Մատթեոս
21 Երբ նրանք մոտեցան Երուսաղեմին ու հասան Բեթփագե, որը Ձիթենյաց լեռան վրա է, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց+՝ 2 ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի կապած էշ կգտնեք և դրա հետ մի էշի քուռակ։ Արձակեք դրանց ու բերեք ինձ մոտ+։ 3 Եվ եթե ձեզ մեկը ինչ-որ բան ասի, նրան ասացեք. «Դրանք Տիրոջը պետք են»։ Եվ նա իսկույն թույլ կտա ձեզ»։
4 Այս ամենը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասված խոսքը. 5 «Ասացե՛ք Սիոնի դստերը. «Ահա քո Թագավորը քեզ մոտ է գալիս+, նա հեզ* է+ և գալիս է էշի վրա նստած, այո՛, էշի քուռակի՝ բեռնակիր անասունի ձագի վրա նստած»»+։
6 Աշակերտները գնացին ու արեցին ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն էր իրենց պատվիրել։ 7 Եվ բերեցին էշն ու քուռակը, իրենց վերնահագուստները դրանց վրա գցեցին, և նա դրանց վրա նստեց+։ 8 Ժողովրդից շատերը իրենց վերնահագուստներն+ էին փռում ճանապարհին, իսկ մյուսները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհի վրա տարածում+։ 9 Նրա առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր ու ասում. «Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր+ Դավթի Որդուն+։ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով+։ Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր նրան, դո՛ւ, որ բարձունքներում ես»+։
10 Երբ նա Երուսաղեմ մտավ+, ողջ քաղաքում իրարանցում սկսվեց։ Մարդիկ հարցնում էին. «Սա ո՞վ է»։ 11 Ժողովուրդն էլ ասում էր. «Սա մարգարե+ Հիսուսն է՝ Գալիլեայի Նազարեթից»։
12 Հիսուսը տաճար մտավ ու այնտեղից դուրս վռնդեց բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում տաճարում, և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները+։ 13 Նա ասաց նրանց. «Գրված է՝ «իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի»+, բայց դուք այն ավազակների որջ եք դարձնում»+։ 14 Կույր ու կաղ մարդիկ եկան տաճար նրա մոտ, և նա բուժեց նրանց։
15 Երբ ավագ քահանաներն ու դպիրները տեսան այն զարմանահրաշ բաները, որ նա անում էր+, և այն տղաներին, որոնք աղաղակում էին տաճարում՝ ասելով՝ «աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր+ Դավթի Որդուն»+, վրդովվեցին 16 և ասացին Հիսուսին. «Լսո՞ւմ ես, թե սրանք ինչ են ասում»։ Նա էլ պատասխանեց. «Այո՛։ Մի՞թե երբեք չեք կարդացել+, թե՝ «երեխաների և կաթնակեր մանուկների բերանով գովաբանություն պատրաստեցիր»»+։ 17 Եվ թողնելով նրանց՝ քաղաքից դուրս եկավ, գնաց Բեթանիա ու գիշերն այնտեղ անցկացրեց+։
18 Վաղ առավոտյան քաղաք վերադառնալիս նա քաղց զգաց+։ 19 Ճանապարհի եզրին մի թզենի տեսնելով՝ մոտ գնաց, բայց տերևներից բացի ոչինչ չգտնելով+ ծառի վրա՝ ասաց. «Այսուհետև հավիտյան անպտուղ լինես+»։ Եվ թզենին իսկույն չորացավ։ 20 Երբ աշակերտները դա տեսան, զարմացած ասացին. «Ինչպե՞ս թզենին իսկույն չորացավ»+։ 21 Հիսուսն էլ պատասխանեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե միայն հավատ ունենաք և չկասկածեք+, դուք ոչ միայն կանեք այն, ինչ ես արեցի այս թզենուն, այլ եթե անգամ այս սարին ասեք՝ «վեր կաց և ծովն ընկիր», այդպես էլ կլինի+։ 22 Ինչ որ աղոթելիս հավատով խնդրեք, կստանաք»+։
23 Այնուհետև Հիսուսը գնաց տաճար։ Մինչ այնտեղ սովորեցնում էր, ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները մոտեցան նրան ու ասացին+. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները։ Եվ ո՞վ տվեց քեզ այս իշխանությունը»+։ 24 Հիսուսն ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ։ Եթե ինձ պատասխանեք, կասեմ ձեզ, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը+։ 25 Հովհաննեսի կատարած մկրտությունը որտեղի՞ց էր, երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»+։ Նրանք սկսեցին իրար մեջ խորհել ու ասել. «Եթե ասենք՝ երկնքից, նա մեզ կասի. «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան»+։ 26 Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ապա ժողովրդից վախենում ենք+, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին որպես մարգարե են ընդունում»+։ 27 Ուստի պատասխանեցին Հիսուսին. «Չգիտենք»։ Նա էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը+։
28 Ի՞նչ եք կարծում. մի մարդ երկու որդի ուներ+։ Մոտենալով առաջինին՝ ասաց. «Որդի՛ս, գնա և այսօր խաղողի այգում աշխատիր»։ 29 Նա էլ ասաց. «Կգնամ, տե՛ր»+։ Բայց չգնաց։ 30 Մոտենալով երկրորդին՝ նույն բանը նրան ասաց։ Այս մեկն ասաց. «Չեմ գնա»։ Բայց հետո զղջաց+ ու գնաց։ 31 Այս երկուսից ո՞ր մեկը կատարեց հոր կամքը»+։ Նրանք ասացին. «Վերջինը»։ Հիսուսն էլ ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. հարկահավաքներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու թագավորություն, 32 որովհետև Հովհաննեսը եկավ ձեզ մոտ արդարության ճանապարհով+, բայց դուք չհավատացիք նրան+։ Մինչդեռ հարկահավաքներն ու պոռնիկները հավատացին նրան+, իսկ դուք, թեպետև տեսաք, բայց չզղջացիք ու չհավատացիք նրան։
33 Մեկ ուրիշ առակ էլ լսեք։ Մի տանտեր+ կար, որը խաղողի այգի տնկեց և շուրջբոլորը ցանկապատ քաշեց, հնձան փորեց այնտեղ ու աշտարակ կանգնեցրեց+ և այն վարձով տալով մշակներին՝ գնաց օտար երկիր+։ 34 Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, նա իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ բերքից իր բաժինը ստանալու։ 35 Սակայն մշակները բռնեցին նրա ծառաներին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, իսկ մյուսին քարկոծեցին+։ 36 Հետո նա ուրիշ ծառաներ ուղարկեց, ավելի շատ, քան առաջին անգամ, բայց նրանց էլ նույնը արեցին+։ 37 Վերջապես նա իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ ասելով. «Կհարգեն որդուս»։ 38 Տեսնելով որդուն՝ մշակներն իրար ասացին. «Սա է ժառանգը+։ Եկեք սպանենք սրան և տիրանանք նրա ժառանգությանը»+։ 39 Ուստի բռնեցին նրան, դուրս շպրտեցին խաղողի այգուց և սպանեցին+։ 40 Հետևաբար, երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին»։ 41 Նրանք պատասխանեցին. «Քանի որ նրանք չար են, սարսափելի մահվան կմատնի նրանց+ և իր խաղողի այգին վարձով կտա ուրիշ մշակների, որոնք ճիշտ ժամանակին պտուղները նրան կտան»+։
42 Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել Սուրբ Գրքում. «Այն քարը, որ շինարարները մերժեցին+, նա՛ դարձավ գլխավոր անկյունաքարը+։ Սա Եհովայից եղավ և սքանչելի է մեր աչքերին»։ 43 Դրա համար ասում եմ ձեզ. Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի+։ 44 Եվ ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի։ Իսկ ում վրա այն ընկնի, կճզմի նրան»+։
45 Երբ ավագ քահանաներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին էր խոսում+։ 46 Ու թեև ուզում էին բռնել նրան, ժողովրդից վախեցան, քանի որ ժողովուրդը նրան իբրև մարգարե էր ընդունում+։