Թվեր
35 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ Մովաբի անապատային հարթավայրերում՝ Հորդանանի մոտ+՝ Երիքովի մոտակայքում։ Նա ասաց. 2 «Պատվիրիր Իսրայելի որդիներին, որ իրենց կալվածքի ժառանգությունից ղևտացիներին քաղաքներ տան+ բնակվելու համար, ինչպես նաև տան այդ քաղաքների շուրջը եղող արոտավայրերը+։ 3 Նրանք կբնակվեն քաղաքներում, իսկ արոտավայրերը կօգտագործեն իրենց ընտանի կենդանիների, տնտեսության և իրենց բոլոր վայրի կենդանիների համար։ 4 Քաղաքների արոտավայրերը, որոնք կտաք ղևտացիներին, կտարածվեն քաղաքի շուրջբոլորը՝ պարսպից հազար կանգուն հեռավորության վրա։ 5 Քաղաքից դուրս չափեք երկու հազար կանգուն արևելյան կողմում, երկու հազար կանգուն՝ հարավային կողմում, երկու հազար կանգուն՝ արևմտյան կողմում և երկու հազար կանգուն՝ հյուսիսային կողմում, իսկ քաղաքը մեջտեղում կլինի։ Դրանք արոտավայրեր կլինեն քաղաքների մոտ։
6 Սրանք են այն քաղաքները, որ պետք է տաք ղևտացիներին. պետք է տաք ապաստանի վեց քաղաք+, որպեսզի մարդասպանն այնտեղ փախչի+, ու բացի դրանցից, քառասուներկու այլ քաղաքներ։ 7 Ընդհանուր առմամբ՝ ղևտացիներին պետք է տաք քառասունութ քաղաք իրենց արոտավայրերով+։ 8 Այդ քաղաքները, որ պետք է տաք, Իսրայելի որդիների կալվածքից կլինեն+։ Ովքեր շատ են, նրանցից շատ վերցրեք, իսկ ովքեր քիչ են, քիչ վերցրեք+։ Յուրաքանչյուրն, ըստ իր ժառանգության, որը նա կվերցնի որպես սեփականություն, իր քաղաքներից պետք է տա ղևտացիներին»։
9 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ. 10 «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա նրանց. «Դուք անցնում եք Հորդանանը, որ գնաք Քանանի երկիր+։ 11 Ձեզ համար պետք է հարմար քաղաքներ ընտրեք։ Դրանք ձեզ համար որպես ապաստանի քաղաքներ կծառայեն, և այնտեղ կփախչի այն մարդասպանը, որն առանց դիտավորության որևէ հոգի կսպանի+։ 12 Այդ քաղաքները ձեզ համար ապաստան կլինեն արյան վրիժառուից+, որպեսզի մարդասպանը չսպանվի, մինչև որ ժողովի առաջ չկանգնի դատվելու+։ 13 Ձեր տված քաղաքները՝ ապաստանի վեց քաղաքները, նախատեսված կլինեն ձեզ համար։ 14 Երեք քաղաք կտաք Հորդանանի այս կողմում+ և երեք քաղաք՝ Քանանի երկրում+։ Դրանք կծառայեն որպես ապաստանի քաղաքներ։ 15 Իսրայելի որդիների, ինչպես նաև նրանց մեջ եղող պանդուխտի+ ու նորաբնակի համար այս վեց քաղաքները իբրև ապաստան կծառայեն, որպեսզի այնտեղ փախչի նա, ով առանց դիտավորության որևէ հոգի կսպանի+։
16 Եթե որևէ մեկը երկաթե գործիքով հարվածի մեկ ուրիշին ու նա մահանա, ապա հարվածողը մարդասպան է+։ Նա անպատճառ մահվան պիտի մատնվի+։ 17 Եթե մի մարդ մեկ ուրիշին քարով հարվածի, ինչով հնարավոր է մարդ սպանել, և նա մահանա, ապա հարվածողը մարդասպան է։ Նա անպատճառ մահվան պիտի մատնվի։ 18 Եթե մի մարդ մեկ ուրիշին փայտե փոքր գործիքով հարվածի, ինչով հնարավոր է մարդ սպանել, և նա մահանա, ապա հարվածողը մարդասպան է։ Նա անպատճառ մահվան պիտի մատնվի։
19 Մարդասպանին պետք է սպանի արյան վրիժառուն+։ Եթե նա հանկարծ հանդիպի նրան, թող սպանի։ 20 Եթե որևէ մեկը ատելությունից դրդված հրի մեկ ուրիշին+, դարան մտած ինչ-որ բան նետի նրա վրա+ և նա մահանա, 21 կամ թշնամաբար ձեռքով հարվածի նրան և նա մահանա, ապա հարվածողը անպատճառ մահվան պետք է մատնվի։ Նա մարդասպան է։ Եթե արյան վրիժառուն հանկարծ հանդիպի մարդասպանին, թող նրան մահվան մատնի+։
22 Բայց եթե որևէ մեկը, պատահմամբ, թշնամանք չունենալով, հրի մեկ ուրիշին, առանց դարան մտնելու՝ ուրիշի վրա որևէ առարկա նետի+, 23 առանց նրան տեսնելու՝ քար նետի, ինչով հնարավոր է մարդ սպանել, կամ այն գցի նրա վրա և նա մահանա, մինչդեռ նետողը թշնամություն չի ունեցել նրա հանդեպ և չի ուզել վնասել նրան, 24 ապա ժողովը պետք է դատի հարվածողին և արյան վրիժառուին՝ այս կանոնների համաձայն+։ 25 Ժողովը+ մարդասպանին կազատի արյան վրիժառուի ձեռքից ու նրան կվերադարձնի ապաստանի քաղաքը, որտեղ նա փախել էր, և նա այնտեղ կապրի մինչև սուրբ յուղով օծված քահանայապետի մահը+։
26 Սակայն եթե մարդասպանը դուրս գա ապաստանի քաղաքի սահմաններից, որտեղ նա փախել էր, 27 և արյան վրիժառուն+ մարդասպանին գտնի ապաստանի քաղաքի սահմանից դուրս ու սպանի նրան, ապա արյան վրիժառուն արյունապարտ չի լինի, 28 քանի որ մարդասպանը պետք է ապրի ապաստանի քաղաքում մինչև քահանայապետի մահը+, իսկ քահանայապետի մահից հետո կարող է վերադառնալ իր կալվածքը։ 29 Այս դատական վճռով պետք է առաջնորդվեք սերնդեսերունդ ձեր բոլոր բնակատեղերում։
30 Ցանկացած մարդ, ով որևէ հոգի սպանի, պետք է սպանվի իբրև մարդասպան+՝ վկաների ցուցմունքների* հիման վրա+, սակայն մեկ վկայի ցուցմունքով ոչ մի հոգի չի կարող մահվան մատնվել։ 31 Մահվան արժանի մարդասպանի հոգու դիմաց փրկանք չվերցնեք+, քանի որ նա անպատճառ մահվան պետք է մատնվի+։ 32 Փրկանք չվերցնեք նաև այն մարդու դիմաց, որը փախել է ապաստանի քաղաք և մինչև քահանայապետի մահը վերադարձել է, որ ապրի իր երկրում։
33 Չապականեք այն երկիրը, որտեղ ապրում եք, որովհետև արյունն է ապականում երկիրը+, և երկրի վրա թափված արյունից երկրի համար կարելի է քավություն անել միմիայն այն մարդու արյունով, որը թափել է այն+։ 34 Չպղծեք այն երկիրը, որտեղ բնակվում եք, և որի մեջ ես եմ բնակվում, քանի որ ես՝ Եհովաս, բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ»»+։