Մարկոս
12 Հիսուսը սկսեց նրանց հետ առակներով խոսել. «Մի մարդ խաղողի այգի տնկեց+ և շուրջբոլորը ցանկապատ քաշեց, հնձանի համար փոս փորեց ու աշտարակ կանգնեցրեց+ և այն վարձով տալով մշակներին+՝ գնաց օտար երկիր+։ 2 Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որ խաղողի այգու բերքից իր բաժինը վերցնի+։ 3 Բայց նրանք բռնեցին նրան, ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին+։ 4 Դարձյալ նա մի ուրիշ ծառա ուղարկեց նրանց մոտ։ Նրա գլխին հարվածեցին ու անարգեցին նրան+։ 5 Ապա մեկ ուրիշին ուղարկեց։ Իսկ այս մեկին սպանեցին։ Ուրիշ շատերին էլ ուղարկեց, որոնցից մի քանիսին ծեծեցին, մի քանիսին էլ սպանեցին։ 6 Նա մի սիրելի որդի+ ուներ։ Վերջում նրան ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով. «Կհարգեն որդուս»+։ 7 Բայց այդ մշակները իրար ասացին. «Սա է ժառանգը+։ Եկեք սպանենք սրան, և ժառանգությունը մերը կլինի»+։ 8 Եվ բռնեցին նրան, սպանեցին+ ու խաղողի այգուց դուրս շպրտեցին+։ 9 Ուստի այգու տերը ի՞նչ կանի։ Կգա ու կսպանի մշակներին, իսկ այգին+ ուրիշներին կտա+։ 10 Երբևէ չե՞ք կարդացել Գրքի այս հատվածը. «Այն քարը+, որ շինարարները մերժեցին, նա՛ դարձավ գլխավոր անկյունաքարը+։ 11 Սա Եհովայից եղավ և սքանչելի է մեր աչքերին»»+։
12 Նրանք հնար էին փնտրում, թե ինչպես բռնեն նրան, որովհետև հասկացան, որ այդ առակը պատմեց՝ իրենց նկատի ունենալով։ Բայց քանի որ ժողովրդից վախենում էին, թողեցին նրան ու հեռացան+։
13 Ապա փարիսեցիներից ու Հերովդեսի կողմնակիցներից+ մի քանիսին նրա մոտ ուղարկեցին, որպեսզի նրան իր իսկ խոսքերով բռնեն+։ 14 Նրանք եկան ու ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես և ուրիշների կարծիքով չես առաջնորդվում, որովհետև դու մարդկանց արտաքինին չես նայում, այլ Աստծու ճանապարհը ճշմարտության համաձայն ես սովորեցնում+։ Օրենքով թույլատրելի՞ է կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ։ 15 Տա՞նք, թե՞ չտանք»+։ Նկատելով նրանց կեղծավորությունը՝ նա ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում։ Ինձ մի դինար* բերեք՝ տեսնեմ»+։ 16 Եվ նրանք բերեցին։ Հիսուսը հարցրեց նրանց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»+։ 17 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Կայսրինը կայսրին տվեք+, իսկ Աստծունը՝ Աստծուն»+։ Եվ նրանք շատ տպավորվեցին նրա խոսքերից+։
18 Նրա մոտ եկան սադուկեցիները, որ ասում էին, թե հարություն չկա, և հարցրին+. 19 «Ուսուցի՛չ, Մովսեսը գրեց մեզ, որ եթե մեկի եղբայրը մահանա առանց երեխա ունենալու, նրա եղբայրը+ պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի+։ 20 Ուստի յոթ եղբայրներ կային։ Առաջինը ամուսնացավ, բայց մահացավ ու սերունդ չթողեց+։ 21 Հետո երկրորդը ամուսնացավ նրա կնոջ հետ, և նա էլ մահացավ՝ առանց սերունդ թողնելու։ Նույնը պատահեց նաև երրորդին։ 22 Ի վերջո յոթն էլ սերունդ չթողեցին։ Բոլորից հետո կինն էլ մահացավ+։ 23 Հարության ժամանակ նա ո՞ր մեկի կինն է լինելու, քանի որ յոթն էլ նրա հետ ամուսնացան»+։ 24 Հիսուսն ասաց նրանց. «Սա չէ՞ պատճառը, որ դուք սխալվում եք. ո՛չ Սուրբ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը+։ 25 Հարություն առնողներից ո՛չ տղամարդիկ են ամուսնանալու, ո՛չ էլ կանայք, այլ նրանք երկնքի հրեշտակների նման են լինելու+։ 26 Ինչ վերաբերում է նրան, որ մահացածները հարություն են առնելու, Մովսեսի գրքում չե՞ք կարդացել այրվող թփի պատմությունը, թե Աստված ինչ ասաց նրան. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»+։ 27 Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի։ Դուք խիստ մոլորված եք»+։
28 Դպիրներից մեկը, որ մոտեցել ու լսում էր, թե ինչպես էին նրանք վիճաբանում, տեսնելով, որ նրանց լավ պատասխանեց, հարցրեց նրան. «Ո՞րն է բոլոր պատվիրաններից առաջինը»+։ 29 Հիսուսը պատասխանեց. «Առաջինը սա է. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Աստված Եհովան մեկ Եհովա է+։ 30 Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով»+։ 31 Իսկ երկրորդը սա է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»+։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։ 32 Դպիրն ասաց նրան. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր ու ճշմարիտ, թե՝ «նա մեկն է, և նրանից բացի, ուրիշը չկա»+, 33 և նրան ամբողջ սրտով, ամբողջ հասկացողությամբ ու ամբողջ ուժով սիրելը, ինչպեսև մերձավորին սեփական անձի պես սիրելը շատ ավելին արժե, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»+։ 34 Տեսնելով, որ խելացի պատասխան տվեց՝ Հիսուսն ասաց նրան. «Դու հեռու չես Աստծու թագավորությունից»։ Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ հարց տալ+։
35 Տաճարում սովորեցնելիս Հիսուսն ասաց. «Ինչպե՞ս են դպիրներն ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է+։ 36 Դավիթն ինքը սուրբ ոգով+ ասաց. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»+։ 37 Դավիթը նրան «Տեր» է կոչում, ուրեմն ինչպե՞ս է նա նրա որդին»+։
Մարդկանց մեծ բազմությունը հաճույքով լսում էր նրան+։ 38 Ուսուցանելիս նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք դպիրներից+, որ սիրում են պատմուճաններով շրջել, հրապարակներում ողջույններ ընդունել, 39 ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը+։ 40 Նրանք կուլ են տալիս այրիների տները+ և ցուցադրաբար երկար աղոթքներ անում։ Նրանք ավելի խիստ դատաստան պիտի ստանան»+։
41 Հիսուսը նստեց մի տեղ, որտեղից երևում էին գանձանակները+, ու սկսեց նայել, թե ինչպես է ժողովուրդը փող գցում գանձանակների մեջ։ Շատ հարուստներ շատ փող էին գցում+։ 42 Մի աղքատ այրի էլ եկավ ու երկու փոքր մետաղադրամ գցեց, որոնք շատ չնչին արժողություն ունեին+։ 43 Հիսուսն իր մոտ կանչեց աշակերտներին ու ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին գանձանակի մեջ ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը+, 44 որովհետև ամենքը իրենց ավելացածից գցեցին, իսկ նա, թեև չքավոր էր, գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ողջ ապրուստը»+։