28 օգոստոսի, հինգշաբթի
Եհովան մոտ է բոլոր նրանց, ովքեր իրեն են կանչում, ովքեր անկեղծորեն են իրեն աղոթում (Սաղ. 145։18)։
Եհովան՝ «սիրո.... Աստվածը», մեզ հետ է (2 Կորնթ. 13։11)։ Նա հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով։ Մենք համոզված ենք, որ «պարուրված ենք նրա հավատարիմ սիրով» (Սաղ. 32։10)։ Որքան շատ խորհրդածենք մեր հանդեպ դրսևորած Եհովայի սիրո շուրջ, այնքան Նա ավելի իրական կդառնա մեզ համար, և մենք ավելի կմտերմանանք նրա հետ։ Մենք կարող ենք անկաշկանդ աղոթել նրան և ասել, թե որքան շատ ունենք նրա սիրո կարիքը։ Կարող ենք նաև պատմել նրան մեր բոլոր մտահոգությունները՝ համոզված լինելով, որ նա հասկանում է մեզ և շատ է ուզում օգնել (Սաղ. 145։19)։ Ինչպես որ խարույկն է հաճելի մարդկանց ցուրտ եղանակին, այնպես էլ Եհովայի ջերմ սերն է ձգում մեզ դեպի իրեն։ Այդ սերը ոչ միայն զորեղ է, այլ նաև քնքուշ, ուստի թույլ տուր, որ այն դրսևորվի քո կյանքում։ Եվ թող բոլորս, ի պատասխան Եհովայի սիրուն, բացականչենք. «Ես սիրում եմ Եհովային» (Սաղ. 116։1)։ w24.01, էջ 31, պրբ. 19-20
29 օգոստոսի, ուրբաթ
Ես ճանաչեցրի.... քո անունը (Հովհ. 17։26)։
Հիսուսը մարդկանց Աստծու անունը ասելուց ավելին էր անում։ Նա քարոզում էր հրեաներին, ովքեր գիտեին Եհովայի անունը։ Բայց Հիսուսը առաջինն էր, ով նրա մասին պատմեց (Հովհ. 1։17, 18)։ Օրինակ՝ Եբրայերեն Գրություններում նշվում է, որ Եհովան ողորմած է ու գթառատ (Ելք 34։5-7)։ Հիսուսը պարզաբանեց այս ճշմարտությունը՝ պատմելով կորած որդու և նրա հոր մասին առակը։ Երբ այդ առակում կարդում ենք, թե ինչպես է հայրը հեռվից նկատում իր զղջացող որդուն, վազում նրան ընդառաջ, գրկում և սրտանց ներում, խորությամբ հասկանում ենք, թե որքան ողորմած ու գթառատ է Եհովան (Ղուկ. 15։11-32)։ Հիսուսը իր Հորը ներկայացրեց այնպիսին, ինչպիսին նա կա իրականում։ w24.02, էջ 10, պրբ. 8-9
30 օգոստոսի, շաբաթ
Աստծու տված այդ մխիթարությամբ սփոփե[նք] ուրիշներին (2 Կորնթ. 1։4)։
Եհովան թարմացնում և մխիթարում է նրանց, ովքեր նեղության մեջ են։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային այդ հարցում։ Կերպերից մեկը այնպիսի հատկություններ զարգացնելն է, որոնք կօգնեն մեզ կարեկցել և մխիթարել ուրիշներին։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։ Ի՞նչը կօգնի մեզ վառ պահել մեր սերը և «շարունակել մխիթարել միմյանց» ամեն օր (1 Թեսաղ. 4։18)։ Դրա համար պետք է զարգացնենք այնպիսի ջերմ հատկություններ, ինչպիսիք են ցավակից լինելը, եղբայրասիրությունը և բարությունը (Կող. 3։12; 1 Պետ. 3։8)։ Երբ կարեկցանքն ու դրա հետ կապված հատկությունները դառնան մեր էության մի մասը, մենք մեծ ցանկություն կունենանք մխիթարելու նեղության մեջ եղողներին։ Հիսուսն ասաց. «Բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը։ Բարի մարդը բարի բաներ է խոսում» (Մատթ. 12։34, 35)։ Այո՛, նեղության մեջ գտնվող մեր հավատակիցներին մխիթարելը սեր դրսևորելու կարևոր կերպերից է։ w23.11, էջ 10, պրբ. 10-11