19 օգոստոսի, երեքշաբթի
Եհովան իր ժողովրդին զորություն կտա։ Եհովան իր ժողովրդին կօրհնի խաղաղությամբ (Սաղ. 29։11)։
Աղոթելիս մտածիր, թե արդյոք դա ճիշտ ժամանակն է, որ Աստված պատասխանի քո խնդրանքին։ Գուցե ակնկալենք, որ Եհովան անմիջապես պատասխանի մեր աղոթքներին։ Բայց իրականում նա ավելի լավ գիտի, թե երբ է դրա լավագույն ժամանակը (Եբր. 4։16)։ Երբ անմիջապես չենք ստանում մեր աղոթքի պատասխանը, գուցե մտածենք, թե մեր աղոթքի պատասխանն է՝ «Ո՛չ»։ Բայց իրականում Եհովան գուցե ասում է՝ «Դե՛ռ ոչ»։ Օրինակ՝ երիտասարդ եղբայրը աղոթել էր, որ ապաքինվի, բայց նրա վիճակը չլավացավ։ Եթե Եհովան հրաշքով բուժեր նրան, Սատանան կարող էր պնդել, որ եղբայրը շահադիտական նպատակներով է ծառայում Եհովային (Հոբ 1։9-11; 2։4)։ Բացի այդ՝ Եհովան բոլոր հիվանդությունները բուժելու համար կոնկրետ ժամանակ է որոշել (Ես. 33։24; Հայտն. 21։3, 4)։ Ուստի եղբայրը կարող էր Եհովայից ուժ և մտքի խաղաղություն խնդրել, որ դիմանա իր հիվանդությանը ու հավատարմորեն ծառայի նրան։ w23.11, էջ 24, պրբ. 13
20 օգոստոսի, չորեքշաբթի
Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերին արժանի ձևով և մեզ չի տալիս այն պատիժը, որին արժանացել ենք մեր հանցանքներով (Սաղ. 103։10)։
Սամսոնը լուրջ սխալ գործեց, բայց շարունակեց ծառայել Եհովային։ Նա առիթ էր փնտրում, որ կատարեր Աստծուց ստացած հանձնարարությունը և կռվեր փղշտացիների դեմ (Դատ. 16։28-30)։ Սամսոնը աղաչեց Եհովային՝ ասելով. «Թույլ տուր՝ փղշտացիներից վրեժ առնեմ»։ Ճշմարիտ Աստված պատասխանեց Սամսոնի խնդրանքին և վերականգնեց նրա արտասովոր ուժը։ Սամսոնը այս անգամ ավելի շատ փղշտացի սպանեց, քան մինչ այդ էր սպանել։ Թեև նա իր սխալի պատճառով դառը հետևանքներ կրեց, բայց չդադարեց ձգտել կատարել Եհովայի կամքը։ Մենք էլ չպետք է թևաթափ լինենք, եթե մեր սխալի պատճառով խրատ ենք ստանում կամ զրկվում ենք որևէ պատասխանատվությունից։ Հիշիր, որ Եհովան երբեք հույսը չի կտրում մեզանից (Սաղ. 103։8, 9)։ Չնայած մեր սխալներին՝ նա կարող է զորացնել մեզ, որ կատարենք իր կամքը, ինչպես որ արեց Սամսոնի պարագայում։ w23.09, էջ 6, պրբ. 15-16
21 օգոստոսի, հինգշաբթի
Դիմացկունության շնորհիվ Աստծու հավանությանն ենք արժանանում, նրա հավանությունն ունենալու շնորհիվ հույսով ենք լցվում (Հռոմ. 5։4)։
Դիմանալով որևէ դժվարության՝ Աստծու հավանությանն ես արժանանում։ Սա չի նշանակում, որ Եհովային հաճելի է քո կրած դժվարությունը. նա հավանություն է տալիս քե՛զ, իսկ դա իսկապես որ մեծ օրհնություն է (Սաղ. 5։12)։ Աբրահամը բազմաթիվ դժվարությունների միջով անցավ, և քանի որ հավատարիմ մնաց, արժանացավ Եհովայի հավանությանը։ Եհովան նրան իր ընկերոջ պես էր վերաբերվում և արդար համարում (Ծննդ. 15։6; Հռոմ. 4։13, 22)։ Մենք էլ Աստծու հավանությանն ենք արժանանում ոչ թե այն բանի համար, թե որքան ենք ծառայում կամ ինչ պատասխանատվություններ ունենք, այլ որ հավատարմորեն դիմանում ենք դժվարություններին։ Անկախ մեր տարիքից, հանգամանքներից կամ կարողություններից՝ բոլորս էլ կարող ենք դիմանալ։ Եթե այժմ դժվարությունների ներքո հավատարմորեն դիմանում ես, ապա մխիթարվիր այն մտքից, որ ունես Աստծու հավանությունը։ Այդ բանի գիտակցումը կարող է զորեղ ազդեցություն ունենալ մեզ վրա և ամրացնել մեր հույսը։ w23.12, էջ 11, պրբ. 13-14