31 օգոստոսի, կիրակի
Իմաստություն ունեցողները կհասկանան (Դան. 12։10)։
Աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մենք օգնության կարիք ունենք։ Պատկերացրու՝ այցելել ես մի վայր, որն անծանոթ է քեզ, բայց քեզ հետ ճամփորդող ընկերդ լավ ծանոթ է այդ տեղանքին։ Նա կոնկրետ գիտի ձեր գտնվելու վայրը, և թե որ ճանապարհը ուր է տանում։ Անկասկած, դու շատ ուրախ ես, որ ընկերդ համաձայնվել է գալ քեզ հետ։ Նմանապես Եհովան կոնկրետ գիտի, թե մենք պատմության որ ժամանակահատվածում ենք գտնվում, և թե մեզ ինչ է սպասում առջևում։ Ուստի աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մենք պետք է խոնարհաբար Եհովայից օգնություն խնդրենք (Դան. 2։28; 2 Պետ. 1։19, 20)։ Լավ ծնողի պես Եհովան ուզում է, որ իր զավակները երջանիկ ապագա ունենան (Երեմ. 29։11)։ Բայց ի տարբերություն մեր ծնողների՝ Եհովան կարող է ճշգրտությամբ գուշակել ապագան։ Նա իր Խոսքում մարգարեություններ է գրել տվել, որ մենք նախապես իմանանք, թե ինչ կարևոր իրադարձություններ են մեզ սպասում (Ես. 46։10)։ w23.08, էջ 8, պրբ. 3-4
1 սեպտեմբերի, երկուշաբթի
Մեզ համար լույս կճառագի, ինչպես արևածագին (Ղուկ. 1։78)։
Եհովան Հիսուսին օժտել է մարդկանց բոլոր խնդիրները լուծելու զորությամբ։ Հրաշքների միջոցով Հիսուսը ցույց տվեց, որ զորություն ունի լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք մարդիկ սեփական ուժերով չեն կարող լուծել։ Օրինակ՝ նա ի զորու է վերացնել մարդկության խնդիրների արմատը՝ ժառանգած մեղքն ու դրա հետևանքները, այդ թվում՝ հիվանդություններն ու մահը (Մատթ. 9։1-6; Հռոմ. 5։12, 18, 19)։ Հիսուսի հրաշքները փաստում են, որ նա կարող է բուժել «ամեն.... հիվանդություն» և նույնիսկ հարություն տալ մահացածներին (Մատթ. 4։23; Հովհ. 11։43, 44)։ Նա նաև զորություն ունի հանդարտեցնելու կատաղի փոթորիկները և ազատելու մարդկանց չար ոգիներից (Մարկ. 4։37-39; Ղուկ. 8։2)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան իր Որդուն այդքան մեծ զորությամբ է օժտել։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Աստծու Թագավորության ներքո ապագայի վերաբերյալ նրա տված խոստումները կիրականանան։ Հիսուսի կատարած հրաշքներից իմանում ենք, թե նա ինչ է անելու ապագայում ավելի մեծ մասշտաբով որպես Աստծու Թագավորության Թագավոր։ w23.04, էջ 3, պրբ. 5-7
2 սեպտեմբերի, երեքշաբթի
Ոգին բացահայտում է ամեն բան, նույնիսկ Աստծու խորունկ մտքերը (1 Կորնթ. 2։10)։
Եթե մեծ ժողովում ես և զգում ես, որ քո ձեռքը հաճախ չի նկատվում, գուցե գայթակղություն առաջանա այլևս ձեռք չբարձրացնելու։ Բայց լավ կլինի՝ շարունակես ձգտել մեկնաբանություն տալ։ Յուրաքանչյուր հանդիպման համար մի քանի մեկնաբանություն պատրաստիր։ Այդ դեպքում, եթե քննարկման սկզբում քեզ չհարցնեն, ընթացքում դու դեռ հնարավորություն կունենաս պատասխանելու։ «Դիտարանի» ուսումնասիրությանը պատրաստվելիս մտածիր, թե յուրաքանչյուր պարբերություն ինչպես է կապված հոդվածի թեմայի հետ։ Այդպիսով քննարկման ընթացքում միշտ պատրաստ կլինես մեկնաբանելու։ Բացի այդ՝ կարող ես ձեռք բարձրացնել այն պարբերությունների ժամանակ, որոնցում աստվածաշնչյան այնպիսի խոր ճշմարտություններ են ընդգրկված, որոնց բացատրություններն ավելի բարդ են։ Նման հարցերին պատասխանելու համար հավանաբար քչերը ձեռք կբարձրացնեն։ Իսկ եթե մի քանի հանդիպում շարունակ քեզ չեն հարցնում, հանդիպումից առաջ կարող ես անցկացնողին ասել, թե որ պարբերության հարցին ես ուզում պատասխանել։ w23.04, էջ 21-22, պրբ. 9-10