, նրա հետ մարդկանց մեծաթիվ խմբեր էին գնում: Նա շրջվեց ու ասաց նրանց. 26 «Ինձ մոտ եկողներից նա, ով չի սիրում ինձ առավել, քան իր հորն ու մորը,* կնոջն ու երեխաներին, եղբայրներին ու քույրերին և իր իսկ կյանքը,+ նա չի կարող իմ աշակերտը լինել:+ 27 Ով չի ուզում տանել իր տանջանքի սյունը* և չի գալիս իմ հետևից, չի կարող իմ աշակերտը լինել:+ 28 Չէ՞ որ եթե ձեզանից որևէ մեկը ցանկանա աշտարակ կառուցել, նախ կնստի ու կհաշվի ծախսը, որ տեսնի՝ բավականաչափ միջոցներ ունի՞ ավարտին հասցնելու համար: 29 Այլապես հիմքը կգցի, բայց գուցե չկարողանա մինչև վերջ կառուցել, և բոլոր տեսնողները կսկսեն ծաղրել նրան 30 ու կասեն. «Այս մարդը սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել»: 31 Կամ ո՞ր մի թագավորը մեկ ուրիշ թագավորի դեմ պատերազմի գնալիս նախ չի նստի և իր խորհրդատուների հետ ծանրութեթև անի, թե իր 10 000-անոց զորքով կկարողանա՞ հակառակորդի 20 000-անոց զորքի դեմ դուրս գալ: 32 Եթե տեսնի, որ չի կարող, քանի դեռ հակառակորդը հեռու է, նա մի խումբ դեսպաններ կուղարկի և խաղաղության բանակցություններ կսկսի: 33 Այսպիսով հաստատ իմացեք. ով պատրաստ չէ հրաժարվել իր ողջ ունեցվածքից, չի կարող իմ աշակերտը լինել:+

34 Ինչ խոսք, աղը լավ բան է: Բայց եթե կորցնի իր համը, այլևս հնարավոր չի լինի վերականգնել այն:+ 35 Այդպիսի աղը ոչ մի բանի պիտանի չէ, անգամ պիտանի չէ հողին կամ գոմաղբին խառնելու համար:* Ուստի մարդիկ այն դուրս կթափեն: Ով ականջ ունի, թող ուշադիր լսի»:+

15 Բոլոր հարկահավաքներն ու մեղսագործները գալիս էին Հիսուսի մոտ, որ լսեն նրան:+ 2 Իսկ փարիսեցիներն ու Օրենքի ուսուցիչները* փնթփնթում էին. «Այս մարդը բարյացակամ է մեղսագործների հանդեպ և հաց է ուտում նրանց հետ»: 3 Ուստի Հիսուսը նրանց համար օրինակ բերեց. 4 «Եթե ձեզնից որևէ մեկը 100 ոչխար ունենա և մեկին կորցնի, մի՞թե 99-ին չի թողնի արոտավայրում* և չի գնա ու փնտրի կորածին, մինչև որ գտնի:+ 5 Եվ երբ գտնի, կուրախանա և ուսերին դրած՝ կտանի: 6 Իսկ տուն գալով՝ կկանչի իր ընկերներին ու հարևաններին և կասի. «Ուրախացեք ինձ հետ, ես գտել եմ իմ կորած ոչխարին»:+ 7 Ասում եմ ձեզ. այդպես էլ երկնքում մեկ զղջացող մեղսագործի համար ավելի մեծ ուրախություն կլինի,+ քան 99 արդարների համար, որոնք զղջալու կարիք չունեն:

8 Կամ եթե մի կին տասը արծաթադրամ* ունենա և մեկը կորցնի, մի՞թե չի վառի ճրագը, ավլի տունը և ուշադիր փնտրի, մինչև որ գտնի այն: 9 Եվ երբ գտնի, կկանչի իր ընկերուհիներին ու հարևանուհիներին և կասի. «Ուրախացեք ինձ հետ, ես գտել եմ իմ կորցրած արծաթադրամը»: 10 Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակներն են ուրախանում մեկ զղջացող մեղսագործի համար»:+

11 Հիսուսը շարունակեց. «Մի մարդ երկու որդի ուներ: 12 Կրտսերն ասաց. «Հա՛յր, տուր ժառանգության ինձ հասանելիք բաժինը»: Եվ հայրը իր երկու որդիներին տվեց իրենց հասանելիքը: 13 Մի քանի օր անց կրտսեր որդին հավաքեց իր ունեցածն ու ճանապարհ ընկավ մի հեռավոր երկիր: Այնտեղ նա, ցոփ ու շվայտ կյանք վարելով, վատնեց իր ունեցվածքը: 14 Երբ արդեն ամեն ինչ ծախսել էր, այդ երկրում սաստիկ սով սկսվեց, և նա կարիքի մեջ հայտնվեց: 15 Ուստի ստիպված աշխատանքի մտավ այդ երկրի քաղաքացիներից մեկի մոտ, որը նրան ուղարկեց իր դաշտերը՝ խոզերին պահելու:+ 16 Նա փափագում էր իր քաղցը հագեցնել եղջերենու* պատիճներով, որոնցով խոզերին էին կերակրում, բայց նույնիսկ դա չէին տալիս նրան:

17 Հետո կրտսեր որդին խելքի եկավ ու ասաց. «Հորս վարձու աշխատողները առատ ուտելիք ունեն, իսկ ես այստեղ սովից մեռնում եմ: 18 Վեր կենամ գնամ հորս մոտ ու ասեմ. «Հա՛յր, ես մեղք եմ գործել Աստծու* դեմ ու քո դեմ: 19 Էլ արժանի չեմ քո որդին կոչվելու: Ինձ ընդունիր որպես վարձու աշխատող»»: 20 Եվ այսպես՝ նա վեր կացավ ու գնաց հոր մոտ: Հայրը դեռ հեռվից տեսավ նրան, ու կարեկցանքից սիրտը ճմլվեց: Վազելով որդուն ընդառաջ՝ գրկեց նրան* ու համբուրեց: 21 Որդին ասաց. «Հա՛յր, ես մեղք եմ գործել Աստծու դեմ ու քո դեմ:+ Էլ արժանի չեմ քո որդին կոչվելու»: 22 Բայց հայրը կարգադրեց ծառաներին. «Շո՛ւտ արեք, բերե՛ք ամենալավ հագուստը ու հագցրե՛ք նրան, ձեռքին մատանի՛ դրեք և ոտքերին սանդալնե՛ր հագցրեք: 23 Այն պարարտ հո՛րթն էլ բերեք մորթեք: Եկեք ուտենք-խմենք ու նշենք որդուս վերադարձը, 24 որովհետև որդիս մեռած էր, բայց հիմա կյանքի է եկել,+ կորած էր, բայց գտնվել է»: Եվ բոլորը սկսեցին ուրախանալ:

25 Իսկ ավագ որդին դաշտում էր: Երբ արդեն վերադառնում էր, տանը մոտենալով՝ երաժշտության ու պարի ձայներ լսեց: 26 Ծառաներից մեկին կանչեց ու հարցրեց, թե ինչ առիթ է: 27 Ծառան պատասխանեց. «Եղբայրդ է եկել: Հայրդ էլ, տեսնելով, որ նա ողջ-առողջ վերադարձել է, մորթել է պարարտ հորթը»: 28 Ավագ որդին զայրացավ և չուզեց ներս մտնել: Այդ ժամանակ նրա հայրը դուրս եկավ ու սկսեց աղերսել, որ ներս գա: 29 Իսկ որդին ասաց. «Այսքան տարի է՝ ծառայում եմ քեզ և ոչ մի անգամ քո ասածներին դեմ չեմ գնացել, բայց դու երբևէ ինձ մի ուլ անգամ չես տվել, որ ընկերներիս հետ վայելեմ: 30 Մինչդեռ հենց եկավ քո այդ որդին, որը մարմնավաճառների հետ վատնեց ունեցվածքդ, դու նրա համար պարարտ հորթը մորթեցիր»: 31 Հայրն էլ ասաց. «Որդի՛ս, դու միշտ ինձ հետ ես, և իմ ողջ ունեցածը քոնն է: 32 Իսկ եղբայրդ մեռած էր, բայց հիմա կյանքի է եկել, կորած էր, բայց գտնվել է, դրա համար էլ չենք կարող չուրախանալ ու չնշել նրա վերադարձը»»:

16 Հետո Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մի հարուստ մարդ մի տնտես ուներ, որին մեղադրեցին այն բանում, որ խնայողաբար չի տնօրինում տիրոջ ունեցվածքը: 2 Ուստի այդ հարուստ մարդը կանչեց նրան ու ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին: Քո բոլոր գործարքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրու. դու այլևս չես վարելու իմ տնտեսությունը»: 3 Տնտեսն էլ մտածեց. «Ի՞նչ եմ անելու, երբ տերս ինձ գործից հեռացնի: Դաշտում աշխատելու ուժ չունեմ, իսկ մուրալ ամաչում եմ: 4 Հա՜, իմացա՝ ինչ անեմ, որ երբ տնտեսի գործից զրկվեմ, մարդիկ ինձ ընդունեն իրենց տուն»: 5 Նա տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ կանչեց իր մոտ: Առաջին եկածին հարցրեց. «Ինչքա՞ն ես պարտք իմ տիրոջը»: 6 Նա պատասխանեց. «Հարյուր մար* ձիթապտղի յուղ»: Նրան ասաց. «Վերցրու քո պարտաթուղթը, նստիր և հենց հիմա գրիր՝ 50»: 7 Հաջորդ եկածին հարցրեց. «Ինչքա՞ն ես պարտք»: Նա էլ ասաց. «Հարյուր քոռ* ցորեն»: Տնտեսն ասաց. «Վերցրու քո պարտաթուղթը և գրիր՝ 80»: 8 Ու թեև տնտեսը անարդար էր, տերը նրան գովեց հնարամտության համար: Այս աշխարհի* մարդիկ իրենց սերնդակիցների հետ գործ ունենալիս ավելի հնարամիտ են, քան Աստծու ծառաները:*+

9 Ասում եմ ձեզ. անարդար աշխարհի հարստության* միջոցով ձեզ համար ընկերներ ձեռք բերեք,+ որպեսզի երբ այն կորցնեք, նրանք ձեզ հավիտենական բնակատեղերն ընդունեն:+ 10 Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քչի մեջ անարդարը շատի մեջ էլ է անարդար: 11 Հետևաբար, եթե դուք ճիշտ չօգտագործեք այս անարդար աշխարհի հարստությունը, ո՞վ ձեզ կվստահի իսկական հարստությունը: 12 Եվ եթե դուք ճիշտ չօգտագործեք ուրիշինը, ո՞վ կտա ձեզ այն, ինչը նախատեսված է ձեզ համար:+ 13 Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև մեկին կատի, իսկ մյուսին կսիրի, կամ էլ մեկին նվիրված կլինի, իսկ մյուսին կարհամարհի: Չեք կարող լինել և՛ Աստծու ծառան, և՛ հարստության»:+

14 Փարիսեցիները, որ փողասեր էին, լսելով այդ ամենը, քմծիծաղ տվեցին:+ 15 Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Դուք մարդկանց առաջ ցույց եք տալիս, իբր ճիշտ եք վարվում,+ բայց Աստված գիտի ձեր սրտերը:+ Ինչը որ մարդկանց աչքին արժեքավոր է, Աստված գարշելի է համարում:+

16 Այն, ինչ ասվում էր Օրենքում և մարգարեների գրվածքներում, հռչակվում էր մինչև Հովհաննեսի գալը: Իսկ դրանից հետո բարի լուրն է հռչակվում Աստծու թագավորության մասին, և ամեն տեսակ մարդիկ շատ ջանք են թափում, որ մտնեն այնտեղ:+ 17 Իսկապես որ, ավելի շուտ երկինքն ու երկիրը կվերանան, քան Օրենքի տառի մի մասնիկը կմնա առանց կատարվելու:+

18 Ով բաժանվում է իր կնոջից և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն* է գործում, և ով ամուսնուց բաժանված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է գործում:+

19 Մի հարուստ մարդ կար, որը թանկարժեք հագուստ* էր կրում, իր կյանքի օրերն անցկացնում էր ճոխության մեջ և վայելում էր իր հարստությունը: 20 Նրա դարպասների մոտ էին բերում Ղազարոս անունով մի մուրացկանի, որի ամբողջ մարմինը պատված էր խոցերով: 21 Ղազարոսը նստում էր այդտեղ՝ հուսալով իր քաղցը հագեցնել հարուստ մարդու սեղանից ընկնող փշրանքներով: Շներն էլ գալիս ու լիզում էին նրա խոցերը: 22 Որոշ ժամանակ անց մուրացկանը մահացավ, և հրեշտակները նրան տարան Աբրահամի մոտ:*

Հարուստը նույնպես մահացավ և թաղվեց: 23 Գերեզմանում* նա տանջանքների մեջ բարձրացրեց աչքերը և հեռվում տեսավ Աբրահամին ու նրա կողքը՝* Ղազարոսին: 24 Նա կանչեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, գթա ինձ և Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թաթախի ջրի մեջ ու կաթեցնի լեզվիս, որովհետև տանջվում եմ այս բոցավառ կրակի մեջ»: 25 Աբրահամն ասաց. «Որդի՛ս, հիշիր, որ դու կյանքիդ ընթացքում լիուլի բարիքներ ես վայելել, իսկ Ղազարոսը շատ է տառապել: Հիմա նա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես: 26 Եվ այս ամենից բացի՝ մի անանցանելի անդունդ է հաստատվել մեր ու ձեր միջև, այնպես որ ով էլ ուզի այստեղից ձեզ մոտ գալ, չի կարողանա, և ոչ էլ այդտեղից մարդիկ կարող են անցնել մեզ մոտ»: 27 Նա ասաց. «Այդ դեպքում, խնդրում եմ քեզ, հա՛յր Աբրահամ, նրան ուղարկիր իմ հոր տուն, 28 որ ամեն բան բացատրելով՝ զգուշացնի իմ հինգ եղբայրներին, որպեսզի նրանք էլ չգան տանջանքի այս վայրը»: 29 Սակայն Աբրահամը պատասխանեց. «Նրանք Մովսեսի ու մարգարեների գրածներն ունեն, թող դրանց հնազանդվեն»:+ 30 Իսկ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ, չեն հնազանդվի, բայց եթե մահացածներից մեկը գնա նրանց մոտ, կզղջան»: 31 Աբրահամն ասաց. «Եթե նրանք չեն հնազանդվում Մովսեսի ու մարգարեների գրածներին,+ չեն էլ համոզվի, նույնիսկ եթե մեկը հարություն առնի»»:

17 Ապա Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Անխուսափելիորեն կլինեն պատճառներ, որ մարդկանց կդրդեն հետ կանգնել հավատից:* Բայց վա՜յ նրան, ում միջոցով դրանք ի հայտ կգան: 2 Ավելի լավ է, որ նրա վզից մի մեծ աղացքար կախեն ու ծովը նետեն, քան թե նա պատճառ լինի, որ այս խոնարհամիտ մարդկանցից* մեկը սայթաքի:+ 3 Ուստի ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ: Եթե ձեր եղբայրը մեղք գործի ձեր դեմ, լրջորեն խրատեք նրան+ և, եթե զղջա, ներեք:+ 4 Նույնիսկ եթե նա օրը յոթ անգամ մեղք գործի ձեր դեմ և յոթ անգամն էլ գա ու ասի՝ զղջում եմ, ներեք նրան»:+

5 Առաքյալներն ասացին Տիրոջը. «Օգնիր, որ ավելի շատ հավատ ունենանք»:+ 6 Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սև թթենուն կասեք՝ «Արմատախիլ եղիր ու ծովի մեջ տնկվիր», և այդպես էլ կլինի:+

7 Եթե որևէ մեկիդ ծառան* հողը հերկելուց կամ հոտը հովվելուց հետո դաշտից վերադառնա, մի՞թե կասեք նրան. «Դե շուտ եկ սեղան նստիր»: 8 Չե՞ք ասի. «Ընթրիք պատրաստիր, ապա գոգնոցդ կապիր ու սպասարկիր ինձ, մինչև վերջացնեմ ուտելս ու խմելս: Հետո դու էլ կարող ես ուտել ու խմել»: 9 Մի՞թե նրան շնորհակալ կլինեք իր պարտականությունները կատարելու համար: 10 Այդպես էլ դուք, երբ ձեզ հանձնարարված ամեն բան անեք, ասեք. «Մենք անարժան ծառաներ ենք: Պարզապես արել ենք այն, ինչ պարտավոր էինք անել»»:+

11 Երուսաղեմ գնալու ճանապարհին, երբ Հիսուսն անցնում էր Սամարիայի ու Գալիլեայի միջև ընկած սահմանով, 12 մտավ մի գյուղ: Այնտեղ նրան տեսան բորոտությամբ հիվանդ տասը մարդիկ: Հեռվում կանգնած՝+ 13 նրանք բարձր ձայնով բղավեցին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, խղճա՛ մեզ»: 14 Նրանց տեսնելով՝ Հիսուսն ասաց. «Գնացեք և ներկայացեք քահանաներին»:+ Նրանք էլ գնացին ու ճանապարհին բուժվեցին:+ 15 Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բուժվեց, Աստծուն բարձր ձայնով փառաբանելով՝ վերադարձավ, 16 ծնկի եկավ Հիսուսի առաջ, մինչև գետին խոնարհվեց ու շնորհակալություն հայտնեց: Ընդ որում՝ այդ մարդը սամարացի էր:+ 17 Հիսուսն ասաց. «Չէ՞ որ բոլոր տասն էլ բուժվել են: Այդ դեպքում որտե՞ղ են մյուս ինը հոգին: 18 Այս այլազգի մարդուց բացի՝ ուրիշ ոչ մեկը հետ չդարձա՞վ, որ փառք տա Աստծուն»: 19 Ապա դիմելով այդ մարդուն՝ ասաց. «Վեր կաց գնա. քո հավատը բուժեց քեզ»:+

20 Փարիսեցիները Հիսուսին հարցրին, թե երբ է գալու Աստծու թագավորությունը:+ Նա պատասխանեց. «Աստծու թագավորությունը տեսանելի կերպով չի գալու, 21 և մարդիկ չեն ասելու՝ «Ահա այստե՛ղ է», կամ՝ «Այնտե՛ղ է»: Աստծու թագավորությունը ձեր մեջ* է»:+

22 Ապա իր աշակերտներին ասաց. «Օրեր կգան, երբ դուք կցանկանաք տեսնել այնպիսի մի ժամանակ, որ մարդու Որդին ձեզ հետ լինի, բայց չեք տեսնի: 23 Եվ մարդիկ կասեն ձեզ՝ «Նա այնտե՛ղ է», կամ՝ «Այստե՛ղ է»: Մի՛ գնացեք ու մի՛ հետևեք նրանց:+ 24 Չէ՞ որ երբ գա մարդու Որդու+ օրը, դա նման կլինի կայծակի փայլատակման, որ ծայրից ծայր լուսավորում է երկինքը:+ 25 Բայց նախ նա պետք է շատ չարչարանքներ կրի ու մերժվի այս սերնդի կողմից:+ 26 Ինչպես Նոյի օրերում էր,+ այդպես էլ կլինի մարդու Որդու օրերում:+ 27 Նոյի օրերում մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ,+ և Ջրհեղեղը եկավ ու կործանեց բոլորին:+ 28 Այդպես եղավ նաև Ղովտի օրերում.+ մարդիկ ուտում, խմում, առնում, ծախում, տնկում ու կառուցում էին, 29 իսկ այն օրը, երբ Ղովտը դուրս եկավ Սոդոմից, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց և կործանեց բոլորին:+ 30 Նույնը կլինի նաև այն օրը, երբ մարդու Որդին հայտնվի:+

31 Այդ օրը նա, ով տանիքում է, թող ցած չիջնի՝ տնից իր ունեցածը վերցնելու, և ով դաշտում է, թող հետ չդառնա՝ իր թողած բաները վերցնելու: 32 Հիշեք Ղովտի կնոջը:+ 33 Ով ուզում է պահպանել իր կյանքը,* կկորցնի այն, բայց ով կորցնի իր կյանքը, կպահպանի այն:+ 34 Ասում եմ ձեզ. այդ գիշեր անկողնում պառկած երկու հոգուց մեկը կվերցվի, մյուսը կթողնվի:+ 35 Նույն երկանքով* աղացող երկու կանանցից մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»: 36 ....* 37 Նրանք հարցրին. «Որտե՞ղ, Տե՛ր»: Նա էլ ասաց. «Արծիվները կհավաքվեն այնտեղ, որտեղ դիակը կլինի»:+

18 Հետո Հիսուսը աշակերտներին մի առակ պատմեց ցույց տալու համար, թե որքան կարևոր է միշտ աղոթել ու երբեք չհանձնվել.+ 2 «Մի քաղաքում դատավոր կար, որը ո՛չ Աստծուց էր վախենում, ո՛չ էլ մարդկանց կարծիքն էր հարգում: 3 Այդ քաղաքում մի այրի կին շարունակ նրա մոտ էր գնում և ասում. «Դատ վարիր իմ ու այն մարդու միջև, որի դեմ բողոք ունեմ, և արդար վճիռ կայացրու ինձ համար»: 4 Մի որոշ ժամանակ դատավորը մերժում էր նրա խնդրանքը, բայց հետո ինքն իրեն ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում ու մարդկանց կարծիքը ինձ չի հետաքրքրում, 5 բայց քանի որ այս այրին անընդհատ անհանգստացնում է ինձ, արդար վճիռ կայացնեմ նրա համար, որ անընդհատ չգա ու իր խնդրանքներով հոգիս չհանի»»:+ 6 Տերն ասաց. «Նկատեցի՞ք, թե դատավորը, անարդար լինելով հանդերձ, ինչ ասաց: 7 Ուրեմն մի՞թե Աստված այնպես չի անի, որ արդարություն հաստատվի իր ընտրածների համար, որոնք օր ու գիշեր օգնության են կանչում իրեն,+ մինչ նա համբերատարություն է դրսևորում հանուն նրանց:+ 8 Ասում եմ ձեզ. նա այնպես կանի, որ շատ արագ արդարություն հաստատվի նրանց համար: Այդուհանդերձ, երբ մարդու Որդին գա, նման հավատ կգտնի՞* երկրի վրա»:

9 Հիսուսը մի առակ էլ պատմեց նրանց համար, ովքեր վստահ էին, թե արդար են, և ուրիշներին ոչնչություն էին համարում. 10 «Երկու մարդ գնացին տաճար՝ աղոթելու. մեկը փարիսեցի էր, մյուսը՝ հարկահավաք: 11 Փարիսեցին կանգնեց ու սկսեց իր մտքում աղոթել. «Ի՛մ Աստված, շնորհակալ եմ, որ շորթող, անարդար ու շնացող* չեմ մյուսների պես կամ թեկուզ այս հարկահավաքի պես: 12 Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և իմ ձեռք բերած ամեն ինչից տասանորդ եմ տալիս»:+ 13 Իսկ հարկահավաքը, հեռվում կանգնած, չէր համարձակվում նույնիսկ դեպի երկինք նայել: Նա, կուրծք ծեծելով, ասում էր. «Ի՛մ Աստված, գթասիրտ եղիր ինձ նման մեղսագործի հանդեպ»:+ 14 Ասում եմ ձեզ. այս մարդը տաճարից հեռացավ Աստծու աչքին ավելի արդար, քան մյուսը,+ որովհետև ով բարձրացնում է իրեն, կնվաստացվի, իսկ ով խոնարհեցնում է իրեն, կբարձրացվի»:+

15 Մարդիկ Հիսուսի մոտ էին բերում իրենց մանուկներին, որ օրհնի նրանց:* Դա տեսնելով՝ աշակերտները նախատեցին բերողներին:+ 16 Բայց Հիսուսը պատվիրեց, որ մանուկներին իր մոտ բերեն: Նա ասաց. «Թողեք՝ երեխաները գան ինձ մոտ, մի՛ արգելեք նրանց. այդպիսիներինն է երկնքի թագավորությունը:+ 17 Հաստատ ասում եմ ձեզ. ով Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, ընդհանրապես չի մտնի այնտեղ»:+

18 Հրեա առաջնորդներից մեկը հարցրեց նրան. «Բարի՛ Ուսուցիչ,* ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք ստանամ»:+ 19 Հիսուսն էլ ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում: Ոչ ոք բարի չէ՝ բացի մեկից՝ Աստծուց:+ 20 Դու գիտես պատվիրանները՝ «Մի՛ շնացիր,+ մի՛ սպանիր,+ մի՛ գողացիր,+ սուտ վկայություն մի՛ տուր,+ պատվիր քո հորն ու մորը»»:+ 21 Այդ մարդն ասաց. «Ես այդ ամենը փոքրուց պահում եմ»: 22 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Քեզ դեռ մի բան է պակասում. վաճառիր քո ողջ ունեցվածքը և ստացված գումարը տուր աղքատներին: Այդ դեպքում գանձ կունենաս երկնքում: Այնուհետև եկ ու իմ հետևորդը դարձիր»:+ 23 Դա լսելով՝ նա խիստ վշտացավ, որովհետև շատ հարուստ էր:+

24 Հիսուսը նայեց նրան ու ասաց. «Փող ունեցողների համար որքա՜ն դժվար կլինի մտնել Աստծու թագավորություն:+ 25 Ավելի հեշտ է՝ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»:+ 26 Լսողներն ասացին. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»:+ 27 Հիսուսը պատասխանեց. «Ինչը որ մարդկանց համար անհնար է, Աստծու համար հնարավոր է»:+ 28 Պետրոսն ասաց. «Մենք թողել ենք մեր ունեցածը ու քեզ ենք հետևում»:+ 29 Հիսուսն էլ պատասխանեց. «Հավաստիացնում եմ ձեզ. չկա մեկը, որ Աստծու թագավորության համար թողած լինի տուն, կին, եղբայրներ, ծնողներ կամ զավակներ,+ 30 որ այժմ չստանա բազմապատիկը, իսկ ապագայում՝* հավիտենական կյանք»:+

31 Հետո նա 12 առաքյալներին մի կողմ տարավ ու ասաց. «Ահա և գնում ենք Երուսաղեմ: Այնտեղ կկատարվի մարդու Որդու մասին մարգարեների գրած ամեն բան:+ 32 Նրան կհանձնեն այլազգիներին,+ ծաղրուծանակի կենթարկեն,+ կանարգեն, կթքեն նրա վրա,+ 33 կխարազանեն, իսկ հետո կսպանեն,+ բայց երրորդ օրը նա հարություն կառնի»:+ 34 Սակայն նրանք չէին կարողանում ըմբռնել, թե ինչ է նշանակում այդ ամենը. ասվածի իմաստը ծածկված էր նրանցից, դրա համար էլ չէին հասկանում:

35 Հիսուսն արդեն հասնում էր Երիքովի մոտերքը: Մի կույր մարդ, ճանապարհի եզրին նստած, ողորմություն էր խնդրում:+ 36 Անցնող բազմության ձայները լսելով՝ նա հարցրեց, թե ինչ է կատարվում: 37 Նրան ասացին. «Նազարեթցի Հիսուսն է անցնում»: 38 Եվ նա բղավեց. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, խղճա՛ ինձ»: 39 Առջևից գնացողները սաստեցին նրան՝ ասելով, որ լռի, բայց նա ավելի ու ավելի բարձր էր բղավում. «Դավթի՛ Որդի, խղճա՛ ինձ»: 40 Հիսուսը կանգ առավ ու պատվիրեց, որ այդ մարդուն իր մոտ բերեն: Երբ նա մոտեցավ, Հիսուսը հարցրեց նրան. 41 «Ի՞նչ ես ուզում՝ անեմ քեզ համար»: Նա պատասխանեց. «Տե՛ր, թող տեսողությունս վերականգնվի»: 42 Հիսուսն էլ ասաց. «Թող վերականգնվի: Քո հավատը բուժեց քեզ»:+ 43 Հենց նույն պահին նրա տեսողությունը վերականգնվեց, և նա գնաց Հիսուսի հետևից՝+ փառք տալով Աստծուն: Եվ բոլոր մարդիկ, որ տեսան կատարվածը, նույնպես սկսեցին գովաբանել Աստծուն:+

19 Հետո Հիսուսը մտավ Երիքով, որ անցնի դրա միջով: 2 Այնտեղ Զաքեոս անունով մի հարուստ մարդ կար, որը հարկահավաքների պետերից էր: 3 Նա շատ էր ուզում տեսնել Հիսուսին, բայց չէր կարողանում, քանի որ Հիսուսի շուրջը մեծ բազմություն էր հավաքված, իսկ ինքը կարճահասակ էր: 4 Ուստի բոլորից առաջ ընկնելով՝ վազեց, բարձրացավ մի ժանտաթզենու վրա, որպեսզի կարողանա տեսնել Հիսուսին, որն անցնելու էր այդ կողմով: 5 Երբ Հիսուսը հասավ այդտեղ, վեր նայեց ու ասաց. «Զաքեո՛ս, շո՛ւտ արա, ցա՛ծ իջիր. այսօր քո տանն եմ մնալու»: 6 Նա էլ շուտ ցած իջավ և ուրախությամբ ընդունեց նրան իր տուն: 7 Դա տեսնելով՝ մարդիկ սկսեցին փնթփնթալ. «Մեղսագործ մարդու տանն է հյուրընկալվել»:+ 8 Եվ ահա Զաքեոսը վեր կացավ ու Տիրոջն ասաց. «Տե՛ր, ունեցվածքիս կեսը կտամ աղքատներին և ինչ էլ որ շորթել եմ* որևէ մեկից, քառապատիկը կվերադարձնեմ»:+ 9 Նրա խոսքերը լսելով՝ Հիսուսն ասաց. «Այսօր Աստված փրկություն բերեց այս մարդու տուն. նա էլ է Աբրահամի որդի: 10 Այո՛, մարդու Որդին եկել է կորածներին փնտրելու և փրկելու»:+

11 Մինչ աշակերտները լսում էին Հիսուսի ասածները, նա մի առակ պատմեց, քանի որ նրանք կարծում էին, թե երբ հասնեն Երուսաղեմ, Աստծու թագավորությունն անմիջապես կգա:+ 12 Հիսուսն ասաց. «Մի ազնվատոհմ մարդ մեկնեց հեռավոր երկիր,+ որ թագավորական իշխանություն ստանա ու վերադառնա: 13 Կանչելով իր տասը ծառաներին՝ նրանց տասը մնաս* տվեց ու ասաց. «Գործի մեջ դրեք, մինչև որ գամ»:+ 14 Նրա համաքաղաքացիները ատում էին նրան, ուստի նրա հետևից մի խումբ պատգամաբերներ ուղարկեցին այնտեղ՝ ասելու. «Մենք չենք ուզում, որ այդ մարդը մեր թագավորը լինի»:

15 Ի վերջո երբ այդ մարդը, թագավորական իշխանություն ստացած, վերադարձավ, իր մոտ կանչեց ծառաներին, որոնց արծաթադրամ էր տվել, որ պարզի, թե գործի մեջ դնելով՝ ինչ շահույթ են ստացել:+ 16 Առաջինը ներկայացավ ու ասաց. «Տե՛ր, քո տված մեկ մնասով ևս տասը վաստակեցի»:+ 17 Նա էլ ասաց. «Ապրե՛ս, իմ լա՛վ ծառա: Քանի որ շատ փոքր հարցում փաստեցիր, որ վստահելի ես, քեզ իշխանություն եմ տալիս տասը քաղաքների վրա»:+ 18 Ապա երկրորդը եկավ ու ասաց. «Տե՛ր, քո տված մնասով ևս հինգը վաստակեցի»:+ 19 Թագավորը նրան ասաց. «Քեզ էլ հինգ քաղաքների վրա եմ իշխանություն տալիս»: 20 Հետո մյուսը եկավ ու ասաց. «Տե՛ր, ահա քո տված մնասը. ես այն շորի մեջ փաթաթել ու թաքցրել էի: 21 Ես վախենում էի քեզնից, քանի որ դու խիստ մարդ ես: Վերցնում ես այն, ինչը չես ներդրել, և հնձում ես այն, ինչը չես ցանել»:+ 22 Թագավորն ասաց. «Քո խոսքերը հենց քո դեմ կօգտագործեմ ու կդատապարտեմ քեզ, չա՛ր ծառա: Դե եթե մտածում ես, որ խիստ մարդ եմ, վերցնում եմ այն, ինչը չեմ ներդրել, և հնձում եմ այն, ինչը չեմ ցանել,+ 23 ուրեմն ինչո՞ւ իմ փողը չդրեցիր շրջանառության մեջ,* որ երբ գայի, տոկոսով այն հետ ստանայի»:

24 Եվ իր մոտ կանգնածներին կարգադրեց. «Նրանից վերցրեք մնասը և տվեք տասը մնաս ունեցողին»:+ 25 Բայց նրանք ասացին. «Տե՛ր, նա արդեն տասն ունի»: 26 Նա պատասխանեց. «Ասում եմ ձեզ. ով ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով գրեթե չունի, նույնիսկ նրա մի փոքր ունեցածն էլ կվերցվի նրանից:+ 27 Իսկ հիմա այստեղ բերեք իմ այն թշնամիներին, ովքեր չէին ուզում՝ իրենց թագավորը լինեմ, և սպանեք նրանց իմ առաջ»»:

28 Այս ամենի մասին խոսելուց հետո Հիսուսը շարունակեց ճանապարհը դեպի Երուսաղեմ: 29 Երբ արդեն մոտեցել էր Բեթփագե ու Բեթանիա գյուղերին, որոնք գտնվում էին Ձիթենյաց լեռան+ վրա, աշակերտներից երկուսին ուղարկեց՝+ 30 ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի քուռակ* կտեսնեք կապված, որի վրա մարդ չի նստել: Արձակեք դրան ու բերեք այստեղ: 31 Իսկ եթե ինչ-որ մեկը հարցնի ձեզ՝ «Ինչո՞ւ եք արձակում», ասեք՝ «Տիրոջը պետք է»»: 32 Աշակերտներն էլ գնացին ու գտան քուռակին, ինչպես որ Հիսուսն ասել էր:+ 33 Երբ արձակում էին քուռակին, դրա տերերը հարցրին նրանց. «Ինչո՞ւ եք արձակում»: 34 Աշակերտներն էլ պատասխանեցին. «Տիրոջը պետք է»: 35 Եվ այսպես՝ քուռակը բերեցին Հիսուսի մոտ, իրենց վերնահագուստները գցեցին դրա վրա, և նա հեծավ այն:+

36 Մինչ Հիսուսը առաջ էր գնում, մարդիկ ճանապարհի վրա փռում էին իրենց վերնահագուստները:+ 37 Հենց որ նա մոտեցավ Ձիթենյաց լեռից դեպի ներքև տանող ճանապարհին, աշակերտների մեծ բազմությունը սկսեց ուրախությամբ ու բարձր ձայնով գովաբանել Աստծուն իրենց տեսած բոլոր զորավոր գործերի համար: 38 Նրանք ասում էին. «Օրհնյա՜լ է Եհովայի* անունով եկող Թագավորը: Խաղաղությո՜ւն երկնքում: Փա՜ռք բարձունքներում բնակվողին»:+ 39 Սակայն բազմության մեջ եղող փարիսեցիներից ոմանք ասացին Հիսուսին. «Ուսուցի՛չ, սաստիր աշակերտներիդ»:+ 40 Իսկ նա պատասխանեց. «Ասում եմ ձեզ. եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն»:

41 Երբ Հիսուսը մոտեցավ Երուսաղեմին, նայեց այդ քաղաքին ու լաց եղավ:+ 42 Նա ասաց. «Երանի՜ թե այսօր հասկանայիր, թե ինչն է տանում խաղաղության... բայց հիմա աչքերդ փակ են:*+ 43 Օրեր կգան, երբ թշնամիներդ քո շուրջը սրածայր գերաններով պատնեշ կկանգնեցնեն ու ամեն կողմից քեզ կպաշարեն,*+ 44 հիմնահատակ կավերեն քեզ ու կկործանեն զավակներիդ:+ Քարը քարի վրա չի մնա այստեղ, որովհետև դու չհասկացար, որ եկել է քեզ ստուգելու ժամանակը»:+

45 Այնուհետև Հիսուսը տաճար մտավ ու սկսեց այնտեղից վռնդել առուծախ անողներին՝+ 46 ասելով. «Գրված է՝ «Իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն»,+ բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել»:+

47 Նա ամեն օր ուսուցանում էր տաճարում: Իսկ ավագ քահանաները, Օրենքի ուսուցիչներն* ու ժողովրդի միջի ազդեցիկ մարդիկ ուզում էին սպանել նրան,+ 48 սակայն չգիտեին՝ ինչպես դա անեն, որովհետև մարդիկ, ցանկանալով լսել նրան, մի քայլ անգամ չէին հեռանում նրանից:+

20 Մի օր, երբ Հիսուսը տաճարում ուսուցանում էր ժողովրդին և բարի լուրն էր հռչակում, ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* երեցների հետ մոտեցան նրան 2 ու ասացին. «Ասա մեզ, ի՞նչ իշխանությամբ ես անում այդ ամենը: Ո՞վ է տվել քեզ այդ իրավասությունը»:+ 3 Հիսուսն ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ, պատասխանեք: 4 Հովհաննեսը մկրտելու իրավասությունը երկնքի՞ց էր ստացել, թե՞ մարդկանցից»: 5 Նրանք էլ սկսեցին դատողություններ անել՝ իրար մեջ խոսելով. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան», 6 իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը կքարկոծի մեզ, որովհետև նրանք համոզված են, որ Հովհաննեսը մարգարե էր»:+ 7 Ուստի պատասխանեցին, թե չգիտեն՝ որտեղից էր: 8 Հիսուսն էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը»:

9 Ապա նա ժողովրդին մի առակ պատմեց. «Մի մարդ խաղողի այգի տնկեց,+ վարձով տվեց մշակներին ու երկար ժամանակով գնաց օտար երկիր:+ 10 Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների մոտ մի ծառա ուղարկեց՝ խաղողի այգու բերքից որոշակի բաժին ստանալու: Սակայն մշակները նրան ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին:+ 11 Տերը մեկ ուրիշ ծառայի ուղարկեց: Նրանք այս մեկին էլ ծեծեցին և նվաստացնելով դատարկաձեռն հետ ուղարկեցին: 12 Ապա տերը երրորդին ուղարկեց. նրան էլ ծեծեցին ու դուրս շպրտեցին: 13 Այդ ժամանակ խաղողի այգու տերն ասաց. «Ի՞նչ անեմ: Սիրելի որդուս ուղարկեմ,+ պետք է որ հարգեն նրան»: 14 Բայց երբ մշակները տեսան նրան, սկսեցին խորհրդակցել. «Սա է ժառանգը: Եկեք սպանենք նրան, որ ժառանգությունը մերը լինի»: 15 Եվ բռնեցին նրան, քարշ տվեցին այգուց դուրս ու սպանեցին:+ Ուստի այգու տերը ի՞նչ կանի նրանց: 16 Նա կգա ու կսպանի այդ մշակներին, այգին էլ ուրիշներին կտա»:

Առակը լսելով՝ ժողովուրդն ասաց. «Դա ուղղակի չլսված բան է»: 17 Իսկ Հիսուսը սևեռուն նայեց նրանց ու ասաց. «Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այս գրվածը. «Այն քարը, որ մերժեցին շինարարները, դարձավ գլխավոր անկյունաքարը»: *+ 18 Ամեն ոք, ում ոտքը դիպչի այդ քարին, կընկնի ու ջարդուփշուր կլինի:+ Եվ ում վրա այն ընկնի, կճզմի նրան»:

19 Օրենքի ուսուցիչներն ու ավագ քահանաները հասկացան, որ այդ առակը պատմեց՝ իրենց նկատի ունենալով: Ուստի ցանկանում էին հենց այդ պահին բռնել նրան, բայց վախեցան ժողովրդից:+ 20 Այդուհանդերձ, ուշադիր հետևում էին Հիսուսին: Իսկ հետո գաղտնաբար մարդիկ վարձեցին և ուղարկեցին նրա մոտ, որ վերջիններս, անկեղծ ձևանալով, նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն+ ու հանձնեն իշխանությունների և կուսակալի ձեռքը: 21 Այդ մարդիկ ասացին Հիսուսին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճիշտն ես խոսում և ուսուցանում, դու կողմնակալություն չես անում և Աստծու ճանապարհի մասին ճշմարտությունն ես սովորեցնում: 22 Թույլատրելի՞ է* կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»: 23 Բայց Հիսուսը, հասկանալով, որ նրանք խորամանկություն են անում, ասաց. 24 «Ինձ մի դինար* ցույց տվեք: Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ մակագրությունն է սա»: Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»: 25 Նա էլ ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք,+ իսկ Աստծունը՝ Աստծուն»:+ 26 Այդպիսով՝ նրանց չհաջողվեց հանրորեն ծուղակը գցել Հիսուսին, ու նրա պատասխանից ապշած՝ նրանք պապանձվեցին:

27 Հիսուսին մոտեցան մի քանի սադուկեցիներ (սադուկեցիները ասում էին, թե հարություն չկա)+ և հարցրին.+ 28 «Ուսուցի՛չ, Մովսեսը գրել է. «Եթե ամուսնացած մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»:+ 29 Եվ այսպես՝ յոթ եղբայրներ կային: Առաջինն ամուսնացավ, բայց անզավակ մահացավ: 30 Հետո երկրորդն ամուսնացավ այդ կնոջ հետ, բայց նա էլ մահացավ: 31 Նույնը պատահեց երրորդին: Այդպես՝ յոթն էլ անզավակ մահացան: 32 Վերջում կինն էլ մահացավ: 33 Հիմա հարության ժամանակ նա ո՞ր մեկի կինն է լինելու, չէ՞ որ յոթն էլ ամուսնացել էին նրա հետ»:

34 Հիսուսն ասաց նրանց. «Այս աշխարհի* մարդիկ կին են առնում և մարդու են գնում, 35 բայց ովքեր արժանի համարվեն հարություն առնելու և ապրելու ապագայում,* ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան:+ 36 Դեռ ավելին՝ նրանք այլևս չեն կարող մահանալ: Նրանք հրեշտակների նման կլինեն և հարություն առնելով՝* Աստծու զավակները կլինեն: 37 Իսկ որ մահացածները հարություն են առնելու, դա Մովսեսն էլ է ցույց տվել՝ այրվող փշաթփի պատմության մեջ Եհովային* կոչելով «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»:+ 38 Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի. նրանք բոլորն էլ ողջ են նրա համար»:+ 39 Օրենքի ուսուցիչներից ոմանք ասացին. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր»: 40 Եվ ոչ ոք այլևս չէր համարձակվում որևէ հարց տալ նրան:

41 Իր հերթին Հիսուսը հարց ուղղեց իրեն լսողներին. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է:+ 42 Չէ՞ որ Դավիթն ինքը «Սաղմոսներ» գրքում ասում է. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում, 43 մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»»:+ 44 Փաստորեն, Դավիթը նրան Տեր է կոչում, ուրեմն ինչպե՞ս է նա Դավթի որդին»:

45 Մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր Հիսուսին, նա իր աշակերտներին ասաց. 46 «Զգույշ եղեք, որ չնմանվեք Օրենքի ուսուցիչներին, ովքեր սիրում են երկար զգեստներով շրջել, հանրային վայրերում* ողջույններ ստանալ, ժողովարաններում զբաղեցնել առաջին* աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը,+ 47 և ովքեր ուտում են այրիների ունեցվածքն* ու ցուցադրաբար երկար աղոթքներ անում: Նրանք ավելի խիստ դատաստանի կարժանանան»:

21 Նայելով գանձանակների կողմը՝ Հիսուսը տեսավ, որ հարուստները գումար էին գցում դրանց մեջ որպես նվիրաբերություն:+ 2 Հետո տեսավ, որ մի կարիքավոր այրի չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ* գցեց:+ 3 Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը,+ 4 որովհետև բոլորն իրենց ավելցուկը նվիրաբերեցին, իսկ նա, չունևոր լինելով հանդերձ, գցեց իր ողջ ապրուստը»:+

5 Ավելի ուշ, երբ ոմանք խոսում էին տաճարի մասին, թե ինչ հոյակապ քարերով ու նվիրաբերված իրերով է այն զարդարված,+ 6 Հիսուսն ասաց. «Այս ամենը, որ հիմա տեսնում եք, կքանդվի: Օրեր կգան, երբ այստեղ քարը քարի վրա չի մնա»:+ 7 Այդ ժամանակ նրանք հարցրին. «Ուսուցի՛չ, ե՞րբ է լինելու դա, և ո՞րն է լինելու նշանը, որ այդ ամենի կատարումը մոտ է»:+ 8 Նա էլ ասաց. «Զգույշ եղեք, որ ձեզ չմոլորեցնեն:+ Շատերը կգան իմ անվան տակ ու կասեն՝ «Այդ ես եմ», «Ժամանակը մոտեցել է»: Մի՛ հետևեք նրանց:+ 9 Նաև երբ պատերազմների ու խռովությունների մասին լուրեր լսեք, մի՛ սարսափեք, որովհետև նախ այդպիսի բաներ պետք է լինեն, բայց վերջը անմիջապես չի գա»:+

10 Ապա ավելացրեց. «Ազգ ազգի դեմ դուրս կգա,+ և թագավորություն՝ թագավորության դեմ,+ 11 մեծ երկրաշարժեր կլինեն, տարբեր վայրերում սննդի պակաս կլինի և համաճարակներ:+ Մարդիկ ահազդու բաներ կտեսնեն ու երկնքից եկող մեծամեծ նշաններ:

12 Բայց մինչ այդ ձեզ կհալածեն ու կբռնեն, կդատեն ժողովարաններում+ ու բանտ կգցեն և իմ անվան համար կկանգնեցնեն թագավորների ու կառավարիչների առաջ:+ 13 Դրա շնորհիվ վկայություն տալու հնարավորություն կունենաք: 14 Ձեր մտքում ամուր պահեք* սա. դուք կարիք չեք ունենա նախապես փորձեր անելու, թե ինչպես խոսեք ի պաշտպանություն ձեզ,+ 15 որովհետև ես ձեզ իմաստություն կտամ ու կօգնեմ, որ իմանաք՝ ինչ ասել, այնպես որ ձեր բոլոր հակառակորդները միասին չեն կարողանա ընդդիմանալ կամ հակաճառել ձեզ:+ 16 Նույնիսկ ձեր ծնողները, եղբայրները, հարազատներն ու ընկերները ձեզ կմատնեն,* և ձեզանից ոմանք կսպանվեն:+ 17 Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից:+ 18 Սակայն ձեր գլխից մի մազ անգամ չի պակասի:*+ 19 Մինչև վերջ դիմանալով՝ դուք կփրկեք ձեր կյանքը:*+

20 Երբ տեսնեք Երուսաղեմը զորքերով շրջապատված,+ իմացեք, որ դրա կործանումը* մոտեցել է:+ 21 Այդ ժամանակ Հրեաստանում եղողները թող սարերը փախչեն,+ Երուսաղեմում եղողները թող դուրս գան այնտեղից, իսկ ովքեր շրջակայքում են, թող չմտնեն քաղաք, 22 որովհետև այդ օրերին Աստված արդար հատուցում է տալու, որպեսզի բոլոր գրվածները կատարվեն: 23 Որքա՜ն դժվար կլինի այդ օրերին հղիների ու կրծքով կերակրողների համար,+ որովհետև այս երկիրը աղետալի վիճակում կհայտնվի, և ցասում կգա այս ժողովրդի վրա: 24 Նրանց սրի կքաշեն ու գերի կտանեն այլ երկրներ:*+ Ազգերը* կկոխկրտեն Երուսաղեմը, մինչև որ ազգերի* համար սահմանված ժամանակը լրանա:+

25 Նաև արևի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն,+ և երկրի վրա ազգերը փոթորկված ծովի ահեղ ձայնից կտագնապեն՝ չիմանալով ինչ անել: 26 Երկնքի համակարգերը* կսասանվեն, և մարդկանց սիրտը կթուլանա վախից ու երկրի վրա կատարվելիք բաների մռայլ սպասումից: 27 Այդ ժամանակ կտեսնեն մարդու Որդուն+ ամպի մեջ գալիս՝ օժտված մեծ զորությամբ ու փառքով:+ 28 Երբ այս ամենը սկսի կատարվել, դուք ուղիղ կանգնեք՝ ձեր գլուխը բարձր պահած, որովհետև ձեր ազատագրումը մոտենում է»:

29 Ապա Հիսուսը դրա հետ կապված մի օրինակ բերեց. «Ուշադրություն դարձրեք թզենուն և մյուս ծառերին:+ 30 Տեսնելով, որ դրանք բողբոջել են՝ իմանում եք, որ ամառն արդեն մոտ է: 31 Նմանապես, երբ տեսնեք, որ այս ամենը կատարվում է, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է: 32 Հաստատ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի:+ 33 Երկինքն ու երկիրը կանցնեն-կգնան, բայց իմ խոսքերը կմնան ընդմիշտ:+

34 Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ չտարվեք* շատակերությամբ, չափից շատ խմելով+ ու կյանքի հոգսերով,+ և չլինի թե ձեզ համար այդ օրը անսպասելի վրա հասնի 35 ու ձեզ համար լինի ինչպես մի ծուղակ:+ Այդ օրը հանկարծակի կգա ողջ երկրի երեսին ապրողների վրա: 36 Ուստի արթուն մնացեք՝+ միշտ աղաչանքներ անելով,+ որ կարողանաք խուսափել այն ամենից, ինչ լինելու է, և կանգնել մարդու Որդու առաջ»:+

37 Ամբողջ օրը Հիսուսը ուսուցանում էր տաճարում, իսկ երեկոյան գնում էր ու գիշերում Ձիթենյաց լեռան վրա:* 38 Այնուհետև վաղ առավոտյան ողջ ժողովուրդը գալիս էր տաճար՝ նրան լսելու:

22 Մոտենում էր Անթթխմոր հացերի տոնը, որ Պասեք է կոչվում:+ 2 Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* ուզում էին սպանել Հիսուսին, բայց մտածում էին, թե ինչպես նպատակահարմար կլինի դա անել,+ քանի որ վախենում էին ժողովրդի արձագանքից:+ 3 Այդ ժամանակ Սատանան մտավ Իսկարիովտացի կոչվող Հուդայի՝ 12 առաքյալներից մեկի սիրտը:+ 4 Նա գնաց, որ ավագ քահանաների ու տաճարի վերահսկիչների հետ քննարկի, թե ինչպես մատնի Հիսուսին:+ 5 Նրանք շատ ուրախացան և որոշեցին փող* տալ նրան:+ 6 Նա էլ համաձայնվեց ու սկսեց հարմար առիթ փնտրել, որ մատնի Հիսուսին, երբ մոտակայքում շատ մարդ չլինի:

7 Երբ արդեն Անթթխմոր հացերի տոնն էր,* որի ժամանակ պետք է մատուցվեր Պասեքի զոհը,+ 8 Հիսուսը ուղարկեց Պետրոսին ու Հովհաննեսին՝ ասելով. «Գնացեք և մեզ համար պատրաստեք Պասեքի ընթրիքը»:+ 9 Նրանք էլ հարցրին. «Որտե՞ղ ես ուզում՝ պատրաստենք»: 10 Նա ասաց. «Երբ քաղաք մտնեք, այնտեղ ձեզ կդիմավորի ջրի սափոր տանող մի մարդ: Նրա հետ գնացեք այն տունը, ուր որ նա կմտնի,+ 11 և տանտիրոջն ասեք. «Ուսուցիչն ասում է. «Ցույց տուր այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ կարող եմ ուտել Պասեքի ընթրիքը»»: 12 Նա կահավորված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ. այնտեղ ընթրիքի պատրաստություն տեսեք»: 13 Աշակերտները գնացին, և ամեն ինչ Հիսուսի ասածով եղավ: Այդպիսով՝ նրանք պատրաստություն տեսան Պասեքի համար:

14 Երբ եկավ ընթրիքի ժամը, Հիսուսն առաքյալների հետ թիկնեց սեղանի շուրջ+ 15 և ասաց. «Շատ էի ցանկանում ձեզ հետ ուտել այս Պասեքի ընթրիքը իմ չարչարանքներից առաջ, 16 որովհետև, ասում եմ ձեզ, այլևս չեմ ուտի այն, մինչև որ Աստծու թագավորության մեջ իրագործվի դրա հետ կապված ամեն բան»:* 17 Ապա վերցնելով բաժակը՝ շնորհակալություն հայտնեց Աստծուն ու ասաց. «Վերցրեք սա և իրար փոխանցեք: 18 Ասում եմ ձեզ, այսուհետ այլևս գինի չեմ խմի, մինչև որ Աստծու թագավորությունը գա»:

19 Հետո վերցրեց հացը,+ շնորհակալություն հայտնեց Աստծուն, մասերի բաժանեց այն, տվեց նրանց ու ասաց. «Այս հացը խորհրդանշում է իմ մարմինը,+ որը տրվելու է ձեզ համար:+ Սա արեք ինձ հիշելու համար»:+ 20 Երբ ընթրիքն արդեն ավարտել էին, նա բաժակն էլ փոխանցեց նրանց ու ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը,+ որը վավերացվելու է իմ արյունով,+ որ թափվելու է ձեզ համար:+

21 Ինձ մատնողը ինձ հետ սեղան է նստել:+ 22 Մարդու Որդին կանցնի այն ամենի միջով, ինչ գրվել է նրա մասին,+ բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով նա կմատնվի»:+ 23 Առաքյալներն էլ սկսեցին իրար մեջ քննարկել, թե իրենցից ում մտքով նման բան կարող էր անցնել:+

24 Նրանց մեջ նաև թեժ վիճաբանություն սկսվեց, թե իրենցից ով է մեծ:+ 25 Բայց Հիսուսն ասաց. «Ժողովուրդների թագավորները տիրում են նրանց վրա, և իշխանություն ունեցողներին մարդիկ պատվում են՝ Բարերար* կոչելով:+ 26 Բայց ձեր դեպքում չպետք է այդպես լինի:+ Այլ ձեր միջի մեծը թող լինի ինչպես ամենափոքրը,*+ և ով առաջնորդում է, թող լինի ինչպես ծառայող: 27 Սեղան նստա՞ծն է մեծ, թե՞ սպասարկողը: Ինչ խոսք, սեղան նստածը: Բայց ես ձեր մեջ սպասավորի պես եմ վարվում:+

28 Ինչ փորձությունների միջով էլ անցել եմ,+ դուք հավատարմորեն ինձ հետ եք մնացել:+ 29 Ուստի ես ուխտ եմ կապում ձեզ հետ, ինչպես իմ Հայրը՝ ինձ հետ, որ թագավորական իշխանություն ստանաք,+ 30 որպեսզի իմ թագավորության մեջ ուտեք ու խմեք իմ սեղանից+ և նստեք գահերին՝+ Իսրայելի 12 ցեղերին դատելու:+

31 Սիմո՛ն, Սիմո՛ն, Սատանան պահանջել է, որ իրեն թույլ տրվի բոլորիդ մաղել ցորենի պես:+ 32 Բայց ես աղաչել եմ քեզ համար, որ հավատդ չմարի:+ Երբ զղջաս ու վերադառնաս, զորացրու եղբայրներիդ»:+ 33 Պետրոսն ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ թե՛ բանտ գնալու, թե՛ մեռնելու»:+ 34 Հիսուսն էլ ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, աքաղաղը դեռ չկանչած՝ այսօր դու երեք անգամ կհերքես, որ ճանաչում ես ինձ»:+

35 Հետո հարցրեց նրանց. «Երբ ձեզ առանց քսակի, ուտելիքի* և սանդալների ուղարկեցի,+ ոչ մի բանի կարիք չունեցաք, չէ՞»: Նրանք պատասխանեցին՝ ո՛չ: 36 Նա շարունակեց. «Բայց հիմա եթե քսակ և ուտելիք ունեք, վերցրեք ձեզ հետ, և եթե սուր չունեք, վաճառեք ձեր վերնահագուստը և սուր գնեք: 37 Ասում եմ ձեզ. իմ պարագայում պետք է կատարվի այս գրվածը. «Նա անօրենների հետ դասվեց»:+ Իմ մասին գրվածները կատարվում են»:+ 38 Այդ ժամանակ նրանք ասացին. «Տե՛ր, այստեղ երկու սուր կա»: Նա էլ ասաց. «Այդքանը բավական է»:

39 Այնտեղից դուրս գալով՝ Հիսուսը, սովորության համաձայն, գնաց Ձիթենյաց լեռը, աշակերտներն էլ՝ նրա հետ:+ 40 Հասնելով այնտեղ՝ նրանց ասաց. «Շարունակ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք»:+ 41 Եվ նրանցից մի քարընկեցի* չափ հեռանալով՝ ծնկի եկավ ու սկսեց աղոթել. 42 «Հա՛յր, եթե կամենում ես, հեռացրու այս բաժակն ինձանից: Բայց թող ոչ թե իմ կամքը լինի, այլ քո»:+ 43 Եվ երկնքից մի հրեշտակ հայտնվեց ու զորացրեց նրան:+ 44 Բայց Հիսուսն այնպիսի ծանր ապրումների մեջ էր, որ ավելի ու ավելի ջերմեռանդորեն էր աղոթում,+ և կաթիլ-կաթիլ գետնին թափվող նրա քրտինքը նմանվեց արյան կաթիլների: 45 Աղոթելուց հետո նա վեր կացավ, գնաց աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ, քանի որ այնքան էին ընկճվել, որ ուժասպառ էին եղել:+ 46 Նրանց ասաց. «Ինչո՞ւ եք քնել: Վեր կացեք և շարունակ աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք»:+

47 Նա դեռ խոսում էր, երբ ահա եկավ մի ամբոխ՝ Հուդայի՝ տասներկուսից մեկի գլխավորությամբ: Նա մոտեցավ Հիսուսին, որ համբուրի նրան:+ 48 Բայց Հիսուսն ասաց. «Հո՛ւդա, մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում»: 49 Հիսուսի կողքին կանգնածները, հասկանալով, թե ինչ է տեղի ունենալու, ասացին. «Տե՛ր, սրով հարվածե՞նք»: 50 Եվ նրանցից մեկը հենց այդպես էլ արեց. հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա աջ ականջը:+ 51 Բայց Հիսուսն ասաց. «Պե՛տք չէ, վե՛րջ տվեք»: Եվ դիպավ ծառայի ականջին ու բուժեց նրան: 52 Ապա իրեն բռնելու եկած ավագ քահանաներին, տաճարի վերահսկիչներին ու երեցներին ասաց. «Ավազա՞կ եմ, ի՞նչ է, որ սրերով ու մահակներով եք եկել իմ դեմ:+ 53 Ամեն օր ձեզ հետ տաճարում էի,+ և այդ ողջ ընթացքում դուք ինձ չբռնեցիք:+ Բայց հիմա հասել է ժամը, որ դուք գործեք, և խավարը իշխի»:+

54 Հիսուսին ձերբակալեցին+ ու տարան քահանայապետի տուն, իսկ Պետրոսը, հեռավորություն պահելով, գնաց նրանց հետևից:+ 55 Մարդիկ բակում կրակ վառեցին և նստեցին շուրջը: Պետրոսն էլ էր նստած նրանց հետ:+ 56 Աղախիններից մեկը, կրակի լույսի տակ տեսնելով նրան, սևեռուն նայեց և ասաց. «Այս մարդն էլ էր նրա հետ»: 57 Բայց Պետրոսը հերքեց. «Ա՛յ կին, ես չեմ ճանաչում նրան»: 58 Քիչ անց մեկ ուրիշը տեսավ նրան ու ասաց. «Դու էլ ես նրա աշակերտներից»: Բայց Պետրոսն ասաց. «Ա՛յ մարդ, ես նրանցից չեմ»:+ 59 Մոտ մի ժամ հետո մեկ ուրիշը համոզվածությամբ ասաց. «Հաստատ այս մարդն էլ էր նրա հետ, որովհետև գալիլեացի է»: 60 Բայց Պետրոսն ասաց. «Չեմ հասկանում՝ ինչի մասին ես խոսում»: Եվ հենց այդ պահին, երբ նա դեռ խոսքը չէր ավարտել, աքաղաղը կանչեց: 61 Այդ ժամանակ Տերը շրջվեց ու նայեց Պետրոսին, և Պետրոսը հիշեց նրա խոսքերը, որ ասել էր. «Այսօր, աքաղաղը դեռ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»:+ 62 Եվ դուրս գնաց ու դառնագին լաց եղավ:

63 Հիսուսին հսկողները ծաղրում էին նրան,+ հարվածում+ 64 և դեմքը ծածկելով՝ ասում էին. «Եթե մարգարե ես, ասա՝ ո՞վ էր քեզ խփողը»: 65 Ուրիշ շատ անարգական խոսքեր էլ էին ասում Հիսուսին՝ այդպիսով վիրավորելով Աստծուն:

66 Երբ օրը բացվեց, ժողովրդի երեցների խորհուրդը, այսինքն՝ ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները հավաքվեցին Սինեդրիոնի* դահլիճում+ և Հիսուսին բերել տվեցին: Նրանք ասացին. 67 «Եթե դու Քրիստոսն ես, ասա՛»:+ Բայց նա պատասխանեց. «Նույնիսկ եթե ասեի, միևնույն է, չէիք հավատա, 68 և եթե անգամ ձեզ հարց տայի, չէիք պատասխանի: 69 Բայց սրանից հետո մարդու Որդին+ նստած կլինի զորավոր Աստծու աջ կողմը»:+ 70 Եվ բոլորը հարցրին. «Հիմա ի՞նչ, դու Աստծու Որդի՞ն ես»: Նա պատասխանեց. «Այո՛, այդպես է»:* 71 Նրանք էլ ասացին. «Էլ ի՞նչ վկայություն է մեզ պետք: Հենց նրա բերանից լսեցինք»:+

23 Այդ ժամանակ բոլոր հավաքվածները Հիսուսին Պիղատոսի մոտ տարան:+ 2 Ապա սկսեցին մեղադրանքներ ներկայացնել նրա դեմ.+ «Մենք պարզել ենք, որ այս մարդը մեր ազգին խռովության է հրահրում, ասում է, որ պետք չէ կայսրին հարկեր վճարել,+ և պնդում է, թե ինքն է Քրիստոսը՝ թագավորը»:+ 3 Պիղատոսը հարցրեց Հիսուսին. «Դու հրեաների թագավո՞րն ես»: Նա պատասխանեց. «Հենց այդպես էլ կա»:*+ 4 Ապա Պիղատոսը ավագ քահանաներին ու ժողովրդին ասաց. «Ես գտնում եմ, որ այս մարդը ոչ մի հանցանք չի գործել»:+ 5 Բայց նրանք պնդում էին. «Այս մարդը ամբողջ Հրեաստանում, Գալիլեայից մինչև այստեղ իր սովորեցրածներով խռովության է հրահրում ժողովրդին»: 6 Դա լսելով՝ Պիղատոսը հարցրեց, թե արդյոք Հիսուսը գալիլեացի է: 7 Երբ պարզեց, որ նա Հերովդեսի+ իշխանության տակ եղող տարածքից է, նրան ուղարկեց Հերովդեսի մոտ, որը նույնպես Երուսաղեմում էր այդ օրերին:

8 Տեսնելով Հիսուսին՝ Հերովդեսը շատ ուրախացավ. նա վաղուց էր ուզում տեսնել նրան, քանի որ լսել էր նրա մասին+ և հույս ուներ, որ իր աչքի առաջ մի հրաշք կգործի: 9 Հերովդեսը երկար ժամանակ հարցեր էր տալիս Հիսուսին, բայց նա ոչինչ չէր պատասխանում:+ 10 Իսկ ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները* անընդհատ տեղից վեր էին կենում և խիստ բորբոքված՝ մեղադրանքներ էին ներկայացնում նրա դեմ: 11 Այդ ժամանակ Հերովդեսն իր պահապան զինվորների հետ սկսեց անարգել Հիսուսին,+ շքեղ հագուստ հագցնելով՝ ծաղրանքի ենթարկեց+ ու հետ ուղարկեց Պիղատոսի մոտ: 12 Այդ օրը Հերովդեսն ու Պիղատոսը բարեկամացան. բանն այն է, որ մինչ այդ նրանց միջև թշնամություն կար:

13 Պիղատոսն էլ իր մոտ կանչեց ավագ քահանաներին, ղեկավար մարդկանց ու ժողովրդին 14 և ասաց. «Դուք ինձ մոտ բերեցիք այս մարդուն՝ մեղադրելով նրան ժողովրդին ըմբոստության հրահրելու մեջ: Ես ձեր առաջ հարցաքննեցի նրան, բայց նրա դեմ ձեր ներկայացրած մեղադրանքների համար ոչ մի հիմք չգտա:+ 15 Հերովդեսն էլ չգտավ, դրա համար էլ նրան հետ ուղարկեց մեզ մոտ: Այս մարդը մահվան արժանի ոչ մի բան չի արել: 16 Ուստի միայն կպատժեմ նրան+ ու ազատ կարձակեմ»: 17 ....* 18 Բայց ամբոխը բղավեց. «Սպանի՛ր դրան և Բարաբբայի՛ն ազատ արձակիր»:+ 19 (Բարաբբան բանտարկվել էր քաղաքում բարձրացված խռովությանը մասնակցելու և մարդասպանության համար): 20 Պիղատոսը դարձյալ դիմեց նրանց՝ ցանկանալով ազատել Հիսուսին:+ 21 Սակայն նրանք սկսեցին գոռալ. «Գամի՛ր նրան, սյա՛նը գամիր»:*+ 22 Պիղատոսը երրորդ անգամ հարցրեց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել այս մարդը: Ես չգտա մի բան, ինչի համար այս մարդուն պետք է մահվան դատապարտեմ, ուստի պարզապես կպատժեմ նրան ու ազատ կարձակեմ»: 23 Դա լսելով՝ նրանք սկսեցին ավելի բարձր գոռալ և համառորեն պահանջել, որ Հիսուսին սյանը գամի, և այնքան գոռացին,+ 24 մինչև որ Պիղատոսը տեղի տվեց և որոշեց կատարել նրանց պահանջը: 25 Նա ազատ արձակեց նրանց ուզած մարդուն՝ խռովության ու մարդասպանության համար բանտարկվածին, իսկ Հիսուսին մահապատժի դատապարտեց, ինչպես որ ուզում էին:

26 Հիսուսին տանելիս ճանապարհին մի մարդու կանգնեցրին՝ Կյուրենիայից ոմն Սիմոնի, որը հարակից գյուղական տարածքից էր գալիս, և հրամայեցին, որ Հիսուսի հետևից գնա ու տանի տանջանքի սյունը:*+ 27 Նրա հետևից գնում էր մարդկանց մի մեծ բազմություն, այդ թվում նաև շատ կանայք, որոնք վշտից կուրծք էին ծեծում ու ողբում նրա համար: 28 Հիսուսը շրջվեց դեպի կանայք ու ասաց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ համար մի՛ լացեք: Լացեք ձեզ համար և ձեր երեխաների համար,+ 29 որովհետև ահա օրեր են գալիս, երբ մարդիկ կասեն. «Երանի՜ ամուլ կանանց, երանի՜ այն կանանց, ովքեր դեռ չեն ծնել ու կրծքով չեն կերակրել»:+ 30 Եվ լեռներին կասեն՝ «Թաքցրե՛ք մեզ», ու բլուրներին՝ «Ծածկե՛ք մեզ»:+ 31 Եթե հիմա, երբ ծառը դեռ կանաչ է, այսպիսի բան է կատարվում, ապա ի՞նչ կլինի, երբ այն չորանա»:

32 Հիսուսի հետ մահապատժի ենթարկելու էին տանում նաև երկու հանցագործների:+ 33 Երբ հասան Գանգ կոչվող վայրը,+ այնտեղ նրան սյանը գամեցին այդ հանցագործների մեջտեղում. մեկը նրա աջ կողմում էր, մյուսը՝ ձախ:+ 34 Հիսուսն ասում էր. «Հա՛յր, ներիր նրանց. նրանք չգիտեն՝ ինչ են անում»: Զինվորները վիճակ* գցեցին, որ նրա հագուստները բաժանեն իրար մեջ:+ 35 Ժողովուրդը կանգնած նայում էր, թե ինչ է կատարվում, իսկ ազդեցիկ մարդիկ* քմծիծաղ էին տալիս և ասում. «Ուրիշներին փրկեց, դե թող իրեն էլ փրկի, եթե Աստծու Օծյալն է՝* նրա Ընտրյալը»:+ 36 Անգամ զինվորները ծաղրանքով նրան թթված գինի առաջարկեցին՝+ 37 ասելով. «Եթե հրեաների Թագավորն ես, փրկիր քեզ»: 38 Հիսուսի գլխավերևում փակցված էր հետևյալ գրությունը. «Սա հրեաների թագավորն է»:+

39 Սյան վրա մահապատժի ենթարկված հանցագործներից մեկը սկսեց հեգնանքով խոսել նրա հետ՝+ ասելով. «Բա դու Քրիստոսը չե՞ս, դե քեզ էլ փրկիր, մեզ էլ»: 40 Իսկ մյուսը նախատեց նրան. «Աստծուց վախ չունե՞ս: Դու նույն պատիժն ես կրում, ինչ այս մարդը: 41 Բայց մեր պատիժն արդարացի է, մենք մեր արածների արժանի հատուցումն ենք ստանում, իսկ նա ոչ մի սխալ բան չի արել»: 42 Ապա Հիսուսին դիմելով՝ ասաց. «Հիսո՛ւս, հիշիր ինձ, երբ թագավոր դառնաս»:*+ 43 Նա էլ պատասխանեց. «Հաստատ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ դրախտում+ կլինես»:

44 Դեռ կեսօրին* մոտ էր, բայց խավար իջավ այդ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև ժամը երեքի* կողմերը,+ 45 որովհետև արևի լույսը խավարել էր: Իսկ սրբարանի վարագույրը+ մեջտեղից վերից վար պատռվեց:+ 46 Հիսուսը բարձր ձայնով բացականչեց. «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում* իմ կյանքը»:*+ Դա ասելուց հետո շունչը տվեց:+ 47 Տեսնելով տեղի ունեցող ամեն բան՝ հարյուրապետը սկսեց փառաբանել Աստծուն և ասաց. «Այս մարդն իրոք որ արդար էր»:+ 48 Բոլոր մարդիկ, որ հավաքվել էին այնտեղ՝ մահապատիժը դիտելու, երբ տեսան տեղի ունեցած ամեն բան, կուրծք ծեծելով հետ դարձան: 49 Հիսուսին ճանաչողները կանգնած էին հեռվում: Գալիլեայից Հիսուսին ուղեկցած կանայք էլ էին այնտեղ և ականատես եղան այդ ամենին:+

50 Հովսեփ անունով մի մարդ կար, որը Խորհրդի* անդամ էր: Նա բարի էր ու արդար:+ 51 (Այդ մարդը թիկունք չէր կանգնել Խորհրդի նենգ ծրագրին ու արածներին): Նա Հրեաստանի Արիմաթեա քաղաքից էր և սպասում էր Աստծու թագավորությանը: 52 Հովսեփը գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ Հիսուսի մարմինը իրեն տան: 53 Հետո իջեցրեց մարմինը,+ փաթաթեց բարձրորակ կտավով ու դրեց ժայռափոր մի գերեզմանում,+ որտեղ դեռ ոչ ոքի չէին դրել: 54 Պատրաստության օրն էր,+ և արդեն սկսվում էր Շաբաթը:+ 55 Հիսուսի հետ Գալիլեայից եկած կանայք նույնպես գնացին ու տեսան գերեզմանը և նրա մարմինը, որ դրված էր այնտեղ:+ 56 Ապա հետ դարձան, որ հոտավետ բուսանյութեր ու անուշահոտ յուղեր նախապատրաստեն: Բայց Շաբաթ օրը,+ Օրենքի համաձայն, հանգստացան:

24 Շաբաթվա առաջին օրը՝ վաղ առավոտյան, կանայք եկան գերեզման և բերեցին իրենց նախապատրաստած հոտավետ բուսանյութերը:+ 2 Բայց տեսան, որ քարը գերեզմանի մուտքից մի կողմ է գլորված,+ 3 ու երբ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան:+ 4 Մինչ նրանք տարակուսանքի մեջ էին, լուսափայլ հագուստներով երկու մարդ կանգնեցին նրանց կողքին: 5 Կանայք վախեցան ու չէին համարձակվում նայել նրանց: Իսկ այդ մարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մահացածների մեջ փնտրում:+ 6 Նա այստեղ չէ. հարություն է առել: Չե՞ք հիշում՝ ինչ ասաց ձեզ, երբ դեռ Գալիլեայում էր: 7 Չէր ասո՞ւմ, որ մարդու Որդին պետք է մեղսագործների ձեռքը մատնվի, սյան վրա մահապատժի ենթարկվի և երրորդ օրը հարություն առնի»:+ 8 Այդ ժամանակ կանայք հիշեցին Հիսուսի ասածները:+ 9 Գերեզմանից վերադառնալով՝ նրանք այդ ամենի մասին պատմեցին 11 առաքյալներին և մյուս բոլորին:+ 10 Եղելությունը առաքյալներին հայտնողներն էին Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մարիամը և նրանց հետ եղող մյուս կանայք: 11 Սակայն առաքյալներն ու մյուսները չէին հավատում կանանց, քանի որ նրանց ասածները անհեթեթություն էին թվում:

12 Պետրոսն էլ վեր կացավ ու վազեց դեպի գերեզման: Տեղ հասնելով՝ կռացավ ու ներս նայեց, բայց միայն կտավե կտորները տեսավ: Եվ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել՝ մտամոլոր հեռացավ:

13 Հենց այդ օրը աշակերտներից երկուսը Երուսաղեմից մոտ 11 կիլոմետր* հեռու գտնվող Էմմաուս գյուղ գնալու ճանապարհին 14 իրար հետ զրուցում էին տեղի ունեցած դեպքերի մասին:

15 Մինչ նրանք զրուցում էին ու քննարկում այդ ամենը, Հիսուսը մոտեցավ և սկսեց քայլել նրանց հետ, 16 բայց նրանք չճանաչեցին Հիսուսին:+ 17 Նա ասաց. «Այդ ի՞նչ եք այդպես բուռն քննարկում»: Աշակերտները կանգ առան: Նրանց դեմքը տխուր էր: 18 Նրանցից մեկը, որի անունը Կլեոպաս էր, ասաց. «Ի՞նչ է, դու տեղացի չե՞ս, Երուսաղեմում մեկուսացա՞ծ ես ապրում, որ չգիտես,* թե ինչ է կատարվել այնտեղ այս օրերին»: 19 Նա էլ հարցրեց. «Ի՞նչ»: Նրանք ասացին. «Նազարեթցի Հիսուսի+ հետ պատահածը: Նա զորավոր մարգարե էր, ինչը ակնհայտ էր Աստծու և մարդկանց առաջ նրա արած գործերից ու ասած խոսքերից:+ 20 Մինչդեռ մեր ավագ քահանաների և մյուս ազդեցիկ մարդկանց սադրանքով նրան մահվան դատապարտեցին+ ու սյանը գամեցին: 21 Իսկ մենք հույս ունեինք, թե հենց նա էր այն մարդը, ով պետք է ազատեր Իսրայելին:+ Եվ այդ դեպքերից հետո սա արդեն երրորդ օրն է: 22 Ու դեռ մի բան էլ մեր միջից մի քանի կանայք իրենց հայտնած տեղեկություններով զարմացրին մեզ: Նրանք վաղ առավոտյան գերեզման էին գնացել,+ 23 բայց նրա մարմինը չէին գտել: Եվ եկել մեզ պատմում էին, թե այնտեղ արտասովոր բան էին տեսել՝ հրեշտակների, որոնք ասել էին, թե նա ողջ է: 24 Ուստի մեզնից ոմանք գնացին գերեզման+ ու տեսան, որ այն դատարկ է, ինչպես որ պատմել էին կանայք, բայց Հիսուսին էլ չտեսան»:

25 Նա ասաց նրանց. «Ո՜վ անմիտներ, որ դժվարանում եք* հավատալ մարգարեների բոլոր ասածներին: 26 Չէ՞ որ Քրիստոսը պետք է կրեր այդ չարչարանքները+ և հետո փառավորվեր»:+ 27 Եվ սկսելով Մովսեսի ու մարգարեների գրածներից՝+ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ իր մասին գրված էր բոլոր Գրքերում:

28 Վերջապես նրանք մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, և Հիսուսը ձևացրեց, թե շարունակում է իր ճանապարհը: 29 Բայց աշակերտները սկսեցին համոզել, որ չգնա՝ ասելով. «Մնա մեզ հետ. արդեն ուշ է, և շուտով կմթնի»: Նա էլ գնաց նրանց հետ: 30 Երբ սեղան էին նստել, Հիսուսը վերցրեց հացը, աղոթեց,* մասերի բաժանեց այն ու տվեց նրանց:+ 31 Հենց այդ պահին նրանք ամեն ինչ հասկացան և ճանաչեցին նրան, բայց նա անհետացավ:+ 32 Աշակերտներն իրար ասում էին. «Իզուր չէր, որ մեր սրտերը վառվում էին ոգևորությունից, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ ու հստակ բացատրում* սուրբ գրքերը»: 33 Եվ նրանք անմիջապես վեր կացան, հետ գնացին Երուսաղեմ և այնտեղ տեսան 11 առաքյալներին ու մյուս աշակերտներին՝ միասին հավաքված: 34 Վերջիններս ասացին. «Տերն իրոք հարություն է առել, նա երևացել է Սիմոնին»:+ 35 Երկու աշակերտներն էլ պատմեցին ճանապարհին պատահածը և թե ինչպես էին ճանաչել նրան, երբ նա հացը մասերի էր բաժանել:+

36 Մինչ խոսում էին այդ ամենի մասին, հենց ինքը՝ Հիսուսը, հայտնվեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»:+ 37 Նրանք կարծեցին, թե տեսիլք* են տեսնում, և վախի ու սարսափի մեջ ընկան: 38 Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք այդպես տագնապած, և ինչո՞ւ է ձեր սիրտը կասկած ընկել: 39 Նայեք իմ ձեռքերին ու ոտքերին, այդ ես եմ: Շոշափեք և տեսեք. եթե տեսիլք* լինեի, միս ու ոսկոր չէի ունենա, իսկ ես, ինչպես տեսնում եք, ունեմ»: 40 Սա ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու ոտքերը: 41 Բայց նրանք, ուրախությունից ու զարմանքից շփոթված, դեռ չէին կարողանում հավատալ, ուստի Հիսուսն ասաց. «Ուտելու բան ունե՞ք այստեղ»: 42 Նրան մի կտոր խորոված ձուկ տվեցին, 43 նա էլ վերցրեց ու նրանց աչքի առաջ կերավ:

44 Ապա ասաց. «Հիշո՞ւմ եք, երբ դեռ ձեզ հետ էի, ասում էի,+ որ Մովսեսի օրենքում, մարգարեների գրվածքներում ու Սաղմոսներում իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն»:+ 45 Եվ օգնեց նրանց լիովին հասկանալ Գրքերում գրվածների իմաստը:+ 46 Նա ասաց. «Սուրբ գրվածքներում ասվում էր, որ Քրիստոսը պետք է չարչարվի ու երրորդ օրը հարություն առնի,+ 47 և որ Երուսաղեմից սկսած՝ բոլոր ազգերին+ պետք է նրա անունով քարոզվի,+ որ մեղքերի ներում ստանալու համար անհրաժեշտ է զղջալ:+ 48 Դուք այս բաների մասին պատմող վկաներ կլինեք:+ 49 Ես ձեզ կուղարկեմ իմ Հոր կողմից խոստացվածը, ուստի մնացեք քաղաքում, մինչև որ վերևից զորություն ստանաք»:*+

50 Այնուհետև Հիսուսի առաջնորդությամբ աշակերտները դուրս եկան քաղաքից ու հասան մինչև Բեթանիա: Այնտեղ Հիսուսը, բարձրացնելով ձեռքերը, օրհնեց նրանց: 51 Օրհնելիս սկսեց հեռանալ նրանցից և բարձրանալ* երկինք:+ 52 Իսկ աշակերտները խոնարհվեցին նրա առաջ և ուրախությամբ լի սրտով վերադարձան Երուսաղեմ:+ 53 Նրանք ամեն օր տաճարում էին լինում ու գովաբանում էին Աստծուն:+

Այսինքն՝ Հերովդես I (Մեծ): Բառարանում տես «Հերովդես»:

Բռց.՝ «դուստրերից»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «սովորության»:

Կամ՝ «դեռ իր մոր արգանդում»:

Բռց.՝ «հայրերի սիրտը դարձնի դեպի երեխաները»:

Կամ՝ «տեսիլք»:

Բռց.՝ «հայր»:

Կամ՝ «Աստծու համար անհնարին բան չկա»:

Կամ՝ «Հոգիս մեծարում է»: Բառարանում տես «Հոգի»:

Բառարանում տես «Աստվածավախություն»:

Բռց.՝ «փրկության եղջյուր»: Բառարանում տես «Եղջյուր»:

Բառարանում տես «Ուխտ»:

Բռց.՝ «ոգով ուժեղ»:

Բռց.՝ «բնակեցված երկրում»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «սրբագործեք Եհովայի համար»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «Քրիստոսին»:

Այսինքն՝ Հերովդես Անտիպասը: Բառարանում տես «Հերովդես»:

Բռց.՝ «չորրորդապետը»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «նրան, ում միջոցով Աստված փրկում է»:

Բռց.՝ «զղջմանը համապատասխանող պտուղներ բերեք»:

Կամ՝ «Հավելյալ»:

Կամ՝ «աշխատավարձով»:

Այսինքն՝ կօծի սուրբ ոգով ու կկործանի կրակով:

Ցորենը թեփից առանձնացնելու համար կիրառվում էր նաև փայտյա թիանման գործիք:

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:

Բռց.՝ «մարմնավոր կերպարանքով»:

Ըստ որոշ հին ձեռագրերի՝ Հովսեսի:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «սուրբ ծառայություն մատուցեք»:

Բռց.՝ «զորությամբ»:

Այսինքն՝ գլանաձև ձեռագիրը:

Բռց.՝ «չմաքրվեց»:

Բռց.՝ «անմաքուր»:

Կոչվում է նաև Քեներեթի ծով, Գալիլեայի ծով և Տիբերիայի ծով:

Բռց.՝ «մաքրել»:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «դպիրներ»:

Այսինքն՝ նրանց, ովքեր իրենց մյուսներից արդար էին համարում:

Կամ՝ «Աստծու առաջ դրվող հացերը»:

Կամ՝ «կաթվածահար»:

Բռց.՝ «Դպիրները»:

Կամ՝ «հոգի»:

Բռց.՝ «անմաքուր»:

Բռց.՝ «երկնքում»:

Այսինքն՝ առանց տոկոսի պարտք տաք:

Կամ՝ «Մի՛ քննադատեք», «Մի՛ մեղադրեք»: Բռց.՝ «Դադարե՛ք դատելուց»:

Բռց.՝ «Շարունակեք ներել»:

Կամ՝ «Ինչ չափով որ չափեք ու տաք ուրիշներին, նույն չափով էլ կչափվի ու կտրվի ձեզ»:

Բռց.՝ «մաքրվում»:

Բռց.՝ «ով չի ընկնում իմ պատճառով»:

Կամ՝ «Ճոխ»:

Կամ՝ «խորհուրդը»:

Բռց.՝ «արդարացվում է իր բոլոր զավակներով»:

Կամ՝ «մեղսագործ»:

Ալաբաստրը սպիտակ, թափանցիկ հանքաքար է:

Տես հավելված Բ14:

Կամ՝ «մեծ»:

Կամ հնարավոր է՝ «դրա համար էլ»:

Բռց.՝ «մի՛ տանջիր»:

Կամ հնարավոր է՝ «երկար ժամանակ այդ մարդուն իր տիրապետության տակ էր պահել»:

Բռց.՝ «կփրկվի»:

Բռց.՝ «կյանքի ուժը [ոգին] վերադարձավ»:

Բռց.՝ «արծաթ»:

Բռց.՝ «երկու ներքնազգեստ»:

Բռց.՝ «որպես վկայություն նրանց դեմ»:

Բռց.՝ «չորրորդապետ»:

Այսինքն՝ Հերովդես Անտիպասը: Բառարանում տես «Հերովդես»:

Բռց.՝ «օրհնեց դրանք»:

Բռց.՝ «Աստծու Քրիստոսն ես»:

Բռց.՝ «դպիրների»:

Բառարանում տես «Տանջանքի սյուն»:

Կամ՝ «հոգին»:

Բռց.՝ «նայիր»:

Բռց.՝ «անմաքուր»:

Բռց.՝ «այսպիսի փոքր երեխայի»:

Ակներևաբար, խոսքը հոգևորապես մահացած մարդկանց մասին է:

Հողը վարելու գործիք:

Կամ՝ «նայում է հետևում եղած բաներին»:

Ըստ որոշ հին ձեռագրերի՝ 72:

Կամ՝ «ուտելիք վերցնելու պայուսակ»:

Խոսքը բարևելիս իրար համբուրելու, գրկախառնվելու և երկար զրուցելու մասին է:

Այսինքն՝ Դատաստանի օրը:

Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «ժառանգեմ»:

Տես հավելված Ա5:

Բառարանում տես «Հոգի»:

Տես հավելված Բ14:

Կամ՝ «լավագույն բաժինը»:

Բռց.՝ «մեզ պարտք եղող ամեն մեկին»:

Բռց.՝ «մի՛ տար մեզ փորձության»:

Կամ՝ «աներես համառությամբ»:

Բռց.՝ «լավ նվերներ»:

Բռց.՝ «մի մարդու միջից համր ոգի հանեց»:

Այս անվանումը վերաբերում է Սատանային:

Բռց.՝ «մատով»:

Բռց.՝ «Աստծու թագավորությունը վրա է հասել ձեզ»:

Բռց.՝ «անմաքուր»:

Կամ՝ «հստակ է տեսնում»: Բռց.՝ «պարզ է»:

Բռց.՝ «վատն է», «չար է»:

Այսինքն՝ ծիսական արարողակարգով չմաքրվեց:

Կամ՝ «գթասրտության նվերներ եք տալիս»: Բառարանում տես «Գթասրտության նվերներ»:

Եթերայուղատու բույս:

Կամ հնարավոր է՝ «բանջարեղենների»:

Կամ՝ «լավագույն»:

Կամ՝ «շուկաներում»:

Կամ՝ «վրան նշան չարված»:

Կամ՝ «աշխարհի սկզբնավորումից»: Հավանաբար, խոսքը Ադամի ու Եվայի երեխաների մասին է:

Կամ՝ «տաճարի»:

Բռց.՝ «դպիրները»:

Բռց.՝ «մարմինը»:

Բռց.՝ «սպանելուց հետո գեհենը գցել»: Բառարանում տես «Գեհեն»:

Բռց.՝ «երկու ասսարիոնով»: Տես հավելված Բ14:

Կամ՝ «անտեսում»:

Կամ հնարավոր է՝ «ժողովարանների»:

Բռց.՝ «հենց այդ ժամին»:

Այսինքն՝ հարուստ չէ այն բաներով, որ կարևոր են Աստծու աչքին:

Բռց.՝ «մեկ կանգունով»: Տես հավելված Բ14:

Այսինքն՝ Աստծուն չծառայող մարդիկ:

Կամ՝ «գթասրտության նվերներ տվեք»: Բառարանում տես «Գթասրտության նվերներ»:

Բռց.՝ «Թող ձեր մեջքերը գոտևորված լինեն»:

Կամ՝ «գոտին կկապի»:

Բռց.՝ «երկրորդ պահին»: Այսինքն՝ երեկոյան մոտ ժ. 9:00-ից մինչև կեսգիշեր:

Բռց.՝ «երրորդ պահին»: Այսինքն՝ կեսգիշերից մինչև գիշերվա մոտ ժ. 3:00-ն:

Կամ՝ «խոհեմ»:

Կամ՝ «տան կառավարիչը»:

Կամ՝ «իր տան բոլոր ծառաներին»:

Տես հավելված Բ14:

Բռց.՝ «խաղողագործին»:

Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:

Այսինքն՝ տաճարը:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «այտուց ուներ»: Հեղուկի ավելցուկային կուտակում մարդու մարմնում:

Բռց.՝ «օրինակ բերեց նրանց համար»:

Բռց.՝ «ով չի ատում իր հորն ու մորը»:

Բառարանում տես «Տանջանքի սյուն»:

Այսինքն՝ որպես պարարտանյութ:

Բռց.՝ «դպիրները»:

Բռց.՝ «անապատում»:

Բռց.՝ «դրախմա»: Տես հավելված Բ14:

Մշտադալար ծառ, որը քաղցր սերմեր է տալիս:

Բռց.՝ «երկնքի»:

Բռց.՝ «նրա վզովն ընկավ»:

Մոտ 2 200 լ: Տես հավելված Բ14:

Մոտ 22 000 լ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «Այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:

Բռց.՝ «լույսի որդիները»:

Բռց.՝ «անարդարության հարստության»:

Բառարանում տես «Շնություն»:

Կամ՝ «մանուշակագույն թանկարժեք հագուստ ու բեհեզ»: Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:

Բռց.՝ «Աբրահամի գիրկը»:

Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «նրա գրկում»:

Կամ՝ «մարդկանց մեղքի կդրդեն»: Բռց.՝ «մարդկանց կսայթաքեցնեն»:

Բռց.՝ «փոքրերից»:

Բռց.՝ «ստրուկը»:

Կամ՝ «միջև»:

Կամ՝ «հոգին»:

Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:

Տես հավելված Ա3:

Բռց.՝ «հավատ կգտնի՞»:

Բառարանում տես «Շնություն»:

Բռց.՝ «ձեռքերը նրանց վրա դնի»:

Ըստ ամենայնի, այս բառերը օգտագործում էին որպես մեծարանքի տիտղոս, ինչպիսիք գործածում էին ռաբբիներին դիմելիս:

Կամ՝ «գալիք համակարգում»: Բառարանում տես «Աշխարհ»:

Կամ՝ «ինչ էլ որ շորթել եմ կեղծ մեղադրանքով»:

Հուն. մնասը կշռում էր մոտ 340 գ և համարժեք էր 100 դրախմային: Տես հավելված Բ14:

Կամ՝ «չդրեցիր դրամատուն»:

Այսինքն՝ էշի քուռակ:

Տես հավելված Ա5:

Բռց.՝ «բայց հիմա դրանք ծածկված են քո աչքերից»:

Կամ՝ «կնեղեն»:

Բռց.՝ «դպիրները»:

Բռց.՝ «դպիրները»:

Խոսքը կառույցի ամենավերին քարի մասին է, որը տեղադրվում է անկյունային մասում՝ երկու պատերի հատման կետում:

Կամ՝ «Ճի՞շտ է»:

Տես հավելված Բ14:

Կամ՝ «Այս համակարգի»: Բառարանում տես «Աշխարհ»:

Կամ՝ «այդ համակարգում»: Բառարանում տես «Աշխարհ»:

Կամ՝ «հարության զավակներ լինելով»:

Տես հավելված Ա5:

Կամ՝ «շուկաներում»:

Կամ՝ «լավագույն»:

Բռց.՝ «տները»:

Բռց.՝ «երկու լումա (ղեպտոն)»: Տես հավելված Բ14:

Կամ՝ «Ձեր սրտում վճռեք»:

Կամ՝ «կհանձնեն դատական իշխանություններին»:

Համատեքստից երևում է, որ խոսքը թերևս հոգևոր վնասից կամ անդառնալի կորստից պաշտպանված լինելու մասին է:

Կամ՝ «կշահեք ձեր հոգիները»:

Բռց.՝ «ամայացումը»:

Բռց.՝ «բոլոր ազգերի մեջ»:

Կամ՝ «Հեթանոսները»:

Կամ՝ «հեթանոսների»:

Բռց.՝ «ուժերը»:

Բռց.՝ «ձեր սրտերը չծանրանան»:

Այսինքն՝ այդ լեռան վրա գտնվող գյուղերից մեկում:

Բռց.՝ «դպիրները»:

Բռց.՝ «արծաթ»:

Բռց.՝ «օրն էր»:

Այսինքն՝ այն ամենը, ինչի նախապատկերն էր Պասեքը:

«Բարերար»-ը պատվավոր տիտղոս էր համարվում:

Կամ՝ «ամենակրտսերը»:

Կամ՝ «ուտելիք վերցնելու պայուսակի»:

Այն հեռավորությունը, որքան մարդ կարող է ձեռքով քար նետել:

Հրեական բարձրագույն դատարանը:

Բռց.՝ «Դուք ինքներդ եք ասում»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը:

Բռց.՝ «Ինքդ ես ասում»: Սա դարձված էր, որով հաստատում էին ասվածը:

Բռց.՝ «դպիրները»:

Տես հավելված Ա3:

Կամ՝ «Մահապատժի՛ ենթարկիր նրան, սյան վրա մահապատժի՛ ենթարկիր»:

Բառարանում տես «Տանջանքի սյուն»:

Բառարանում տես «Վիճակ»:

Բռց.՝ «պետերը»:

Բռց.՝ «Աստծու Քրիստոսն է»:

Բռց.՝ «երբ մտնես քո թագավորություն»:

Բռց.՝ «վեցերորդ ժամին [արևածագից հաշված]»:

Բռց.՝ «իններորդ ժամի [արևածագից հաշված]»:

Կամ՝ «քեզ եմ վստահում»:

Կամ՝ «շունչը», «ոգին»:

Կամ՝ «Սինեդրիոնի»:

Բռց.՝ «60 ասպարեզ»: Հուն.՝ ստադիոն: Մեկ ստադիոնը մոտ 185 մ է: Տես հավելված Բ14:

Կամ հնարավոր է՝ «Երևի դու Երուսաղեմ եկած միակ մարդն ես, որ չգիտես»:

Կամ՝ «սրտով դանդաղում եք»:

Բռց.՝ «օրհնեց»:

Բռց.՝ «լիովին բացում»:

Կամ՝ «ոգի»:

Կամ՝ «ոգի»:

Կամ՝ «մինչև որ զգեստավորվեք վերևից եկող զորությամբ»:

Կամ՝ «բարձրացվել»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը