4 օգոստոսի, երկուշաբթի
Կրենք.... զրահը և.... սաղավարտը (1 Թեսաղ. 5։8)։
Պողոսը մեզ համեմատեց զինվորների հետ, ովքեր զգոն են և սպառազինված։ Մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի։ Նույնը կարելի է ասել մեր պարագայում։ Մենք պատրաստ կլինենք Եհովայի օրվան, եթե կրենք հավատի ու սիրո զրահը և փրկության սաղավարտը։ Զրահը պաշտպանում է զինվորի սիրտը, իսկ հավատն ու սերը պաշտպանում են մեր այլաբանական սիրտը։ Դրանք կօգնեն, որ շարունակենք ծառայել Աստծուն և հետևել Քրիստոսին։ Հավատը վստահությամբ է լցնում, որ Եհովան կվարձատրի մեզ, եթե ամբողջ սրտով փնտրենք իրեն (Եբր. 11։6)։ Այն կմղի մեզ հավատարիմ մնալ մեր առաջնորդին՝ Հիսուսին, անգամ դժվարությունների ներքո։ Մենք կարող ենք այդպիսի հավատ զարգացնել՝ ուշադրություն դարձնելով մերօրյա հավատարիմների օրինակին, ովքեր պահել են իրենց անարատությունը՝ չնայած հալածանքին ու տնտեսական խնդիրներին։ Մենք նաև կարող ենք խուսափել նյութապաշտության ծուղակն ընկնելուց, եթե ընդօրինակենք նրանց, ովքեր իրենց կյանքը պարզեցրել են Թագավորության շահերը առաջին տեղում դնելու համար։ w23.06, էջ 10, պրբ. 8-9
5 օգոստոսի, երեքշաբթի
Ամպերին նայողը չի հնձի (Ժող. 11։4)։
Ինքնատիրապետումն օգնում է վերահսկել մեր զգացմունքներն ու գործերը։ Մեր նպատակներին հասնելու համար ինքնատիրապետում է պետք, հատկապես, երբ մեր նպատակին հասնելը բարդ է, կամ տվյալ բանն անելու ցանկություն չունենք։ Հիշենք նաև, որ ինքնատիրապետումը սուրբ ոգու պտղի հատկություններից է։ Ուստի Եհովայից խնդրիր իր ոգին, որ կարողանաս զարգացնել այդ կարևոր հատկությունը (Ղուկ. 11։13; Գաղ. 5։22, 23)։ Մի՛ սպասիր կատարյալ հանգամանքների։ Այս աշխարհում մենք երբեք իդեալական հանգամանքներ չենք ունենա։ Եթե այդպիսի հանգամանքների սպասենք, երբեք չենք հասնի մեր նպատակին։ Հնարավոր է՝ մղիչ ուժ չունենք, քանի որ կարծում ենք, թե մեր նպատակին հասնելը շատ բարդ է։ Եթե քո պարագայում էլ է այդպես, միջանկյալ նպատակներ դիր։ Օրինակ՝ եթե ձգտում ես որևէ հատկություն զարգացնել, փորձիր դրսևորել այն փոքր հարցերում։ Իսկ եթե ցանկանում ես ամբողջությամբ կարդալ Աստվածաշունչը, փորձիր քչից սկսել։ w23.05, էջ 29-30, պրբ. 11-13
6 օգոստոսի, չորեքշաբթի
Արդարների ճանապարհը լուսաբացի պայծառ լույսի պես է, որն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կեսօր է լինում (Առակ. 4։18)։
Այս վերջին օրերում Եհովան իր կազմակերպության միջոցով մեզ առատ հոգևոր կերակուր է տալիս, որպեսզի օգնի՝ մնանք «Սրբության ճանապարհին» (Ես. 35։8; 48։17; 60։17)։ Կարող ենք ասել, որ Աստվածաշնչի ուսումնասիրության հրավերն ընդունելով՝ անհատը հնարավորություն է ստանում ոտք դնել «Սրբության ճանապարհի» վրա։ Ոմանք կարճ տարածություն անցնելուց հետո դուրս են գալիս այդ ճանապարհից, մյուսները վճռական են շարունակելու ճանապարհը մինչև հասնեն նպատակակետին։ Իսկ ո՞րն է այն։ Երկնային հույս ունեցողներին «Սրբության ճանապարհը» տանում է «Աստծու դրախտ», որը երկնքում է (Հայտն. 2։7)։ Իսկ երկրային հույս ունեցողների նպատակակետը Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում կատարելության հասնելն է։ Եթե քայլում ես այդ ճանապարհով, հետ մի՛ նայիր։ Շարունակիր ընթացքդ, մինչև որ հասնես քո նպատակակետին։ w23.05, էջ 17, պրբ. 15; էջ 19, պրբ. 16-18