20 օգոստոսի, չորեքշաբթի
Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերին արժանի ձևով և մեզ չի տալիս այն պատիժը, որին արժանացել ենք մեր հանցանքներով (Սաղ. 103։10)։
Սամսոնը լուրջ սխալ գործեց, բայց շարունակեց ծառայել Եհովային։ Նա առիթ էր փնտրում, որ կատարեր Աստծուց ստացած հանձնարարությունը և կռվեր փղշտացիների դեմ (Դատ. 16։28-30)։ Սամսոնը աղաչեց Եհովային՝ ասելով. «Թույլ տուր՝ փղշտացիներից վրեժ առնեմ»։ Ճշմարիտ Աստված պատասխանեց Սամսոնի խնդրանքին և վերականգնեց նրա արտասովոր ուժը։ Սամսոնը այս անգամ ավելի շատ փղշտացի սպանեց, քան մինչ այդ էր սպանել։ Թեև նա իր սխալի պատճառով դառը հետևանքներ կրեց, բայց չդադարեց ձգտել կատարել Եհովայի կամքը։ Մենք էլ չպետք է թևաթափ լինենք, եթե մեր սխալի պատճառով խրատ ենք ստանում կամ զրկվում ենք որևէ պատասխանատվությունից։ Հիշիր, որ Եհովան երբեք հույսը չի կտրում մեզանից (Սաղ. 103։8, 9)։ Չնայած մեր սխալներին՝ նա կարող է զորացնել մեզ, որ կատարենք իր կամքը, ինչպես որ արեց Սամսոնի պարագայում։ w23.09, էջ 6, պրբ. 15-16
21 օգոստոսի, հինգշաբթի
Դիմացկունության շնորհիվ Աստծու հավանությանն ենք արժանանում, նրա հավանությունն ունենալու շնորհիվ հույսով ենք լցվում (Հռոմ. 5։4)։
Դիմանալով որևէ դժվարության՝ Աստծու հավանությանն ես արժանանում։ Սա չի նշանակում, որ Եհովային հաճելի է քո կրած դժվարությունը. նա հավանություն է տալիս քե՛զ, իսկ դա իսկապես որ մեծ օրհնություն է (Սաղ. 5։12)։ Աբրահամը բազմաթիվ դժվարությունների միջով անցավ, և քանի որ հավատարիմ մնաց, արժանացավ Եհովայի հավանությանը։ Եհովան նրան իր ընկերոջ պես էր վերաբերվում և արդար համարում (Ծննդ. 15։6; Հռոմ. 4։13, 22)։ Մենք էլ Աստծու հավանությանն ենք արժանանում ոչ թե այն բանի համար, թե որքան ենք ծառայում կամ ինչ պատասխանատվություններ ունենք, այլ որ հավատարմորեն դիմանում ենք դժվարություններին։ Անկախ մեր տարիքից, հանգամանքներից կամ կարողություններից՝ բոլորս էլ կարող ենք դիմանալ։ Եթե այժմ դժվարությունների ներքո հավատարմորեն դիմանում ես, ապա մխիթարվիր այն մտքից, որ ունես Աստծու հավանությունը։ Այդ բանի գիտակցումը կարող է զորեղ ազդեցություն ունենալ մեզ վրա և ամրացնել մեր հույսը։ w23.12, էջ 11, պրբ. 13-14
22 օգոստոսի, ուրբաթ
Հասունանանք՝ դառնալով Քրիստոսի պես լիովին հասուն (Եփես. 4։13)։
Եղբայրը պետք է սովորի լավ հաղորդակցվել, այսինքն՝ ուշադիր լսի իր զրուցակցին և հասկանա նրա մտքերն ու զգացմունքները (Առակ. 20։5)։ Նա կարող է նույնիսկ սովորել հասկանալ դիմացինին՝ նրա ձայնի տոնից, դեմքի արտահայտությունից և ժեստերից։ Այս հմտությունը հնարավոր չէ զարգացնել՝ առանց մարդկանց հետ ժամանակ անցկացնելու։ Օրինակ, եթե մարդկանց հետ հաղորդակցվես միայն էլեկտրոնային նամակների կամ տեքստային հաղորդագրությունների միջոցով, ապա երես առ երես շփվելը դժվար կլինի քեզ համար։ Ուստի մարդկանց հետ ֆիզիկապես շփվելու առիթներ ստեղծիր (2 Հովհ. 12)։ Հասուն եղբայրը պետք է նաև կարողանա հոգալ իր և իր ընտանիքի կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Լավ կլինի՝ ինչ-որ հմտություն ձեռք բերես, որ հետագայում կարողանաս աշխատանք գտնել (Գործ. 18։2, 3; 20։34; Եփես. 4։28)։ Այնպիսի մարդու համբավ ունեցիր, ով ջանասեր է և իր գործը միշտ ավարտին է հասցնում։ Եթե այդպես վարվես, աշխատանք գտնելու և այն չկորցնելու հավանականությունը ավելի մեծ կլինի։ w23.12, էջ 27, պրբ. 12-13