Ծննդոց
15 Այդ բաներից հետո Եհովայի խոսքը տեսիլքում+ եղավ Աբրամին. «Մի՛ վախեցիր+, Աբրա՛մ։ Ես վահան եմ քեզ համար+։ Քո վարձատրությունը շատ մեծ է լինելու»+։ 2 Աբրամն ասաց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ի՞նչ պիտի տաս ինձ, քանի որ ես անզավակ եմ մնում, և իմ տան վրա տիրելու է դամասկոսցի Եղիեզերը»+։ 3 Ապա ավելացրեց. «Դու ինձ սերունդ+ չես տվել, և իմ տան ծառան+ է իմ ժառանգը լինելու»։ 4 Բայց Եհովայի խոսքն այսպես եղավ. «Այդ մարդը քո ժառանգը չի լինի, այլ քո ժառանգը կլինի նա, ով առաջ կգա քեզանից*»+։
5 Հետո դուրս տարավ նրան ու ասաց. «Վե՛ր նայիր, խնդրեմ, դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե իհարկե կարող ես հաշվել դրանք»+։ Այնուհետև նա ասաց. «Քո սերունդը այսպես է լինելու»+։ 6 Աբրամը հավատ ընծայեց* Եհովային+, և դրա համար Նա նրան արդար+ համարեց։ 7 Ապա ասաց. «Ես Եհովան եմ, որը հանեց քեզ քաղդեացիների Ուր քաղաքից, որպեսզի այս երկիրը քեզ տա նրան տիրելու համար»+։ 8 Աբրամն ասաց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչի՞ց կիմանամ, որ տիրելու եմ դրան»+։ 9 Նա էլ ասաց. «Ինձ համար վերցրու երեք տարեկան երինջ, երեք տարեկան էգ այծ, երեք տարեկան խոյ, մի տատրակ ու մի մատղաշ աղավնի»+։ 10 Նա վերցրեց այս բոլորը, կտրելով՝ երկու մասի բաժանեց ու կտորները դրեց իրար դիմաց, բայց թռչունները մասերի չբաժանեց+։ 11 Գիշատիչ թռչունները սկսեցին իջնել դիակների+ վրա, սակայն Աբրամը քշեց դրանց։
12 Որոշ ժամանակ անց, երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա խոր քուն եկավ+, և մի մեծ ու սարսափազդու խավար պատեց նրան։ 13 Աստված ասաց Աբրամին. «Ստույգ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ պիտի լինեն մի երկրում, որն իրենցը չէ+, և նրանք պիտի ծառայեն այնտեղի մարդկանց, ու այդ մարդիկ չորս հարյուր տարի պիտի չարչարեն նրանց+։ 14 Բայց ես կդատեմ+ այն ազգին, որին նրանք կծառայեն, և դրանից հետո շատ բարիքներով նրանք դուրս կգան+։ 15 Իսկ դու խաղաղությամբ քո նախահայրերի մոտ պիտի գնաս և խոր ծերության+ մեջ պիտի թաղվես։ 16 Չորրորդ սերնդում նրանք պիտի վերադառնան այստեղ+, քանի որ ամորհացիների մեղքը դեռ ամբողջական չի դարձել»+։
17 Արևն արդեն մայր էր մտնում, և մի թանձր խավար իջավ, ու հանկարծ ծխացող հնոց և կրակե ջահ անցան այդ կտորների միջով+։ 18 Այդ օրը Եհովան ուխտ+ կապեց Աբրամի հետ՝ ասելով. «Քո սերնդին պիտի տամ այս երկիրը+՝ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը՝ Եփրատ+ գետը՝ 19 կենեցիների+, կենեզացիների, կեդմոնացիների, 20 քետացիների+, փերեզացիների+, ռաֆայիմների+, 21 ամորհացիների, քանանացիների, գերգեսացիների ու հեբուսացիների+ երկիրը»։