Ելք
Փարաւօնը արհամարհում է Մովսէսին և էլ աւելի տանջում Իսրայէլացիներին։
5 Եւ յետոյ Մովսէսն ու Ահարօնը եկան եւ ասեցին Փարաւօնին. Այսպէս է ասում Իսրայէլի Եհովայ Աստուածը, իմ ժողովուրդը թող տուր, որ անապատումն ինձ համար տօն կատարեն: 2 Եւ Փարաւօնն ասեց. Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, եւ Իսրայէլին թող տամ. Եհովան չեմ ճանաչում, եւ Իսրայէլն էլ թող չեմ տալիս: 3 Եւ նորանք ասեցին. Եբրայեցիների Աստուածը մեզ հանդիպեց. հրաման տուր որ երեք օրուայ ճանապարհ գնանք անապատը, եւ մեր Եհովայ Աստուծոյն զով մատուցանենք, որ մի գուցէ ժանտախտով կամ սրով մեզ վերայ յարձակուի: 4 Եւ Եգիպտոսի թագաւորն ասեց նորանց. Ով Մովսէս եւ Ահարօն, ինչո՞ւ համար ժողովրդին իրանց գործքերիցը ետ էք թողում, գնացէք ձեր բանին: 5 Եւ Փարաւօնն ասեց. Ահա հիմա երկրի ժողովուրդը շատ է, եւ դուք դադարեցնում էք նորանց իրանց գործքերիցը:
6 Եւ Փարաւօնն այն օրը ժողովրդի գործավարներին եւ նորանց վերակացուներին հրամայեց ասելով. 7 Երէկուայ եւ մէկէլ օրուայ պէս այլ եւս ժողովրդին յարդ մի տաք աղիւս շինելու համար. թող իրանք գնան իրանց համար յարդ ժողովեն: 8 Եւ աղիւսների հաշիւը ինչպէս որ երէկ եւ մէկէլ օրը շինում էին՝ նորանց վերայ դրէք, նորանից մի պակասեցնէք, որովհետեւ ծոյլ են, նորա համար են նորանք աղաղակում՝ ասելով. Գնանք մեր Աստուծոյն զոհ մատուցանենք: 9 Թող գործը այս մարդկանց վերայ ծանրանայ, որ նորանով գործեն, եւ դարտակ խօսքերի մտիկ չ’անեն: 10 Եւ ժողովրդի գործավարներն ու վերակացուները դուրս գնացին, եւ ժողովրդի հետ խօսեցին ասելով. 11 Այսպէս է ասում Փարաւօնը. Ես ձեզ յարդ չեմ տալ. դուք գնացէք ձեզ համար յարդ առէք ուր որ գտնէք, սակայն ձեր գործիցը մի բան պիտի չ’պակասէ: 12 Եւ ժողովուրդը Եգիպտոսի բոլոր երկրի մէջ ցրուեցաւ յարդի տեղ խոզան ժողովելու համար: 13 Եւ գործավարները ստիպում էին ասելով. Ձեր օրական բանը իր օրը լրացրէք ինչպէս յարդ եղած ժամանակը: 14 Եւ Փարաւօնի գործավարները Իսրայէլի որդիների վերայ դրած վերակացուներին ծեծում էին եւ ասում. Ինչո՞ւ համար չ’լրացրիք ձեր վերայ դրած աղիւսների հաշիւը երէկ էլ այսօր էլ ինչպէս երէկ ու մէկէլ օրը:
15 Եւ Իսրայէլի որդիների վերակացուները եկան եւ բողոքեցին Փարաւօնին ասելով. Ինչո՞ւ ես այդպէս անում քո ծառաներին: 16 Քո ծառաներին յարդ չեն տալիս, բայց մեզ ասում են, թէ Աղիւսները շինեցէք. եւ ահա քո ծառաները ծեծուեցան. եւ յանցանքը քո ժողովրդինն է: 17 Եւ նա ասեց. Ծոյլ էք դուք՝ ծոյլ. նորա համար ասում էք թէ Գնանք Եհովային զոհ մատուցանենք: 18 Ուստի գնացէք հիմա ծառայեցէք, եւ ձեզ յարդ չի տրուելու, բայց աղիւսների հաշիւը պէտք է տաք: 19 Եւ Իսրայէլի որդիների վերակացուները իրանց չարիքի մէջ տեսան, երբ որ ասուեցաւ թէ Ձեր աղիւսների թիւից չ’պակասացնէք. օրական բանը իր օրը տուէք: 20 Եւ հանդիպեցին Մովսէսին եւ Ահարօնին, որ կանգնած էին իրանց դիմաւորելու, Փարաւօնի մօտից դուրս գալիս: 21 Եւ ասեցին նորանց. Եհովան ձեզ վերայ նայէ եւ դատէ, որ մեր հոտը Փարաւօնի առաջին, եւ նորա ծառաների առաջին գարշելի արիք, մեզ սպանելու համար նորանց ձեռքը սուր տալով:
22 Եւ Մովսէսը ետ դարձաւ Եհովայի մօտ եւ ասեց. Ով Եհովայ, ինչո՞ւ համար այս ժողովուրդը չարիքի մէջ գցեցիր, եւ ինչո՞ւ համար ինձ ուղարկեցիր: 23 Որովհետեւ այն ժամանակից որ եկել եմ Փարաւօնի մօտ քո անունովը խօսելու, այս ժողովրդին չարութիւն է անում, եւ դու էլ չ’փրկեցիր քո ժողովրդին: