6 օգոստոսի, չորեքշաբթի
Արդարների ճանապարհը լուսաբացի պայծառ լույսի պես է, որն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կեսօր է լինում (Առակ. 4։18)։
Այս վերջին օրերում Եհովան իր կազմակերպության միջոցով մեզ առատ հոգևոր կերակուր է տալիս, որպեսզի օգնի՝ մնանք «Սրբության ճանապարհին» (Ես. 35։8; 48։17; 60։17)։ Կարող ենք ասել, որ Աստվածաշնչի ուսումնասիրության հրավերն ընդունելով՝ անհատը հնարավորություն է ստանում ոտք դնել «Սրբության ճանապարհի» վրա։ Ոմանք կարճ տարածություն անցնելուց հետո դուրս են գալիս այդ ճանապարհից, մյուսները վճռական են շարունակելու ճանապարհը մինչև հասնեն նպատակակետին։ Իսկ ո՞րն է այն։ Երկնային հույս ունեցողներին «Սրբության ճանապարհը» տանում է «Աստծու դրախտ», որը երկնքում է (Հայտն. 2։7)։ Իսկ երկրային հույս ունեցողների նպատակակետը Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում կատարելության հասնելն է։ Եթե քայլում ես այդ ճանապարհով, հետ մի՛ նայիր։ Շարունակիր ընթացքդ, մինչև որ հասնես քո նպատակակետին։ w23.05, էջ 17, պրբ. 15; էջ 19, պրբ. 16-18
7 օգոստոսի, հինգշաբթի
Մենք սիրում ենք, քանի որ առաջինը Նա սիրեց մեզ (1 Հովհ. 4։19)։
Դու սրտանց կորոշես նվիրվել Եհովային, եթե մտածես այն բոլոր լավ բաների մասին, որ նա արել է քեզ համար (Սաղ. 116։12-14)։ Աստվածաշնչում ասվում է, որ «ցանկացած լավ պարգև ու կատարյալ նվեր» Եհովան է տալիս (Հակ. 1։17)։ Նա մեզ համար զոհել է իր Որդուն՝ Հիսուսին, և դա նրա տված մեծագույն նվերն է։ Միայն մտածիր այդ հրաշալի պարգևի մասին։ Հիսուսի զոհի շնորհիվ դու կարող ես մտերիմ լինել Եհովայի հետ և հավիտենական կյանքի հեռանկար ունենալ (1 Հովհ. 4։9, 10)։ Եհովային նվիրվելը լավագույն կերպերից է, որով կարող ես ցույց տալ քո երախտագիտությունը նրա սիրո մեծագույն դրսևորման, ինչպես նաև նրա տված մյուս բոլոր օրհնությունների համար (2 Օրենք 16։17; 2 Կորնթ. 5։15)։ w24.03, էջ 5, պրբ. 8
8 օգոստոսի, ուրբաթ
Ուղղամտությամբ վարվողը վախենում է Եհովայից (Առակ. 14։2)։
Տեսնելով, թե բարոյական ինչ չափանիշներով է առաջնորդվում աշխարհը՝ մենք նույն զգացումներն ունենք, ինչ արդար Ղովտը։ Նա գիտեր, որ մեր երկնային Հայրը ատում է սխալ վարքը, ուստի «սաստիկ ընկճվել էր մեղսագործների լկտի վարքի պատճառով» (2 Պետ. 2։7, 8)։ Աստծու հանդեպ ունեցած սերն ու խոր հարգանքը մղեցին Ղովտին մերժելու իր շրջապատի մարդկանց ցածր բարոյական արժեքները։ Մենք նույնպես շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, ովքեր Եհովայի բարոյական չափանիշների հանդեպ քիչ հարգանք ունեն կամ ընդհանրապես չունեն։ Չնայած դրան՝ մենք կարող ենք բարոյապես մաքուր մնալ, եթե շարունակենք սիրել Եհովային և առողջ վախ զարգացնենք նրա հանդեպ։ Եհովան «Առակներ» գրքում գրել է տվել մի շարք քաջալերական և գործերի մղող խորհուրդներ։ Բոլոր քրիստոնյաները, անկախ նրանից տղամարդ են, թե կին, երիտասարդ են, թե տարեց, կարող են օգուտներ քաղել այդ իմաստուն խորհուրդներից։ Եթե վախենանք Եհովայից, զգույշ կլինենք, որ չընդօրինակենք սխալ վարվելակերպը։ w23.06, էջ 20, պրբ. 1-2; էջ 21, պրբ. 5